Վերականգնման փորձերի մասին

Հայաստանում իրականացված միակ օրինակը դա Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնումն է, երբ տեղում պահպանված էին փլատակների 40% – 60% եւ վերականգնման մեթոդը լիարժեքորեն ներկայացնում է գոյություն ունեցող քարերի եւ նորով արված ավելացումների տարբերությունը: Այս առումով չկա պատմական կեղծիք եւ դրանով իսկ չի փակում հետագա ուսումնասիրողների ճանապարհը: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ Գառնիի տաճարի վերականգնումը այն ժամանակ ուներ ավելի շատ քաղաքական նկրտումների հաստատման նպատակ, քան հակված էր պատմա-գիտական հարցեր լուծելուն: Ամբողջ Սովետական Միության տարածքում դա միակ հելենիստական շրջանի ճարտարապետության օրինակն էր իրականացված հայկական հողի վրա, որ ցուցադրում էր հայերի յուրովի մեկնաբանությունը` օգտագործելով տեղական շինանյութեր եւ ազգային մոտիվներ: Միեւնույն ժամանակ դա ցույց էր տալիս հին աշխարհի հետ մեր պատմական առընչությունների փաստը: Այն ժամանակ դա ուներ արտասահմանյան երկրների հետ կապերը զարգացնելու եւ Հայաստան ժամանող այցելուների քանակը ավելացնելու` Ինտուրիստի եւ Հայաստանի կառավարության քաղաքականության միտումը:

Երկրորդ նշանակալի ճարտարապետական կառույցը, որի լիակատար վերականգնումը երբեւիցէ քննարկվել է գիտական շրջանակներում դա Զվարթնոցի տաճարն է: Հայ մտքի ճարտարապետական եւ շինարարական այս գլուխգործոցի վերականգման համար մշակվել է ինձ հայտնի առնվազն երեք նախագիծ` Թորոս Թորամանյանի, Ստեփան Մնացականյանի եւ Տիրան Մարությանի: Չնայած տարբեր ժամանակներում ստեղծված երեք նախագծերն էլ համապատասխանում էին վերականգման սկզբունքների բոլոր պահանջներին ունենալով ճարտարապետական ձեւերի տարընթերցումներ միայն, երբեք չիրականացան, քանի որ ավերակները եւս ունեն իրենց հատուկ հմայքը:

Այս օրինակների մեջբերումը կարծում եմ բավարար է հիմնավորելու համար, որ Սբ. Պողոս-Պետրոսի «վերականգնումը» ուղղակի սովորական եկեղեցաշինություն է, եւ ոչ մի կերպ չի կարող վերաստեղծել նախկինում գուցե եւ փառահեղ կառույցի ոգին, եւ՛ որպես Եկեղեցի, եւ՛ որպես հայ ճարտարապետության հուշարձան: Բացի այն որ չկան բավարար ելակետային նյութեր, չկա նույնիսկ անհրաժեշտ տարածքը, ինչի մասին արդեն նախկինում նշել եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված իմ բաց նամակում:

This entry was posted in Articles and tagged , , , . Bookmark the permalink.