Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության Նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ – ամբողջը կարդալ` այստեղ:
Մրցույթի անցկացման նպատակի մասին կարդում ենք`
« Հայաստանի Հանրապետությունում անհատական բնակելի տների շինարարության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում, հանրապետության տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային-կենցաղային ավանդույթներին և պատմականորեն ձևավորված ճարտարապետական կերպարին ու գեղագիտական հատկանիշներին բնորոշ, տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ, բնակելի տների տարբեր տիպերի նախագծային առաջարկների մշակում՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի տեղագրական և բնակլիմայական պայմանները:»
Կարդում ու ապշում ես` սա ո՞ր դարում է տեղի ունեցել, թե ես եմ լուսնից իջել:
Քաղաքաշինության Նախարարությունը հայտարարում է մրցույթ նույն սկզբունքով, ինչպես թագավորն էր ուղարկում հեքիաթի հերոսին յոթ սարից այն կողմ, գտնել-բերելու «մի բան, չգիտեմ ինչ»…
Քաղաքաշինության Նախարարության հարգելի գործընկերներ, 21-երորդ դարի առաջին տասնամյակը արդեն բոլորել է, էս ի՞նչ մրցույթ ա, ի՞նչ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ: Որո՞նք են այդ տան ծրագրային պահանջները: Թե՞ սա ուսանողական ազատ թեմայով «Կլաուզուրա» ա, «- դե մի բան արե’ք էլի, տեսնենք ինչ հետաքրքիր բաներ կառաջարկեք»:
Գուգլ արեցի` Armenian House, – սրանք գտնվեցին, շատ սիրունիկ հին տներ:

Բանից պարզվում է նախարարությունը, ինչպես նշված է առաջին իսկ տողում ունի բնակելի տների խթանման ծրագիր: Դե եթե ունի ծրագիր, ունի նաեւ դրա համար նախատեսված ֆինանսավորում կամ ենթադրվող բյուջե:
Փնտրեցի հայերենով` «հայկական տներ», պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը տրամադրել է 13 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ բնակելի տների կատալոգ ստեղծելու համար: Կարծես թե խոսքը հենց նույն գործընթացի մասին է:
Հարգելի նախարարության աշխատակիցներ, անհատական բնակելի տների միասնական Կատալոգ կազմելը հանաք մասխարություն չի, մի մրցույթով հարցը չի լուծվի: Ձեր առաջարկած մրցույթային պահանջները շատ մակերեսային են եւ դրա հիման վրա չի կարելի անհատ կամ խմբով աշխատող ճարտարապտներից ակընկալել բնակելի տների նախագծային մշակումներ` այն էլ նախատեսված Հայաստանի տարբեր կլիմայական գոտիների համար:
Չխորանալով առաջադրանքի թերությունների մեջ նշեմ որ սոցիալիզմը մեր երկրում ավարտվել է եւ անհատական բնակելի տները պետական չեն, շինարարության պատվիրատուն էլ մասնավոր անձ է:
Համաձայն եմ, պետք է անհատին օգնել շինարարական տեխնոլոգիաների եւ այլ նոր միտումների մասին տեղեկություններ հաղորդելով: Բայց կատալոգը չի կարող խթանել հայկական ավանդույթների զարգացմանը:
Ակամայից սկսում ես ուրիշ բաներ մտածել` դե հնարավոր չի որ այսքան անտեղյակ լինեն: Ուրեմն նախօրոք խոսացած գործ ա` «ախպեր, գործը ձեզ ենք տալու, բայց մի հատ «Ֆուֆլո» մրցույթ հայտարարենք, հաղթող-մաղթող հայտարարենք կամ չգտնենք արժանի նախագիծ, որ հետո հետեւներիցս ավել-պակաս չհաչան…
Իսկ սա էլ հայերենով փնտրած գտածիս արդյունքը` տների լուսանկարներ, որոնք առընչվում են վերոհիշյալ գործընթացի հետ:

Ребята, уже не смешно!



Ճշտում:
Հարգելի կոլեգաներ, ներող եղեք, ես չէի կարդացել կայքի ներքեւում դրված մրցույթի պայմանները ներկայացնող փաստաթղթերը: Այո, Քաղաքաշինության Նախարարությունը կատարել է իր հիմնական պարտականությունը` կազմել է «Հայկական տան» առաջադրանքի պահանջները`
այդ թվում`
տրված է հարկայնությունը, մակերեսները, սենյակների քանակը, նույնիսկ կան ակնարկներ «էներգաարդյունատվության», «կանաչ ճարտարապետության» եւ շինարարական նոր տեխնոլոգիաների մասին:
Կա նաեւ Հայաստանի գոտիավորման կարգը` հյուսիսային, կենտրոնական եւ հարավային:
Դժբախտաբար այս ամենը կազմված է այնքան պարզունակ եւ մակերեսային, որ չեմ ուզում նույնիսկ ժամանակս վատնել քննարկելով դրանց թերությունները: Ասեմ միայն, որ վերը նված պահանջները գալիս են լրացնելու իմ հիմնական դիտարկումը, այն է որ կարծես ապրում ենք անցած դարի 80-ականի ժամանակները եւ այն էլ սովետական կարգերում:
Բայց դրա մասին արդեն համառոտ գրել եմ վերեւում:
Ինձ ավելի անհանգստացնում է մի այլ հարց, որի մասին հպանցիկ գրել էի նոթիս վերջում:
Դժբախտաբար, Քաղաքաշինության Նախարարությունը ենթադրում է, որ Հայաստանը կարիք ունի ստանդարտացված նախագծերի կատալոգի, որի միջոցով կլուծվեն մի շարք ճարտարապետական խնդիրներ, ինչպիսիք են`
պատմականորեն ձևավորված ճարտարապետական կերպարը, գեղագիտական հատկանիշներին բնորոշ, տեղական շինարարական նյութերի օգտագործումը, քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային-կենցաղային ավանդույթները:
Այսինքն նախարարությունը իր պետական ծրագրի իրականացման լուծումը տեսնում է կատալոգի ստեղծման մեջ: Դե կասեք, բայց սա միայն առաջին քայլն է, Ծրագիրը նպատակ ունի ձեւափոխել, կամ ավելի ճիշտ մասնավոր շինարարությունը «կարգի» բերել, դարձնել հայկականին հարիր:
Նպատակը շատ բարի է, բայց մեթոդները` հին, սովետական. այն է
Շինարարությունը թույլատրել միայն կատալոգում ընդգրկված նախագծերով: Ովքեր ուզում են ավելի մեծ, կամ այլ տուն, պետք է պատվիրեն եւ հաստատեն հատուկ նախագիծ:
Եւ իրենց կարծիքով, սա կխթանի անհատական բնակելի տների շինարարությունը:
Փաստորեն, «շինարար հայերս» ուզում ենք գյուղերում բնակելի տուն կառուցել եւ նախագծի պակաս կա: Կամ շինարարության փող ունենք, բայց նախագծին փող չենք ուզում տալ: