Մի հատ Relax

Մարինե Պետրոսյանի «ԿԱՌՈՒՑԵ՞Լ ԹԵ ՉԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԵՐԵՎԱՆԸ» հոդվածը կարդալ այստեղ:
շատ զիլ ա, որ վերջապես մեկը փորձում ա կոնստրուկտիվ կարծիք հայտնել ազատորեն: Դե բնականաբար ազատորեն, քանի որ կողքից, ոչ մասնագիտական տեսանկյունից ավելի պարզ ա երեւում խնդիրը: Համենայն դեպս այդպես թվում է:
Փորձեմ թողնել առ ժամանակ այլ նոթերիս ամփոփումը, քանի որ թվաց որ սա հիմա գուցե ավելի արդիական ա ու երկաթը արժի տաք-տաք ծեծել: Մանավանդ որ Արսեն Կարապետյանը գործընթացը սկսեց իր կայքում` այստեղ
Կանեմ սենց` մեջբերում Մարինեի հոդվածից եւ իմ համաձայնությունը կամ հակաճառությունը:

« – Ճարտարապետությունը կառուցումի արվեստն ա, բայց մեր հանրային գիտակցության մեջ ավելի շատ քանդումի հետ ա կապվում էսօր։ Ու դրա մեջ աննորմալ մի բան կա։ «Քանդո՜ւմ են»,- պարբերաբար հնչում ա աղաղակը։ Եւ վաղուց արդեն՝ հնչում ա հուսահատության անզոր մի հնչերանգով։ Շատ կարեւոր ա հասկանալ՝ որտեղի՞ց ա գալիս էս անզորությունը, ի՞նչ կա դրա հետեւում»:
– Հարգելի Մարինե, ճարտարապետությունը շատ աննկատ շփոթում եք շինարարության հետ: Շինարարության համար տարածք ա պետք ու եթե այն չկա, ստիպված ես եղածը քանդել որ տեղում մի բան կառուցես: Իհարկե ճարտարապետը որպես նախագծող մասնակիցն ա այդ շինարարությանը, բայց ոչ քանդման հեղինակը: Քանդելու իրավունքը տրվում ա քաղաքաշինական առաջադրանքի մեջ, որտեղ «ըստ կարգի» պետք է նշված լինի ելակետային դրույթները` տեղանքի, գոյություն ունեցող շինությունների, նրանց քանդելու կամ պահպանելու պայմանների մասին, ինչպես եւ կառուցվելիք շինության այլ պարամետրեր, հարկայնություն ու էլ չգիտեմ ինչ…
Հիմա բոլոր «Քանդո՛ւմ են» գոռացողները նշում են քանդման փաստը ու Մարինեի նման ենթադրում որ դա ճարտարապետն է որոշում:

« – Ճարտարապետությունը մենակ արվեստ չի, նաեւ արտադրություն ա, արվեստի բոլոր ճյուղեր մեջ երեւի թե ամենաշատն ա կապված տնտեսական հարաբերություններին եւ մի պահ կար, ես մտածում էի, թե շան գլուխը գուցե հենց դրանում ա թաքնված՝ Հայաստանի տնտեսական խնդիրները էդ արվեստի վրա ամենածանրն են անդրադառնում։ Բայց հետո, ավելի ուշադիր հետեւելով ճարտարապետների ելույթներին, նկատեցի որ կարծես մեկ ուրիշ խնդիր էլ կա՝ մտածողության խնդիր։ Քաղաքաշինության հարցերը, ոնց որ ասեցի, վերջերս հիմնականում քանդումների հետ կապված են հայտնվում ուշադրության կենտրոնում»:
– Այո, հարգելի Մարինե, շան գլուխը հենց տնտեսական հարաբերությունների մեջ ա թաղված: Եթե ուշադիր կարդաք ձեր երրորդ նախադասության մեջ կրկին ճարտարապետները փոխարինվում են «քաղաքաշինության հարցեր» – ով:
Այո, շինարարություն անելը դատարկ տեղի վրա տնտեսապես մի քանի անգամ էժան ա, քան եղածը պահելով անելը: Ու ինչպես նշել էի վերեւում, դա լուծվում ա քաղաքաշինական առաջադրանքի սահմաններում: Ճարտարապետից որպես նախագծող, տիտանական ջանքեր են պահանջվում, որ պատվիրտուին համոզի, թե – արի քո գրպանից երեք անգամ ավել փող ծախսիր որ էս շենքը պահելով շինարարություն անենք: Եւ ո՞րն է հիմնավորումը, – որովհետեւ մեր պատմությունն ա, կամ սիրուն ա, կամ տատս ա ստեղ ապրել …
Ինչպես հասկացաք, վերջին երկուսը պատվիրատուի համար լրիվ սյուբեկտիվ գործոններ են, իսկ առաջինը` պատմության հուշարձան լինելու, պահպանման արժանի լինելու հարցը պետականորեն գիտակցված արժեհամակարգի եւ օրենքի ուժ ստացած փաստաթղթի հիման վրա կարող է դիտարկվել: Ստեղ ավելացնեմ, (չնայած մի քանի անգամ նախկինում նշել եմ) որ պահպանության գործառույթի նկարագրությունները այնքան հեղհեղուկ են, որ Ծածկած շուկայի պարագայում անգամ, (որը ցուցակով հաստատված հուշարձան է) պատվիրատուն հասավ իր նպատակին` եղած ծավալից ստանալ առավելագույն օգտագործելի տարածք: Կոնկրետ շուկայի դեպքում համարյա հարյուր տոկոս վստահ եմ, որ հենց քաղաքաշինական առաջադրանք տվողն է գլխի գցել, որ սենց -սենց կանես, ոչ ոք չի կարող ապացուցել որ քանդում ես: Քանի որ հենց առաջադրանք տվողը շատ լավ տիրապետում է պահպանելու վաղու՛ուց հնացած օրենքներին: Ձեզ ապացույց էսօրվա բոլոր «տեղափոխվող» հուշարձանները: Որոնք համարվում են պահպանվող օրենքի շրջանակում քաղաքաշինական լուծում` ստեղ բան ենք սարքելու, դա մեզ խանգարում ա, եկեք տեղափոխենք:

« – Իմ մեջ վաղուց հասունանում էր էն տպավորությունը, որ բաց եւ հանգամանալի խոսակցությանը խանգարող ուրիշ՝ ավելի խորքային պատճառ էլ կա, որ բաց խոսակցությունից խուսափում, խոսքը կիսատ են ասում ոչ միայն նրանք, որոնց անարգանքի սյունին են գամում, այլ նաեւ նրանք, որոնք անարգանքի սյունին գամողների կողմից են»:
– Ինձ հարցնես, խոսակցությունները հիմնականում այլ հարթությունների վրա են ընթանում: Չեմ կարծում, որ դիտավորյալ կիսատ, խուսափողական, խոսքի պատճառն է, ավելի շուտ խոսակցություն վարելու եւ խնդիրը իրականում չհասկանալու արդյունք ա:
Նաեւ, հայերիս մոտ կա, ձեւավավորվել ա տենց մի բան, դե ես ասեմ, դու ջոկի էլի ինչ նկատի ունեմ, հո բոլորին անուններով չեմ նշելու:

« – Առաջին հաղորդումը «Հայկական ուրբաթն» էր, հունվարի 29-ին «Կենտրոնով» հեռարձակված։
Տեսագրության հղումը տեսա ճարտարապետ Արսեն Կարապետյանի ֆեյսբուքյան պատին, սենց նախաբանով՝ «Մենակ Կարեն Բալյանին ու Արեւշատյանին լսեք ․․ մենակ Բալյանն ու Արեւշատյանն են խոսում խնդրի փիլիսոփայական խորքային պատճառների ու էության մասին»: Ահագին հետաքրքրեց, սկսեցի նայել»:
– հարգելի Մարինե, կներես, էլի, սենց պատահաբար իմացար, ահագին հետաքրքրեց, ու սկսեցիր նայել: Այսինքն մինչ այս նման հարցերին տեղյակ չէիր կամ չէիր հետաքրքրվում, ու հիմա միանգամից արդեն կարծիք ես հայտնում, էն էլ ամենաբարդ, քաղաքաշինական կնճռոտ թեմաներով: Չէ, ես չեմ նեղանում, կփորձեմ շարունակել մեր ոչ առերես կայացող հարց-պատասխանը:

« – Ի՞նչ էր ասում ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը։ Ասում էր՝ «Այսօրվա մեր ճարտարապետական մակարդակը․․ այնքան ցածր է, որ մենք չպիտի զբաղվենք խոշոր քաղաքաշինական եւ ընդհանրապես անհատական կառույցներով․․Այսօրվա վիճակով մեր ճարտարապետական ուղղությունը չպետք է ուղղված լինի ունիկալ շենքերի կառուցմանը, որի ունակությունը մենք էսօր չունենք․․․ մեր ճարտարապետական դպրոցը այսօր ի վիճակի չէ ստեղծել հարմոնիկ, ավանդույթներին եւ արդիականությանը համապատասխան [կառույցներ], մենք վերին աստիճանի հետամնաց ճարտարապետություն ենք ստեղծում այսօր, գնալով ստալինյան ճարտարապետական ձեւերի օգտագործման ուղիով․․․» Մենք ունենք սոցիալապես անպիտանի միջավայր․․ մեծ բնակելի ֆոնդ, որտեղ ապրելը վտանգավոր է եւ տհաճ ․․ մենք չունենք համապատասխան պոլիկլինիկաներ, դպրոցներ։ Մենք դրանով պետք է զբաղվենք, ոչ թե ստեղծենք այն ֆասադը՝ ճակատը քաղաքի, որի ունակությունը մենք չունենք»։ Որ ճիշտն ասեմ՝ շոկի մեջ էի։ Հետ ու առաջ էի պտտում տեսանյութը՝ համոզվելու համար որ ականջներս ինձ չեն խաբել։
– Ուրեմն, Կարեն Բալյանը ամեն ինչ ճիշտ ա ասում, դա տենց ա: Ուղղակի կրկին, ինքը արտահայտում է մտքեր, որոնք հասցեագրված են քաղաքային, պետական եւ այլ պատկան մարմիններին, ո՛չ ճարտարապետներին: Չեմ կարծում որ ինքը այնքան միամիտ ա, որ կարծում ա թե հեռուստահաղորդման մասնակիցները գնալու են տուն ու զբաղվելու են պոլիկնիիկաներ, դպրոցներ եւ այլ պետությանը վերաբերվող որոշումներ կայացնելով: Նա ուղղակի լինելով ազնիվ մտավորական, փորձում է օգտագործել եղած ամբիոնը խոսք հնչեցնելու համար: Ու արդյունքը սպասել չտվեց, քանի որ հենց դուք Արսեն Կարապետյանի խոսակցությունների արդյունքում որոշեցիք, որ պետք է այս հարցերի շուրջ քննարկումներ ծավալել:

« – Ահա թե ուր ա թաղված շան գլուխը։ Ահա ինչու Թամանյանի մասին խոսելիս մեր ճարտարապետները միշտ կիսատ, կեսբերան են խոսում։ Որովհետեւ եթե էս կեսբերան ասվածը տրամաբանության օգնությամբ մինչեւ վերջ շարունակես, դուրս կգա՝ Նարեկ Սարգսյանը, որը հայտնի ա որպես համար մեկ քանդող, բայց փաստացի նաեւ համար մեկ կառուցողն ա, հենց Թամանյանի գիծն ա շարունակում՝ «ստալինյան գիծը»։
– Թամանյանի հարցը շատ տարողունակ է եւ առանձին քննարկումների կարիք ունի: Ես, մի քանի հոդվածների շարք եմ մտմտում, որ շարադրեմ Թամանյանի ստեղծագործության մասին իմ պատկերացումները: Ասեմ, շատ խճճված ու բարդ գործ ա, որ լրիվ պարզ հանգուցալուծման աղերս ունի: Բայց, Նարեկ Սարգսյանը, Թամանյանի գիծը չի շարունակում: Նա բարոյազրկելով մինչ իր տիրակալության ժամանակները արված քաղաքաշինական բոլոր մտահաղացումները, հղելով Թամանյանի կոնցեպտուալ եւ արդեն վաղուց update -ի կարիք ունեցող հատակագծին, (ինչպես ասեցի Թամանյանի ստեղծագործության վերլուծումը առանձին գործ ա) իրականացնում է պարզ ու հասարակ պատվեր, գտնում է տարածքներ նոր կառուցապատումներ իրականացնելու համար: Ու բնականաբար, քանի դեռ ինքը տիրապետում է բոլոր լծակներին եւ իրավիճակին, գտնում է ամենաթանկ, հիմնականում քաղաքի փոքր կենտրոնում տարածքներ (բնականաբար գոյություն ունեցող հին կառուցապատման տեղում) կառուցապատման համար: Դե էտ անտեր տարածքներն էլ արդեն վերջանում են ու ներկա սեփականատերերի եւ «նոր» միստիկ Գերակա Շահ -ի ետեւում թաքնված տղերքի պայքարը ձեռք է բերում դրամատիկ շրջադարձներ: Դրա պարզ օրինակը Աբովյան, Պուշկին, Սախարովի հրապարակի տարածքի կառուցապատման ծրագիրն է: Այս վերջին օրինակը նրանով է նշանակալից, որ ի հակառակ Հյուսիսային Պողոտա, Գլխավոր Պողոտայի հարող տարածքներում իրականացված նոր կառուցապատումները արվում էին տեղում գտնվող բնակիչներին դուրս մղելով, իսկ այս դեպքը դեմ է առել մի ուրիշ գործատեր սեփականատիրոջից տարածքը խլելու պրոբլեմին: Ու պայքարը դեռ թեժանալու: նաեւ ասեմ, որ մարդիկ սկսել են ձանձրանալ, հանրային կյանքում նոր ադրենալինի լիցքեր են պետք:

« – Բայց իմ էլ իրավունքն ա՝ հարցնել։ Թամանյանից առաջ կար գավառական կիսաքաղաք Երեւանը։ Թամանյանն էդ Երեւանի՝ պարսկական տիրապետության ժամանակներից մնացած շերտը համարյա լրիվ քանդեց, ցարական ժամանակներից մնացած շերտն էլ ահագին քանդեց, եւ դրեց նոր Երեւանի հիմքը»:
– Սա տարածված, բայց կասկածելի տեղեկություն ա: Նախ եթե գավառականը ասվում է, որպես նվաստացնող հոմանիշ, ասեմ, որ հիմա էլ Երեւանը նման ա գավառական կիսաքաղաքի: Եթե պետք լինի կարող եմ մասնագիտորեն հիմնավորել: Ինչ վերաբերվում ա Թամանյանին, նա համարյա բան չի քանդել, հակառակը նախագծել ա քաղաք, հիմնվելով գոյություն ունեցող փողոցային ցանցի վրա, որը պետք է կառուցապատվեր իրականացնելով մի միասնական քաղաքաշինական իդեա: Ու նա բնականաբար գիտեր, որ դա իր կյանքում իրականացող գործ չի: Հրաշալին այն է, որ իր հետնորդները հիմնականում շարունակել են իր դրած հիմնադրույթները, քանի որ դրանք ժամանակի համար եղել են առաջավոր եւ այսպես թե այնպես համապատասխանացվել են ընթացիկ գաղափարախոսությանը: Դրանով իսկ Երեւանը երջանիկ պատահականությամբ իրականացված քաղաք էր, ինչու անցյալ կատարյալով, քանի որ հիմա այլեւս չի:
Ինչու երջանիկ, քանի որ կառուցվելով կարճ ժամանակներում` (50-70 տարի) հետեւողականորեն պահել էր հիմնական կոնցեպտը:

