Չինացի՞ք թե Իռլանդացիք

Մարտ 26, 2016

Հարկայնությո՞ւն թե բարձրություն
Իհարկե բարձրություն:

Իսկ հարց է առաջանում, ինչու ոչ հարկայնություն:
Որովհետեւ հարկայնությունը քաղաքաշինական կարգավորման չափորոշիչ լինել չի կարող:
Ու ես պնդում եմ դա:
Փորձեմ օրինակով բացատրել:
Պատկերացրեք նախագծում եք հանրակացարանի շենք`
1.65մ հասակ ունեցող չինացիների համար հարկի բարձրությունը գուցե նախատեսեք 2.70մ, իսկ եթե 1.80-անոց իռլանդացիերի համար, գուցե եւ անեք 3.20մ բարձրությամբ հարկեր։
Հիմա եթե զոնինգը սահմանափակի հարկայնությունը, ասենք ոչ ավել քան 10 հարկ, կստացվի որ իռլանդացիների 10 հարկանի հանրակացարանը 5 մետր ավելի բարձր կլինի քան չինացիներինը։
Ահա թվաբանությունը եւ պարզաբանող գծագիրը:

2.70մ x 10 = 27 մետր, իսկ 3.20մ x 10 = 32 մետր:

չինացի թե իռլանդացի

Հանրակացարան չինացիների եւ իռլանդացիների համար

Ուրեմն կստացվի որ իռլանդական հանրակացարաններով կառուցապատված թաղամասը ավելի քիչ լուսավորված կլինի կամ այլ կերպ ասած, այդ թաղամասի փողոցները ավելի քիչ լույս կստանան։

Ինչպես կասեր նախագահը` Տարոն, սիրուն չի’:

Բայց այդպես չի կարելի, քանի որ շենքերի բարձրության սահմանափակումը առաջ է քաշվել քաղաքում հավասարաչափ լուսավորվածություն ապահովելու համար: Իսկ լուսավորվածությունը քաղաքի կարեւոր չափանիշներից մեկն է:

Ահա , նայեք ստորեւ բերված լուսանկարը:

Տարբեր տարիներին բայց նույն բարձրությամբ շենքեր

Տարբեր տարիներին բայց նույն բարձրությամբ շենքեր

Ինչպես նկատում եք, ձախ նորակառույցը ունի հարկերի տարբեր բարձրություններ, բայց շենքի ընդհանուր բարձրությունը, ճիշտ-ճիշտ համապատասխանում է աջակողմյան շենքի կառնիզին: Ճարտարապետը շենքի մասշտաբը խոշորացնելու նպատակով ռիթմը լուծել է երկու հարկի բարձրություն որպես մեկ հարկ: Բայց ընդհանուր բարձրությունը միեւնույն է ճիշտ-ճիշտ նույնն է ինչ ձախակողմյանինը: Ու դա կախարդանք չի, կամ ինչպես կասեն ոմանք «կառնիզի գիծը պահած ա»: Ո’չ: Պարզապես երկու շենքերն էլ գտնվում են նույն թաղամասում, որտեղ ըստ Զոնինգի նախատեսված է այդ բարձրությունը:

Ու հարյուր տարի այս թաղամասում շենքերը քանդվելու ու կառուցվելու են  ենթարկվելով բարձրությունը սահմանափակող նույն համընդանուր կանոնին:
Գրում եմ ու ամաչում թե ինչ պրիմիտիվ բաներից եմ խոսում, բայց արի ու տես, որ Երեւանի զոնինգում այդ հարցը հստակ սահմանում չունի:
Մեզ տարիներով տենց են սովորեցնել ու մինչեւ հիմա Հայաստանում քաղաքաշինական հարցերից խոսում ու նախագծում են նշելով շենքերի հարկայնությունը:
Բնակիչներն էլ բողոքելիս խոսում են շենքի հարկերի քանակի շատ կամ քիչ լինելու մասին:
Մարդիկ բնազդորեն հասկանում են որ բարձրահարկ շենքը կփակի իրենց բակի կամ փողոցի լույսը, բայց ինչպես ցույց տվեցի գծագրում երկու միանման 10 հարկանի շենքերը կարող են ունենալ 5 մետր բարձրության տարբերություն: Իսկ դա լույսի համար էական ա:
Էսքան բան…

This entry was posted in Notes, Zoning Classes. Bookmark the permalink.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.