Մրցույթի գործով

Երեւանի քաղաքապետարանի հայտարարած Հանրապետության Հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի առիթով:
(Մրցույթի պայմանների ամբողջ տեքստը ` այստեղարվել են նաեւ ճշտումներ եւ լրացումներ):

Հանրապետության Հրապարակ

Հանրապետության Հրապարակ (Լուսանկարը` yerevan.am կայքից)

Մեծ հետաքրքրությամբ կարդացի մրցույթի նպատակի, մասնակցության պայմանների եւ ձեւաչափի մասին: Արդեն երկու օր է տարբեր մասնագետներ կարծիքներ են շարադրել մամուլում, որոնց հետ կարելի համաձայնվել կամ վիճել, բայց ես դրա իմաստը չեմ տեսնում:

Կուզեի անել մի քանի դիտարկում մտքերի փոխանակության նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ`

Մրցույթը հայտարարված է Երեւանի քաղաքապետարանի կողմից, բայց առհասարակ չեն ներկայացված ոչ մի ելակետային, հիմնարար փաստաթղթեր, ինչպիսիք են գոտիավորման եւ մանրամասն հատակագծման նախագծերը` օրինակ

1. «Կենտրոնի թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ»-ը, որ հաստավել է ՀՀ կսռավարության 14.05.2011թ. հ. 5074-Ա որոշմամբ (Սրա մասին կարող եք կարդալ հենց քաղաքապետարանի կայքում` այստեղ: Այդտեղ ներկայացված են Երեւանի քաղաքաշինությանը վերաբերող նախագծերը:)

Չասեմ, որ հենց քաղաքապետարանն է այն օղակը, որ պետք է իրականացնի իր իսկ կողմից մշակված նախագծերը, նաեւ ամեն առիթով մասսայականացնի իր գործառույթները:

2. Այս տարվա մարտի 25-ին վարչապետը թիվ 9 արձանագրությամբ հաստատեց «ԵՐԵՎԱՆԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ որոշումը (Կարդալ այստեղ):

Մրցույթի հայտարարողները չեն տրամադրում ոչ մի գրաֆիկական նյութ, որով գոնե ինչ որ կերպ նշվում են մրցույթի առարկա տարածքի ազդեցության սահմանները (кто этот пострадавший…?).

Այսինքն պարզ չի, թե ի՞նչ է հետապնդում այս մրցույթը` ընդունված որոշումների իրականացումը, թե դրանց «ֆուկ» անելը:

ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԵՒՈՐԸ`

Չկա ոչ մի թվային ցուցանիշներ, որոնք բնութագրում են արդեն 50 տարի ձեւավորվող հրապարակի գաղափարները:

Տպավորություն է ստեղծվում, կարծես ամեն ինչ սկսում ենք նորից ու ոչինչ չգիտենք կամ էլ (դե գիտենք էլի, ո՞վ զահլա ունի երկար բարակ բաներ կարդալու):

– հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով,

Ոչ մի թվային ցուցանիշ` մեկ ժամում քանի մեքենա է մտնում դուրս գալիս, եւ որն է ծանրաբեռնվածության սահմանը Երեւանի կենտրոնական հրապարակի համար: Եւ հետո, ո՞րն է բացասական ազդեցությունը` շա՞տ են վթարները, մարդիկ դժվարանո՞ւմ են հրապարակում տեղաշարժվել, թե՞ մեքենաների արտաթորանքն է խեղդում:

(Ընդհանրապես, ճարտարապետները խուսափում են թվեր հավաքագրել եւ եզրակացություններ անել ըստ դրանց ցուցանիշների): Իսկ քաղաքաշինությունը հիմնականում հիմնված է թվային տվյալների եւ դրանց վերլուծության վրա:

– Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները,

Կրկին ոչ մի թվային ցուցանիշ` որո՞նք են կառուցապատման եւ հարկայնության սահմանները, որ խախտվել են: Է դնենք մի 30 հարկանի պատ կառուցենք ու փակենք բոլոր «աղճատող» սիլուետները:

էլ չշարունակեմ, քանի որ մնացածը նույն ոճով գրված “միստիկ գրականության” ժանրից է:
Հիմա մի քանի խոսք այս ամենի մասին:

Հարգելի պարոնայք եւ տիկնայք` բոլոր պատկերացումները քաղաքի կենտրոնի, կառուցապատման ձեւերի, տրանսպորտային հարցեր կարգավորելու մասին էապես փոխվել են:

Հիմա բաներ եմ ասելու, որ բոլորը ինձնից վերջնականապես երեւի կնեղանան…

– Տրանսպորտի գերբեռնվածությունը իջեցնելու համար պետք է դժվարացնել մեքենաների հոսքը դեպի կենտրոն: Այսինք, ոչ թե կառուցել ստորգետնյա կայանատեղի հենց հրապարակում (որի գաղափարը, վաղուց քննարկվում է վերին կուլիսներում) որը կապահովի մեքենաների հոսքը դեպի հրապարակ, այլ պետք չէր բացել Իտալական կոչվող փողոցը, ու հարավ-արեւմուտքից եկող տրանսպորտի մեծ մասը ուղղել հրապարակ: Իսկ հրապարակում կայանելը սահմանափակել որոշակի րոպեների սահմաններում:

– Անմիջականորեն հարող տարածքները դնել հատուկ կարգավորման խիստ գոտու մեջ, դադարեցնելով որեւէ կառուցապատումը մոտակա 5 տարիների համար (քաղաքում լիքը ուրիշ տարածքներ եւ գործեր կան անելու, գնացեք զբաղվեք դրանով):

Սիլուետ ունենք, աշխարհը չունի: Ունենք այն, ինչ որ ունենք: Հիմա ի՞նչ, էլի՞ քանդելու խնդիր է առաջացել:

– խորհրդանիշ եւ համազգային… բլա, բլա… Վերջ տվեք այդ հիմար մտքերին` տարին մի երեք-չորս անգամ միջոցառում եք անում, ամեն միջոցառում ունի իր ոճը եւ կիրառման ձեւերը: Հենց լավ է, որ հիմնական տրիբունա չկա: Ամեն միջոցառում կսարքի իր թեթեւ եւ ժամանակավոր տրիբունան (եթե պետք է) ու ամեն ինչ շատ արդիական կլինի: Տպավորություն ունեմ, թե ներկա իշխանությունները ներքին նախանձով են հիշում «պոլիտբյուրոյի» տրիբունայից ձեռքով ողջունող ղեկավարներին: Դրա լուծումը կա` կանգնում եք ձեր պատշգամբում եւ ձեռքի թափահարումով ողջունում եք անցնող ժողովրդին…

Եւ վերջապես`

… Մրցութային նախագծերը ներկայացվում են համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով:

Կրկին նույն պրոբլեմն է` զահլա չունենք կարդալու ձեր գրածները: Ամեն ինչ համառոտ, ժամանակ չկա, ֆինանսավորման ֆոնդերը կփախնեն: Ուղղակի մի երկու բան-ման գծեք, տեսնենք ինչ լավ մտքեր կան, թե չէ մնացածը մենք գիտենք, ոնց չենք անելու…

Իրականում Հանրապետության հրապարակի կարգի հրապարակներ այլեւս չեն կառուցում, համենայն դեպս զարգացած երկրներում: Մարդկանց գրավում են ավելի կամերային չափերի, մարդկային շփումներին հարմար հանրային տարածքները` կանաչապատ, ստվերախիտ գողտրիկ անկյուններով, որտեղ մարդ կուզի նստել, նայել, շփվել անծանոթ համաքաղաքացիների հետ: Մի խոսքով հունական ագորա, ոչ թե համազգային հանդիսությունների ֆորում: Սա իմ անձնական կարծիքն է:

Չկարծեք թե ես մեր հրապարակը չեմ սիրում: Դա իրոք ճարտարապետական նվաճում է եւ կարծում եմ միջազգային կարգի հուշարձան:

Եկեք ուղղակի պահենք իրեն, եւ ոչ թե անընդհատ բզբզենք, ոնց որ մեր թաղի Կարպիս քեռին, որ իր սեւ ԶԻՄ-ը ամեն իրիկուն լվանում էր, որ հպարտանա հարեւանների առաջ:

հոգնեցի` վերջ…

Հ.Գ.
Երևանն արդեն 2794 տարեկան է: (Գրված է Երեւան քաղաքի համացանցային կայքում:)

Եկեք առաջ գնանք, ոչ թե դոփենք նույն տեղում…

This entry was posted in Articles, Discussion. Bookmark the permalink.