Ճարտարապետ. Օրենքը պետք է աշխատի` անկախ նրանից ում է պատժելու` սովորական քաղաքացու, թե օլիգարխի:
կարդալ այստեղ` http://www.panorama.am/am/society/2013/12/12/m-minasyan/
Կարծես թե այս մտքին հակառակվելու առիթ չկա, պարզից էլ պարզ սկզբունք է օրենքի գերակայության մասին:
Խնդիրն այն է, որ հայտնի չէ թե որ օրենքների մասին է խոսքը: “Պատժող” օրենքների համակարգը Հայաստանում հիմնականում կառուցված է քրեական օրենսգրքի վրա: Ինչպես ցույց տվեց “Ծածկած” շուկայի “վերանորոգման, ասել է կործանման օրինակը, դատարանը այնտեղ քրեական օրինազանցություն չգտավ: Ես իրավաբան չեմ եւ չեմ էլ ուզում խորանալ օրենքի կիրառման խնդիրների մեջ, բայց պարոն Մինասյանը ենթադրաբար հղվում է ճարտարապետության, քաղաքաշինության կամ “Հուշարձանների պահպանման” օրենքներին:
Իսկ այդ օրենքներում պատժաչափերի եւ նրանց կիրառումների համակարգը բացարձակապես չի արտահայտում ներկա մասնավոր սեփականության, Հայաստանի պարագայում կոչենք “բազառային” հարաբերությունները, քանի որ այն չի փոփոխվել Սովետի քանդվելուց հետո: Իսկ Սովետի համակարգում ստեղծված օրենքները արտահայտում էին լրիվ ուրիշ իրավական դաշտ` պետական կենտրոնացված Պատվիրատու, Պետական Նախագծող եւ Պետական Շինարար: Կարծում եմ կարիք չկա բացատրելու, թե ինչու Սովետի ժամանակ Ճարտարապետական խախտումները վաղօրոք համաձայնեցված էին, այսինքն իրականում խախտում չէր էլ արձանագրվում: էլ չասեմ, որ դատական հայցվոր չկար: Միակ հնարավոր խախտումը որ կարող էր ավարտվել դատական պատիժով, դա եթե կառուցված շենքը քանդվեր, մարդիկ զոհվեին եւ ապացուցվեր որ դա արդյունք է վերը նշված եռյակից մեկի` Պատվիրատու, Նախագծող, Շինարար, օրինազանց գործողությունների կամ խոտանի: