Խանջյանի ամառանոցի խառնաշփոթ պատմությունը

Վերջերս շատ հարգելի Ռուբեն Շուխկյանը կրկին անգամ անդրադարձավ այսպես կոչված «Խանջյանի ամառանոցի» անմխիթար վիճակին, վերապատմելով Խանջյանի Թիֆլիս ճանապարհին ամառանոցի վերջին այցելության դրվագը:

Ինչու եմ ասում այսպես կոչված քանի որ մասնավոր խոսակցություններում պարբերաբար հայտնել եմ իմ խորը կասկածը թե նշված կլոր հատակագծով շենքը Աղասի Խանջյանի համար կառուցված ամառանոցն է:

Եթե հարցնեք 1950 -ից մինչեւ 60 ականները ծնված դիլիջանցիներին, համարյա բոլորը կծիծաղեն ասելով որ Խանջյանի ամառանոցը կողքի մի փոքր վերեւում գտնվող շատ ավելի համեստ կառույցն է:

Դրա մասին հստակ նաեւ գրված է Դիլիջանի պաշտոնական կայքում – dilijan.am  հետեւյալ էջում` ՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ, որտեղ եւ ցուցադրվում է ներքեւի լուսանկար: Ահա եւ էջի հղումը

Աղասի Խանջյանի ամառանոցը Դիլիջանում

Սա էլ էջի պատկերի պատճեն`

Եթե ընդունենք որ բոլոր դիլիջանցիները սխալվում են, իսկ բոլոր համակարգիչների մոտ «գուգըլ» անողները ավելի շատ գիտեն, ապա մեկ հարց տվեք ինքներդ ձեզ.

Աղասի Խանջյանը որ հանդիսանում էր հեղափոխական առաջին սերունդին եւ որը առանձնանում էր իր համեստ ապրելակերպով, պետք է այդպիսի շքեղ շենք կառուցեր այն էլ որպես ամառանոց: Դիլիջանում երբեմն լինելու միտքը իր բժիշկինն է, որը արդեն ախտորոշել էր Խանջյանի թոքախտը: Սա որպես առաջին եւ ամենահիմնավոր փաստարկը:

Ես ունեմ եւս երկու լրացուցիճ փաստարկներ:

2, 1986 – 88 թվականներին Բագրատ Հովհանիսյանը «Ադամամութ» ֆիլմի նկարահանումների ընթացքում մի քանի կարեւոր դրվագներ արվել է հենց այս տանը: Տունը ռեժիսորին դուր էր եկել իր այդ ժամանակաշրջանին բնորոշ համեստ ինտերիերով, որտեղ կան կուտակված հին հուշեր: Ֆիլմի նկարչի ասիստենտը ինձ պատմել է որ հսկայական արխվային լուսանկարներ են նայվել տան ինտերիերին իրական շունչը վերականգնելու համար եւ այդ ընթացքում հանդիպել են մի քանի լուսանկարների որտեղ պատկերված է Խանջյանը տեռասայում նստած թերթ կարդալիս (տունը հրաշալի տեռաս ունի որը բացվում է մեծ սենյակից դեպի դիլիջանյան անտառը որը եւս բժշկի խորհրդով էր), իսկ ետեւում երեւում է շինարարական կիսավարտ վիճակը: Այսիքն Խանջյանը դեռեւս շինարարության ընթացքում այցելել է ամառանոց մինչեւ 37-ի իր սպանությունը, քանի որ առողջական վիճակը արդեն լավ չէր: Իմիջիայլոց ֆիլմի առաջին մասը շատ վատ որակի օրինակը կարող եք դիտել youtube – ում:

3, Խնդրահարույց կլոր շենքը, որը իրականում հրաշալի ճարտարապետական կոթող է եւ անպայման պետք է վերականգնել, ամենայն հավականությամբ կառուցվել է քիչ ավելի ուշ շրջանում նպատակ ունենալով օգտագործելով արդեն դատարկ Խանջյանի տունը ստեղծել մի փոքր կառավարական համալիր բարձրաստիճան ղեկավարների համար: Որպես փաստարկ նշեմ որ «նոր» կլոր շենքը իր տարածքում ունի նաեւ խոհանոցային եւ այլ սպասարկող սենյակներ, որը չէին անի մեկ հոգուն հատկացվող ամառանոցում: Եւ պատահական չէ, որ հետագայում այս եւ հետագայում կառուցված երրորդ շենքը (Դեմիրճյանի ամառանոց) իրար հետ կազմում են այսպես կոչված Սովմինի կառավարական ամառանոցը: Այս համալիրը հետագայում նաեւ համալրվեց ջրավազանով:

«Կլոր» շենքի առիթով մի կարճ քննարկում եմ ունեցել հայ ճարտարապետության հրաշալի մասնագետ Կարեն Բալյանը հետ: Մի վարկած առաջ քաշվեց, որ գուցե այն կառուցվել է ավելի ուշ բայց օգտագործելով դեռ նախկինում արված նախագիծ: Հիմնվելով շենքի ճարտարապետական դետալների վրա  պրն, Բալյանը որպես հնարավոր հեղինակներ նշում է այն ժամանակվա առաջատար ճարտարապետներից Սամվել Սաֆարյանին կամ Գեւորգ Քոչարին: Ինչեւէ ճարտարապետի հարցը հետագա քննարկումների կարիք ունի:

Իսկ պատմական եւ ճարտարապետական արժանիքների համար այս համալիրը ամբողջությամբ պետք է վերականգնել եւ կրկին օգտագործել հանգստի եւ բուժական նպատակներով:

Խնդիրն այն է, որ այդ շենքերը մասնավոր սեփականություն ունեն: Իրենց պետք է ճանաչել պատմա-ճարտարապետական հուշարձանային համալիր եւ առաջարկել սեփականատիրոջը այն վերաննորոգելու համար: Իսկ եթե սեփականատերը ֆինանսական դժվարություններ ունի, պետությունը պետք է ետ գնի եւ առաջարկի այլ ինվեստորների:

Ներքեւում նաեւ ընդգրկել եմ մի քանի հղումներ «Խանջյանի Դիլիջանի ամառանոցի» մասին, որը թյուրիմացաբար հղվում են Կլոր շենքին:

Ահա հղումը Հայկական Վիքիպեդիայում` Աղասի Խանջյանի ամառանոց

Եւ մեկ այլ հղում Սպուտնիկ Արմենիա կայքից` Վեհության փշուրները. Աղասի Խանջյանի ամառանոցի պատմությունը

Արեգ Ասատրյան
օգոստոսի 11, 2018

This entry was posted in Notes and tagged . Bookmark the permalink.