Ունենա՞լ, թե չունենա՞լ` այս է խնդիրը

Հուլիսի 20, 2013թ.

Հիմա, երբ համացանցերը քննարկում են` ՏԱ՞Լ, ԹԵ ՉՏԱԼ երթեւեկության սակագների բարձրացման խնդիրը, ես ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որ բուռն  քննարկման մեջ էր մոտ քսան օր առաջ: Խոսքս վերաբերվում է Երեւանի ներկա գլխավոր ճարտարապետի` Նարեկ Սարգսյանի դեմ հարուցված գործին:

Նարեկ Սարգսյանը ՀՊ-ի ֆոնին

Նարեկ Սարգսյանը ՀՊ-ի ֆոնին

Հոդվածս սկսել էի դեռ այդ ժամանակ, բայց քանի որ սա շատ լուրջ խնդիր է, ինձնից խլեց երեք շաբաթ այն ամփոփելու համար:

Այս թեմային արձագանքում են համարյա բոլոր հայկական համացանցային տեղեկատվական միջոցները, այդ պատճառով համարում եմ, որ բոլորը լիովին տեղեկացված են գործի մանրամասների հետ:

Նաեւ ենթադրում եմ որ ընթերցողը կարդացել կամ դիտել է մասնավորապես հետեւյալ տեղեկությունները, իսկ եթե ոչ, ապա դիտեք որ խոսակցությունը լինի հիմնավորված եւ առարկայական`

ԹԻ – 27.06.2013 հարուցած գործը`
http://transparency.am/news.php?l=am&id=674&inside=1

ՆՍ-ի 27.06.2013 մամուլի պատասխան բացատրությունը
http://transparency.am/news.php?l=am&id=676&inside=1

ԹԻ – 28.06.2013 հարուցած գործի պարզաբանումը`
http://transparency.am/news.php?l=am&id=675&inside=1

ՆՍ-ի անձնական կետ առ կետ բացատրությունները
http://www.aravot.am/2013/07/03/261479/

ԹԻ-3 Սոնա Այվազյանի հայտարարությունը`
http://transparency.am/news.php?l=am&id=678&inside=1#prettyPhoto

Այս բոլորը իրավաբանական խախտումներ եւ դրանից բխող որոշակի գործընթացներ են ենթադրում: Ես ինձ իրավասու չեմ համարում այդ հարցերի շուրջ խոսել` չնայած Նարեկ Սարգսյանի կողմը ներկայացնող բացատրությունները ուղղված են ընթերցողի լայն շրջանակներին եւ ենթադրում են գործից այնտեղյակ ունկնդիր:

Գործից մի քիչ տեղյակ մարդը անզեն աչքով կարող է տեսնել դրանց դեմագոգիկ բնույթը:

Չլինեմ մերկապարանոց`

– Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակվել է այն տարիներին (2004 հուլիս-2008 հուլիս), երբ նա որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Հենց այդ շրջանում՝ 2004-ին է ստեղծվել «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»:
(Ամբողջական այստեղ՝ http://168.am/2013/06/27/243934.html  © 168 Ժամ առցանց լրատվական կայք)

Քաղաքաշինությամբ զբաղվող ցանակացած մասնագետ ձեզ կասի որ քաղաքաշինական նախագծերը իրականացվում են երկարատեւ տարիների ընթացքում եւ բնականաբար Նարեկ Սարգսյանը, որ հրաշալի տիրապետում է ճարտարապետական բիզնեսի կանոններին 2004 ից մինչեւ 2008 թվականը եղած հատվածում իրականացրել է 2001 -թվականին իր իսկ կողմից առաջարկված եւ մշակված Հյուսիսային Պողոտայի կառուցապատման գլխավոր հատակագծով նախատեսնված շենքերի մեծ մասը: Իր նախագծած կառույցների մասին շատ մանրամասն պատմում է հենց ինքը Ն. Սարգսյանը, որը կարող եք դիտել “Երեւանի իմ տեսլականը կայացել է” այստեղ` http://www.youtube.com/watch?v=EN078DF1q_Y&feature=youtu.be

Դիտելով ներկայացված կառույցների եւ նախագծերի քանակությունը պարզ է դառնում այն սխեման թե ինչպես է տեղի ունեցել գլխավոր ճարտարապետի պաշտոնի չարաշահումը:

Բայց ինչպես Շուռ Դաբավողն է վերջացնում իր օրագրում http://dabavog.livejournal.com/588618.html `

– բայց սա արդեն իմ գործը չի, այլ հատուկ մարմինների։

Համաձայնվելով իր հետ կրկնեմ, ես այս հարցի շուրջ չեմ ուզում խոսել, որովհետեւ դա իմ գործը չի:

Ես որպես ճարտարապետ ցանկանում եմ քննարկել մի հիմնական խնդիր որի մասին եւս նշում է Շուռը վերոհիշյալ գրառման մեջ` Գլխավոր Ճարտարապետի գործնեության լինել-չլինելու հարցը: Այսինքն արդյոք Երեւան քաղաքին պետք է այդ գործառույթը ընդհանրապես:

Այս մասին ես անդրադարձել էի դեռ ժամանակին, 2011թ, հուլիսի 24-ի “ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ” հոդվածում – http://reark.org/articles-entries/architecture-as-a-reflection-of-the-society/ :

Մասնավորապես`  “Գլխավոր ճարտարապետի պաշտոնը տոտալիտար հասարակարգի մնացուկ է” բաժնում գրում եմ`

Հարցրեք նախկինում գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատած մարդկանց: Բոլորը ձեզ կասեն, որ դա շատ անշնորհակալ գործ է, քանի որ բոլոր կատարվածների մեղքը հետագայում բարդվում է կոնկրետ մարդու վրա: Այդ պաշտոնի ստատուսը ինքնին շատ վիճարկելի է, քանի որ ներկայացնում է ադմինիստրատիվ պարտականությունների, խճճված որոշումներ հանգուցալուծելու եւ ճարտարապետության (ենթադրյալ) արվեստի հետ առընչվող հարցերին լուծումներ տալուն:

Այստեղ հիշեցի, որ անցած տարի դեկտեմբերին Արթուր Մեսչյանը ճարտարապետների տանը կայացած հանդիպման ժամանակ (Arthur Meschyan, The role of an Architect as a citizen (12.05.2012) հանդիպումներ ճարտարապետների տանը) հայտնել է համանման կարծիք` թե բոլոր նետերը ուղղված են գլխավոր ճարտարապետի ուղղությամբ: Արթուր Մեսչյանը որպես բացառիկ ազնիվ մարդ եւ շնորհալի ճարտարապետ չի նկատել, որ անկախ իր կամքից ընդունում է այն փաստը որ գլխավոր ճարտարապետից շատ բան է կախված եւ խնդիրն այն է, թե ով է կուլ գնում արտաքին շահերի ճնշումներին եւ ով դիմակայում է ելնելով ճարտարապետական առաքելական սկզբունքներից:

Բայց հարցն էլ հենց դա է, որ – պետք չէ ունենալ մի պաշտոն, որի որոշումներից կախված է քաղաքի այսպիսին կամ այնպիսին լինելը:

Քանի որ, իմ նույն հոդվածից, շարունակաբար`

Սա նույն տոտալիտար (նախկինում միապետական) հասարակարգի արտահայտություն է:

Իսկ ժողովրդավարական ցանկացած հասարակությունում նման իրերի դրվածքը անընդունելի է, քանի որ մեկ մարդը զորու չէ եւ իրավունք չունի որոշելու բոլորի փոխարեն:

Բացի այն որ աշխարհի ոչ մի նորմալ երկրում գլխավոր ճարտարապետի պաշտոն չկա, այլեւ չկա առաջադրված այդպիսի խնդիր` միանձնյա ընդունել որոշումներ քաղաքի զարգացման բարդ եւ դժվարին հարցերի վերաբերյալ:

Նման հարցերը որոշվում են ոչ միայն ճարտարապետների, այլ հարակից մասնագետների մի ամբողջ բանակի երկարատեւ հետազոտությունների արդյունքում: Ժամանակակից քաղաքը շատ բարդ եւ խճճված համակարգ է, եւ իրականում ճարտարապետությունը այն խնդիրների միայն մի փոքր մասն է կազմում:

Այս տեսակետից շատ բնորոշ է, ինչ կարդում ենք Նարեկ Սարգսյանի 168Ժամ լրատվական կայքի 2013թ., Հունիսի 27-ի տեղեկատվության հենց առաջին պարբերությունում եւ հատկապես վերջին մասը`

Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած՝ մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան, Նարեկ Սարգսյան և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից:

(Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/06/27/243934.html

© 168 Ժամ առցանց լրատվական կայք)

Փաստորեն Նարեկ Սարգսյանը ընդունում է այն իրողությունը որ … մեր (Երեւան) քաղաքի եւ հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից:

Ասել է գլխավոր ճարտարապետների կողմից: Հենց սա է որ պետք է փոխել, բացառել, քանի որ դա վերացնում է շուկայական հարաբերությունների ամենակարեւոր գործող պայմանը` ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: Մրցակցություն, որ հիմնական նախապայմանն է լավագույնի ընտրության:

Եւ նորից իմ հոդվածից`

Բնականաբար տարբեր այլ ճարտարապետներ եւս ստանում են պատվերներ եւ անում նախագծեր: Դա նորմալ է: Բայց նախագծերի հաստատման մեխանիզմը ենթադրում է գլխավորի վերջնական հաստատման ճանապարհով ընտրության, զտման պրոցեսը: Այսինքն, քաղաքի գլխավոր ճարտարապետը անուղակիորեն կատարում է շենքերի ընտրություն իր ճաշակին համապատասխան:

Եւ արդյունքը իրեն սպասել չի տալիս: Քաղաքը վեր է ածվում միապաղաղ, նույնատիպ ճաշակ ներկայացնող կառույցների շարանի: Բացի այդ ժամանակի ընթացքում այդ ճաշակը հանրության մոտ ձեւավորվում է որպես առաջավորի միակ պատկերացում (չնայած իրականում դա պարտադրված, ոչ թե ընտրության պրոցես է):

Ավելորդ չէ նշել, որ նույնիսկ նման մեծանուն եւ տաղանդավոր ճարտարապետի կողքին, ինչպիսին Ալեքսանդր Թամանյանն էր, գործում էին լրիվ ուրիշ աշխարհայացք ունեցող վարպետներ: Ավելի քան համոզված եմ, որ եթե մի հիմար հրաշքով Երեւանում կառուցվեին միայն Թամանյանի նախագծած շենքերը, այն կդառնար շատ ձանձրալի մի քաղաք:

Ժամանակակից քաղաքի հմայքը նրա բազմազանության մեջ է: Այդ բազմազանությունը ուղղակիորեն արտացոլում է հասարակության բազմաշերտ, բազմակարծիք համույթը:

Սա հարցի կարծես թե կազմակերպչական կողմին է անդրադառնում, բայց իրականում խստորեն ազդում է եւ ճարտարապետական որակի վրա: Եւ որպես եզրափակում, կրկին իմ հոդվածից`

– Սա է նաեւ պատճառներից մեկը, որ անընդհատ ծամծմվում է հայկական ճարտարապետությանավանդականարժեքների հարցը, ենթադրելով, որավանդականըապահովում է գեղեցիկ ճարտարապետություն: Ցավոք դա այդպես չէ. ներկա ժամանակները ամեն օր առաջադրում են իրենց նոր խնդիրները, որը պետք է լուծել առանց վախենալու, իսկ դրա համար պետք է ամբողջ ճարտարապետական ներուժի ակտիվ մասնակցությունը ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ պայմաններում:

Հակառակ դեպքում մեր ճարտարապետությունը մեծ քայլերով ետ կմնա ժամանակի ընթացքից

Վերադառնալով այստեղ բարձրացրած հիմնական հարցին, թե արդյոք անհրաժեշտ է Գլխավոր Ճարտարապետի գործառույթը, ցանկացա ցույց տալ որ բացի պաշտոնի չարաշահումից, դրանից բխող քրեածին հետեւանքներով, կա հարցի նաեւ ավելի կարեւոր խնդիրը` ինչպիսի քաղաքում ենք ուզում ապրել: Եւ այստեղ հեծանիվ հնարելու կարիքը չկա: Ուսումնասիրեք տարբեր (ոչ նախկին սոցիալիստական տարածքում գտնվող) երկրների փորձը եւ կտեսնեք քաղաքի կազմակերպման բազմաթիվ լուծումներ, բայց մի տարր հաստատուն է բոլոր տեղերում` ճարտարապետական ստեղծագործական գործընթացները չեն կառավարվում, ասել է չկա “Գլխավորի” գաղափարը …

Եւ այդ առիթով ողջունելի եմ համարում Սարհատ Պետրոսյանի եւ Արսեն Կարապետյանի զրույցը ՍիվիլՆեթ-ում http://www.youtube.com/watch?v=AgtOoHmzDGY

Կարծում եմ, որ այս խնդիրը շատ արդիական է եւ իր երկար քննարկումների ու մտքեր փոխանակելու կարիք կա …

Արեգ Ասատրյան

This entry was posted in Articles, Discussion. Bookmark the permalink.