Եւս մեկ կորուստ քաղաքում

Արտատպված է Ռեարկ Ճարտարապետական Միջավայրի Ուսումնասիրման Կենտրոնի կայքից, որտեղ առաջին անգամ լույս է տեսել 2011, Նոյեմբեր 14-ին

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԵՒ ՌԱՖՈՅԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ

Կարծես կրքերը եւ զգացմունքները հանդարտվեցին: Հիմա հնարավոր է ավելի հանգիստ պայմաններում քննարկել թե ինչ է կատարվել ու հասկանալ թե ինչ է սպասվում ապագայում:

Արդեն մեկ ամիս է, իսկ ավելի ճշգրիտ Հոկտեմբերի 9-ին սկսեցին բուլդոզերով քանդել մեր ժամանակների մեծագույն ճարտարապետներից մեկի` Ռաֆայել Իսրայելյանի, Սարյան փողոցի հ.9 հասցեում գտնվող առանձնատունը: Հասցեն նշում եմ որ ճշգրտորեն մտապահենք արդեն գոյություն չունեցող տան տեղը: Քանի որ մի քանի տարի անց ոչ ոք չի էլ հիշի թե որտեղ էր գտնվում վարպետի նախագծով կառուցված տունը:

Ռաֆայել Իսրայելյանը Հայաստանի այլ վայրերում ուրիշ տներ կամ “դաչաներ” չուներ կառուցած: Սա էր այն տունը, որտեղ իր տիկնոջ Սոֆիայի` տիկին Սոֆիկի հետ մեծացրել է հինգ երեխա` երեք աղջիկ եւ երկու տղա: Հասմիկ, Վահագ, Անահիտ, Արեգ եւ Աստղիկ` ինչպես տեսնում եք զուտ հայկական անուններ, կարծես հայ դիցաբանությունից ճառագած: Եւ դա պատահական չէր: Ռաֆոն, ինչպես կոչում էին բոլոր իրեն ճանաչող մտերիմները, իր գիտակից կյանքում ապրել եւ շնչել է միայն մի գիտակցումով` լինել ողն ու ծուծով հայ` Զիլ Հայ: Այսպես էր բարձրակոչում Ռաֆոն իր ձեռքով տնկած ընկուզենու տակ, բացօդյա քեֆերի ժամանակ կենաց խմելիս, եւ սեղանակիցները խմբովին պատասխանում էին Զի’լ Հա’յ: Եւ այդ ձայնը տարածվում էր ամբողջ թաղամասով ինչպես հին հայկական մարտակոչ: Որքան այդպիսի կերուխումեր եւ քեֆեր են եղել այդ տանը: Քեֆեր, որի սեղանին դրված էր լինում երբեմն միայն հաց-պանիր եւ բնականաբար գինի, շատ գինի: Մարդիկ հավաքվում էին այդ սեղանի շուրջ վարպետի հետ շփվելու համար` երգելու, կենացներ խմելու եւ հետաքրքիր պատմություններ պատմելու: Այդ մարդիկ հավաքվում էին հաստատելու իրենց հայ կեցությունը եւ դրա համար առանձնապես խորտիկներ պետք չէին, եւ երբ, գինովնալով փոքր ինչ սովածանում էին, իսկ տիկին Սոֆիան դեռ տանը չէր, վարպետը պատրաստում էր իր հայտնի “Ռաֆոյի ճաշը”…

Երկար կարելի է պատմել տարբեր հետաքրքիր պատմություններ, Ռաֆայել Իսրայելյանի, իր ընտանիքի անդամների եւ այդ տունը այցելած արվեստի երախտավորների, ինչպես նաեւ հասարակ քարտաշների մասին (քարտաշները հասարակ չեն լինում` հայ ճարտարապետության եւ շինարարության մեջ կա քարտաշ, որ վարպետ է եւ “փինաչի”):

Բայց այս ամենի մասին մի ուրիշ անգամ…

Իրականում հոդվածը Ռաֆայել Իսրայելյանի մասին չէ, այլ այն թաղամասի, որ Ալեքսանդր Թամանյանի Երեւանի գլխավոր հատակագծերում նշված է “Արվեստագետների թաղամաս”: Այն պարփակվում է այժմեան Սարյան, Պուշկին, Ղազար Փարպեցի փողոցներով եւ ներառնում է հյուսիս արեւմուտքից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, իսկ հարավ-արեւելքից դեպի թաղամասի ներս գնացող Ղազար Փարպեցու նրբանցքը (Պատկեր 1.)

