Հերթական բիզնես կենտրոն, որը վերջինը չի լինելու

Արդեն որերորդ անգամ դժգոհության ալիք է բարձրանում, երբ հրապարակվում է քաղաքի կենտրոնում նախատեսնվող կառուցապատման հերթական առաջարկը։ Խոսքը այս անգամ Շահումյան հրապարակի երկար տարիներ դատարկ մնացած անկյան մասին է, որտեղ նախկինում կանգնած էր Սեւան հյուրանոցը։

Շատերի մոտ դեռ չի սպիացել բարբարոսաբար քանդված Սեվան հյուրանոցի կորուստը եւ մարդիկ վախով սպասում էին թե ինչ մի նոր անակընկալ է մատուցվելու հանրությանը հերթական նախագծի տեսքով։ Նախագծի մասին կանդրադառնամ քիչ հետո։ Իսկ հիմա մի երկու խոսք նրա մասին, որ այս առաջարկվող համալիրը ձեռի հետ նաեւ նախատեսում է քանդել, կամ ավելի ճշգրիտ արդեն քանդեց տարածքում գտնվող Կրթության եւ Գիտության Նախարարության նախկին շենքը։

Այն սովորական շենք չէ, այլ Երեւանի համն ու հոտը կազմող, քաղաքին շունչ տվող 50-60 ականների տուֆակերտ շենքերից մեկը, որը ըստ որոշ տվյալների նախագծվել եւ կառուցվել է Սամվել Սաֆարյանի կողմից։ 

Քաղաքապետարանը, որպեսզի պարզաբանի շենքի հետագա ճակատագիրը, հրապարակեց ամբողջ համալիրի նախագծային երկու տարբերակ, որոնցից մեկում երեւում է թե ինչպես քանդվող շենքի առաջնամասը կվերականգվի կազմելով ինտերիերի մասը։ Իրականում դա վերկանգնում չի այլ շենքի հատվածային կրկնօրինակը։

Չգիտեմ ինչպես կոչել այդ լուծումը՝ քանի որ արդյունքում մեղմ ասած տխուր պատկեր է ստացվելու։ Այսօրվա շինարարական մեթոդներով հնարավոր չէ կրկնել քարի կատարման այն որակը որ ժամանակին իրականացրել են քարի հայ վարպետները։ Իսկ ուղղակի ստեղծել դրա նմանակը ավելի շուտ շենքի ծաղրը կդառնա։

Հիմա եկեք հերթով պարզենք, թե որն է դժգոհությունների հիմնական առիթը՝

  1. Նոր նախագծով կառուցապատման արդյունքում քանդվում է վերոհիշյալ շենքը եւ մարդիկ դժգոհում են հերթական կորստից
  2. Եղան նաեւ տեսակետներ, որ բիզնես կենտրոն համալիրի նախագիծը իր գեղագիտական որակով չի գոհացնում ճարտարապետական հանրությանը
  3. դժգոհության երրորդ հանգամանք կարծես թե չկա

Հենց այս է պատճառը որ բողոքների հիմնական բովանդակութոյւնը զգացմունքային բնույթ ունի։ Թյուրիմացություններից խուսափելու համար շեշտեմ որ ես միանում եմ բոլոր բողոքողներին եւ համարում եմ որ այդ կարգի շենքի քանդելը բարբարոսություն է, շեշտեմ նաեւ որ շենքը միանշանակ պետք է պահվեր անկախ հուշարձանների ցուցակում ընդգրկված էր թե ոչ։

Պատկերը ինձ համար ամբողջացնելու համար թվարկեմ մի քանի հանգամանք եւս, որոնք արտացոլում են ներկայիս բարեփոխումները`

ա) այն, որ հուշարձանների ցուցակում գտնվող շենքերը այլեւս չեն քանդվի։ Նույնիսկ մեզ հայտնի 7 սովետական շրջանի լավագույն կառույցներ որպես նորահայտ հուշարձաններ ընդգրկվեցին այդ ցուցակում: Կարծում եմ որ այդ պրոցեսը պետք է շարունակել եւ դա իր դրական ազդեցությունը կունենա ընդհանուր քաղաքաշինական մթնոլորտի վրա:

բ) կարծում եմ որ քաղաքաշինության ոլորտի հետ առընչվող նորանշանակ պատասխանատուները պարկեշտ մարդիկ եւ իրենց գործի լավագույն մասնագետներն են: Եւ սա նշանակում է որ այս ոլորտում կատարվող որոշումների մեջ ոչ մի կոռուպցիոն սխեմա չի կարող լինել:

գ) պատկան օղակները բարձրաձայնած խնդիրներին արձագանքում եմ անմիջապես եւ թափանցիկ կերպով: Այսինքն հանրության եւ պետական օղակների միջեւ ինֆորմացիայի պատնեշ չկա, հատկապես որ մեր սրտացավ ընկերներից ոմանք անձամբ մասնակցում են քաղաքային իշխանության գործընթացներին ներկայացնելով հանրությանը:

Խորենացի հ.13 շենքի եւ նոր կառուցապատման այս պատմությունը կարծես թե հիշեցնում է նախկինում կատարված նմանատիպ դեպքերին ու կրկին հայտնվելով փաստի առաջ ներկա բնական հարց է ծագում թե լավ հիմա ո՞րն է օբյեկտիվ պատճառը:

Ու այս մասին տարբեր մարդիկ տարբեր հանգամանքներ կպարզաբանեն, որ այս անգամ սկզբից պահվում էր, իսկ հետո դավադրաբար քանդեցին, կամ ցուցակում կար իսկ հետո հանեցին որ քանդեն, կամ նախագիծը համաձայնեցված չէր եւ այլն:

Ժողովուրդ, այո շատ բաներ դեպի լավն են փոխվել բայց Երեւանի կառուցապատման այս պատկերը կմնա նույնը եթե մենք չփոխենք այս գորընթացը վարելու ու կարգավորելու համակարգը: Էլ չհիշեմ, թե ես ինչ էի գրել նախկինում, կամ ուրիշները ինչ էր էին խորհուրդ տալիս:

Մենք բոլորս անհամբեր ենք, եւ ուզում են հաջորդ առավոտյան զարթնել ու մեր բոլոր պատկերացումները տեսնենք իրականություն դարձած:

Կներեք, ինչպես աշխարհի ձեր իմացած շատ քաղաքների նման Երեւանի կառուցապատումը օբյեկտիվ պրոցես է որը կանգ չի առնելու որ տեսնի թե մենք ինչպիսի քաղաք ենք երազում վաղը կամ քսան տարի հետո։

Նաեւ նշեմ, որ զարգացումը հետադարձ չի լինում, լինում է առաջընթաց կամ անկում:

Եւ եթե ցանկանում ենք փրկել դեռ եղածը պետք է գործել անհապաղ, քանի որ քաղաքային կյանքը կամովի չի դադարում:

Հիմա ԻՆՉ ԱՆԵԼ (իմ համեստ կարծիքով):

Ա) Ուրվագծել Երեւանի «Կենտրոնը» կազմող տարածքի սահմանները:

Բ) Երեւանի «Կենտրոնը» հայտարարել հատուկ ռեժիմի կառուցապատման կարգավորման տարածք, Գ) Տարածքի կարգավորման ռեժիմը ընդունել որպես Կառավարության Որոշում, որտեղ պետք է նշվի ամենակարեւոր կետը` անկախ նրանից թե երբ կատարվել հողահատկացումները կամ հողամասեր / շենքեր ձեռք բերվել մասնավոր իրավաբանական անձերի կողմից, որոշման հրապարակվելու օրից սկսած ԲՈԼՈՐ հետագա նախագծերը պետք է վաղօրոք հրապարակվեն մամուլում եւ մեկ ամսվա ժամկետը լրանալուց հետո ստանան համայնքի դրական եզրակացությանը: Հանրային քննարկումները պետք է կազմակերպի եւ իրականացնի Ճարտարապետների Պալատը: Մամուլի լուսաբանման ծախսերը կհոգա քաղաքապետարանը իսկ Պալատի քննարկումների ծախսերը պետք է հոգա ինքը կառուցապատողը:

(ներող եղեք, ես պետական այր չեմ եւ կառավարական որոշումների իրավաբանական ձեւակերպումների վերջնական տարբերակը կխնդրեմ իմ հարգարժան կոլեգաներին)

Դ) Այս ամենին զուգահեռ իրականացնել «Կենտրոնի» շենքերի հաշվառումը, որին էլ զուգահեռ հուշարձանային կամ միջավայրային կարգավիճակ ունեցող թաղերի չափորոշիչները: Բազմիցս ասվել է, ինչպես նաեւ իմ կողմից, որ հատիկ-հատիկ հուշարձան շենքերի վեր հանումը պահպանելու նպատակով վաղուց արդեն էֆեկտիվ չէ: Եւ հենց այդ պատճառով ու նպատակով

Ե) Զուգահեռ մշակել «Կենտրոնի» կառուցապատման կարգավորման կանոնները (Զոնինգ բառը շահարկվում է առանց խորանալու էության եւ կիրառման մեխանիզմների մեջ):

Նշեմ, որ Ե կետում առաջարկվող փաստաթուղթը մեզ պետք է ամեն դեպքում եւ ոչ միայն հուշարձան շենքերի պահպանման հետ կապված: Հարցը ավելի լայն անդգրկում ունի` (օրինակ Ռուսական Դրամատիկական թատրոնին կից կառուցվող համալիրը, որը ոչ մի հուշարձան չքանդեց, բայց գտնվելով մի քանի պատմական շերտ կազմող հուշարձաններով գերհագեցած տարածքում չի համապատասխանում ոչ մի միջավայրային կառուցապատման պահանջի):

Ե-ի վրա էլ կանգ առնեմ, թե չէ կարելի է շարունակել օգտագործելով այբուբենի բոլոր տառերը:

Գիտեմ, որ շատերը կհիասթափվել կամ կտարակուսեն գրածներիցս, բայց հավատացեք այլ կամ ավելի կարճ ճանապարհ չկա: Եւ բոլոր սրտացավ մարդիկ, տարբեր ոլորտների մասնագետներ թող իրենց եռանդը դնեն որ իրավիճակի փոփոխությունը նաեւ քաղաքաշինության ոլորտում տեղի ունենա:

Խնդրո առարկայի հետ առընչվող նյութեր մամուլից:

  • Որևէ հուշարձան-շենք չի քանդվել. Երևանի քաղաքապետարանը Խորենացի 13-ում ապամոնտաժման աշխատանքների մասին
  • This entry was posted in Links. Bookmark the permalink.

    Leave a Reply

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.