Հանրային քննարկում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպված
Հուշարձանների պահպանության շուրջ Հանրային քննարկումը դիտելու ընթացքում առաջացած անմիջական մտքեր:
Հաղորդումը կարող եք դիտել այստեղ:

Մինչեւ սկսելը,

Լեւոն Վարդանյանը եթերում տարբեր առիթներով կրկնում է, թե ամբողջ եվրոպան երկրորդ համաշխարհայինից հետո լուսանկարներով վերկանգնեցին, շատ էլ լավ ա ստացվել:
-Չհասկացանք, Երեւա՞նն էլ են ռմբակոծել որ ստիպված ենք վերականգնել:
Եւ`
Ո՞վ ա ասել, որ լուսանկարներով են վերականգնել: Եվրոպայում 18-րդ դարից սկսած, ղայդին քաղաքներում շենքերը կառուցվում էին նախագծերով եւ կարիք չկա լուսանկարներով վերականգնել:

Սկսեցինք`

Լեւոն Վարդանյանը, Գեւորգ Մուշեղյանը եւ մյուս քաղաքաշինարարները կրկնեցին նույն միտքը, որ Երեւանի բոլոր գլխավոր հատակագծերով Տերյան փողոցը պետք է բացվի:
Նախ ժամանակները փոխվել են եւ Տերյան փողոցը բացելու հարցը որ հիմնավորվում է քաղաքի տրանսպորտը կարգավորելու համար արդեն իսկ հնացած տեսակետ է (դրա մասին նշեց Սարհատ Պետրոսյանը): Բայց այստեղ ես դա չեմ վիճարկի, քանի որ այս հարցերը քննարկող մասնագետները դեռեւս գտնվում են 20-րդ դարի 50-60-ական թվականների մտածողության վրա: Ինչեւէ:
Ուրեմն եթե հատակագծի վրա ուշադիր նայեք Տերյան փողոցին նա իր լայնությունը եւ կարմիր գծերը երեք անգամ փոխում է սկսած «պլանի գլխից» մինչեւ Պուշկին փողոց: Այսինքն քաղաքաշինությունը գրասենյակում տախտակների վրա քանոնով գծելուց բացի պետք է նայել թե ինչ է կատարվում տեղում: Ժամանակին երբ նախագծվում էր ՀՊ-ն եւ իր հարակից տարածքները, հենց մենակ Տերյան 11 հասցեում գտնվող շենքի համար կարելի էր դիմացի մայթը սկսած Պուշկինի փողոցից դեպի Բյուզանդ 4 մետր ետ քաշել եւ ԲՈԼՈՐ նորակառույցները դնել նոր կարմիր գծի վրա: Հավատացնում եմ, ոչ մեկը սկսած Թամանյանից չէր նեղանա:
Իսկ դրա փոխարեն նորակառույցները իրենք են մխճվել կարմիր գծից դեպի փողոց (այս տեղեկությունը հաստատեց Սարհատը):

Կամ մեկ այլ տարբերակ`
Տերյան փողոցը շատ հանգիստ կարող է մտնել գետնի տակ Պուշկինի խաչմերուկ չհասած եւ դուրս գալ Բյուզանդից հետո (սրա մասին խոսեց իրեն չներկայացրած համակրելի աղջիկ, երեւի քաղաքաշինարար, ինչպես նաեւ Գուրգեն Մուշեղյանը):
Նախ կլուծվի հատող փողոցների հետ խաչմերուկները (ասեմ Տերյան-Պուշկին խաչմերուկը ամենաանհաջողներից է) եւ նաեւ Տերյանը չի հատի ՀԵՏԻՈՏՆ հանդիսացող Գլխավոր Պողոտան:

Լեւոն Վարդանյանը այս պատմությունը կրկնում է բոլոր առիթներով, որ այդ «սեւ տներում» ապրողները չէին ցավում իրենց տների համար, քանի որ իրենք իսկական տերերը չէին եւ խնդրում էին որ շուտ քանդվի որ իրենք նոր բնակարան ստանան: Սա ճշմարտություն է:
Եւ հիմնվելով սրա վրա հայտարարում է, որ իսկական երեւանցի չկար, չկար սեփական ժառանգության պահպանելու զգացումը:
ԲԱՅՑ, ախպեր ջան ժամանակները փոխվել են եւ հիմա նոր սերունդը որ իրեն Երեւանցի ա զգում, ուզում ա իր պապերի արժեքները ՊԱՀՊԱՆԻ: Եւ սա ավելի կարեւոր եւ գեղեցիկ երեւույթ ա, քանի որ այն հիմնված չի անձնական-արյունակցական կամ որեւէ ֆինանսական շահերի վրա: Եւ Լեւոնի արգումենտը ժամանակավրեպ ա:

Մարիետա Գասպարյանը մեղադրեց պայքարողներին, որ չեն բողոքում Շահումյանի հրապարակի վրա նոր բանկի կառուցապատման տարածքում գտնվող երեք հուշարձանների քանդման դեմ:
-գողականով ասեմ` քույրիկ ջան իսկ դու ինչո՞ւ չես պայքարում, ամբողջ կյանքդ նվիրել ես այդ հուշարձանների նկարագրությանը, որի շնորհիվ դոկտոր ես դարձել: Դե ինքդ էլ փողոցում գոռգոռա, ի՞նչ ես եկել էս երեխեքի վրա մունաթ գալիս:
Իսկ ավելի լուրջ,
տվյալ դեպքում կառուցապատողը անցկացրեց մրցույթ, որտեղ նշվում էր այդ հուշարձանները գոյությունը եւ պահպանելու լուծումների առաջարկություններ անելու կարիքը:
Համարյա բոլոր առաջարկվող նախագծերում հուշարձանները ամբողջությամբ կամ մասնակիորեն պահպանվում էին:
Ես անձամբ չեմ հավատում, որ կառուցապատողը կպահպանի դրանց, բայց գոնե ձեւական գործընթաց կա, ոչ թե բացահայտ հակադրություն:

Կարո Այվազյան, երբ խոսում է 1983 թվականի ՍովՄինի հուշարձանների ցուցակի մասին: Դա լրիվ ճշմարտությունը չի: Այդ ցուցակից բացի կար նաեւ Երեւան քաղաքի 19-20-րդ դարերի հուշարձան-տների ցուցակ որի մասին այդքան նշում է Լեւոն Վարդանյանը որպես իր պայքարի հաղթական արդյունք:
Այդ ցուցակի շնորհիվ եւ հիման վրա ստեղծվեց Երեւանի կենտրոնի հուշարձանների պահպանման, վերականգման եւ օգտագործման գրասենյակը որտեղ եւ հենց ինքը` Կարո Այվազյանը 1985թվականից աշխատել է որպես ճարտարապետ-վերականգնող:
Այո, այդ շենքերի ցուցակը Սովմինը չէր հաստատում, քանի որ այդ շենքերը խանգարում էին գլխավոր եւ հյուսիսային պողոտայի իրականացման աշխատանքներին: Բայց քանի որ քաղաքային կուսակցական եւ պետական օղակները սկսել էին գիտակցել, որ դրանց լիովին քանդելը ափսոս ա (գուցե Թիֆլիսին նախանձելով, կամ մի այլ պատճառով), ստեղծվեց վերը նշված արվեստանոցը, որի գործնեության ընթացքում վերակառուցվեցին Ձորագյուղ թաղամասի 6 տները, (այդ թվում Փարաջանովի թանգարանը), Ալավեդյան 10 շենքը (այժմ` Մհեր Մկրտչյան 10), որպես Գրքասերների Ընկերություն, Ալավերդյան 37 (այժմ Հանրապետության փողոց) շենքի ավելացումը որպես Սփյուռքի հետ Մշակութային կապերի կոմիտե եւ նրա կողքին տեղափոխվեց Սպանդարյան փողոցի 27 շենքը, որպես Առեւտրի պալատ:

Նույն համակրելի աղջկա խոսքից` թե, քաղաքի հին շերտերը հիմա գտնվում են կղզյակների մեջ, եւ իշխողը նորակառույցներն են: Եւ հետո այդ նոր շերտը պետք է շնչի-ապրի, ուրեմն չի կարելի ասել որ տրանսպորտային հարցերը պետք է ստորադասվեն հուշարձանին:
Համարյա բոլոր հայ քաղաքաշինարարները քաղաքը տեսնում են իրենց մեծ պլանշետների վրա 1:2000 կամ լավագույն դեպքում 1:500 մասշտաբով: Եւ քանի որ իրենք համարում են, որ շատ կարեւոր գործ են անում, բոլոր «մանր-մունր» խանգարող շենքեր-մենքերը կարելի է անտեսել:
Սա շատ հին ցավ է: Եւ բացի մասնագիտական սահմանափակվածությունից կա նաեւ մեկ այլ ավելի խորքային խնդիր: ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ: Մինչեւ այժմ կրթություն ստացած եւ գործող քաղաքաշինարարները կոփվել են սովետական իրականության մեջ, որտեղ քաղաքի գլխավոր հատակագիծը դա քաղաքի տնտեսական եւ մշակութային զարգացման հիմնական փաստաթուղթն է, եւ մնացած ամեն ինչ ստորադասված է այդ գաղափարին: Չկա Պետության եւ Անհատի կոնֆլիկտ, շահերի բախում, այդ պատճառով էլ չկան իրական քաղաքաշինական լուծումներ: Հատակագծերը գծվում են կարծես դատարկ տեղի վրա…

Արեւմտյան եվրոպայում քաղաքաշինական մեծ ծրագրերը շատ դժվարությամբ են իրականանում, քանի որ «անտեր» ազատ տարածքներ չկան` ամեն տարածք ունի իր սեփականատերը, որի քմահաճույքի հետ պետք է հաշվի նստել: Եւ պատահական չէ, որ Չինաստանի նման դիկտատորական երկրում են հնարավոր այդպիսի մեծածավալ շինարարություններ, ԱՌ ԱՅԺՄ, մինչեւ նորաստեղծ փողատերերը կդառնան այդ ամենի օրինական սեփականատերերը:
Առայժմ այսքանը…
Խնդրեմ գրեք նաեւ ձեր տպավորությունները:

This entry was posted in Notes. Bookmark the permalink.