Կոնդի մասին ոչ վերջին անգամ

Հոկտեմբերի 17-ին, Ճարտարապետության Ազգային Թանգարանում անց կացվեց Կոնդ թաղամասի մասին մասնագիտական քննարկումների առաջին հավաքը: Ես երկու ձեռքով եւ մեծ ոգեւորությամբ  ողջունում եմ այս միջոցառումը: Նշեմ նաեւ, որ նման քննարկումները պետք է շարունակական բնույթ կրեն եւ կիրառվեն տարբեր ձեւաչափեր, ավելի արդյունավետ լուծումներին գալու նպատակով: Հղումը այստեղ:

Քանի որ հարցը շատերին է հետաքրքրում, անհամբերի նման միանգամից շրջանցելով բացատրական մասը փորձեմ շարադրել իմ պատկերացումները, իսկ խնդրի բարդությունը կներկայացնեմ առաջարկությունների ցանկից հետո:

Առաջարկություններ`

  1. Կոնդը պետք է շարունակի մնալ որպես բնակելի թաղամաս, որպես Երեւան քաղաքի (դժբախտաբար, արդեն միակ մնացած) ամենահին շարունակական բնակավայր: Սա պետք է շեշտեմ, քանի որ Կոնդի դերը քաղաքի կենտրոնի կառուցվածքում, որպես շարունակական բնակավայր անհնար է գերագնահատել :
  2. Չդառնա հուշարձան, թանգարանային համալիր կամ որեւէ նման բան: 
  3. Չպետք է ունենա մեկ կառուցապատող (developer) կամ մեկ նախագիծ եւ նախագծող: 
  4. Քաղաքային իշխանությունները պետք է դառնան բոլոր թաղին անհրաժեշտ ենթակառուցվացքների եւ ծառայությունների հիմնական պատվիրատուն եւ գուցե նաեւ կապալառուն:
  5. Պետք է մշակվի եւ արդյունքում կառավարության հատուկ որոշմամբ կարգվի հիփոթեքային եւ շինարարական արտոնությունների փաթեթ որը կխրախուսի անհատական եւ փոքր կոոպերատիվ ձեւաչափով իրականացվող կառուցապատումների ֆինանսավորումը, ասել է վարկերի տրամադրումը: 
  6. Երեւանի գլխավոր հատակագծի վրա պետք է հստակեցվի Կոնդ թաղամասի սահմանները եւ ուրվագծվի տեսողական եւ պատմական ազդեցության պահպանման գոտիները:
  7. Պետք է մշակվի եւ սահմանվի կառուցապատման կանոնակարգը` հարկայնություն, կառուցապատման խտություն, միջթաղային հանրային տարածքների մինիմում չափերի որոշմամբ, կանաչապատման պահանջների եւ այլ անհրաժեշտ տարրերի նկարագրությամբ: Առաջարկվի նախընտրելի շինարարական նյութերի եւ գունային գամմաների ընտրանին:
  8. Պետք է մշակվի նախագծային եւ շինարարական աշխատանքների տրամաբանական փուլերը, որը շին աշխատանքներին զուգահեռ կապահովվի թաղի առօրյա գործառույթների, ելումուտի, սպասարկման անխափան ընթացքը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ էվակուացիայի ապահովումը: Այլ կերպ ասած, ամբողջ թաղը չպետք է վերածվի մի մեծ շին հրապարակի, այլ ամեն ինչ կազմակերպվի երկարաժամկետ հեռանկարով, ինչպես ժամանակին բնականորեն կառուցվել է Կոնդը:
  9. Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մշակել եւ որպես տարբերակներ անհատ եւ կոլեկտիվ կառուցապատողներին առաջակել փոքրածավալ կառուցողական եւ շինարարական ճկուն մեթոդներ, որը չի պահանջում մեծ եւ ծանր տեխնիկայի կիրառում: 

Յոթերորդ եւ ութերորդ կետերը պետք է կիրառել ներկայումս օգտագործվող նախագծա- հատակագծային առաջադրանքի փոխարեն, իսկ նախագծերի հաստատումը պետք է իրականացվի քաղաքապետարանի կազմում հատուկ ստեղծված մասնագիտական խորհրդի կողմից: 

Սրանք են իմ նախնական պատկերացումները եւ պահանջները Կոնդ թաղամասի վերակառուցապատումը վերսկսելու համար:

Եւ հետագա քննարկումները արդյունավետ դարձնելու համար պետք է մշակել նմանատիպ համալիր նպատակ: 

Որպեսզի ներկայացվի Կոնդի վերակառուցման խնդրի բարդությունը պետք է նայել վերջին 40 տարիների ընթացքը: 

Գործի բերումով եւ այլ առիթներով բավական մոտիկից տեղյակ եմ առաջին փորձին: Խոսքը Արշավիր Աղեկյանի Կոնդի վերակառուցման նախագծի մասին է:

մի երկու տողով նախապատմություն: 

Կոնդը վերակառուցելու կամ որեւէ կերպ  քաղաքաշինորեն լուծելու խնդիրը Կարեն Դեմիրճյանի իդեա ֆիքսն էր: Պետք է իմանալ ժամանակային համայնապատկերը հասկանալու համար Դեմիրճյանի նպատակը: 

1983թ. Վրացիները Թիֆլիսում սկսեցին իրականացնել Հավլաբարի «վերակառուցման» եւ այդ միջոցով տեղաբնակ հայերի տեղահանման ծրագիրը` այն է «վերակառուցել» պատմակնորեն բնակելի թաղամասը որպես թանգարանների համալիր: Այդ ժամանակ ազգային զարթոնքի ֆոնի վրա միության տարբեր հանրապետություններում մոդա էր ազգագրական թանգարան-տների ֆորմատով փոքրիկ թաղամասերի ստեղծումը: Որը մի կողմից փորձում էր խրախուսել տուրիզմի զարգացումը, մյուս կողմից ներկայացնել ազգային ժողովրդական արհեստները եւ արվեստը: 

Այդ ֆոնին նմանատիպ թաղամաս ունենալու գաղափարը պտտվում էր նաեւ Հայաստանի կառավարության եւ ճարտարապետական հանրության շրջանում: 

Սրան զուգահեռ կառավարությունը խնդիր ուներ վերացնել մայրաքաղաքի կենտրոնին ոչ հարիր «գետնախորշերից» մեկը: 

Երեւանի կենտրոնում առկա էին այդպիսի մի քանի գետնախորշեր, որոնցից ամենացավոտը Կոնդն էր: Ինչո՞ւ էր ցավոտ: 

Որովհետեւ Սպանդարյան-Սվերդլով (այժմ` Արամի-Կողբացի) փողոցների տարածքում Կոնդի տակից մինչեւ Տեր-Գաբրելյան (Բյուզանդ) հատվածում գտնվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու առաջին փուլը ավարտելուց հետո, շրջակայքում բարձրահարկեր կառուցելու ազատ տեղերը սպառվեցին:

Իսկ Կոնդը «դժվար կաղին» էր, որովհետեւ բավականին փոքր տարածքի վրա ապրում-գրանցված էին ավելի քան 5000 բնակիչներ, որոնց պետական բնակարաններով ապահովելու համար հսկայական ծախսեր էին անհրաժեշտ: 

Եկան 1984թ Գորբաչովյան տարիները եւ քաղաքի ղեկավարությունը հայտարարելով Կոնդի վերակառուցման մրցույթ փորձ արեց գտնել մի բանաձեւ որով բնակիչների վերաբնակեցման խնդիրը կունենար ավելի իրականանալի լուծում: Եւ այդ լուծումը առաջարված էր պր. Աղեկյանի հաղթած տարբերակում` երբ բնակիչների մի մասին առաջարկվում էր տեղափոխվել նորակառույց թաղամասեր կամ սեփական ուժերով վերակառուցել իրենց տները ձեռք բերելով համապատասխան մասնագիտական նախագիծ: Մասնագիտական նախագիծ ասելով հասկացվում էր առանձին տների վերակառուցման նախագծային փաստաթղթերի թողարկումը, որով զբաղվելու էր հատուկ Կոնդ թաղամասի համար ստեղծված նախագծային արվեստանոցը: 

Սկզբնական շրջանում մի քանի շենք-տներ կառուցվեցին ըստ վերոհիշյալ արվեստանոցի կողմից կազմված նախագծերի: 

Բայց մի քանի տարի անց քանդվեց սովետական միությունը, սառեցվեցին բոլոր պետական ներդրման աղբյուրները, իսկ հետագայում կազմալուծվեցին կամ փոշիացան նաեւ բոլոր մասնագիտացված շինարարական ուժերը եւ օղակները: Հետագայում նաեւ փակվեց Կոնդի նախագծումով զբաղվող արվեստանոցը: 

Հիմա համարյա 30 տարի անց, ենթադրում եմ թավշյա հեղափոխության արդյունքում կատարվող փոփոխությունների հետեւանքով, Ճարտարապետության Ազգային Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանի եւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն  Վերմիշյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Կոնդի վերակառուցման շուրջ  հանրային քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: 

Մամուլից տեղեկացանք, որ առաջնեկ հավաքին բացի կազմակերպիչներից մասնակցեցին նաեւ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ պր. Մեսչյանը, Ճարտարապետական պալատի ղեկավար պր. Մինասյանը, այլ վաստակավոր քաղաքաշինարարներ եւ ճարտարապետներ, ինչպես նաեւ հանրության շահագրգիռ ներկայացուցիչներ:

Քանի որ ինձ հայտնի չէ թե հավաքի ընթացքում ինչ բնույթի առաջարկներ են եղել, կարող եմ միայն նշել, որ խնդրի շուրջ քննարկումներ սկսելը արդեն լավ նախաձեռնություն է: Հետագայում գործընթացը արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է հայտարարել թե կոմիտեն ինչ ձեւաչափով է պատկերացնում կազմակերպել կոնկրետ առաջարկների քննարկումները եւ որքանով են դրանք հասանելի լինելու ինձ նման արտերկրում բնակվող շահագրգիռ մասնագետների համար:

Կոնդին վերաբերվող կարեւոր կամ հետաքրքրություն ներկայացնող աղբյուրներ`

«Դեպի անհայտ ապագա» – հոդված Իմ Երեւան կայքում

Գեղարվեստի Հարթակում հանդիպում Արշավիր Աղեկյանի հետ – այստեղ

Posted in Articles, Discussion, Notes | Tagged , , , , , , | Leave a comment

Վահագն Վերմիշյանի ողջույնը

Ներկայացնում եմ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ողջույնի խոսքը որը հրատարակվել է Կոմիտեի Ֆեյսբուքյան էջում: Ես ստիպված էի ձայնագրությունը դուրս գրել որպեսզի կարողանամ այն հասանելի դարձնել բոլորին անկախ Ֆեյսբուքի օգտատեր լինելու-չլինելու փաստից:

Ահա այդ հոլովակը:

Քաղաքաշինության Կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ողջույնի հոլովակը
Posted in Links | Tagged , | Leave a comment

Երևանի կենտրոնի կառուցապատման ծրագրերն ընդունվել են ոչ հանուն պետության շահի

Հոկտեմբերի 7, 2019

Կարդալ եւ նայել այստեղ

lragir.am: Երևանի կենտրոնի կառուցապատման ծրագրերն ընդունվել են փակ դռների հետևում մի քանի պաշտոնյաների կողմից գաղտնի համաձայնությունների արդյունքում՝ ակնհայտորեն ոչ հանուն պետության շահի: Սա պետության զավթման դասական դրսևորում է: Այս մասին Ազգային ժողովում անցկացվող «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Դեռևս 2012թ. ԹԻՀԿ-ը ներկայացրել է կարծիք Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման գործընթացի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ: Այս գործընթացի պատասխանատուն այդ տարիներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով երբեք չի էլ թաքցրել իր բացառիկ ոգևորությունը այդ բիզնես նախագծերի նկատմամբ: «Կարծում ենք, որ առկա փաստերը պետք է հիմք հանդիսանան քրեական գործերի հարուցման համար: Անհրաժեշտ է տալ քաղաքական գնահատական պետության զավթման այս առանձին դրսևորմանը՝ դրանով ստեղծելով հիմքեր, որպեսզի ապագայում նման գործընթացներն իսպառ բացառվեն»,- ասել է նա: Անօրինական գործողությունների հետևանքով քաղաքացիներից խլված գույքը, ըստ Սոնա Այվազյանի, պետք է վերադարձվի նրանց: Եվ այդ ամենը պետք է արվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին: Ըստ նրա՝ խիստ կասկածելի են եղել երկրի ղեկավարության կողմնակալ հարաբերությունները կառուցապատողների հետ: «Կառուցապատողներին մեծահոգաբար տրամադրվել էր քաղաքացիների հնարավորինս ցածր գներով բռանգրավված գույքը: Կառավարությունը չարաշահել է հողային օրենսգքրով իրեն տրված հայեցակարգային լիազորությունը և Երևանի կենտրոնի կառուցապատման մեծածավալ ու խոշոր ներդրումներ պահանջող ծրագրի իրականացման իրավունքը՝ առանց որևէ պաշտոնական հիմնավորման և առանց մրցույթի հանձնել մի քանի ընկերությունների: Համարյա բոլորն անհայտ, առանց պատմության, իսկ որոշ դեպքերում նաև կասկածելի ծագում ունեցող ընկերություններ էին դրանք»,- ասաց նա:

Posted in Links | Tagged , , , | Leave a comment

MVRDV-ի Նախագծի շուրջ

Վերջերս Աշոտ Սնխչյանից իմացա որ MVRDV արվեստանոցը հաղթել է Թումոյի նոր մասնաշենք կառուցելու նպատակով կազմակերպված մրցույթը։ Աշոտը ինչպես գուցե եւ շատերը ուրախ են որ հոլանդական հայտնի ճարտարապետական խումբը իրենց առաջարկով մեծ աշխուժություն կմտցնեն հայկական իրականության մեջ։

Օգտվելով առիթից փորձեմ ներկայացնել MVRDV – ի առաջին նախագիծը Միացյալ Նահանգներում՝ Նյու-Յորքում։

Ահա ապագա շենքի հիմնական պատկերը Ամստերդամ պողոտայից։

Համալիր Ամստերդամ պողոտայի վրա

Դժվար թե սա առանձնապես հիացմունք առաջացնի նրանց մոտ ովքեր ծանոթ են աշխարհի տարբեր անկյուններում այս խմբի կառուցած նշանակալից շենքերին։ Քանի որ MVRDV – ի կառույցները աչքի են ընկնում սրամիտ եւ հիշվող ուրվագծերով , մեծ արտահայտչական ձեւերով հագեցած ծավալներով։

Այդ առուով ավելի հետաքրքիր են գաղափարի մշակման ընթացքում ստեղծված դիագրամները, որտեղ երեւում է թե ինչու են փորձել մասնատելով եւ գունային խայտաբղետությամբ ջարդել հսկայական ծավալը ինչպես եւ ներկայացնում իրենց կայքում:

Ծավալների ֆունկցիոնալ բախշում
Կառուցապատման տիպաբանությանը հորիզականից դեպի ուղղահայաց
Համալիրը շրջապատի համատեքստում

Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ նախագծել հսկայական ծավալ եւ հետո փորձել ջարդել այն:

Այստեղ նշեմ որ որպես կանոն պետք է ընդունենք այն իրողությունը, որ ցանկացած կառուցապատող ամեն դեպքում նպատակ ունի կառուցելով ստանալ առավել մակերեսներ, որ հնարավոր է տրված հողատարածքի վրա։

Եւ հենց սա է եղել ճարտարապետների հիմնական խնդիրը, թե ինչպես իրականացնել հնարավոր ամենամեծ շենքը միեւնույն ժամանակ ստեղծել շրջապատի վրա չճնշող համալիր։

Հիմա այն մասին թե ինչպես է նմանատիպ նախագիծը հաստատվել ՆՅ-ի քաղաքապետարանում:
Ներքեւում տեղադրել եմ այսպես կոչվող Zoning Diagrams փաստաթուղթը, որը բոլոր նախագծերի հաստատման ընթացքում պահանջվող ամենակարեւոր փաստաթուղթն է։

Գլխավոր հատակագիծ
Կառուցապատման Կանոնակարգի վերլուծություն
Շենքի մակերեսների աղյուսակ

Առաջին էջում բնականորեն ներկայացված է գլխավոր հատակագիծը, երկրորդ էջում Կառուցապատման Կանոնակարգի վերլուծությունն է, որը անդրադառնում է տեղանքից բխող այն դրույթներին որոնց համաձայն իրականացվել եւ հաստատվել է նախագիծը։

Երրորդ էջում ներկայացված է այսպես կոչված Zoning Area Chart, շենքի մակերեսները հարկ առ հարկ եւ ընդհանուր ամբողջ մակերեսը։

Ինֆորմացիայի այս բոլոր մանրամասները գրանցվում եւ պահպանվում են հաստատված նախագծի հետ քաղաքապետարանում եւ ենթակա են վերահաստատման հետագա որեւէ տիպի փոփոխությունների ժամանակ։

Վերջում նշեմ, որ այս փաստաթուղթը առկայք հասանելի է հանրությանը նախագծի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում։ Այդ ընթացքում ցանկացած մարդ կամ կազմակերպություն իրավունք ունի բողոք ներկայացնել, եթե հաստատված նախագծում կան օրենքի խախտումներ կամ գերազանցումներ։ Այս գործառույթը կոչվում է “Public Challenge”. Նյու-Յորքի քաղաքապետարանի նախագծերի հաստատման համակարգի հետ կարող եք ծանոթանալ այստեղ կամ որեւէ մասնավոր նախագծի ներկա ընթացքին` այստեղ:

MVRDV հոլանդական ճարտարապետական խմբի աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ իրենց կայքում:

Posted in Articles, Zoning Classes | Tagged , , , , , | Leave a comment

Փոքր պատմություն մեծ քաղաքում

Սեպտեմբերի 21, 2019

ՀԵՏՔ համացանցային թերթում Դիանա Ղազարյանի տեղեկությամբ Երեւանի Աճեմյան փողոցում սկսվել է մի շինարարության հողային աշխատանքներ գոյություն ունեցող տան պատից բառացիորեն մի քանի սանտիմետր հեռավորությամբ առեւտրական կենտրոն կառուցելու համար: Ամբողջ տեղեկության մասին կարող եք կարդալ այստեղ :

Պատմությունը իրականում կենցաղային հարցի շուրջ է, թե արդյոք համաձայնության վկայականը տրվել է քրոջ կողմից թե կեղծվել է: Ինչեւէ, քաղաքապետարանը տվել է շինարարության թույլտվությունը հիմնվելով հարեւանի այդ համաձայնագրի վրա:

Եթե կա խարդախություն եւ օրենքի խախտում դրանով կզբաղվի ոստիկանությունը: Ինձ հետաքրքրում է այս իրավիճակի կառուցապատման եւ շենքերի կանոնաակարգերը:

Նախ նշեմ, որ Վարդան Աճեմյան փողոցը իր շրջապատով կառօւցապատված է ցածրահարկ սեփական տներով:

Ինչն է կարեւոր այս պատմության մեջ ինձ համար` եթե շինարարությունը իրականանում է սեփական հողամասի տարածքում եւ սահմաններում, ո՞րն է այն կարգավորող կանոնը թե ինչքան հեռավորության վրա պետք է կառուցվի հարեւանի շենքից եւ հատկապես լուսամուտներից: Արդյո՞ք կա այդպիսի պահանջ կամ կարգ: Եթե կա, ուրեմն անկախ նրանից թե հարեւանը տվել է համաձայնություն թե ոչ, նախագիծը սխալով է հաստատվել:

Եթե չկա նման կարգավորող պահանջ, ապա ինչո՞ւ պետք է կառուցապատողը ստանար հարեւան տան տիրոջ համաձայնությունը:

Ստիպված եմ կրկին օրինակ բերել Նյու-Յորքից, որտեղ ամեն օր եթե ոչ ժամ նոր շինարարություն է սկսվում: Պատկերացնո՞ւմ եք, որ ամեն մի այդպիսի նախագծի համար պահանջվեր հարւանի համաձայնությունը: Այդ քաղաքը ուղղակի չէր կառուցվի, որովհետեւ ամեն մի կառուցապատող փորձում է կառուցել իրեն պատկանող հողամասի առավել հնարավոր մեծ տարածքով կառույցը եւ երկու հողամասերի միջեւ թողնվող արանքը, թելադրված է սեյսմիկ պահանջներից:

Այստեղ կանգ առնենք: Իհարկե քաղաքի ամեն հատվածում կանոնը այդ չէ: Միայն բարձրահարկ շինարարության գոտիներում, իսկ ինչպես նկատեցիք վերեւում նշել էի որ Աճեմյան փողոցը կառուցապատված է ցածրահարկ տներով:

Եւ կրկին օրինակ բերելով Նյու-Յորքը` նշեմ որ այդպիսի գոտիներում լրիվ ուրիշ կառօւցապատման կանոններ են գործում: Օրինակ հենց նմանատիպ մասերում երկու տների միջեւ եղած հեռավորությունը մոտավորապես 4 մետր է: Եւ սա պահանջվում է բնականաբար լուսավորության եւ օդափոխության նպատակներով:

Եթե ինձ հարցնեք, այդ հեռավորությունը շատ քիչ է Երեւանի նման շոգ կլիմա ունեցող երկրի համար: Բայց դե Նյույորքցիները իրենց ավելի մեծ ճոխություն թույլ տալ չեն կարող:

Եւ այս ամենը մանրամասն նկարագրված է Կառուցապատման Կանոնակարգ (Zoning Regulation) կոչվող փաստաթղթում: Երկար բարակ գրելու փոխարեն մեջ բերեմ նման հեռավորությունները պատկերող դիագրամ:

Սա տարբերակներից մեկն է որը քննարկում է տան հողամասում տեղադրման երեք իրավիճակ: Եւ բոլոր դեպքերի համար պահանջվում է մինիմում 5+8=13 ոտնաչափ (3.9 մետր):

Հիմա ասելիքս ո՞րն է: Հարեւաններին կռվացնելու փոխարեն հարկավոր է ստեղծել նմանատիպ Կառուցապատման Կանոնակարգ, որպեսզի ե’ւ ապագա կառուցապատողը ե’ւ քաղաքապետարանում նախագիծ հաստատողը առաջնորդվի միասնական եւ բոլորի համար հասկանալի կանոններով:

Posted in Discussion, Links, Zoning Classes | Leave a comment

Basic Developments in Planning of Yerevan in Master Plans

Dr. Zaruhi Mamyan
“Yerevan Project” LLC,
Department of Master Plan Project

Սկզբնաղբյուրը այստեղ

Posted in Links | Tagged , , | Leave a comment

ԵՐԵՎԱՆ՝ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԵՐԱԶ

ԳՐԱԴԱՐԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ կայքէջում  հանդիպեցի այս տեղեկությանը, որը անվանված է ԵՐԵՎԱՆ՝ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԵՐԱԶ

3 դեկտեմբերի, 2016. դրվագներ քննարկումից

սկզբնաղբյուրը այստեղ

Բայց ես տեքստը ամբողջությամբ տեղափոխել եմ մեր կայք անտեղի գովազդներից մաքրելու համար: Նաեւ կայքը կարծես չի թարմացվում եւ մի օր կարող է փակվել իսկ այս նյութը կարեւոր է:

  • Քաղաք-այգիների տեսությունը, ինչպես ժանմանակը ցույց տվեց, չի կարող ի կատար ածվել մայրաքաղաքի պայմաններում։ Գյուղի մարդիկ ուզում են գալ քաղաք, որտեղ կա եռուզեռ, մինչդեռ քաղաքի մարդիկ ցանկանում են կտրվել այդ աղմուկից։ Թամանյանը ստեղծեց մի կոնցեպտ, որը ձեռք էր տալիս թե՛ գյուղացուն, թե՛ քաղաքացուն։ Բայց իրականում ստացվեց, որ այն հարմար չէր… անգամ Անգլիայում՝ Լոնդոնում, երբ փորձեցին կառուցել քաղաք-այգիներ, դրանք ֆունկցիոնալ չէին։ Երբ Թամանյանը Պետերբուրգից եկավ Երևան, այն հիմնականում փոշոտ փողոցներով ու հում աղյուսե շինություններից կազմված քաղաք էր։ Իմիջիայլոց, ամայի տարածության վրա քաղաք-այգիները ճիշտ է զրոյից կառուցելը։ Դրա համար էլ նրան չհաջողվեց դա իրագործել։ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում, օրինակ, դա հաջողվեց, բայց դա ընդամենը փոքր տարածք էր… Երևանը այդ թվերին շատ վատ վիճակում էր. Գյումրին ավելի մեծ թափ ուներ։ Հենց Թամանյանը փրկեց Երևանը: Նա սկսեց գտնել լուծումներ 1919 թ.-ից։ Նաև Թավրիզում ահագին աշխատանքներ է արել, որոնք հայտնի չեն։ 1920-ականներին Հայաստանում տեղի ունեցավ խորհրդայնացում, ինդուստրիալացում, ու քաղաք-այգին արդեն անհնար դարձավ, սակայն ինչ-որ սկզբունքներ, այնուամենայնիվ, մնացին։ Կոնդի վրա Թամանյանը նախատեսել էր թանգարանային համալիրներ, բայց դա նույնպես չկարողացավ իրականացնել։
  • Եթե ավելի երկար ապրեր ու ֆինանսավորում ստանար, էլի քաղաք-այգու չէր վերածվի Երևանը, բայց գոնե կանաչ գոտիների խնդիր չէինք ունենա։
  • Կանաչապատման հարցը յուրաքանչյուր քաղաքի կառուցման մեջ կարևոր տեղ է զբաղեցնում, բայց պարտադիր չէ, որ քաղաք-այգու վերածվի քաղաքը։ Քանի որ Թամանյանը քաղաքն ընդլայնելու նպատակ ուներ, դրա համար էլ կանաչ տարածքները քիչ էին։
  • Կա՞ քաղաքաշինության մեջ օրենք, ըստ որի՝ քաղաքի ինչ-որ տոկոսը պիտի կանաչ լինի:
  • Այո՛, կա ։
  • Թամանյանի նախագծում կանաչապատ տարածքները համապատասխանում էին բնակչության քանակին:
  • Անգամ ավելին, ինքն ամեն անձին մոտ 20 քմ հատկացրել էր:
  • Եթե դա համեմատենք, օրինակ, համալսարանների հետ, կտեսնենք, որ Յելի համալսարանը հատկացնում է 80 քմ, իսկ Նյու-Յորքի համալսարանը՝ 20 քմ:
  • Ըստ տարածված կարծիքների՝ Թամանյանը ցանկացել է կրկնօրինակել Պետերբուրգը, և հայկական ճարտարապետությունը նեոկլասիցիզմի ու հայկական միջնադարյան ճարտարապետության խառնուրդ է, բայց դա այդպես չէ։ Անի քաղաքը վերջին մայրաքաղաքն էր պատմական Հայաստանում հայկական պետականության պատմության մեջ, և Երևանը համեմատելի է Անիի հետ։ Այդ նեոկլասիցիզմը միֆական ագիտացիայի տպավորություն է թողնում, որը հուշում է, որ այն հայկական չէ: Իրականում բոլոր մանրուքները տանում են դեպի Անի, դեպի հայկականը։
  • Թամանյանական շատ նախագծեր կան, որ չեն իրականացվել, հյուսիս-հարավ առանցքը շփոթում են Մասիսի փողոցի հետ, այնինչ Հյուսիս-հարավ առանցքը գոյություն ունի, Մասիս նայող Մասի փողոցի եւ Հրազդան գետ տանող Հրազդան փողոցի ճանապարհները փակվել են շինություններով։
  • Երիտասարդ ավանգարդիստ ճարտարապետները քննադատական հոդվածներ էին գրում Թամանյանի դեմ՝ պնդելով, թե նրա ստեղծագործությունները հարիր չեն սովետական մտածելակերպին։ Երևանը 70-80-ականներին ազատ կառուցապատման մասին օրենքից հետո փչացավ։ Օրինակ՝ հրապարակի վրա բարձրությունները հիմա խախտված են: Հայաստանում այս պահին կապիտալիզմի պատճառով պատվիրատուն է նախագծում շենքը, ճարտարապետի դերն այլևս որոշիչ չէ: Թամանյանի երազած Երևանն աղավաղվում է։ Հրապարակը, իմ կարծիքով, ամբողջությամբ կայացած է, ինչի պատճառով փոփոխություններ այլևս պետք չեն: Ուղղակի պետք է փաստել, որ Թամանյանը նեոկլասիցիզմ չի հորինել։ Եթե այնտեղ կան Զվարթնոցից կամ Անիի մայր տաճարից բերված խոյակներ, դա դեռ չի նշանակում նեոկլասիցիզմ։
  • Ճարտարապետի ու սովորական քաղաքացու հայացքները տարբերվում են։ Մենք տեսնում ենք բարձրահարկները, զզվում դրանցից, իսկ հասարակությունը, նույնը տեսնելով, գուցեև հակակրանք չի զգում։
  • Բայց ասեմ, որ նույն «Էլիտ պլազա»-ի աշխատողների հետ երբ խոսում ես, լսում ես իրենց բողոքները կոնկրետ այդ շենքի հարմարավետությունից։
  • Անգամ ամերիկյան խառը ճարտարապետության պայմաններում կան որոշակի կանոններ։
  • Դե բայց մարդիկ ուրախանում են բազմահարկների վրա, մենք չպիտի երազենք։
  • Էդտեղից գալիս ենք էն խնդրին, որ մեր հասարակությունը չգիտի՝ որն է ավելի լավը։
  • Եթե դրսում հարցնենք մարդկանց կարծիքը, կպարզենք, որ իրենք անգամ Թամանյանի մասին բան չգիտեն:
  • Ես էլ եմ այդ հասարակության մի մաս, ու ես տհաճություն եմ զգում այդ շենքերին նայելիս: Դե ուրեմն պետք է իմ կարծիքն էլ հաշվի առնվի, իսկ առհասարակ այստեղ գլխավորը գրագետ ճարտարապետների կարծիքն է:
  • Բայց արդյոք ճարտարապետությունն այն բա՞նն է, որ մարդիկ պիտի որոշեն։
  • Ո՛չ, իհարկե, մարդիկ երեխա են, որ չեն հասկանում։
  • Ուզում եմ ճարտարապետության հոգեբանական ազդեցության մասին խոսել։ 60-ականներին մարդիկ այդ ազդեցության տակ էին գտնվում։ Այդ ժամանակ քաղաքն ուներ ամբողջական տեսք: 80-ականներին դրան հաջորդեց զարթոնքը, երբ օրինակ, պահանջեցին Սարդարապատ կառուցել: Այսինքն, կարող ենք ասել, որ ճարտարապետությունն ուժեղ ազդում է մարդկանց մտածողության վրա:
  • Մի քիչ խոսեմ քաղաքների սեմիոտիկայի մասին, որ մի կես տարի ուսումնասիրել եմ: Երևանն ու Թբիլիսին ինձ համար շատ հետաքրքիր են էս առումով։ Երբ ուսումնասիրեցի, պարզեցի, որ քաղաքն է որոշում, թե ինչպես շարժվես իր մեջ: Շատ դեպքերում դու ընտրության տարբերակներ չունես։ Երևանի մասին հոդվածը ինձ շատ հետաքրքիր էր։ Գրական տեքստերում կանաչի վրա շեշտ չի դրվում, իսկ այսպես քաղաքը կենդանի օրգանիզմ է դառնում։ Քաղաքը պիտի որ իդիլլիկ չլինի, իսկ Երևանը զարմանալիորեն իդիլլիկ է։ Երևանն ունի իր դեմքը, որն ապահովում են Կասկադը, Օպերան, Հյուսիսային պողոտան, բայց շատ բաներ կան, որ չես նկատում: Օրինակ՝ ես չէի նկատել հրապարակի շուրջ եղած շենքերի վրայի վարդագույն ներկը։ Կամ, օրինակ, շենքեր են քանդվում, ու չես նկատում։ Ինչ վերաբերում է ձեր նշած նոր բարձրահարկ շենքերին, դրանք քաղաքի սեմիոտիկայի մեջ տեղ չունեն։ Նաև, սրանից անկախ, ասեմ, որ Երևանում փախչելու տեղ չկա ինձ համար, ու դա արդեն 5 տարի է՝ այդպես է։ Շատ մեծ խնդիր է սա ինձ համար:
  • Շենքեր էլ կան, որ առանձին-առանձին գեղեցիկ են, իսկ Հյուսիսայինի շենքերը շատ անկապ են, մինչդեռ դրանց բնակիչները ոգևորված ու ուրախ են, որ այդ էլիտարներում են բնակվում։
  • Հիշենք՝ ովքեր են թելադրում ճարտարապետությունը։ Պատվիրատուն ու վերջ։
  • Ես երբ 2 տարի առաջ Նարեկ Սարգսյանի հետ էի խոսում, շոշափեցի այն հարցը, որ Հյուսիսային պողոտայում կարելի էր այլ լուծումներ տալ, օրինակ՝ բոհեմական պատկերասրահներ, բայց, պարզվում է, փողը դրան խոչընդոտ էր դարձել:
  • Մեր իրականության մեջ հայկական ճարտարապետները կուլիսների հետևում են մնում, իսկ արևմուտքում այդպես չէ։ Ճարտարապետը նաև կոմերցիոն անձնավորություն է այնտեղ։
  • Ո՞րն է ճարտարապետի խնդիրը։ Վերցնենք փոքր տարածություն և հանձնարարենք ճարտարապետին մի բան հորինել, ու ճարտարապետը պիտի կարողանա այդ սահմանափակումների պայմաններում համապատասխան լուծումներ տալ։ Ճարտարապետն այնքան տրամաբանություն ու պատասխանատվություն պիտի ունենա, որ կարողանա սա անել։ Ասեմ, որ հայկական ճարտարապետության մեջ կանոն կա, ըստ որի՝ պետք է կառուցել միջավայրին համահունչ։ Օրինակ՝ ժայռերի մոտ ես երբեք չեմ տեսել սև տուֆ, այլ միայն դեղին՝ տարբեր երանգերով։
  • Հնարավոր է, որ դա քարի հանքերից է, որ նույն տարածքներում են եղել:
  • Ֆեյսբուքում քննարկումներ են ծավալվում, որ հայկական ճարտարապետության մեջ ոչ մի բան չի պահպանվել։ Մարդիկ կան, որ զարմանում են՝ ինչու ենք մեղադրում Նարեկ Սարգսյանին քանդելու մեջ՝ փաստարկելով, որ չէ՞ որ Թամանյանն էլ էր շատ բան քանդում։ Բայց պետք է հասկանալ, որ Թամանյանն ամեն ինչ չէր քանդում, այլ միայն այն, ինչը հակասում էր հորինվածքին։ Այն շենքերը, որ արժեք էին ներկայացնում, քանդվում ու համարակալվում էին հետագայում տեղափոխվելու միտումով:
  • Ինչու՞ են քաղաքները վերակառուցում եղած քաղաքների շուրջ: Սա ունի միստիկ բացատրությու՞ն:
  • Դա նախաքրիստոնեական երևույթ է, որը հետո զուտ ռազմավարական հարմարության պատճառով էր օգտագործվում:
  • Երևանը հազարամյակների քաղաք է, բայց ոչ մայրաքաղաք:
  • Ես նեոկլասիցիզմի հետ խնդիր ունեմ։ Սովորելու ընթացքում հասկացել եմ, որ հին կլասիցիզմին զուտ նոր ֆունկցիաներ են ավելացրել։
  • Նեոկլասիցիզմն ուղղակի հաջորդել է կլասիցիզմին։
  • Նաև նշենք, որ ռուս նեոկլասիցիզմը տարբերվում է եվրոպականից, սակայն մերից չի տարբերվում, քանի որ նաև հայերն են այն ստեղծել:
  • Ես կարծում եմ, որ սխալ է ասելը, որ Թամանյանն օգտվել է այդ ոճից:
  • Կառավարության կամ Օպերայի շենքերը չես կարող անվանել նեոկլասիցիստական։
  • Ուրեմն կա թամանյանական ոճ։
  • Որպես մշակութաբան՝ տամ ճարտարապետական հարց։ Երևանում ի՞նչը կարելի է փոխել ու թամանյանական տեսք հաղորդել։ Ու եթե դա արվի, ի՞նչ նշանակություն կունենա։
  • Եթե տնտեսական առումով չնայենք, սխալ կլինի, որ նույնը կրկնենք։ Իմ կարծիքով՝ հիմիկվա էլիտար շեքերը ֆունկցիոնալ արժեք էլ չունեն, դրանք զուտ կոնկրետ մարդկանց են ձեռք տալիս:
  • Ես վատատես եմ ու կարծում եմ, որ Երևանի պես քաղաքները հիմնովին քանդում ու վերակառուցում են պահանջում:

***

  • Իսկ արդյոք Թամանյանն իրենից բացարձակ արժե՞ք է ներկայացնում:
  • Առաջին հերթին, 600 տարի շարունակ պետություն չունենալու պայմաններում Երևանն առաջին անգամ դեմք ձեռք բերեց հենց նրա շնորհիվ: Երբ Թամանյանի անձը ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ իր արած ամեն գործ իրենից մեծ արժեք է ներկայացնում։
  • Ավելացնեմ, որ, իմ անձնական կարծիքով, Երևանը պետք է դադարի լինել մայրաքաղաք տնտեսական առումով, քանի որ արհեստական ներդրումներ են կատարվում այստեղ: Ուղղակի պետք է այս վիճակում կանգնեցենել այս ամենը՝ ավելի վատ չանելու համար: Կարելի է, օրինակ, մայրաքաղաքը տեղափոխել Հրազդան:
  • Լավ միտք է, բայց աղքատ պետություններում դա չի գործում։
  • Նաև կուզեի ավելացնել, որ ակտիվիստները, որ պայքարում են այս կամ այն շինության համար, չեն լսում ճարտարապետներին։ Ու վերջիններս էլ երկրորդ անգամ այլևս չեն խառնվում պայքարին:
  • Ես կարծում եմ, որ ճարտարապետները, անկախ ամեն ինչից, պետք է լինեն ակտիվիստ, քանի որ հենց իրենց կարծիքներն ունեն ամենամեծ կշիռը:
  • Շնորհակալություն:
Posted in Links | Tagged , , | Leave a comment

Երեւանի հատակագծերի մասին

«Երիտասարդ» կայքէջում տեղադրվել է մի հակիրճ նյութ Երեւանի կառուցապատման սովետական ժամանակաշրջանի մասին: Նյութի հեղինակն է Թամարա Գասպարյանը:

Կարող եք կարդալ այստեղ` Երեւանը՝ թամանյանական եւ հետթամանյանական շրջաններում

Posted in Links | Tagged , , | Leave a comment

Հողատարածքի չափերը

Կադաստրի կոմիտեի ղեկավարի վերջին օգոստոսի 28-ին տրված պարզաբանումները շատ ողջունելի են (մանսարդներ կառուցելու հետ կապված) – նայել այստեղ

Փաստորեն Կադաստրը իր առաջարկած գործընթացով ստիպում է որ վերջապես կարգավորվի շենքերի սեփականության շուրջ գոյություն ունեցող խառնաշփոթը։

Խոսքը վերաբերվում է շենքի ընդհանուր մաս կազմող տարրերի նկատմամբ սեփականության մասնաբաժնի հստակեցման եւ դրանից բխող իրավունքներին եւ պարտավորություններին։ Պր. Պետրոսյանը օրինակ բերեց վերելակների շահագործման համար անհրաժեշտ ծախսերը՝ թե ինչքանով են սեփականատեր-բնակիչները պարտավոր մասնակցել համատիրության ընդհանուր ծախսերին։

Սա շատ կարեւոր խնդիր է, որի ի կատար ածումից է կախված շատ շենքերի բարվոք վիճակը։ Կարգավորելով այդ հարցը նաեւ հստակվում են քաղաքային եւ տեղական իշխանություների պատասխանատվության չափաբաժինը: Իրականում այս ամենը կարգավորող ոչ մի փաստաթղթի գոյության մասին ես չգիտեմ: Կարելի է անել տարբեր ենթադրություններ թե ինչպես կկարգավորվի շենքի ներքին եւ արտաքին տարրերի խնամքի հետ կապված պարտականությունները:

Ես չեմ ցանկանում քննարկել այդ խնդիրը։ Կարծում եմ մոտակա ժամանակներում հարցի վերաբերյալ օրինագծեր կառաջարկվեն եւ կքննարկվեն, քանի որ հենց այս տիրույթում է ձեւավորվում քաղաքի հիմնարար սկզբունքները` 

  • այն է, ինչպես է հանրային շահ ներկայացնող քաղաքը հարաբերվում սեփականության իրավունքով տարածքներ զբաղեցնող եւ դրանով իսկ իր հայեցակարգով ազդում հենց քաղաքի ձեւավորման վրա: 

Ի վերջո, ի՞նչ է քաղաքը

Փորձեմ ձեւակերպել տվյալ հոդվածին առընչվող նյութի համատեքստում։

Դա հանրության, որպես մի ամբողջություն եւ անհատների որպես առանձին քաղաքացիների, միջեւ կնքված պայմանագիրն է, մի միասնական կենսատարածքում ապրելու համար:

Մի կողմից քաղաքացին է, որը ներկայացնում է իր շահերը, հիմնվելով իրեն պատկանող սեփականության իրավունքից բխող գործառույթների վրա, մյուս կողմից դա քաղաքային իշխանություններն են, որ ներկայացնում են հավաքական հանրության շահերը նույն քաղաքում համակեցության սկզբունքների վրա ստեղծված օրինագծերի սահմաններում:

Սա որպես ընդհանուր հղացքային մոդել գործում է տարերայնորեն եւ դրա գոյությունը շատերի համար գուցե եւ ակընհայտ չի: Ինչ է քաղաքը, կամ մասնավորապես, ինչպես են պատկերացնում Երեւացիները իրենց քաղաքը, որպես համատեղ գոյատեւելու կենսատարածք. սա մի հարց է, որը կարիք ունի երկարատեւ եւ ավելի լայն շրջանակների քննարկումների:

Որպես տարրական օրինակ կարող եմ բերել աղբահանության խնդիրը: Ինչպես են Երեւանցիները վերաբերվում այդ հարցին`

  • ամեն ինչում քաղաքային իշխանություններն են մեղավոր
  • բնակչության ո՞ր տոկոսն է պատրաստ տեսակավորել աղբը, հետագա վերամշակման համար
  • արդյո՞ք չարժե վերանայել բարիքների սպառման մեր մշակույթը

Բայց այս շատ կարեւոր հարցերից զատ ինձ հետաքրքրում է շենք-հողատարածք-քաղաքային` ասել է հանրային տարածքների զատման գործը եւ դրանից բխող փոխհարաբերությունները:

Հողամասի չափերը

Հարց է ծագում. ինչպի՞սի մինիմալ չափեր պետք է ունենա այն հողատարածքը, որ նրա վրա կառուցված շենքը ի զորու լինի բնակիչներին առաջարկել առողջ եւ ապահով գոյատեւելու համար անհրաժեշտ միջավայր։

Նախ նշեմ, որ ունենք կառուցապատման երկու հիմնական խմբեր` սովետական եւ անկախության ժամանակաշրջաններում կառուցված շենքեր:

Հուսով եմ որ անկախության տարիներին կառուցված շենքերը տիրապետում են փաստաթղթերով ամրագրված հողատարածքների, որոնց տեղադրությունը եւ սահմանները կարելի է նշել քաղաքաշինական նշանակության քարտեզների վրա:

Այսպիսով հիմնական խնդրո առարկան սովետական տարիներին կառուցված շենքերին պատկանող հողատարածքների սահմանները ձեվակերպելն եւ դրանց չափերը որոշելն է։

Սովետական ժամանակներում կառուցված շենքերը պետք է բաժանել եւ երկու մասի` հանրային եւ մասնավոր սեփականության պատկանող կառույցներ, ընդ որում մասնավորը կարող է լինել համատիրական (այսինք` հավասար իրավունքներով օժտված մի խումբ մարդկանց պատկանող) եւ անհատական:

Այս հոդվածի սահմաններում նպատակս է քննարկել միայն սովետական տարիներին կառուցված բնակելի շենքերը որոնց բնակարանները սեփականաշնորհված են եւ ամեն բնակիչ ենթադրաբար ունի իր բնակարանի սեփականության վկայականը: Պր. Պետրոսյանը նկատի ուներ հենց այդ շենքերը:

Եւ, ուրեմն, նախ պարզենք թե ինչպե՞ս որոշել արդեն կառուցված շենքին «պատկանող» հողատարածքի չափերը։ Պատկանողը դրել եմ չակերտների մեջ, քանի որ ըստ իմ տվյալների առայժմ, ոչ մի օրինագծով կամ փաստաթղթով չի նշվել որեւէ շենքին պատկանող հողամասի սահմանները եւ չափերը։

(եթե ընթերցողներից որեւէ մեկը տեղյակ է որեւէ նամանատիպ փաստաթղթեր հատկացնելու մասին, որտեղ նկարգրված է շենքին պատկանող հողատարածքի չափերը եւ ձեւը, թող տեղեկացնի)։

Այսպիսով հաջորդ տրամաբանական հարցը՝ իսկ ի՞նչ չափանիշներով է պետք որոշել տրվելիք հողամասի չափերը։ Ասենք, շենքի շուրջը մտովի գծելով 3 մետրանոց մայթ- անցում եւ ստացված հողատարածքը փաստաթղթերով կցել շենքի համատիրության անձնագրին։

Այդ դեպքում` հաջորդ հարցը, իսկ ո՞ւմ պետք է պատկանի շենքերի միջեւ գտնվող մնացյալ տարածքը։

Քաղաքային իշխանությունների՞ն: Կարծես թե տրամաբանորեն այդպես է:

Դե այս օրինակի վրա տեսեք թե ինչ տեղի ունեցավ մի Երեւանյան օրինակելի թաղամասի հետ:

Նայենք բոլորիս հայտնի Սայաթ-Նովա, Նալբանդյան, Թումանյան եւ Ավագ Պետրոսյանի փողոցներով շրջափակված թաղամասը:

  1. Ներկա իրավիճակ: 2. Սովետական տարիներին կառուցված բնակելի շենքերին «պատկանող» հողատարածք մանկապարտեզով: 3.  Նորակառույցը իր հողատարածքով:

Ինչպես պարզ երեւում է երկրորդ նկարում պարագծով կառուցապատված թաղամասի ներքին բակում տեղադրվել է մարկապարտեզ որը իր տարածքով համաչափության մեջ է թաղամասի չափերին եւ սպասարկում էր շրջապատի բնակիչներին: Մնացած ամբողջ տարածքը նախատեսված էր համամասնորեն օգտագործելու համար:

Բայց քանի որ այդ տարածքը պատկանում էր քաղաքին, իրենք էլ արեցին հողահատկացում նոր բնակելի շենք կառուցելու համար:

Շրջակա շենքերի բնակիչները բնազդորեն հասկանալով, որ դա իրենց համար կենսականորեն անհրեաժեշտ տարածք է, ամեն կերպ պայքարեցին կառուցապատողի դեմ, որի արդյունքում իբր թե զիջում շենքը մի քանի հարկով կրճատվեց:

Մենք իհարկե գիտենք որ այդ հողահատկացումը կատարվել է կաշառքի արդյունքում:

Բայց եկեք պատկերացնենք որ օրերից մի օր կգա «պարոն կառուցապատողը» ու նմանատիպ առաջարկ կանի:

Այստեղ մեջ բերեմ ժամանակին ուրիշ հոդվածումս օգտագործված քարտեզ-պատկերըը, որի վրա նշված են դեռեւս սովետական տարիներին թամանյանական թաղամասերի մեջ կառուցված բարձրահարկերը: Վարդագույնով նշվածները դրանք 9 կամ 12 հարկանի շենքեր են: Իսկ դեղինով նշել եմ վերոհիշյալ թաղամասը:, որտեղ պարզ երեւում է դատարկ բակը` այսինքն պատկերը արել եմ մինչ այս նոր շենքի կառուցումը: Փաստորեն նոր շենքի կառուցումը իրականացվել է նույն տրամաբանության մեջ` այն է մի բան խծկել միջբակային տարածքներում: 

Փոքր կենտրոնի պատկերը խծկած բարձրահարկերով

Միակ եւ ամենակարեւոր եւ էական տարբերությունը այն է, որ սովետի ժամանակ բակերը հանրային էին, ու բնակարաններ էին հատկացնում հիմնականում մոտակա թաղերում ապրող բնակ մակերեսի կարիքավորներին: Ու ոչ ոք չէր բողոքում, հակառակը երջանիկ էին: Իսկ հիմա կառուցվեց «էլիտար» շենք որի մեջ բնակվելու են «օտար ունեւորներ» եւ բնակվելու են զավթելով հանրային թվացող բակը:

Ինչո՞ւ եմ ասում «թվացող», քանի որ հասարական համակարգ է փոխվել սովետ-ոչ սովետ (դեռ պարզ չի ինչպիսի ոչ-սովետ) եւ բնակիչները բողոքելուց բացի ուրիշ հակափաստարկ չունեին: Եթե ունենային այդ բակի սեփականության իրավունքը հաստատող վկայական, ոչ մի կաշառք չէր օգնի:

Հիմա վերադառնամ «պարոն կառուցապատող»-ի նոր բնակելի շենք կառուցելու առաջարկին:

Ո՞րն է նորընտրյա քաղաքապետարանի եւ գլխավոր ճարտարապետի քաղաքաշինական հիմնավորումը, թե ի՞նչ չափի շենք է կարելի կառուցել նմանատիպ թաղամասի միջբակային տարածքում կամ ինչու ընդհանրապես չի կարելի կառուցել: 

Այդպիսի հիմնավորում ներկայացնելու համար այսօրվա դրությամբ օգտագործվում են նախկինում ընդունված քաղաքաշինական նորմերից մի քանիսը` 

ա. շենքերի միջեւ եղած հեռավորություններ

բ. վթարային եւ հրշեջ մեքենաների մոտեցումների համար անցումներ

գ. սեյսմիկ պահանջներից բխող շենքերի բարձրություններ

Իմ կարծիքով այս նախապայմանները բավարար չեն, քանի որ որոշակի կոնստրուկտիվ լուծումների շնորհիվ հնարավոր է ապահովել ավելի խիտ եւ բարձրահարկ կառուցապատում:

Եւ կառուցապատողները հենց այդ ուղղությամբ էլ առաջնորդվելու են: 

Իմ համոզմամբ խնդիրը կլուծվի համակարգված կանոնակարգերի ստեղծման շնորհիվ

Դրանք հիմնված են երկու հիմնական փաստաթղթերի վրա`

ա. Կառուցապատման Կանոնակարգը (Zoning Resolutions), որի մասին տարբեր առիթներով գրում, ասում եմ

բ. Շենքերի Կանոնակարգ (Building Code)

Սրանց հարակից են տարբեր կանոններ, որոնց թվում Հակահրդեհային, Գազի, Էլեկտրականության, ինչպես նաեւ օդափոխության, ջրամատակարարման եւ կոյուղու շահագործման կանոնները:

Եթե Երեւանի քաղաքապետարանը ունենա վերը նշված կանոնակարգերի փաթեթը, ապա ամեն անգամ պաշտպանվելու կարիք չի ունենա:

Եւ չի զբաղվի կամային արգելելու կամ կասկածելի թվացող թույլատվություններ տալով:

Հ.Գ.

Դեռ չէի ավարտել այս տողերը, երբ հանդիպեցի վերջին օրերի թարմ օրինակին` Աբովյան 22 Ա հասցեում  շենք կառուցելու առիթով բնակիչների բողոքների եւ Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի բացատրությունների շուրջ տեսատեղեկությանը – նյութի մասին կարող եք ծանոթանալ այստեղ

 – https://www.tert.am/am/news/2019/08/27/arm/3079748

Այդ առիթով տեղադրում եմ երեք պատկերներ, որոնք ներկայացնում են Աբովյան, Թումանյան, Նալբանդյան եւ Սայաթ-Նովա թաղամասի ներկա եւ առաջարկվող հատակագիծը:

  1. Ներկա իրավիճակ: 2. Ներկա շենքերի ենթադրվող հողատարածքների ուրվագիծ: 3. Առաջարկվող շենքի տեղադրությունը ըստ իմ ենթադրության:
Posted in Articles, Discussion, Zoning Classes | Tagged , , , | Leave a comment

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

Նելլի Դանիելյանը այս հոդվածը հրապարակել է Sputnik Արմենիա կայքէջում, հուլիսի 23-ին, 2019:

Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Posted in Links | Tagged , , , , | Leave a comment