Կամ ինչպես է պահպանվում ճարտարապետական կառույցի հեղինակային իրավունքը Նյու-Յորքում:
Հոկտեմբերի 23, 2018.
Հոկտեմբերի 19-ին, երեք վաստակավոր ճարտարապետներ` Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանը եւ Լեւոն Վարդանյանը դիմել են Հայաստանի Ճարտարապետների Միության նախագահ Մկրտիչ Մինասյանին եւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավիկ Էլոյանին, ահազանգելով Ազնավուրի կեցավայրի առանց հեղինակի հետ համաձայնության կամայական փոփոխության առաջարկ-նախագծի առիթով:
Նյութը հրապարակվել է 168 Ժամ էլեկտրոնային տեղեկատվական էջում` ամբողջը կարդալ այստեղ:
Նախ ասեմ որ վերնագիրը «Ահազանգում են ճարտարապետները. Ազնավուրի կեցավայրը, առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխության է ենթարկվել» զարմացրեց: Քանի որ դա ընդամենը առաջարկ է եւ կառույցը դեռեւս ոչ մի ֆիզիկական փոփոխության չի ենթարկվել:
Այս հայտարարության առիթով եղան արձագանքներ ՖԲ-ում: Ես էլ հայտնեցի իմ կարծիքը որ լավ կլինի այս անգամ ամեն ինչ ընթանա հեղինակային իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքով:
Սարհատ Պետրոսյանը տարակուսանքով եւ իրավացիորեն հարցրեց թե իսկ ինչպես են կարգավորվում նման դեպքերը Նյու Յորքում:
Փորձեմ պատասխանել:
Ճարտարապետության մեջ հեղինակային հարցը կարճ կարելի բացատրել ռուսական ասացվածքով՝ кто заказывает музику, тот и танцует.
Ամերիկյան Ճարտարապետների Ինստիտուտի (AIA) կողմից առաջարկվող ստանդարտ պայմանագրի համաձայն ճարտարապետը հանդիսանում է նախագծի հեղինակը եւ բնականաբար հեղինակային իրավունքները տարածվում են նախագծային փաթեթի վրա։ Ճարտարապետը Պատվիրատուին տրամադրում է նախագիծը միայն ու միայն խնդրո առարկա շենքը կառուցելու համար` ասել է թե նախագծի հեղինակային իրավունքները մնում են ճարտարապետի մոտ առհավետ: Իսկ Պատվիրատուն հանդիսանում է արդեն կառուցված շենքի սեփականատերը եւ շենքի հետ կապված հետագա բոլոր փոփոխություններ իրականացնելու նախաձեռնող եւ բնականաբար ոչ ոք չի կարող արգելել նման գործողությունների իրականացումը:
Միջանկյալ ուզում եմ նշել որ Ճարտարապետը Պատվիրատուի ներկայացուցիչն է ամբողջ նախագծի եւ շինարարության ընթացքում եւ նրա շահերի պաշտպանը Շինարարի առաջ:
Եւ սա է հիմնական պատճառը, որ եթե Պատվիրատուն հետագայում ցանկանում է անել ավելացումներ (extension or addition) որի համար կրկին նախագծի կարիք կա, նա հիմնականում դիմում է հենց նախկին ճարտարապետին: Չմոռանանք, որ ճարտարապետի մոտ են պահպանվում բոլոր գծագրերը եւ նրա վրա տարածվող իրավունքները: Այս մոտեցումը էապես կարճացնում է նոր նախագիծ իրականացնելու ընթացքը եւ բացառում լրացուցիչ չափագրությունների եւ ուսումնասիրությունների կարիքը ու դրա հետ կապված ծախսերը։ Եկեք ընդունենք որ Պատվիրատու Ճարտարապետ հարաբերությունները ձեւավորվում են տարիների համատեղ աշխատանքի արդյունքում եւ երկուստեք գնահատվում են եւ կարեւորվում են դրանց հետագա բարիդրացիական ընթացքը: Ու սա նաեւ հիմնված է common sense – տրամաբանության վրա եւ այսպես վարվում են համարյա բոլոր պատվիրատուները:
Անցնենք առաջ:
Բայց եթե ինչ-ինչ պատճառներով պատվիրատուն գոհ չի մնացել նախագծի վերջնական արդյունքից եւ ցանկանում է հետագա փոփոխությունները իրականացնել այլ ճարտարապետի օգնությամբ, նա լրիվ ունի դրա բոլոր իրավունքները։ Այս սցենարը ոչ հաճախ, բայց պատահում է եւս։ Ասեմ որ հիմնական նախագծի ճարտարապետը ոչ մի իրավական կամ ֆինանսական լծակ չունի արգելելու Պատվիրատուի նման որոշումը: Քանի որ նախնական պատվերը ավարտվել է, շենքը կառուցվել է եւ բոլոր պայմանագրային պարտավորությունները ավարտվել են, չհաշված նախագծի հետ կապված ինֆորմացիա հատկացնելու մի քանի տեխնիկական ծառայություններ, որ ճարտարապերը անում է լրացուցիչ վարձի դիմաց:
Բացի վերը նշվածից հնարավոր է մի այլ շարունակություն, – երբ շենքի սեփականատերը փոխվում է առուծախի հետեւանքով։ Այդ դեպքում կրկին ամենայն հավանականությամբ նոր պատվիրատուն կգնա նախագծի հեղինակի մոտ արդեն վերեւում նշած պատճառներով։ Բայց եթե ցանկանում է կտրուկ փոխել շենքի ճարտարապետական ոճը գուցե եւ դիմի այլ ճարտարապետի։ Սրա օրինակները պրակտիկայում եւս կան։
Ամփոփելով կրկնեմ՝ ճարտարապետի իրավունքները տարածվում են իր ստեղծած եւ արտադրած նախագծային փաթեթի վրա, ոչ թե շենքի եւ պայմանագրային պարտավորությունների ավարտից հետո երկու կողմը իրար նկատմամբ համարյա ոչ մի իրավունք չունեն։
Վերեւում ասածներիս ավելացնեմ, որ քանի դեռ շենքը չի ճանաչվել «հուշարձան» եւ չի պաշտպանվում պետության կողմից, Պատվիրատուն կարող է եղած նախկին շենքը անգամ քանդել։ Սա զուտ ֆինանսական եւ այլ գործոններով թելադրվող որոշման արդյունք է։
Ես հասկանում եմ որ Հայաստանում ճարտարապետական կառույցներին եւ նրանց հեղինակներին վերաբերվում են մեծ հարգանքով։ Բայց շենքի հետագա ճակատագրի հետ կապված բոլոր խնդիրները պետք է հստակ պարզաբանվեն պատվիրատուի եւ ճարտարապետի միջեւ կնքվող պայմանագրերում։
Եթե հայ ճարտարապետները կարողանան փոխել իրերի նման դրվածքը եւ մշակեն մի այնպիսի պայմանագրային օրինակ, որտեղ ճարտարապետի հեղինականային իրավունքները կշարունակեն իրավական հիմքով ազդեցություն ունենալ կառույցների հետագա փոփոխությունների կամ այլ գործընթացների վրա ես միայն կողջունեմ նման պրակտիկան: