Գոլդեն Փալաս հյուրանոցի նոր մասնաշենքի շուրջ

Գոլդեն Փալաս

Գոլդեն Փալաս հյուրանոցի տեսքը Ազատության խճուղուց

Մի քանի տարի առաջ, երբ տեսա «Հաղթանակ» զբոսայգու տարածքում վեր գոյացած «Գոլդեն Փալաս» կոչվող նորակառույց հյուրանոցի շենքը, առաջին միտքը որ անցավ բաղկացած էր երեք տառից: Չէ, ձեր իմացած ռուսերեն բառը չի, այլ անգլերեն երեք տառանոց հապավումը` WTF? Համացանցում փնտրելով գտա այն ժամանակվա գլխավոր ճարտարապետի տված մի հարցազրույց, որտեղ բացատրվում էր, թե այգու այդ մասում ծառեր չկային: Ասել է, թե ծառեր չեն կտրվել կառույցի տարածքում:

Հյուրանոցի կառուցապատման տարածքը մխրճված այգու մեջ

Հյուրանոցի կառուցապատման տարածքը մխրճված այգու մեջ

Եւ քանի որ առաջ քաշվեց ամեն տեղ ինչ որ բան խծկելու, հարմարեցնելու այսպես կոչված «քաղաքաշինական դոկտրին»-ը, արդյունքում կառուցվեց «Գոլդեն Փալաս» հյուրանոցը:
Սա չհայտարարված քաղաքաշինական անգրագիտություն է, որ եթե ծառ «չի կտրվում» ապա կառույցի շինարարությունը թույլատրելի է մասնագիտորեն:

Ես ապշած էի, որ նման բացատրություն է տրվում քաղաքաշինությունը կարգավորող մասնագետի կողմից, որը իր առանձնասենյակի պատին ամենայն հավականությամբ փակցրած ուներ Երեւանի գլխավոր հատակագծի մաս կազմող կանաչ տարածությունների տեղակայման սխեման:

Սովորաբար, նմանատիպ գծագրերում կանաչի տարբեր երանգներով ներկում են քաղաքի այն տարածքները, որոնք նախատեսվում են հասարակական օգտագործման հանգստի եւ զբոսանքի տարածություններ կազմակերպելու համար: Նույն կերպ` կանաչով պետք է ներկված լիներ նաեւ «Հաղթանակ» զբոսայգին, որպես Երեւան քաղաքի կանաչ տարածք եւ հանգստի գոտի: Իսկ դա նշանակում է, որ նման տարածքներում հանգստի գոտուն ՉԱՌՆԸՉՎՈՂ կառույց տեղադրել ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ: Իսկ հյուրանոցը հենց այդպիսի կառույց է, քանի որ այն ոչ մի կերպ չի առընչվում այգու, որպես հասարակական հանգստի տարածքի գործառույթների հետ: Ասեմ ավելին, հյուրանոցը ֆունկցիոնալ առումով բավականին ակտիվ կառույց է եւ ենթադրում է մարդկանց եւ ավտոմեքենաների մեծ հոսքեր:

Քիչ թե շատ գրագետ ճարտարապետ գիտի, որ հյուրանոցը միայն շենքը չի, դա նրան սպասարկող հարակից ծառայություններն են, որոնց համար անհրաժեշտ են մեքենաների մոտեցումներ, բեռնման եւ բեռնաթափման հրապարակներ, գուցե նաեւ այլ տնտեսական հարակից շինություններ: Սովորաբար այս ամենը տեղադրում են շենքի հետնամասում, աչքից հեռու:
Նմանատիպ լուծում ունի նաեւ «Գոլդեն Փալաս»-ը, որը իր հիմնական մուտքով նայում է Ազատություն խճուղուն, չնայած շենքը դրված է այգու խորքում, իսկ վերը նշածս տնտեսությունները բնականաբար նայում են այգուն:

Եւ ահա երեք տարի անց կարդում եմ այս լուրը`

Գոլդեն Փալաս-նոր շենք

Նոր մասնաշենքի շինարարությունը

Ecolur.org Հուլիսի 14, 2014
«Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ն եւս մի մասնաճյուղ է կառուցում Հաղթանակի զբոսայգում

Կառուցվեց առաջին մասնաճյուղը, հաջողությամբ գործում է, երեւի նաեւ բարգավաճում:
Ինչո՞ւ չբարգավաճի. տեղադրված է Երեւանի սակավ այգիներից, երեւի ամենագրավիչներից մեկում, քաղաքի աղմուկից հեռու, խաղաղ, մաքուր օդ առավոտյան զբոսանքների համար, Արարատի հրաշալի տեսարանը հարյուր քայլ այն կողմ եւ միեւնույն ժամանակ քաղաքի կենտրոնից տաս րոպե հեռավորության վրա, մի խոսքով դրախտ:
Եւ բնականաբար հյուրանոցի տերերը իրենց հաջողությունից ոգեւորված ծրագրում են հաջորդ ընդլայնումը:
Կարդում ես ու տեսնում մի պարզ ճշմարտություն` մի անգամ արված հանցագործությունը իր հետեւից ծնում է մեկ ուրիշը: Քաղաքի կանաչ տարածության հաշվին կառուցվում է հյուրանոց, որին ոչինչ չի մնում անել քան բարգավաճել:
Երբ «Դվին» հյուրանոցը կառուցվեց Կոնդում, քաղաքային իշխանությունները այդ քայլով նպաստեցին Կոնդի բարեկարգման գործընթացին: Դվինը Ինտուրիստի ենթակայության տակ էր եւ կառուցվեց Մոսկվայի փողերով` այսինքն այն ժամանակվա իշխանությունները ունենալով բիզնես հոտառություն լուծեցին նաեւ Երեւանի բարեկարգման մի խնդիր:
Չկարծեք, թե հիմա սկսելու եմ «երկուսուվաթսունանոց կալբասի» նաղլը երգեմ ու նվնվամ:
Եկեք իրերը իրենց անուններով կոչենք.
70-ականների հայ կուսակցական ֆունկցիոներները շատ որոշակի դիրքորորշում ունեին` ինչքան հնարավոր է կենտրոնի փողերով Երեւանը բարեկարգել եւ շենացնել: Կասեք, իսկ իրենց շահը ո՞րն էր, շատ պարզ` ինչքան շինարարություն լինի այնքան շինարարների գրպանը բոլոր զարտուղի ճանապարհներով փող կլցվի` ասել է վերջին հաշվով նաեւ իրենց գրպանը, եւս: Այն ժամանակ էլ, հիմա էլ, ասում ենք չէ՞,- սրա օրոք էսքան բան կառուցվեց, կարծես այդ մարդը իրա ձեռքով կամ փողով ա կառուցում:
Բայց դրանից զատ, նաեւ անվան, հեղինակության, հարգանքի եւ պատվի հարց էր լուծվում: Ոչ ոք դժգոհ չէր: Մարդիկ աշխատանք ունեին եւ երկիրն էլ բարգավաճում էր:
Եթե այս ամենին մոտենանք այսօրվա հասկացողություններով, կուսակցական ֆունկցիոներները բիսնեզ ներդրումներ էին բերում Հայաստան, իրենք էլ արանքում օգտվում էին:
Իսկ հիմա, քաղաքային իշխանությունները, մեր ծնողների աշխատանքով ստեղծված բարիքների հաշվին «լավություն» են անում տեղական կամ արտերկրյա բիզնեսին, որ նրանք արդեն եղած արժեքի հաշվին շահավետ ներդնումներ անեն:
Գոլդեն Փալասի դեպքում հյուրանոցի հաջողության գրավականը հիմնականում արդեն գոյություն ունեցող այգու եւ տեղադրության մենաշնորհային առավելությունն է, որտեղ ներդնողը նոր արժեք չի ստեղծել, ասել է քաղաքը դրանից չի բարեկարգվել, հակառակը` հասարակական այգու հատվածը փչացվել-մխսվել է ու հիմա էլ շարունակելու է շահագործվել ու փչացվել:
Ո՞վ շահեց` քաղաքային իշխանության ներկայացուցիչը (դե հո՞ ինվեստորի սիրուն աչքերի համար չի տվել այգում շինարարություն անելու թույլտվությունը) եւ ներդնող-կառուցապատողը:
Ո՞վ տուժեց` քաղաքը, ասել է քաղաքացին:
Սա է պրոբլեմը, որ վերջին տասնյամակում արված հիմնական կառուցապատումները քաղաքի եւ քաղաքացու միջավայրը բարեկարգող գործընթացներ չեն, այլ ծառայում են միմիայն մասնավոր ներդնողների շահերին: Սա հեռատես քաղաքականություն չի, որովհետեւ իրենք կտրում են ծառի այն ճյուղը որի վրա նստած են:
Իսկ հյուրանոց կառուցելու հաշվով բազմիցս ասել եմ` հյուրանոցները տուրիզմի զարգացման հետեւանքն են, ո՛չ թե խթանը:
Թո՛ղ մեկը թվերով ցույց տա թե վերջին 15 տարում քանի նոր հյուրանոցային տեղ է ստեղծվել եւ որքան է աճել երկիր ժամանող զբոսաշրջիկների քանակը:
Ինչքան Երեւանի միջավայրը փչանա այնքան զբոսաշրջիկների քանակը կնվազի անկախ նրանից թե քանի նոր հյուրանոց կսարքվի…

This entry was posted in Articles and tagged , , , . Bookmark the permalink.