թաղամասի տեսքը

Խնդրո առարկա թաղամասը (պատկեր 1)

Համաձայն իր սկզբնական գաղափարի, այն կառուցապատվել է մեկ-երկու հարկանի առանձնատներով, որոնցից ամեն մեկը ունի մոտ 500 քառակուսի մետր հողամաս` այսինքն քաղաք-այգի գաղափարի դրսեւորումներից եւս մեկը` կանաչի մեջ թաղված կառուցապատման ցածր խտություն ունեցող գողտրիկ թաղամաս` նախատեսված նոր ձեւավորվող հանրապետության մի խումբ արվեստագետների համար, որոնք բնակվելով քաղաքի համարյա սրտում, միեւնույն ժամանակ կունենաին առանձնանալու եւ ստեղծագործելու հիանալի պայմաններ:

Եւ իրոք այդ փոքրիկ թաղում ապրել եւ ստեղծագործել են շատ հայտնի եւ ինչպես նաեւ անհայտ նկարիչներ, քանդակագործներ, նույնիսկ պարուհիներ: Բոլորը երեւի միանգամից կթվարկեն Մարտիրոս Սարյանին, Արա Սարգսյանին, Հակոբ Կոջոյանին, Վարազդատ Հարությունյանին: Բայց ոչ բոլորը, երեւի կհիշատակեն քանդակագործուհի Այծեմիկ Ուրարտուին, գրաֆիկ եւ բազմաթիվ հայկական հրաշալի տառատեսակերի հեղինակ Կարո Տիրատուրյանին, գեղանկարիչներ Բաբկեն Քոլոզյանին, Անյա եւ Սլավա Պարոնյաններին, գրքի նկարիչ-գրաֆիկ Օգսեն Ասատրյանին:

Քչերը նաեւ կիմանան որ այդ թաղամասում է ապրել եւ ստեղծագործել Տաճատ Խաչվանկյանը, մի խորհրդավոր նկարիչ, որին 38-ին աքսորեցին Ստալինի առասպելական օձերով դիմանկարի համար:

Միայն մասնագետները կվերհիշեն, որ այդ թաղամասում ապրել են ճարտարապետներ` Ֆրեյդուն Աղալյանը` Արմեն Աղալյանի հայրը, որ Ռաֆայել Իսրայելյանի եւ Արա Սարգսյանի որդիները եւս ճարտարապետներ էին` Արեգը եւ Արմենը, որ կրթությամբ ճարտարապետ էր նաեւ Վարազադատ Հարությունյանի կինը` գեղեցկուհի տիկին Գոհարը:

Եւ հիմա այդ թաղամասում են դեռ ապրում Մարտիրոս Սարյանի հետնորդները` կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի սերունդները, ինչպես նաեւ մյուս թվարկված արվեստագետների սերունդները: Բայց մարդիկ ծերանում են եւ հեռանում մեզնից: Իսկ նրանց հետնորդները լինելով նման ընտանիքներում կրթված եւ մեծացած մարդիկ, բնականաբար չունեն ներկա շուկայական հասարակարգում հաջողակ լինելու հատկությունները եւ ժամանակի ընթացքում դուրս են մղվում հասարակության մեջ ճանաչելի կամ “էլիտար” լինելու կարգավիճակից: Չասենք, որ նրանցից էլիտա չի էլ ստացվի…

Իսկ անկախության 20 տարիների ընթացքում ձեւավորվել է նոր էլիտա` ֆինանսական օլիգարխիկ էլիտա, որի աչքը այս թաղամասի վրա է եւ բնականաբար ձգտելու է գրավել եւ հաստատվել այստեղ:

Ինքներդ դատեք` -ոնց կարելի է թույլ տալ քաղաքի ամենա կենտրոնում, այսպես կոչվող փոքր օղակի ներսում, Սբ. Զորավոր եկեղեցու հարեւանությամբ անխաթար թողնել մի կանաչապատ տարածք, որտեղ Թամանյանի պատրանքով նախագծված եւ իշխանությունների քմահաճույքով առանձնացված հողատարածքում ապրեն “какой нибудь” մարդիկ, որոնց “միակ” արժանիքը այն է, որ հայ ազգին պատիվ բերող, հայ ազգի դեմքը ձեւավորող հայ արվեստի հիմնաքարերը դնող մարդկանց ժառանգորդներն են:

