Երեւան քաղաքի ներկան եւ ապագան

Տեր Աստված, արդեն չորս տարի է անցել այն օրերից երբ մի խումբ ակտիվիստների շնորհիվ սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու որոշման դեմ բողոքի ալիքը: Տեսնելով նման խնդիրների վեր բարձրացման անհրաժեշտությունը ձեռնարկեցի «Մեր Երեւանը» բլոգ-կայքի ստեղծումը, որտեղ մտադրվեցի ստեղծել քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցեր քննարկելու մասնագիտական բաց հարթակ: Նույն ժամանակ Սֆաթագրքում (Facebook) ստեղծվեցին Երեւանի հուշարձանների պաշտպանությանը, քաղաքի տեսքի, քաղաքաշինական հարցերին վերաբերվող մի շարք խմբեր եւ էջեր:
Ինչու եմ այս ամենի մասին գրում:
Խնդիր կա մտովի վերհիշելով անցած ժամանակահատվածը հասկանալ թե Ծրագրերը եւ ցանկությունները շատ են, իսկ ժամանակս սուղ:
Բոլոր իրադարձությունները կարելի հավաքագրել հետագայում հասկանալու համար թե ինչ է եղել, կամ ինչպես ստացվեց որ այդպես եղավ եւ այլն:

Աֆրիկյանների ակումբի շուրջ

Այսօր Երեւանի քաղաքաշինական, հուշարձանների պահպանման ասպարեզում ամենաթեժ թեման Աֆրիկյանների Ակումբի, Տերյան 11 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքի «տեղափոխման» շուրջ ծավալված պայքարն է: Անմիջական մասնակիցները եւ շահագրգիռ կողմերը դեռ վիճաբանում են, կամ բացատրություններ են տալիս քանդել-տեղափոխելու կամ տեղում պահպանելու շուրջ:

(Դեռ հոդվածս ավարտված չէր երբ «Թրանսպարենսի Ինթերնեշնլ»-ի կազմակերպած հանրային քննարկումը ցուցադրվեց եւ հետագայում տեղադրվեց ՍիվիլՆեթ-ի կայքում): Այդ առիթով գրել եմ իմ ավելի անմիջական մտքերը, որ ծագում էին քննարկումը լսելիս:
Կարող եք կարդալ այստեղ:

Հուշարձանների պայքարում, կողմերը սովորաբար հայտնվում են խրամատի այս կամ այն դիրքում:
Աֆրիկյանների դեպքը նրանով է տարբերվում, քանի որ կարծես «քանդող» կողմ չկա` բոլորը խոսում են հուշարձանի պահպանման լավագույն տարբերակի մասին:
Այդ պատճառով էլ առաջ է քաշվում, թե ով է եղել առաջինը կամ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել-չլինելու հանգամանքը:
Նախ, ասեմ, որ Լեւոն Վարդանյանի տեղեկությունները ավագ ճարտարապետական սերունդի հուշարձան-շենքերի` («սեւ տների» ինչպես այն ժամանակ կոչում էին) նկատմամբ հիմնականում համապատասխանում են իրականությանը: Այո, մինչեւ 1980 թվականը մշակված Երեւանի գլխավոր հատակագծերում «սեւ տներ»-ը հանդիսանում էին քաղաքի զարգացմանը խանգարող, Երեւանի ճարտարապետությանը «անհարիր» շինություններ:
Այո, չզարմանաք, սկսած Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծից:
Այստեղ պետք է շեղվեմ հիմնական խնդրից, որոշ հարցեր պարզաբանելու համար: Սա նաեւ կարեւոր է, քանի որ հուշարձանների պահպանման հակառակորդ խմբերը շահարկում են Թամանյանի անունը Երեւանի այսօրվա քաղաքաշինական հարցերը բացատրելու կամ հիմնավորելու համար:

Թամանյանը եւ «հինն ու նորը»

