Խտացող Երեւանի կամ ձիավորի մասին

Հունիսի 10, 2018

-«Երեւանը 10-20 տարի հետո դառնալու է խիտ ու կառուցապատված քաղաք։ Ես դա ասել եմ, ասում եմ եւ շարունակելու եմ ասել։ Երեւանն իրոք փոխվելու է եւ պետք չէ ինչ-որ տեղ պոպուլիստական ցանկությամբ ասենք այն, ինչը երբեք չի իրականանա»: Սրանք Նարեկ Սարգսյանի խոսքերն են «Հյուսիսային պողոտան Թամանյանի նախագիծը չէ» վերնագրով հոդվածից, որը տպագրվել է 2004, հուլիսի 27-ին (ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ):

Երեկ հունիսի 8-ին աշխատանքից հեռացվեց Նարեկ Սարգսյանը՝ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնակատարը։ Ըստ կառավարության հաղորդագրության կոմիտեի վերակազմավորման նպատակով։ Ինձ մոտ երկակի զգացմունքներ են՝ մի կողմից վերջապես փոփոխությունների ալիքը հասավ ամենադժվար բնագավառներից մեկին, քաղաքաշինությանը եւ կատարվեց տրամաբանական թվացող հերթական քայլը, հեռացվեց նախկին երկու իշխանությունների օրոք քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառի միանձնյա ձիավորը։ Բայց մյուս կողմից, հեռացվեց կարծես թե համակարգի վերակազմավորումների հետեւանքով։ Այսինքն գնահատականներ չտրվեցին ձիավորի ձի քշելու կամ որ ուղղությամբ քշելու մասին։ Ես հասկանում որ սա գուցե ամենախելամիտ քայլն է նման իրավիճակում։ 

Խնդիր չունեմ հանցանք փնտրել իր գործնեության մեջ, (դրանով թող զբաղվեն պատկան մարմինները, եթե հանցանշան կլինի)։ Իմ խնդիրն է պարզել թե արդյոք որքանով են օգտակար կամ վնասակար եղել իր որոշ քաղաքաշինական մտահաղացումները։ Իրականում սա բավականին անշնորհակալ գործ է, մանավանդ անցյալի վերաբերյալ։Բայց ես որ վերջին ութ տարիներին ամեն հնարավոր առիթով գրել եմ քաղաքաշինության ոլորտում տեղի ունեցող ակնառու սխալների կամ ավելի ճիշտ լուծումներ փնտրելու մասին, գտնում եմ որ ժամանակն է նաեւ ամփոփելով ընդգծել ամենակարեւոր սխալները, որը նաեւ ուղեցույց կլինի նորանշանակ ղեկավարի գործնեության համար։

եթե հիմա չփորձենք հասկանալ թե որոնք են հիմնական սխալները, ապա շատ դժվար, համարյա անհնար կլինի նշել ապագա անելիքները։

Գուցե նորընտիր ղեկավարը արդեն գիտի իր անելիքների մասին, հուսով եմ որ պետք է իմանա եթե ստանձնելու է այդ ղեկը, ես պարտավոր եմ գրել մի քանի էական ուղղությունների շուրջ, զուտ որպես շահագրգիռ մարդ, որը չունի ոչ մի անձնական կամ մասնագիտական շահ, քան Երեւանի բնակիչ եւ Հայաստանի քաղաքացի լինելը։ Նաեւ մասնագետ, որը 30 ից ավել տարիներ առընչվել է այս հարցերին։

Վերեւում բերվածս մեջբերումը,  իմ կարծիքով պարոն Սարգսյանի ամենակարեւոր հայտարարություններից մեկն է եւ այդ օրերից անցել է 14 տարի, այսինքն այսօր հասել ենք իր նախանշած 10-20 տարիների կիզակետին։ 

Այս հայտարարությունը կարեւոր էր, քանի որ նախանշում է Երեւանում նոր շինարարություն իրականացնելու սկիզբը`, այն է խտացնել քաղաքի կառուցապատումը հիմնականում կառուցելով արդեն ձեւավորված կենտրոնի տարածքում։ Ասեմ նաեւ, որ ոչ միայն նախանշել է, այլեւ բոլոր միջոցներով իրականացնել է այն։ Իրականացրել է, քանի որ իր ձեռքում են եղել բոլոր անհրաժեշտ ադմինիստրատիվ լծակները եւ միջոցները։

Ու անկախ նրանից թե իր կարծիքը եղել է ճիշտ թե ոչ, այս գործընթացը շարունակվում է մինչ օրս ու …

ԴԱՍ ԱՌԱՋԻՆ՝ 

քաղաքաշինական մեծածավալ եւ հեռանկարային ո՛չ մի որոշում չի կարելի կյանքի կոչել միանձնյա որոշումներով, քանի որ քաղաքաշինությունը դա գիտություն է որը ներառում է մի քանի հարակից մասնագիտությունների գիտելիքների իմացություն եւ պարտավոր է հաշվի առնել ահռելի թվային տվյալների վերլուծությունների արդյունքը։

այստեղից բխում է`

ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴ՝

չի կարելի մեկ ու կես տասնամյակի ընթացքում Երեւանի նման միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքում իրականացնել կառուցապատման մեծածավալ ծրագրեր չունենալով հաստատված Գլխավոր Հատակագիծ։ Հիմա որոշ կոլեգաներ կասեն՝ սխալ ես ասում հաստատված նախագիծ կա։ Բանն այն է որ հարգելի պարոն Սարգսյանը շատ հմտորեն իրականացնում էր նախագծեր, որոնք նախատեսնված չէին գլխավոր հատակագծի վրա: Նման դեպքերը ենթադրում էին “on-fly” փոփոխություններ, որոնք հետագայում դե-ֆակտո ներառնվում էին անընդհատ մշակման մեջ իսկ գտնվող գլխավոր հատակագծում։ Սա ստեղծում էր իբր «ճարահատյալ» լուծումների կամ «կոմպրոմիսների» իրավիճակ որի համար կարծես պատասխանատու չէ եւ ոչ մեկը: Սա շատ «էֆեկտիվ» մեթոդ է, Գլխավոր հատակագծի տրամաբանությունը խախտող կամ հակասող լուծումները փաթաթել քաղաքի վրա եւ միեւնույն ժամանակ բոլոր քննադատություններին պատասխանել, թե դա գլխավոր ճարտարապետի կամքից «կախված չէ»: 

ԴԱՍ ԵՐՐՈՐԴ`

Քանի որ մեծածավալ շինարարությունները սովորաբար թելադրվում եւ իրականացվում են մասնավոր շահ հետապնդող կառուցապատողի կողմից, մեծ մասամբ հակասության մեջ են մտնում քաղաքի եւ քաղաքացիների հանրային շահը ներկայացնող բաղադրիչին։

վերը նշված հոդվածում պր. Սարգսյանը խոսում է կառուցապատման խտացման մասին, բայց չի բերում որեւէ թվային չափորոշիչ, այսինքն ոչ մի կերպ չի փորձում հիմնավորել դրա գործառնական անհրաժեշտությունը: Դրա փոխարեն նշում է,

  • «Չէ՞ որ Թամանյանն էլ չկրկնեց 18-րդ դարի հայ ճարտարապետությունը։ Նա եկավ նոր խոսքով, եւ մենք էլ ենք պարտավոր կառուցել միջազգային քաղաքաշինության մեջ ճանաչելի եւ նկատելի մայրաքաղաք»:

Կարծես միջազգային քաղաքաշինության մեջ ճանաչելի դառնալու համար անհրաժեշտ է զոհել քաղաքաբնակների կենսական անհրաժեշտ պայմանները, խցկելով նորակառույց բարձրահարկեր ներքին բակերի հանգստի համար նախատեսնված տարածքների հաշվին:

Իրականում կառուցապատման խտությունը դա մասնավոր եւ հանրային գործառույթների հարաբերության չափը արտահայտող ցուցանիշն է, որը պետք է հստակորեն սահմանված լինի Գլխավոր Հատակագծում եւ Զոնինգ կոչվող փաստաթղթում:

Այդտեղ շատ այլ չափորոշիչների հետ մեկտեղ պետք է նշվեն հանրային, բնակելի, առեւտրային եւ արտադրական տարածքների սահմանները եւ հարակից տարածքները։ 

Զոնինգի մասին կարելի երկար խոսել բայց հակիրճ պարզաբանեմ, Զոնինգը գլխավոր հատակագծից բխող փաստաթղթերի փաթեթ է, որով կարգավորվում է քաղաքում կատարվող ցանկացած շինարարություն։ Այլ բառերով՝ այն գլխավոր հատակագծում առաջադրված քաղաքի զարգացման ուղղությունների իրականացման գործիքների համախումբ է։ 

Խնդիրն այն է, մինչ օրս իրականացվող Գլխավոր հատակագիծը ներկայացնող փաստաթղթերը կրկնում են նախկինում (սովետի օրոք) կիրառվող մոտեցումները եւ մեթոդները: Իսկ իրականում այն պետք է էապես տարբերվի հենց մի պարզ պատճառով՝ փոխվել են քաղաքը ձեւավորող հիմնական խաղացողները եւ նրանց շահերը, ասել է այլեւս չկա սոցիալիստական հասարակարգ եւ նրա գաղափարական դրույթները իրականացնող պետություն։

Սա նշանակում է մի շատ կարեւոր եւ կճռոտ իրավիճակ, երբ ամեն պահ բախվում են հանրության եւ մասնավորի շահերը։ Ու այդ բախումը ենթադրում է ամենօրյա պայքար այդ շահերի պաշտպանման համար։ 

Եւ այստեղ հարց է ծագում թե ո՞րն է քաղաքաշինարարի դերը այս նոր, հետսովետական համակարգում։ Որովհետեւ եթե Գլխավոր ճարտարապետը կամ Գլխավոր հատակագծի վրա աշխատող մի այլ մասնագետ առաջ է քաշում դրույթներ որոնք անթաքույց կամ թաքնված կերպով սպասարկում են մասնավոր կառուցապատողի շահերը, նշանակում է ենթադրվող կոռուպցիոն ռիսկերը անխուսափելի են։

Լիովին հասկանալի է, որ քաղաքին պետք են ֆինանսական ներդրումներ, որպեսզի այն զարգանա, բայց զարգանա ի բարօրություն բոլորի, ոչ թե միակողմանի, իրականացնելով միայն մասնավոր կառուցապատողի շահերը, այսինքն հարմարավետ քաղաքում պետք է համամասնորեն իրականանան թե հանրայինեւ թե մասնավորի շահերը, իսկ դրա իրագործումը դժվարագույն խնդիր է։

Ու կրկին, եթե չունես հաստատված Գլխավոր հատակագիծ եւ Զոնինգի կանոններ, մասնավոր կառուցապատողը միշտ կիրականացնի իր շահը արտահայտող սխեմա ի հաշիվ հանրայինի։

ԴԱՍ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՄ ԱՄՓՈՓՈՒՄ`

Պետք է մշակել ներկա (հետսովետական) հասարակարգի էությանը համապատասխան Գլխավոր Հատակագիծ եւ Զոնինգի փաստաթղթային փաթեթ, որպեսզի կանխվեն Երեւան քաղաքի կառուցապատման ներկա գործընթացները եւ մշակվեն նոր, իրապես հանրության տարբեր շերտերի շահերը արտահայտող բալանսավորված համակարգ: Սա է այն առաջնահերթ խնդիրը որով պետք է կանխել քաղաքի կենսամիջավայրի օրեցօր վատթարացող պայմանները:

This entry was posted in Zoning Classes. Bookmark the permalink.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.