Ի՞նչ է, “լավ տղեքը” շնորք չունե՞ն, որ ներկա պայմաններից ֆինանսապես արդեն խեղճացած սերունդներին ժառանգություն հասած հողակտորները գնեն, ասել է ձեռք գցեն շատ կարեւոր պատառին:

Ամեն ինչ որոշվում է սեփականության իրավունքով: Այդ էր պատճառը, որ քանդելու առիթով հավաքվածները ամեն դեպքում միահամուռ նշում էին, որ Ռաֆայել Իսրայելյանի տան տեղում նոր հյուրանոց կառուցող կազմակերպությունը գործում է օրենքի սահմաններում: Իհարկե, հողակտորը գնվել է վարպետի որդուց եւ դրանով իսկ հարցը սպառված է:

Ինչպես ռուսն է ասում` “После драки кулаками не машут”:

Կարեւոր չէ, թե ինչ է կառուցված այդ հողակտորի վրա` տուն, թե հավաբուն, քանի հատ հսկայական բարդի, թթենի, ընկուզենի եւ այլ պտղատու ծառեր կան այդ հողակտորի վրա, որոնք անխնա ոչընչացվեցին: Ոչ ոք ախ էլ չքաշեց եւ պարզ չի թե քաղաքը ինչ փոխհատուցում կստանա ծառահատումների դիմաց: Մի քառասուն տարի առաջ, այդ թաղամասում ապրողներից մեկը իրավունք չուներ կտրել իր իսկ ձեռքով տնկած բարդիներից մեկը: Քանի որ նրանք համարվում էին քաղաքի կանաչ զանգվածի մասը եւ հսկվում էին քաղաքային իշխանությունների կողմից:

Այժմ ամեն ինչ շատ ավելի պարզացված է: Հողը քոնն է` ինչ ուզում ես արա: Իսկ ապագա կառուցապատողին հետաքրքրում է միայն հողակտորի մակերեսը եւ քաղաքի կենտրոնի նկատմամբ ունեցած տեղակայությունը:

Էլ չասեմ, որ ծառերից բացի նույնիսկ չի էլ քննարկվում, որ այդ սրբատաշ տուֆե քարերը որեւէ շինարարական արժեք ունեն: Այս նեղմիտ կառուցապատողի մտքով չի էլ անցել, որ եթե ինքը խնամքով հավաքեր տանը թափթփված, վարպետի ձեռքով արված էսքիզները, կամ զգուշորեն քանդելով պահպաներ մուտքի նախշաքարերից մի քանիսը, հետագայում կարող էր դրանք տեղադրել կառուցվելիք հյուրանոցի սրահներից մեկում: Եւ ապագա այցելուներին դա ներկայացվեր որպես արժեքավոր հարդարանքի դետալ: Որ նման դետալների շնորհիվ իր հյուրանոցի “պրեստիժը” ասել է թե նաեւ գինը ավելի բարձր կլինի: Որ կիրթ աշխարհում նման “օբյեկտների” արժեքը որոշվում է թե ինչքան է հին տվյալ բիզնեսը: Բայց դե ի՞նչ կարիք կա խորհուրդներ տալ շուկայում ընդունված, բայց չգրված օրենքների մասին: Մեր նորաթուխ ֆինանսիստներից ամեն ինչ գիտեն… իրենց արժեքների սանդղակում նման մանրուքները, որ իրականում մասունքներ են, կոպեկ չարժեն: Նրանցից ոչ բոլորն են այցելել քաղաքակիրթ աշխարհի քաղաքներ: Նրանք հիմնականում զարմացած եւ շլացած են վերջին 30 տարիների ընթացքում կառուցված “դուբայներով”, որոնք դեռ բան չունեն պատմելու իրենց հին քաղաքի մասին:

Ինչեւէ, Աստված իրենց հետ…

Իսկ քաղաքը կրեց եւս մեկ կորուստ, այս կորուսյալ քաղաքում…

Հարցն այն է, որ Ռաֆոյի մենատան քանդելով այս թաղամասի կորուստները չեն ավարտվելու: Հակառակը սա սկիզբն է մի նոր մեծածավալ քաղաքաշինական ավանտյուռայի: Ռաֆայել Իսրայելյանի տունը Արվեստագետների թաղամասի ամենաամուր կանգնած եւ դիրք զբաղեցնող կառույցներից էր: Քանդելով այն ճանապարհ է բացվում մյուս տների “օտարմանը”: Մոտական տարիների ընթացքում կամաց-կամաց կգնվեն նաեւ մյուս հողակտորները (ժառանգորդների սերանդափոխությունը անխուսափելի է) եւ կկառուցվեն արդեն հյուրանոցի ծավալներին եւ մասշտաբին համապատասխան էլիտար շենքեր: Ավելի քան համոզված եղեք ասածիս մեջ:

Թաղամասի տեղադրությունը քաղաքի փոքր կենտրոնում

Թաղամասի տեղադրությունը քաղաքի փոքր կենտրոնում (պատկեր 2)

Պատկեր 2. – Երեւաննախագիծ ՓԲԸ 2007-ին մշակած “Կենտրոն” թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծը, որտեղ մեզ հետաքրքրող թաղամասը ներկայացված է որպես ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտի, շրջապատված բարձրահարկ կառուցապատման գոտով Պուշկին փողոցի կողմից: Այդ գոտին էապես մխրճվում է թաղամասի ընդհանուր տարածքը, պրակտիկորեն շրջապատելով այն երեք կողմերից:

Քաղաքաշինորեն եւ ճարտարապետական բոլոր չափանիշներով, այս թաղամասում գտնվող երկհարկանի մենատները չեն կարող գոյակցել կառուցվող 7 հարկանի հյուրանոցի հետ: Նրանք իրարու անհարիր են:

Ես չեմ ուզում քննարկել, թե ո՞ր խելոքն է որոշել որ այստեղ հյուրանոցը կառուցելու հարմար տարածք է: Տեղանքին ծանոթ մասնագետը կարող է հավաստել, որ ելնելով փողոցի նկատմամբ դիրքից, ինչպես նաեւ հաշվի առնելով մերձակա փողոցների եւ երթեւեկության ծանրաբեռնվածությունը ու բնույթը, պարզ է, որ սա հարմար տեղ չի’:

– Նախ` Սարյան փողոցը մայթի նկատմամբ բարձրացված դիրք ունի, որի պատճառով հյուրանոցը չի կարող մեքենայի լիարժեք մոտեցումներ ապահովել: Այդ պատչառով շատ հավանական է, որ նախագծողը մի լուծում գտնի` կամրջակել մայթի վրայով, թողնելով հետիոտնին հարթակի տակով անցուդարձ անելու,

– երկրորդ` այն չի ունենա ենթադրվող եւ անհրաժեշտ քանակության կայանատեղեր,

– երրորդ` շենքի եւ հողակտորի դիրքը սահմանափակում է անհրաժեշտ սպասարկման եւ այլ բնույթի մոտեցումներից: Չկա տնտեսական մոտեցումների հնարավորություն, եթե… ու այստեղից սկսվում է… կառուցելու ընթացքում հյուրանոցի ապագա շահագործողները առաջ կքաշեն այս եւ նմանատիպ, երեւի ոչ քիչ կարեւոր, այլ տեխնիկական անհրաժեշտ պահանջներ, որոնց բավարարելու համար մեր “խելոքները” ստիպված կլինեն դիտարկել հարակից հողակտորները եւս գնելու ու կառուցապատման տարածքը ընդլայնելու անհրաժեշտությունը:

Ժամանակին, ճշգրիտ 2010, Մարտի 23-ի “Голос Армении” թերթում ճարտարապետ Կարեն Բալյանը հրատարակեց բաց նամակ ուղղված այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Նամակ-հոդվածը կոչվում էր`СОХРАНИМ ПРОСТРАНСТВО, ГДЕ БУКВАЛЬНО СПРЕССОВАНА КУЛЬТУРА. Հոդվածագիրը գուշակել էր, որ եթե գնել են, ուրեմն քանդելու են, եւ քաղաքապետին էր հղել մի անհույս բայց կարեւոր առաջարկ, որ մեջբերում եմ նույնությամբ`

Что если принять под охрану этот небольшой квартал Еревана, объявить его памятником истории, памятником городской среды? Не воссоздавать “Старый Ереван”, бутафорский Ереван – согласитесь, в этом искусственном много дешевого, ресторанного, сиюминутного и вовсе не ценного. А сохранить то подлинное, что пока еще не уничтожено, создать в этих маленьких домиках архитектурный музей (наследие Рафо точно этого достойно), художественные музеи, галереи, библиотеку (в доме проф. В.Арутюняна). Почему “нет” – также арт-кафе, рестораны. Разве это будет плохо? И разве это не будет выгодно? По-моему, очень даже выгодно. Но главное – выгодно для нашей культуры, для Еревана.

Բանն այն է, որ վերեւում բերված իմ հիմնավորումները` հյուրանոցը այդ տեղում կառուցելու աննպատակահարմարության մասին, դիտարկում են շենքի տեղադրման զուտ տեխնիկական կողմերը: Համոզված եմ, որ այդ նախագիծը կարգին ճարտարապետա-քաղաքաշինական առաջադրանք չունի: Եւ ոչ էլ քննարկվել է համապատասխան ատյաններում: Այդ մասին հպանցիկ նշում է քաղաքաշինական խորհրդի անդամ, վաստակաշատ ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը մի կարճ հարցազրույցում, այստեղ` http://www.youtube.com/watch?v=kfMDTBLEkgw&feature=related (սկսած 30-երորդ վարկյանից):

Կարեն Բալյանի առաջարկը ունի մի այլ հարթություն, որի մասին հեղինակը չէր կարող խոսել, քանի որ այն ժամանակ չգիտեր կառուցվելիք հյուրանոցի մասին:

Իրականում ինձ անընդհատ մի հարց է տանջում`

– այս եւ մյուս հյուրանոցներ կառուցելու մաղձը ենթադրում է, որ Երեւանը հեռահար բիզնեսի տեսլական ունի` այն է քաղաքի զարգացման մեջ առաջնահերթություն տալ զբոսաշրջիկությանը: Կառուցելով հյուրանոցներ քաղաքը ակընկալում է զբոսաշրջիկների մեծ ներհոս:

Ու հարցս հենց դրա մասին է` – իշխանությունները քաղաքի ո՞ր արժանիքների համար են ենթադրում զբոսաշրջիկության աճ: Վերջին տասնամյակում բուռն կառուցապատման ընթացքը լրիվ հակառակ պատկերն է ուրվագծում: Նշեն դրանցից մի քանիսը`

1. Ավելի խիտ եւ բարձրահարկ շինարարության արդյունքում կորսված է Թամանյանական Երեւանի գրավիչ ուրվագիծը,

2. Սիստեմատիկորեն ոչընչացվող պատմական շերտի կորուստը զրկում է քաղաքին իր ուրույն դեմքից, դարձնելով նրան անցյալ չունեցող, տարբեր ճարտարապետական ոճերից ապրիորեն իրար գլխի կուտակած, կեղծ արժեքների վրա հիմնված մի խառնուրդ,

3. Համարյա կորսված է Երեւանին բնորոշ մարդկային մասշտաբը, որը փոխարինվում է անհամաչափ, ապրելու համար վանող տարածություններ ձեւավորող, շենքերի կուտակումներով,

4. Մաշվում եւ անվերադարձ կորստի է մատնվում Թամանյանական քաղաք-այգու հյուսվածքը` շենքերի, կանաչի եւ բաց տարածությունների փոխադարձորեն համաչափ մշակված կառուցապատման սկզբունքը, որ Երեւանի նման հարավային քաղաքի համարը կարեւոր գործոն է

5. Տարիների ընթացքում, բնականորեն կամ ճարտարապետական հմուտ միջամտության շնորհիվ ձեւավորված կանաչապատ պուրակների համակարգը, որոնք Երեւանցիների սիրված տարածություններն էին` ինչպես բացօդյա ճեմասրահներ, վերածվում են ոչընչով չհիմնավորված, տարաբնույթ “օբյեկտներով” լեցուն խտացումների:

Վերեւում թվարկվածները երեւի մի մասն են կազմում այն գործոնների, որ քաղաքը դարձնում են զբոսաշրջիկների համար գրավիչ, եթե իհարկե, խոսքը գնում է իրոք միջազգային զբոսաշրջիկության մասին: Վերջին տարիներին լրիվ ուրիշ խնդիրներհետապնդող մի քանի հազար պարսիկները, կամ իրենց հայրենիքը կարոտած սփյուռկահայերի հոսքը դեռ կայուն զբոսաշրջիկության հեռանկարներ չի խոստանում: Ես չեմ ենթադրում Հունաստան, Իսպանիա կամ Ֆրանսիա ամեն տարի այցելող քանակությունների մասին: Խոսքը գնում է գոնե այնպիսի զբոսաշրջիկության քանակների մասին, որ գոյություն ուներ 60-70-ականներին: Սովետի նման փակ սահմաններով երկրում Հայաստանը ուներ զբոսաշրջիկների իր որոշակի բաժինը, իհարկե չհամեմատվելով Լենինգրադ կամ Մոսկվա այցելողների քանակի հետ: Ամեն դեպքում Հայաստանը ուներ եւ ներերկրյա եւ արտասահմանյան զբոսաշրջիկների մի որոշակի բազմություն, որոնք գալիս էին ծանոթանալու առաջին հերթին մեր մշակույթի հետ: Ես նկատի չունեմ Հայաստանով սփռված մեր եկեղեցիները, դա իր հերթին, այլ հենց մայրաքաղաքում գտնվող մշակութային օջախները: Սրանց թվում իրենց մնայուն տեղը ունեին ոչ միայն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, այլեւ Սբ. Զորավոր եկեղեցին, Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի տուն-թանգարանները:: Գուցե եւ, ոչ բոլոր այցելուները ծանոթ էին նրանց ստեղծագործություններին, (զբոսաշրջիկության նպատակներից մեկն էլ օտարներին քո մշակույթին ծանոթացնելն է): Կարեւորը այն էր, օտարը տեսնում էր թե ինչպիսի հարգանք էին վայելում արվեստագետները Հայաստանում, որ հնարավորություն ունեին ապրել եւ ստեղծագործել նման միջավայրում: Եւ միջավայրը իր իրական համն ու հոտը ուներ, որ ամեն երկրում տարբեր է, եւ մերը լավերից էր:

Եւ հիմա, այս ամենը կորցնելուց հետո, մեր նորաթուխ բիզնեսմենները ակընկալում են զբոսաշրջիկների ավելացող ներհո՞սք: Իսկ ի՞նչ են պատրաստվում ցույց տալ նրանց, պիցցա ուտելու “օբյեկտնե՞րը”, թե՞…

Միջավայրի կորստի, նրա իրական լինելու մասին կրկին Կարեն Բալյանի վերոհիշյալ հոդվածից`

Странное дело. Мы создаем очаги тех наших великих, которые ереванцами не были: Арам Хачатурян, Сергей Параджанов, Шарль Азнавур. Виртуальные очаги. А тот очаг, который существовал на протяжении десятилетий, уничтожаем…

Ես իհարկե դեմ չեմ մշակույթի նոր օջախներ ստեղծելուն: Թող ստեղծվեն նորերը, թող գան ավելանալու հնի վրա, որ կուտակում առաջանա, որ ավելի հարստացնենք մեր ժառանգությունը: Տվյալ օրինակներից Արամ Խաչատրյանի եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանները իրենց ուրույն տեղը ունեն Երեւանում: Եւ քանի որ նրանք ստեղծվել են նախկինում եղած կառույցների հիման վրա այսպես թե այնպես ձուլվել են իրենց միջավայրի հետ: Այո, պատմականության առումով դրանք իրական տուն-թանգարաններ չեն, բայց որպես մշակույթի օջախ լիովին կայացել են ժամանակի մեջ: Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի հանգամանքը ավելի հակասական է, քանի որ սովորաբար տունը դառնում է թանգարան արվեստագետի մահից հետո: Աստված թող երկար կյանք տա Ազնավուրին…

Այս առումով ինձ մոտ ներողամիտ ժպիտ է առաջացնում “Հին Երեւան” կոչվող նախագիծը, որի իրականացման մասին խոսակցությունները ավելի քան հնացած են: Ես լիովին գնահատում եմ այդ նախագծի հեղինակների մինչթամանյանական Երեւանի տները ինչ-որ կերպ փրկելու բարի ցանկութունը, բայց առաջարկվող մեթոդը իր գաղափարով մտածածին է եւ չի կարող որեւէ կերպ առընչվել Երեւանի այդ ժամանակահատվածը ներկայացնող իրականության հետ: Գուցե դա կլինի քաղաքի մի գեղեցիկ բայց ամբողջովին նորակառույց թաղամաս,, որի միակ նպատակը արդեն քանդված տների համարակալված քարերի օգտագործումն է: Դրանով մենք ենթադրում ենք, որ պահպանում եւ գնահատում ենք մեր քաղաքի անցյալը: Ավելի լավ է, այդ ամոթը չցուցադրել ոչ մեկին: Քանի որ դա ուղղակի պատմության դեմ հանցագործությանը բացահայտող վկայություն կլինի:

Իմ կարծիքով, ժամանակն է արդեն հասկանալ, որ այդ տները առանձին-առանձին առանձնապես ճարտարապետական արժեք չեն ներկայացնում: Նրանք շատ արժեքավոր էին իրենց ամբողջական կառուցապատման համատեքստում, քանի որ լինելով այդպիսինը, ձեւավորում էին իրենց համահունչ քաղաքային միջավայրը, ինչպես նաեւ հաստատագրում էին Երեւանի շարունակական պատմությունը: Մի բան, որ քայլ առ քայլ կորցնում ենք եւ կորցնում ենք անվերադարձորեն: Համարակալված քարերով, իր միջավայրից կտրված` ուրիշ տեղում կառուցվող շենքը այլեւս պատմական արժեք չի ներկայացնում, իսկ նրա ճարտարապետական արժեքը փոշիանում է:

Ժամանակն է նայել առաջ, վերլուծելու ու հասկանալու համար, թե ինչն էր արժեքավոր, որպես պատմության եւ մշակույթի փորձ, որպեսզի հետագայում չնախագծենք ու չկառուցենք այնպես ինչպես արվեց այս վերջին տասնամյակում: Եւ խոսքը կրկին առանձին շենքերին չի վերաբերվում, իհարկե կան լիքը հաջողված կառույցներ: Համենայն դեպս ճարտարապետական փնտրումների այս էտապում հայ ճարտարապետները հատկացվող ֆինանսներին համապատասխան, ինչ որ փորձեր անում են:

Խոսքը վերաբերվում է Երեւան քաղաքի կենտրոնի ամբողջական պատկերի, կառուցապատման խտությունների եւ հարկայնության արհեստական, ոչընչով չհիմնավորված ավելացման, միայն կենտրոնը կառուցապատելու այս տենդի մասին:

Դրանից բխող հետեւանքները շատ ցավագին են լինելու բոլորիս համար:

Ով կարող է գոնե խելքին մոտ մի բացատրություն տալ, թե’ ֆինանսապես եւ թե’ ֆունկցիոնալ տեսակետից ավելի նպատակահարմար էր քանդել հրաշալի “Սեւան” հյուրանոցը, իսկ հիմա քանդելով Ռաֆայել Իսրայելյանի տունը սարքել մեկ ուրիշը: “Սեւան” հյուրանոցը բացի իր բոլոր ճարտարապետական արժանիքներից, հիանալիորեն կանգնած էր հյուրանոցին վայել հրապարակի վրա, որտեղ ապահովված էին բոլոր անհրաժեշտ տարրերը: Ինչ խոսք “Սեւան” հյուրանոցը, ժամանակ անց, կարիք ուներ վերանորոգման, ինչպես նաեւ նոր ժամանակակից պահանջներին համապատասխան մոդեռնացման: Բայց հանրահայտ փաստ է, որ պատմական քաղաքներում, կենտրոնում գտնվող հյուրանոցների արժեքը մոդեռն “ջակուզիների” մեջ չէ, այլ իր պատմական միջավայրում գտնվելու փաստը: Բյունիաթյանի նման ճարտարապետի նախագծած շենքը քանդվում է իսկ մի ուրիշ տեղ կառուցվում է մեկ ուրիշը, որ դեռ պետք է դառնա հյուրանոց, որ դեռ պետք է ժամանակ անցնի, որ մարդիկ վստահեն ու օգտվեն այդ հյուրանոցից:

Նման օրինակները անհամար են:

Սա է մեր քաղաքի գործարար էլիտայի մտածողությունը, որոնք էլ թելադրում են քաղաքին թե որտեղ ինչ է պետք կառուցել: Եւ կթելադրեն այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքը չունի իր ապագայի տեսլականը: Այն քաղաքի, որը ուներ հրաշալի անցյալ, իսկ ներկայումս մեծ արագությամբ կորցնում է այն…

Արեգ Ասատրյան

This entry was posted in Articles and tagged , , . Bookmark the permalink.