Նախ`
ովքեր տեսել են Թամանյանի Երեւանի գլխավոր հատակագծի օրգինալ գծագիրը կարող են հաստատել, որ հատակագծի տակ նշմարվում է 1911թ. ինժեներ Մեհրաբովի կողմից կազմված հանույթը: Դա շատ բնական է, Թամանյանին պետք էր Երեւանի հանույթը որի վրա նա պատրաստվում էր ստեղծել նոր մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Տարբեր առիթներով արդեն բացատրված է, որ Թամանյանը որպես փորձառու եւ իրատես ճարտարապետ, ընտրեց լավագույն տարբերակը, ստեղծել նորը հիմնվելով արդեն եղածի վրա` ասել է օգտագործել արդեն գոյություն ունեցող փողոցների ցանցը եւ նրանց երկայնքով կառուցված շենքերը: Առաջարդված կարճ ժամկետներում նորը դատարկ տեղի վրա չեն ստեղծում:
Հիմնվելով եղած փողոցային ցանցի վրա, նա միաժամանակ ստեղծեց երեք կարեւոր քաղաքաշինական հանգույցներ` «Իշխանության հրապարակ» կառավարության շենքով, «Մշակույթի հրապարակ» Ժողովրդական տնով եւ «Ուսանողական ավան» Աստղադիտարանով եւ առաջին մասնաշենքով (այժմ` Ճարտարապետական համալսարան):
Առաջին երկու հրապարակները իրենց չափերով եւ ուրվագծերով ձեւավորում էին Նոր Քաղաքի մասշտաբը եւ քաղաքաշինական մոտեցումները: Դրանք իրար հետ կապվում էին մի հետիոտն փողոցով որը հետագայում անվանվեց Հյուսիսային Պողոտա: Այս հյուսիս-Հարավ առանցքը անկյան տակ կտրելու էր գոյություն ունեցող փողոցային ցանցը: Այդ առումով Թամանյանի հյուսիսային պողոտան նույնպես անտեսելու էր գոյություն ունեցող կառուցապատումը, որը այդ հատվածում կրում էր անկանոն բնույթ եւ կրկին «անհարիր» էր իր քաղաքի նկարվածքին:

Tamanian-Yerevan

Մեհրաբովի հանույթի վրա արված Թամանյանի 1924թ. հատակագիծը

Կարճ ասած դրանք եվրոպական կլասիցիզմի քաղաքին բնորոշ հատակագծային լուծումներ են: Եւ այդ հատվածներում բնականաբար ստորադասվեցին գոյություն ունեցող կառույցները եւ նրանցով ուրվագծված փողոցային ցանցը:
Գլխավոր հատակագծի մյուս երկու կարեւոր քաղաքաշինական շեշտադրումները Գլխավոր պողոտան եւ Շրջանաձեւ զբոսայգին են: Եւ այստեղ եւս չի նկատվում եղածը պահպանելու որեւէ ձգտում: Գլխավոր պողոտայում, սկսած Կոնդի տակից մինչեւ Շրջանձեւ զբոսայգի պահպանված է փողոցային ցանցը իսկ ներսում եղած կառույցների տեղում կանաչ գոտի է: Նույնը վերաբերվում է Կոնդին: Թամանյանը խնդիր չի ունեցել պահպանելու այն որպես միջնադարյան քաղաքից մնացած կտոր: Նրա տեղում նշված է այգի, որը ոչ մի կերպ չի արտահայտում Կոնդի բարձրունքի իրական ռելիեֆը, բայց շատ գեղեցիկ ներգծվում է ընդհանուր հատակագծային նկարվածքին:
(ի միջի այլոց Թամանյանի եւ Հյուսիսային պողոտայի մասին հրաշալի վերլուծական աշխատություն է գրել Արա Պետրոսյանը):

Եկեք վերջապես առանց ավելորդ պաթոսի եւ զեղումների ընդունենք, որ Ալեքսանդր Թամանյանը առանց մեղքի զգացմունքի եւ ճարտարապետի լիակատար իրավունքով նախագծել է մայրաքաղաք Երեւանի հատակագիծը եւ իր առաջ խնդիր չի ունեցել պահպանելու կամ չպահպանելու 19-րդ դարում կառուցված «սեւ շենքերը»:
Այո, Թամանյանը եղել է հայկական եկեղեցական հուշարձանների մեծ ջագատովը եւ պաշտպանը: Որպես կիրթ մարդ նա չէր կարող անտարբեր լինել եկեղեցիների ոչընչացմանը: Նա փորձել է տեղափոխելով փրկել Ժողովրդական Տան տարածքում գտնվող Գեթսեմանի մատուռը: Բայց ինչպես բոլորս հասկանում ենք 20-ական թվականներին հնարավոր չէր սովետական իշխանություններին հիմնավորել քրիստոնեական մատուռի տեղափոխումը եւ վերականգնումը, երբ ֆինանսները չէին բավարարում նոր շենքերի կառուցմանը:
Եւ սա Թամանյանի դրաման է:

Մենք պետք է նաեւ հասկանանք որ 20-րդ դարի սկզբին մշակութային ժառանգության խնդիրները ուրիշ հարթությունների վրա էին ձեւավորվում: Եւ մեկ-երկու հարկանի բնակելի շենքերը չէին դիտարկվում որպես Երեւանյան մշակույթը ներկայացնող հուշարձաններ: Եւ հետագա սերունդների ճարտարապետները որոնք զբաղված էին Երեւանի քաղաքաշինական հարցերի լուծմամբ եւ նպատակ ունեին իրագործել (կամ աղավաղել) Թամանյանի գլխավոր հատակագծի դրույթները կանգնած էին նույն դիրքորոշման վրա:

Երեւանի վերջին «սովետական» գլխավոր հատակագիծը

1971 թվականին մշակվեց եւ ավարտվեց Երեւանի նոր Գլխավոր Հատակագիծը, որը «փորձում» էր զարգացնել Թամանյանական գլխավոր հատակագծի դրույթները: Այդ փաստաթղթում փորձ էր արված ամբողջովին ավարտել Կենտրոնի կառուցապատումը` կառուցել Կասկադը, բացել Հյուսիսային եւ Գլխավոր Պողոտաները: Այս նախագծի հիման կազմվեց Երեւանի կենտրոնի Մանրամասն Հատակագծման նախագիծը, որը ունեցավ մի քանի վերամշակումներ մինչեւ 80-ական թվականները:
Կրկին ուզում եմ շեշտել, որ մինչեւ այդ պահը Երեւանի ոչ մի գլխավոր հատակագծում «սեւ տների» պահպանման հարց չի դրվել եւ ինչպես նշեցի վերեւում Լեւոն Վարդանյանը ճիշտ է ասում:
Նախասովետական շրջանի կառուցապատման պահպանումը որպես Երեւանի մշակութային կարեւոր մաս սկսվեց գիտակցվել 80-ականներից սկսած, երբ նմանատիպ շարժումները սկսվեցին թափ հավաքել արեւելյան եվրոպայի եւ մերձբալթյան հանրապետություններում:

Մեկը կարող է հարց տալ, իսկ ինչու չէր իրականացվում Գլխավոր պողոտայի Տեր-Գաբրիելյանից մինչեւ Աբովյան հատվածի բարեկարգման աշխատանքները: Արդյո՞ք «սեւ տներն» էին պատճառը:
Իհարկե` ոչ:
Որպես պարզաբանում`

«Ասվայենչիկ» կամ «Գերակա շահ»

Մի երկու խոսքով ցանկանում եմ պարզաբանել արդեն տասնհինգ տարի շատերին հուզող հարցը:
Այն է, թե ինչպես է կառուցվել Երեւանի կենտրոնը 60-70 ականներին: Ինչպես են իրականցվել մեծածավալ հանրային տարածքներ` հանգստի գոտիներ, Գլխավոր պողոտայի եւ Շրջանային բուլվարի կառուցապատումը:

Թամանյանի եւ ետ-թամանյանական գլխավոր հատակագծերը իրականացնելու համար անհրաժեշտ էր ազատել նախահեղափոխական տարիներին կառուցապատված տարածքները, այնտեղ ապրող բնակիչներին ապահովելով նորակառույց բնակարաններով:
Եւ ինչո՞ւ այդ ծրագիրը կիսատ մնաց:
Կիսատ մնաց, քանի որ կենտրոնի կառուցապատման հիմնական խոչընդոտը բնակելի ֆոնդի սղությունն էր:

Ուրեմն սովետի ընդունված կարգով, քաղաքի կենտրոնում «հին» տներում ապրող բնակիչներին չէր կարելի հանել իրենց տներից: Փաստորեն փոքր կենտրոնում գտնվող նախասովետական շենքերը ենթակա էին քանդման` այսպես կոչված «պադ ասվայեննի» եւ այդ տներում ապրողները կոչվում էին «ասվայենչիկներ»: Որպեսզի իրականցվեր որեւէ քաղաքաշինական ծրագիր, քաղաքային իշխանությունները պարտավոր էին կառուցապատման տակ ընկնող շենքերում ապրող բնակիչներին հատկացնել նոր բնակարան:
Պայմանները երկուսն էին կամ կնքվում էր պայմանագիր 500-1000 մետր շառավղով տարածքում կառուցվելիք բնակելի շենքերում բնակարան հատկացնելու մասին կամ ըստ բնակչի հայեցողության անմիջապես բնակարան էր տրվում նորակառույց ծայրամասերում` Արարատյան, Շահումյան, հետագայում Նոր Նորքի մասիվներ, Հարավ-Արեւմտյան (Բանգլադեշ) թաղամասերում:
Նրանք ովքեր չէին համաձայնվում գնալ ծայրամասեր ստիպված էին վարձով ապրել այնքան ժամանակ մինչեւ կկառուցվեր վերը նշված մոտակայքում գտնվող բարձրահարկը:
Փաստորեն Գլխավոր պողոտայի եւ հետագայում Կոնդի վերաբնակեցման խնդիրը դեմ էր առել մի հիմար դիլեմայի` որտեղ եւ քանի հարկանի բարձրահարկեր կառուցել, որպեսզի վերաբնակեցնել քանդման ենթական տներում ապրողներին, որպեսզի իրականցվի գլխավոր հատակագծի կենտրոնական հատվածները:
Բերված նկարում կարմիրով նշված են այն բարձրահարկերը, որ կառուցվել են մինչեւ 80-ական թվականները, խախտելով Թամանյանական «կանաչ քաղաքի» թաղամասային կառուցապատումը եւ հարկայնությունը սովետական «ասվայենչիկների» համար:

Բարձրահարկ շենքերի տեղակայումը

Բարձրահարկ շենքերի տեղակայումը

70-ականների վերջին եւ 80-ականների սկզբներին այս գործընթացը սառեցվեց մի քանի պատճառներով:
Նախ` նպատակ էր դրվել Երեւանը դարձնել միլիոնանոց քաղաք եւ քաղաքաբնակներին նոր բնակարաններ հատկացնելու գործը խեղդվեց գյուղերից եկող աշխատուժի համար բնակարաններ հատկացնելու ճնշման տակ:
Պետությունը արդեն ի վիճակի չէր ապահովել բոլորին: Իսկ կենտրոնի հին տներում ապրողների քանակը այդ ընթացքում բազմապատկվում էր` օրինական կամ անօրինական ամուսնությունների եւ այլ զարտուղի ճանապարհներով մարդիկ էին գրանցվում նույն հասցեի վրա եւ քաղաքային իշխանությունների «կազմած» նախնական տվյալներով անհրաժեշտ շենքերի քանակը այլեւս չէր բավարարում:
Փոքր կենտրոնում այլեւս ազատ տարածքներ չմնացին, քանի որ բոլոր բակերը կառուցապատվեցին կամ բնակելի բազմահարկերով կամ անօրինական ավտոտնակներով:
Օրինակ 80-ականներին միայն Կոնդում հաշվում էր 6 հազար բնակիչ:
Սրան զուգահեռ սկսվեց անցյալի ժառանգությանը, «սեւ շենքերի»-ը պահպանելու, նրանց որպես պատմության եւ մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու գործընթացը:

Այսպիսով վերադառնանք մեր բուն նյութին նշելով որ Երեւանի կենտրոնի կառուցապատման իրականացման հիմնական խոչընդոտը բնակելի ֆոնդի սղությունն էր, որ եւ ֆինանսների բացակայության հետեւանք էր:
Հյուսիսային պողոտան ըստ 1971թ. գլխավոր հատակագծով նախատեսվում էր որպես մշակութային եւ ադմինիստրատիվ շենքերով կառուցապատված հանրային տարածք, իսկ այդտեղ ապրող «ասվայինչիկներին» նորակառույցներ ուղարկելու խնդիրը բարդացել էր:
Այդ էր պատճառը, որ Գլխավոր պողոտայի մի հատվածը, «նվիրական» Հյուսիսային պողոտան չիրականացան սովետական տարիներին:

Հյուսիսային Պողոտայի հայրերը

իսկ 2002 թվին, երբ անշարժ գույքի, նորակառույցների միջոցով կեղտոտ փողեր լվանալու գործը ծավալվել էր մոսկվաներում եւ երկու տաղանդավոր գործարարներ (նախագահ Ռ. Քոչարյանը եւ գլխ. ճարտ. Ն. Սարգսյանը) գտան դրա «իրավաբանորեն ձեւակերպված» լուծումը Երեւանի համար`
ԳԵՐԱԿԱ ՇԱՀ:
Այսինքն սխալվում եմ, ոչ մի նոր բան չեն հնարել, ուղղակի տեղայնացրել են մոսկվաներում արդեն կիրառված մեթոդները:
Հենց այդ ժամանակ էր, որ Երեւանի գլխավոր ճարտարապետը առաջ քաշեց Երեւան քաղաքի կառուցապատման խտությունների եւ հարկայնության ավելացման անհրաժեշտության հարցը:
Այս հարցը հիմնավորելու համար անհրաժեշտ էին քաղաքաշինական հիմնավորումներ:
Եւ վերհանեցին մոտ 20 տարի մոռացված Հյուսիսային պողոտայի թամանյանական նախագիծը, որի հիման վրա մշակվեց «Հյուսիսային» պողոտա նախագիծը:
Ահա մի հատված կառավարության որոշումից`
«Մինչեւ 20-ական թվականների իր քաղաքաշինական հյուսվածքով եւ դիրքով Երեւանն անտարբեր է եղել դեպի բիբլիական Արարատը եւ միայն Ա. Լ. Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը: Ա. Թամանյանը, հակադրվելով ստեղծված հատակագծային ցանցին, քաղաքն ամբողջ երկարությամբ հյուսիսից-հարավ ճեղքեց տարածական նոր առանցքով՝ Հյուսիսային պողոտա անվամբ»,- գրված է N 774 որոշման մեջ, որի շարունակության մեջ ասվում է՝ «…Բայց չգտնվեց ճարտարապետա-գեղարվեստական վառ կերպար ունեցող առաջարկություն: Միայն ս.թ. հունիսի 8-ին Երեւանի գլխավոր ճարտարապետի նախաձեռնությամբ քաղաքաշինության խորհրդին ներկայացվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման նոր ռազմավարությունը»:

Երկար կարելի է վիճել այն մասին, թե Հյուսիսային Պողոտայի կառուցապատումը որքանով է համապատասխանում Թամանյանի մտահաղացմանը: Ժողովուրդ ջան, ինչքան սրտներդ տալիս է կարող եք վիճել, բայց իմացեք, որ վերը նշածս այրերին ամենից քիչ Թամանյանն էր հետաքրքրում, մանավանդ իր մտահաղացումներով: Ասեմ ավելին, պարոն նախագահը պարոն Սարգսյանից է առաջին անգամ տեղեկացել Հյուսիսային Պողոտա հասկացողության եւ նախկինում գոյություն ունեցող գլխավոր հատակագծերի մասին:

Ահա մի հատված Ռոբերտ Քոչարյանի խոսքից`
«Երբ [Երևանի գլխավոր ճարտարապետ] Նարեկ Սարգսյանն առաջին անգամ ներկայացրեց ինձ Հյուսիսային պողոտայի մակետը, պիտի անկեղծորեն ասեմ` հանգիստս կորցրեցի և ինքս ինձ համար միանգամից որոշում կայացրեցի՝ պողոտան պետք է կառուցվի և կառուցվի հնարավոր կարճ ժամկետում։ Բայց նույնիսկ այդ պահին, այդ ժամանակ չէի պատկերացնում, թե ինչ ազդեցություն կունենա այս պողոտան ընդհանրապես Հայաստանի տնտեսական զարգացման վրա, ինչ ազդեցություն կունենա շինարարության ոլորտի զարգացման վրա»,- ասաց Քոչարյանը: աղբյուրը կարդալ ` այստեղ:

Նպատակս Հյուսիսային պողոտայի կառուցապատման տարեգրությունը վերհիշելը չէ, այլ իմանալ իրականությունը ներկայացնող պատմությունը, գնահատել իրողությունը եւ նայել ապագային, որպեսզի հասկանանք թե ինչպես այլեւս պետք չի անել կամ ինչ է վերջապես պետք անել…

շարունակելի...

This entry was posted in Articles. Bookmark the permalink.