Արմեն Զարյան -100 կամ Գլխաւոր պողոտայի մասին

Ներածականի փոխարեն`

Մոտ երկու տարի առաջ անդրադառնալով Գլխավոր պողոտայի անմխիթար վիճակին հեգնանքով գրել էի «ՔԱՆԴԵՆՔ, ԻՆՉԸ ԽՆԱՄԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ» նոթը` – կարդալ այստեղ։
Հիմա ցավալիորեն ստիպված եմ նշել, որ քաղաքապետարանը հեգնանքիս լուրջ է վերաբերվել եւ գտել է քաղաքի բարեկարգմանը հատկացված ֆինանսները մխսելու այլ տարբերակ՝ «ՔԱՆԴԵՆՔ, ՍԱՐՔԵՆՔ` ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա» նշանաբանով։
Քաղաքի բարեկարգումով զբաղվող պատկան օղակները կարծում են որ կարեւորը կարճաժամկետ եւ էժանագին հնարքներով քաղաքացիներին ցույց տալ թե իրենք գործ են անում՝ բարեկարգում են քաղաքի հանրային տարածքները։
Չեմ ժխտում, այո քաղաքը բարեկարգ պահելը ֆինանսներ է պահանջում, բայց ֆինանսներից բացի նաեւ պահանջում է ամենօրյա հոգատարություն, այլ ոչ թե հանդիսությունից հանդիսություն աչքին «թոզ» փչելու մեթոդ հանդիսացող մասնավոր լուծումներ։ Ես չեմ ուզում  կրկնել հոդվածագրի մտքերը։ Կուզեի ուղղակի շեշտել մի կարեւոր միտք՝ Գլխավոր պողոտայի ամբողջականության հանգամանքը։ Այն մոտեցումը, որ փորձում են կիրառել քաղաքային իշխանությունները, ճանապարհ է բացում հետագա «վայ բարեկագողներին», ամեն մեկը իր չ’ճաշակով պողոտայի տարբեր հատվածները ձեւավորելու համար։ Ասածիս վառ օրինակը «Մաշտոցի պուրակի» «բուծիկներ» էին, իսկ եթե ավելի խորը նայենք, նաեւ Ազգային թատրոնի շենքի համար արված հողահատկացումը, որը «կրեածիվ» բարեկարգողների մտահաղացումը չէր, այլ քաղաքի գլխավոր ճարտարապետինը, ասել է լրջորեն ուսումնասիրված եւ հիմնավորված մի առաջարկ էր։
Ներկայացվող հւդվածը, որ մեր կայքին տրամադրել է հեղինակը` Արա Զարյանը, կարելի է կոչել «ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿԱՄ ՀՈՒՍԱՀԱՏ ՃԻՉ», քանի որ այն ուղղված չէ կոնկրետ մեկին, այլ կոչ է անում վերհիշել Պողոտայի սկզբնական մտահաղացումը որպեսզի գնահատել ներկայումս կատարվող ինքնագործնեությունը եւ տեսնել ակընկալիք քաղաքաշինական կորուստները։ Դժբախտաբար այլ ձեւակերպում չեմ գտնում այն մուտացիաներին,  որ անում են Գլխավոր պողոտայի հետ։

Գլխավոր պողոտայի նախագիծը

Գլխավոր պողոտայի նախագիծը

Արմեն Զարյան – 100

Արա Զարյան, 2014 Հուլիսի 27

1990 թվականի աշնան մի օր, Նորքի զանգվածից ուղևորվեցի կենտրոն, Աբովյան փողոցի վրա բնակվող ծնողներիս այցելության: Հայրիկս երկար ժամանակ ոտքը տանից չէր հանել քանզի այդ մեկն էր մնացել 1988 թվականի շաքարախտի պատճառով փթաղթից չորացած հիվանդ ոտքը հեռացնելուց հետո: Տրամադրությունը բարձրացնելու նպատակով առաջարկեցի իմ Օպելով մի պտույտ անել քաղաքում ու այցելել իր նախագծով իրականացված կառույցները: Երկար համոզեցի ու վերջում, ուրիշ պատճառ չգտնելով հայրս ասեց, թե հինգերորրդ հարկից մեկ որքով, աստիճաններով վար իջնել չի կարողանա: Ինձ հենց այդ պատճառաբանությունն էլ հարկավոր էր: Հագցրի ու բազուկներիս մեջ ամփոփելով թեթև մարմինը արագորեն իջա բակ ու հորս խնամքով տեղավորեցի Օպելի առջևի նստարանին: Այս դրվագին մայրս` Ֆռաու Մարիան ներկա էր, սակայն չխառնվեց: Մինչ մայրաքաղաքով պտույտի սկսելը, համոզված էի, որ ճիշտ արարք եմ գործում: Քիչ անց հասկացա, որ խորապես սխալվել եմ: Ափսոսանքով եմ հիշում այդ օրը և վշտացած եմ այսօրվա` 2014 թվ. հուլիս ամսում տեսածիս համար: Ավտոմեքենայի պատուհանից երևում էին Երևան մայրաքաղաքի երբեմնի կոկիկ, սիրով ու խնամքով բազալտե քարերի եզրապատերով կառուցապատված շատրվանները, ջրավազանները, պարապետները, նստարաններն ու աստիճանները, հատակի շիտակ սալահատակումը, ծառերն ու կանաչ տարածքները, բացօթյա ամֆիթատրոնը և եվրոպական զգացողությամբ մտածված ու հայ քարտաշ վարպետների կողմից իրականացված մեծաքանակ փոքր ճարտարապետական ձևերը: Այս ամենը երևում էր զուտ հիշողության մեջ քանզի, արդեն այդ ժամանակ, Գլխավոր պողոտան գտնվում էր նողկալի, անտեր, թալանված, կողոպտված ու քարուքանդ վիճակում: Մտածում էի, որ ընդամենը մեքենայից դիտելով, այդ ամենը ակնառու չէր երևալու: Հայրիկս լուռ նայեց մեքենայի պատուհանից ու ասաց – Տղաս, աչքերս որ գոցեմ, պողոտաս քանդելու են – :

Գլխավոր պողոտա_03

Գլխավոր պողոտա_05 Գլխավոր պողոտա_04 Գլխավոր պողոտա_01
Գլխավոր պողոտա_02
Մեկ շաբաթ առաջ Գլխավոր պողոտան դեռ կար` Նալբանդյան-Հանրապետության փողոցների հատվածում: Ինչպե՞ս կարող է մայրաքաղաքի քաղաքաշինական կարևոր առանցք հանդիսացող ճարտարապետական, իր ժամանակի համար համարձակ և Թամանյանական մտահաղացումով իրականացված մի ստեղծագործություն գոյատևլ 35-40 տարի անտարբերության մատնված:

Գլխավոր պողոտայի ներկա իրավիճակը

Շատրվանների ցանցով քառասուն տարի ջուր չի հոսել, երեսպատի քարերը պոկել տարել են, ծառերը չեն ջրվել, չեն խնամվել այնքան ժամանակ, որ քաղաքի կենտրոնի ընդարձակ տարածությունը վեր է ածվել աղբանոցի կամ վերնիսաժի: Քաղաքի ղեկավար մարմինները մեկը մյուսին հաջորդելով թողել են որ Գլխավոր պողոտան հանգչի, մարվի, ոչնչանա որպեսզի բոլորի համար պարզ լինի այն իրեղեն փաստը, որ եկել է նրա քանդելու ժամանակը, վերանորոգելու բան չկա այլևս: Սա մեզանում անքաղաքակրթության լավագույն օրինակն է, այն տարբեր է Ծածկած շուկայի այլանդակումից, Կրկեսի էլեգանտ շենքի քանդումից, «Սևան» հյուրանոցի մոնունենտալ կոթողի վայրագ ոչնչացումից, Երիտասարդական պալատի խորտակումից, Հյուսիսային
պողոտայի ճայթյունից: Սա երկարատև, տանջալի մահ է, ծրագրավորված ու անողօք:

Քաղաքապետարանի կողմից 2014 թվ. հաստատված պուրակների վերակառուցման,
մայրաքաղաքի բարեկարգման, հանգստի գոտիների վերականգնման շրջանակներում, նշված չէ Գլխավոր պողոտայի տվյալ հատվածի հիմնովին քանդումը: Երևանցիները սովոր են տեսնել ճարտարապետական արժեքներ ներկայացնող կառույցների վերականգնման, վերանորոգնման ցուցանակներ և աշխատանքների ավարտին հայտնաբերել տխուր իրականությունը:

Գլխավոր պողոտան 80-ականներին

Գլխավոր պողոտան 80-ականներին

Արմեն Զարյանը Գլխավոր պողոտայի առաջին հատվածի բացումից հետո, 80-ական թվ

Արմեն Զարյանը Գլխավոր պողոտայի առաջին հատվածի բացումից հետո:

Գլխավոր պողոտան հեղինակի կողմից մտահաղացվել է որպես մեկ և կես կիլոմետր երկարություն ունեցող` ջրային, կանաչ մակերեսներով իրար հաջորդող հանգստի ու հետիոտն զբոսանքի ամբողջական` քաղաքաշինական մի առանցք ուր մարդիկ, հանդիպում են հաճելի ժամանցի, ցուցահանդեսների, համերգների, թատերական ելույթների, հանդիսությունների, տոնակատարությունների առիթներով: Այն պետք է տրամագծեր Օղակաձև զբոսայգու` արևային քաղաքի թոքերը հանդիսացող կանաչ օղակը: Պողոտան զարդարված պետք է լիներ տարբեր թեմատիկ քանդակների, գեղարվեստական, կիրառական արվեստի ստեղծագործություններով: Հեղինակի քույրը` քանդակագործ Նվարդ Զարյանը, Երևանում պատրաստել էր մի քանի քանդակ, որոնք Գլխավոր պողոտայի վրա այդպես էլ երբեք չտեղադրվեցին:

Հարկ են համարում հիշել, որ Արմեն Զարյանը ճարտարապետ, տեսաբան, արվեստաբան լինելուց բացի, հմուտ քաղաքաշինարար է եղել: Նրա գրչին է պատկանում -«Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության»- կարևոր աշխատությունը /ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1986/: Իտալիայում աշխատելու տարիներին հեղինակել է քաղաքաշինական այնպիսի կարևոր միջամտություններ, որպիսիք են 1873 թվ. Վիվիանիի կողմից առաջարկված և հետպատերազմյան շրջանում ճարտ. Մարչելլո Պիաչենտինիի հետ նախագծված ու իրականացվեծ Հռոմի Ս. Պետրոս տաճարի հրապարակի նոր մուտք հանդիսացող Կոնչիլիացիոնեյի առանցքային պողոտայի վերաիմաստավորումն ու վերականգնումը, կամ Ս. Անջելո դղյակ ամրոցի ջրափոս ակոսների նախագծումը, որը Ադրիանոյի դամբարանի կառուցողական շքեղությունը ներկայացնելու ու սրա շրջակայքում կանաչ տարածություններ ստեղծելու նպատակն էր կրում: Արմեն Զարյանը շահել է 1982 թվականին Երևանի գլխավոր հատակագծի միութենական մրցանակը հեղինակային խմբի հետ միասին: Գլխավոր պողոտայի նախագիծ առաջարկը պետական պատվեր չի եղել: Այն հեղինակի պրպտումների ու ստեղծագործ մտքի արդյունք էր, թամանյանական գաղափարի իրականացման իմաստությունն էր, որը ներկայացվել ու հաստատվել է կառավարության կողմից «Երևաննախագիծ ինստիտուտում աշխատելու տարիներին:
Այսօր քաղաքապետարանը որոշել է Նալբանդյան-Հանրապետություն փողոցների հատվածում իրականացնել պուրակ այսինքն` Գլխավոր պողոտա, արդեն որպես հանգստի ու զբոսանքի բուլվարի տեղում անհեթեթ մի պուրակ, որի երկրաչափական ձևերը և կանաչի ու ջրային մակերեսների փոխհարաբերությունը դպրոցական մակարդակի են:

Աբովյան-Կողբացու հատվածը խորհրդային շրջանում չիրականացվեց այժմ` նոր նախագիծ է հաստատվել, որը ընդհատում է առանցքային հորինվածքը: Այն պահպանում ու կարմիր առանցքների վրա է հավաքում կենտրոնում հրաշքով մնացած մի քանի պատմական շենք: Երկհարկանի լուծումով ճարտարապետական գաղափարը հետաքրքիր է առանձին դիտված, սակայն խորթ է Գլխավոր պողոտայի ճարտարապետական մտահաղացմանը: Սարյան փողոցի սկզբնամասի, Հրազդանի կիրճ տանող թունելների մոտ, հեղինակի կողմից նախագծված ու կառուցված «Չորս արվեստների» շատրվանը ցավալի վիճակում է:

Տարիներ առաջ, նրա տեղում քաղաքապետարանը ևս մրցույթ էր հայտարարել այն քանդելու ու ոչնչացնելու նպատակով: Այս հատվածում առաջարկվել է կառուցել նաև Համազգային պետական թատրոնի շենքը: Չնայած այն հանգամանքին, որ այն ծավալային լուծում չունի, սակայն ինչու պետք է քանդել «Չորս արվեստների» շատրվանը այն վերականգնելու փոխարեն:
Սարյան-Մաշտոց հատվածը նողկալի է, աչքաթող վիճակում, քանդված ու անարգված, այն անվանակոչվել է` Կարեն Դեմիրճյան պողոտա: Սա ևս Գլխավոր պողոտան մասնատելու, ջլատելու հերթական փաստն է: Այն դեպքում, երբ մայրաքաղաք Երևանի հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը վաճառված է, այն ինչ մնում է Գլխավոր պողոտայի տխուր պատկերից, անիմաստ երևույթ է: Քաղաքի ամենագլխավոր ճարտարապետը որոշել է, որ Գլխավոր պողոտան վաճառքի ենթակա չէ և այն պետք է մնա իր ամբողջության մեջ: Այս ամբողջության տարբեր ստրատեգիական հատվածներում անօրինական առևտրի կրպակներն ու տաղավարները տեղադրվում, տեղափոխվում, տեղահանվում, ձևափոխվում են արդեն քանի տարի է: Եթե ժամանակ առաջ երևանցիների կողմից սիրված զբոսավայրը այսօր զոհասեղանի առջև դրված անմեղ գառ է, թող ախորժակ պահած և երկար սպասած բիզնեսմենները ներդնեն իրենց միջոցները և վերացնեն քաղաքի առանցքով ջախջախված վերջին կանաչ գոտին և այն դարձնեն առանցքային պանդոկ-վաճառատուն:
Հակված չեմ ենթադրել, որ Գլխավոր պողոտայի մասնակի քանդումը նվիրված է հեղինակի
ծննդյան հարյուրամյակին: Հակված եմ ենթադրել, որ այսօրվա ղեկավար մարմինները վերջապես կհասկանան, որ թամանյանական մտքի արգասիք Գլխավոր պողոտան, իր մեկ
ու կես կիլոմետր առանցքով, հանդիսանում է քաղաքաշինական միասնական օրգանիզմ և
այն մասնատելու ու քանդելու փոխարեն, պետք է վերականգնվի, վերանորոգվի, ամբողջացվի այսօրվա ժամանակակից մայրաքաղաքի պահանջների համաձայն: Հոգատարություն է հարկավոր, սեր ու հարգանք ժողովրդի զավակների ու նրանց թողած արժեքների հանդեպ:
Նորակառույց Հյուսիսային պողոտան այսօր վերանորոգվում է քանզի անորակ էր կառուցված իսկ, տարիքն առած Գլխավոր պողոտան, որ որակով էր կառուցված` քանդվում է:

Արա Զարյան
Միրանո-Վենետիկ,
25.07.2014

This entry was posted in Articles, Discussion and tagged , . Bookmark the permalink.