Մեդիան` “Արդյունաբերական սիմֆոնիայի” մասին

Այսպես է վերնագրված լուսանկարչության միջոցով հետարդյունաբերական շրջանը պատկերող ցուցահանդեսը:

Ճարտարապետության տեաբան, ՌԵԱՐԿ ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնի համահիմնադիր Եվա Սարգսյանը նշեց, որ Հայաստանում կա մեծ պոտենցիալ ունեցող ճարտարապետական ֆոնդ, որը ճիշտ կիրառման դեպքում կունենա լավ արդյունքներ: Սակայն դրանց արժեքը դեռևս չի գիտակցվում, այդ խնդիրները Հայստանում բարձրացված չեն: Խնդիր կա դրված` արդյունաբերության և, առհասարակ, հին կառույցների էսթետիկան կիրառել նոր կերպարի մեջ:

Եվա Սարգսյանը նշեց, որ պետք է նաև Հայաստանում կիրառել միջազգային փորձը` ավերված կառույցին տալ նոր մեկաբանություն իր հնության պատկերի մեջ, ինչպես նաև նպաստել արդյունաբերական ֆոնդի վերակենդանացմանը:

Համադրող, «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամի համահիմնադիր Վիգեն Գալարյանը նշեց, որ հետարդյունաբերական շրջանը բավար ուսումնասիրված չէ Հայստանում, և «մարդիկ կարծես թե խուսափում են իրենց անցյալին նայելուց»: Նրա համար հետաքրքիր է դիտարկել, թե վերջին շրջանում որքանով են փոխվել արդյունաբերության հետ կապված գաղափարները: Իսկ լուսանկարչությունն այն հիմնական միջոցն է, որով կարելի է արտահայտել 20-րդ դարին բնորոշ արդյունաբերական առաջընթացը:

Ճարատարապետ, ՌԵԱՐԿ ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնի համահիմնադիր Արեգ Ասատրյանը նշեց, որ անկախացման շրջանից առաջ եղել են լուրջ արդյունաբերական ձեռքբերումներ, սակայն դրանք լքվում, թալանվում են, դրանց մեծ մասը մասնավորի ձեռքերում է, ովքեր չգիտեն` ինչպես վարվել դրանց հետ: Խնդիր կա պարզելու, թե Հայաստանում դրանք ինչ դեր ունեն որպես ճարտարապետական նմուշ, պատմական վկա, ինչպես նաև դրանց կիրառական, գեղարվեստական արժեքը:

Անդրադառնալով Արամի 30 հասցեում գտնվող շենքի խնդրի շուրջ սոցցանցերում ծագած ակտիվացմանը` Վ.  Գալարյանը նշեց, որ դրանք շարժառիթ են, որպեսզի բողոքի ալիքը տարծվի ամբողջ հասարակության մեջ, սակայն դրանք բավարար չեն խնդիրը լուծելու համար:  Իսկ Եվա Սարգսյանը հավելեց, որ սոցցանցային ակցիաները հարմար գործիք են խնդիրների բարձրացման, հասարակության դիրքորոշումը ցույց տալու համար, բայց պրոֆեսիոնալ գործիքներ չեն խնդիրը լուծելու համար: Այդ խնդիրները պահանջում են մասնագիտական, ինստիտուցիոնալ մոտեցում:

Արեգ Ասատրյանը նշեց, որ իրենց սկսած նախագիծը մի ամբողջ գործընթաց է, որի հիմքը դնում են լուսանկրաչության ցուցահանդեսով: Եվա Սարգսյանի խոսքերով` իրենք չեն առաջարկում պատրաստի լուծումներ, այլ ցանկանում են, որ հասարակության մեջ վեր հանվի այդ խնդիրը, դրա մասնի խոսեն, գիտակցեն, հարցը քննարկվի նաև մասնագիտական շրջանակներում: Իսկ դա կարվի ճարտարապետական գաղափարների մրցույթների շարքով:

Ցուցահանդեսը, որը կազմակերպել են ՌԵԱՐԿ ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնն ու «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամը, պաշտոնապես բացվելու է դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, ՆՓԱԿ-ում: Այն ունի նաև մրցութային մաս:

Նորությունը հրապարակվել է hetq.am կայքում

This entry was posted in REARK Archives. Bookmark the permalink.