« – Էդ նոր Երեւանը սովետական Երեւանն էր, որտեղ ես ծնվել եմ եւ որը սիրում եմ»:
– Դե թե ինչու ես սիրում բացատրվեց նախորդ պատասխանում:

« – Բայց ավելի շատ ես էս նոր Երեւանն եմ սիրում, որն արդեն սովետական չի, այլ Հայաստանի նոր Հանրապետության մայրաքաղաքն ա։ Էս նոր՝ անկախ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ինչ-որ նոր, էականորեն նոր բան պետք ա կառուցվի՞»։
– Իրականում դու ճիշտ ես պետք է կառուցվի եւ կառուցվում է, բայց էականորեն նոր բան շա՛ատ քիչ: Հարգելի Մարինե, հենց դա է հարցը, որ քեզ թվում է որ կա մի խիզախ Նարեկ Սարգսյան, որը համար մեկ կառուցողն է եւ իրականացնում է Թամանյանի գիծը: Այո կառուցվում է եւ դա ընդամենը շինարարություն է, բայց ոչ դեռ ճարտարապետություն, քանի որ դրանք շատ արագ իրականացված նախագծեր են, որոնք արվում են Copy Paste սկզբունքով: Ճարտարապետության համար ժամանակ է պետք, որպեսզի ձեւավորվի նոր տեխնոլոգիաներին համապատասխան նոր լեզու:
Ներկա «սարգսյանական» ճարտարապետությունը դեռ ձեւավորված լեզու էլ չունի:
Նշեմ, որ ես դեմ չեմ իր կառուցած շենքերին: Թող նախագծի եւ կառուցի:
Բայց «համար մեկը» լինելը ինքնին գավառականության ցուցանիշ է:
Մեր դպրոցը ամեն տարի թողարկել է մոտ 50 ճարտարապետ: Դա նշանակում է, որ վերջին 40 տարվա ընթացքում հաշված 1975 թվականից ավարտել են առնվազն 2000 ճարտարապետ եւ որոնցից ամենաավագների տարիքը ստացվում է 22-23 + 40 = 63 տարեկան, նախագծելու ամենահասուն տարիքը: Ընդունենք դրանցից կեսը ճարտարապետ չդառան, բա ո՞ւր են մնացած 1000 ճարտարապետը:
Թամանյանին հրավիրեցին քանի որ Հայաստանում ճարտարապետական դպրոց չկար: Հրավիրել են նաեւ Բունիաթյանին եւ ուրիշների: Բայց նույնիսկ այն սակավ տարիներին կար մրցակցություն, որի շնորհիվ ստեղծվեց հայկական դպրոցը: Ու ես կտրականապես դեմ բոլոր դափնիները միայն Թամանյանի վզին կախելու գաղափարին: Մենք հրաշալի ուրիշ ճարտարապետներ ենք ունեցել: Դա շատերի չիմացության արդյունքն ա, որ միայն Թամանյանի անունն ա անընդհատ հոլովվում:
Հարգելի Մարինե, իսկ դուք ձեր նախապատվությունը տալիս եք «հանդուգն ստալինիստ» Նարեկ Սարգսյանին:
էս մասը ականջիս անգլերեն ավելի հստակ ա հնչում` IT IS OUTRAGEOUS, MAN!

This entry was posted in Discussion, Links and tagged , , , . Bookmark the permalink.