Բաց նամակ Կաթողիկոսին

Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Օրհնիր Վեհափառ Տէր,

Երջանիկ եմ, որ պատիվ և բախտ եմ ունեցել ժամանակին մասնակցելու “Զորավոր” եկեղեցու 
բարեկարգման և կառուցապատման նախագծի հողահատկացման համար որոշում 
պատրաստելուն: Դա այն ժամանակներն էին, երբ բաժինը, որ գլխավորում էի, ստանում էր 
բողոքի նամակներ շրջակա շենքերի բնակիչներից, թե եկեղեցու առավոտյան ղողանջները 
խանգարում են իրենց հանգիստը: 
Փառք Աստուծո, ժամանակները փոխվել են և հայ ժողովուրդը կրկին ցուցադրում է իր սերն 
ու հավատքը հարազատ եկեղեցուն:

Վերջերս տեղեկացա որ պետական որոշում է կայացվել “Մոսկվա” կինոթատրոնի ամառային 
դահլիճը իր տարացքով հատկացնել Սուրբ Էջﬕածնի տնօրինությանը նախկինում քանդված 
”Պողոս-Պետրոս” եկեղեցուն համանման եկեղեցի կառուցելու նպատակով:

Վեհափառ Տէր,
սիրտս և հրճվում է և վրդովում ﬕաժամանակ: Հրճվում եմ որ ﬕ նոր 
եկեղեցի է կառուցվելու, բայց վրդովվում եմ երբ տեսնում եմ որ նման կարևոր առիթը 
իրականացվում է հապճեպ և չմտածված կերպով: Լինելով ճարտարապետ տարիներ 
շարունակ բախտ եմ ունեցել զբաղվել հատկապես եկեղեցիների վերականգման և 
վերակառուցման նվիրական գործով: Եւ առավել քան զարմանալի է թե ինչպե՞ս և ովքե՛ր են 
ներկայացնում նմանատիպ առաջարկները: 
Նախ, տրամադրվելիք տարացքը անհաﬔմատելի փոքր է որևէ եկեղեցի իսկ սարքելու 
համար: Այդ տարածքում լավագույնս ﬕ փոքրիկ մատուռ կտեղավորվի: 
Եւ հետո, քաղաքաշինական ﬕ փոքր վերլուծության ﬕջոցով կարելի է տեսնել որ այդ 
տարածքը չի բավարարում այսօրվա ժամանակակից պահանջներին` ոչ ﬔքենաների 
մոտեցուﬓերի և կայանատեղերի, ոչ էլ հակահրդեհային և մարդկանց բազմության 
անվտանգ էվակուացման համար: 
Ի՞նչ էին մտածում քաղաքի ﬔծանուն ճարտարապետները, երբ նախագծեցին Հյուսիսային 
պողոտան: Ինչո՞ւ արդյոք այն ժամանակ կառուցապատման ընդհանուր մտահաղացման 
ﬔջ չնախատեսեցին ﬕ նոր եկեղեցու կառուցումը: Կարծում եմ, որ հիմա իսկ ուշ չէ և ավելի 
տրամաբանական ու պատեհ է հատկացնել համապատասխան հողակտոր Հյուսիսային 
պողոտայի անﬕջական տարածքում եկեեցի կառուցելու համար, քան վերը նշված 
կինոթատրոնի հետևամասում: 
Եւ, ի՞նչու վերականգնել նախկինում քանդված Պողոս-Պետրոսին “համանման” եկեղեցի: 
Եթե կան եկեղեցի հաճախող հավատացյալների բազմության հաշվարկներ և Մայր Աթոռ 
Սուրբ Էջﬕածինը տեսնում է Երևանի կենտրոնում ﬕ նոր եկեղեցի կառուցելու 
անհրաժեշտությունը, արդյո՞ք կարիք կա առաջ քաշել հնարածին արդարացուցիչ 
բացատրություններ առաջարկը հիﬓավորելու համար: Իսկ առաջարկ ներկայացնողները 
գտե՞լ են ﬕջնադարում երկրաշարժից քանդված Պողոս-Պետրոսի բեկորների բավարար 
քանակություն ճարտարապետական վերլուծություն անելու համար, թե՞ պատրաստվում են 
նմանակել հետագայում կառուցված անշուք բազիլիկին, որի մասին կան պահպանված ﬕ 
քանի լուսանկարներ: Երկու տարբերակներն էլ` ենթադրելը կամ նմանակելը աﬔնատխուր 
ճանապարհներն են, որ կարելի է ընտրել:

Վեհափառ Տէր,
կառուցելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, քո պայծառափայլ 
անունը առհավետ գրվեց հայ եկեղեցաշինության պատմության ﬔջ: Այդ կառույցը 
ﬕաժամանակ ցույց տվեց, որ ﬔնք ունակ ենք կառուցել հայկական եկեղեցի արդի 
ժամանակներին համապատասխան: Այս պարագայում վերականգնել Պողոս-Պետրոսին 
համանման եկեղեցի, կնշանակի ընդունել, որ հայ ﬕտքը տկարել և ամլացել է: 
Պողոս-Պետրոսի կառուցուﬕց անցել է 15 դար, որի ընթացքում հայ ﬕտքը հղացել և 
իրականացրել է հրաշագեղ եկեղեցիներ ճարտարապետական բազմազան լուծուﬓերով, 
ﬕևնույն ժամանակ լավագույնս մարﬓավորելով հայ եկեղեցուն անհրաժեշտ` բնույթին և 
նպատակներին համապատասխան գործառնական կառույցներ: 
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ այս վերջին տարիներին Երևանի կենտրոնում 
ﬔծածավալ շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծվել է քաղաքաշինական 
ﬕ նոր իրավիճակ, որ կարիք ունի նոր վերաբերմունք ցուցաբերել նաև ներկայում գործող 
եկեղեցիներին և նրանց շրջակայքին: Նրանք արդեն կարիք չունեն թաքնվելու մարդկանց 
աչքից, այլ հակառակը պետք է ներդաշնակորեն ընդգրկվեն արդի Երևանի 
կառուցապատման համակարգում որպես հոգևոր գանձեր: 
Այս գործի սկիզբը դրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կառուցմամբ: Բայց գործընթացը իր 
տրամաբանական շարունակությունն է ենթադրում` այն է նոր ճարտարապետական 
լուծուﬓերով բարեկարգել նաև արդեն գոյություն ունեցող եկեղեցիների շրջակայքը: Խոսքս 
վերաբերում է Սուրբ Կաթողիկէին, ինչպես նաև նամակիս սկզբում նշված Սուրբ Զորավորին: 
Այսօրվա եկեղեցի այցելող հավատացյալների և զբոսաշրջիկների տեսադաշտում բացվում են 
հարակից բնակելի տների տնտեսական բակերը իրենց խայտաբղետ պատշգամբներով և 
եկեղեցու ﬕջավայրին ոչ համապատասխան տեսարաններով: Մեծ խնդիրներ են ծառացել 
նաև ավտոﬔքենաների մոտեցուﬓերի և կայանատեղերի ապահովման համար: 
Այս և նմանատիպ բարեկարգման խնդիրները կարիք ունեն քաղաքի իշխանությունների և 
Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի անﬕջական աջակցության և հետևողական ﬕջամտության:

Վեհափառ Տէր,
աղերսում եմ ինչպես որդին իր իմաստուն հորը` ﬕ հետևիր չհիﬓավորված 
և կասկածելի արդյունքներ հետապնդող առաջարկներին: 
Քեզ առաջարկներ ներկայացնողները իրենց մասնավոր նպատակին հասնելու համար 
պատրաստ են աﬔն ինչի, առանց հաշվի առնելու թե այդ ընթացքում կարող է վարկաբեկվել 
քո անունը:

Արեգ Ասատրյան
Ճարտարապետ, 
Նյու-Յորք
Նամակը առաջին անգամ հրապարակվել է «Արմենիան Թայմս» էլեկտրոնային ամսագրում 2010թ. Մարտի 21-ին, ինչպես նաեւ «Իրավունք» թերթում:

This entry was posted in Notes. Bookmark the permalink.

One Response to Բաց նամակ Կաթողիկոսին

  1. pnduk says:

    շատ պատահաբար, ինչպես հաճախ լինում է համացանցում, գտա Աննա Մուրադյանի «Անկախում» հրատարակված այս հոդվածը, որի մասին տեղյակ չէի, բայց որը շատ համահունչ է իմ Կաթողիկոսին ուղղված նամակին:

Comments are closed.