Երեկ Լիլիթ Պիպոյանը ՖԲ-ում դրել էր այս լուսանկարը եւ հարցրել, թե ինչ կարծիք ունեն ճարտարապետները:

Ես աշխատանքի թունդ ժամին նայեցի ու մի քիչ տխրած գրեցի սա`
«Լիլիթ ջան, քեզ շին կատարման մաքրությունն ա գրավում եւ ճակատի խուլ եւ բացվածքների խաղը։ Քարը սենց չպետք է աշխատացնել։ Սա լավ կատարված մաներիզմ ա …»
Հետո երբ եկա տուն եւ հղումներից իմացա, որ ԱրխԿոոպի աշխատանքն է, որոշեցի որ պետք է սրա մասին ավելի մանրամասն գրել, քանի որ իրենց նախագծերը շատ եմ հավանում: Հավանում եմ իրենց հետեւողական դիրքորոշումը: Անձամբ ճանաչում եմ Գարեգին Եղոյանին եւ Արսեն Կարապետյանին ու ոչ առաջին տարին:
Ամեն մի նոր նախագծի իրականացումը արդեն երջանկություն ա ճարտարապետի համար ու անկեղծ շնորհավորում եմ տղեքին, որովհետեւ երբ տեսնում ես նախագծիդ իրականացումը, հասկանում ես թե մյուս անգամ ինչ պետք է անես կամ չանես:
Հիմա գործից:
Նախ`
ա) շատ կարեւոր է ՖԲ-ում գրածիս վերջին նախադասությունը, որ միայն ճակատով ճարտարապետության մասին պետք չի դատել: Կուզեի, որ մենք ավելի լուրջ վերաբերվենք մեր մասնագիտությանը, մանավանդ Ճարտարապետների օրը:
Ինչ վերաբերվում է ԱրխԿոոպին, սա ավելի քան տեղին տարակուսանք ա, քանի որ իրենց գործերը միշտ ունեն հետաքրքիր լուծումներ, որոնք բացահայտվում են հենց ճակատից մի կողմ կամ ներս անցնելուց հետո:
բ) հետո, երկրորդ նախադասությունը «Քարը սենց չպետք է աշխատացնել»: Սա շատ ջուր վերցնող խոսակցություն ա, դժվար մի նոթի տարածքում բացատրելու համար: Սրա մասին թեթեւակի նշել էի «Անկախին» տված հարցազրույցում`
«Հայաստանյան ճարտարապետական ավանդույթների մասին կարճ` հայերս ունենք քարի, որպես շինարարական նյութի հետ աշխատելու դարավոր փորձ: Վերջին երկու 19-րդ եւ 20-րդ դարերի ընթացկում այլ նյութերի հետ աշխատելու համաշխարհային փորձի յուրացումը կարծես կիսատ մնաց: Մեր դպրոցը համընթաց էր քայլում անցած դարի մինչեւ 60-70 ական թվականները, երբ շինարարական հիմնական նյութերը մնում էին քարը, երկաթ բետոնը: Դրա մասին կարող ենք դատել այսպես կոչվող սովետական մոդեռնիզմի հայկական լավագույն օրինակներ վրա` դա հիմնականում երկաթ բետոնե ճարտարապետության լեզուն է ..» ամբողջը այստեղ:
Այս առումով, ցավալի է որ ԱրխԿոոպը, որը հիանալի տիրապետում է նյութը որպես արտահայտչամիջոց աշխատացնելու բոլոր հնարքներին, կարծես մի քայլ նահանջել է: ԱրխԿոոպ (ArchCoop) նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Սա ես հիմա եմ ասում երբ արդեն գիտեմ, որ իրենց գործն է, քանի որ ինչքան բարձր ես գնահատում, այնքան էլ ավելի պահանջկոտ ես վերաբերվում: Նաեւ կարծես թե խելքը գլխին պատվիրատու է հանդիպել, բայց էլի հարցերը միայն քարով են լուծվել:
գ) Պարիսպը, մանավանդ պարիսպը: Սա իհարկե Հայաստանում, ճարտարապետի որոշելու տիրույթից շատ դեպքերում դուրս ա, բայց իմ կարծիքով հասնում ա պատալոգիայի:
Լրիվ պատկերացնում եմ, որ տենց հարցերում պատվիրատուն ինչքան թելադրող է իր ճաշակով, կարծիքով, բայց մեկա գլուխս չի մտնում ո՞նց է մարդ էդքան փող դնում ընդամենը զաբոռի մեջ ու էն էլ սենց խուլ:
Գուցե ԱրխԿոոպը սա հատուկ ա արել, որ շեշտի հայ իրականության մարդատյացությունը ու ներքին վախերը իր շրջապատից: Իզուր չի որ հայերենում պատսպարվելը հենց ՊԱՏն ա:
Բայց կա նաեւ մի ուրիշ մոտեցում` հունական ատրիումի եւ մուսուլմանական արեւելքի հայկական տարբերակը: Դրա փորձը ժամանակին արել էր ինքը Ռաֆայել Իսրայելյանը իր սեփական տան նախագծում` լրիվ խուլ պատ մի շքամուտքով եւ մի պատշգամբ բացվածքով: Իսկ տան ներքին հատակագծային լուծումը ուղղված էր դեպի բակ: Մեծ սենյակը իր առջեւ ուներ գետնից երկու աստիճան բարձր մի հարթակ-տերրաս, որտեղ էլ անցնում էր ամառային օրերի մեծ մասը: Բայց այստեղ մի կարեւոր տարբերություն կա` տունը դրված էր հենց կարմիր գծի վրա եւ խուլ պատը ինքը հենց պարիսպն էր:
(Իհարկե, տունը իր նախագծային տեսքից փոխվել է` փակվել, շարվել է գլխավոր շքամուտքը եւ պատշգամբը):
գ) ու վերջապես մաներիզմի հաշվով:
Սա ամենաբարդ ու նուրբ, համարյա անտեսանելի խնդրո առարկա է: Մաներիզմի ձեւակերպումը կարող եք գտնել եւ կարդալ ինքներդ, Վիքի-ում կամ ասենք այստեղ :
Բայց ինչպես Ռոբերտ Վենթուրին եւ Դենիզ Սքոթ Բրաունն են գրում իրենց “Architecture as Signs and Systems, For a Mannerist Time” գրքում – So here is complexity and contradiction as mannerism, or mannerism as the complexity and contradiction of today – in either case, today it’s mannerism, not Modernism.
Ասելս այն է, որ ժամանակակից ճարտարապետությունը իր Վերածնունդից անցնում է դեպի իր Մաներիզմը մինչեւ հասնի իր Բարոկոյին 🙂 Հիմա թե հայերս այս պրոցեսի մեջ որտեղ ենք լռվել շատ բարդ հարց ա:
Վերադառնալով մեր բուն թեմային տպավորություն ունեմ թե ժամանակակից “հայկական տունը” իր տիրոջ նման քաղքենի է, համ ուզում է ցուցադրել եւ միեւնույն ժամանակ թաքնվել օտար աչքից: Ու սրա մեջ արդեն մաներիզմ կա, անկախ նրանից թե մենք ճարտարապետներս դա գիտակցում ենք թե ոչ:
Կարծում եմ, որ կարելի է հետաքրքիր խոսակցություն բացել ներկա եւ ապագա հայկական մենատան տիպաբանության ու ճարտարապետական խնդիրների մասին: ՏՈՒՆ նախագծելը իրականում ճարտարապետության հիմնական եւ ամենակարեւոր բնագավառներից մեկն ա: Բայց մենք դրան վերաբերվում ենք, ոնց որ երկրորդական (դե փող աշխատելու) գործ: Այս պարագայում նկատի չունեմ ԱրխԿոոպին` իրենք հրաշալի գործեր են անում այս բնագավառում եւ նաեւ իրենց շնորհիվ Երեւանում եւ նաեւ պետության այլ տարածքներում սկսվեցին հայտնվել հետաքրքիր մենատներ, որտեղ երեւում է ճարտարապետի աշխատանքի արդյունքը:
Խոսքս ընդհանրապես այդ բնագավառում ճարտարապետության վիճակի մասին է:
Իմ կարծիքով երկրի ճարտարապետության զարգացման մակարդակը որոշվում ա ոչ թե կառուցվող եկեղեցիներով այլ հենց ամենահասարակ բնակելի տներով:
Ու Հայաստանում արդեն ահագին քանակությամբ մենատներ կան նախագծված կամ կառուցված եւ այդ փորձը մասնագիտական շրջանակներում քննարկելը շատ հետաքրքիր կլինի:
Հուլիսի 1, 2016

Արեգ ջան, ինչո՞ւ ես զարմացել որ կարծիք եմ հարցնում։ Ես դա անում եմ ոչ թե սեփական կարծիք չունենալու կամ ուրիշների հաշվին այն ձևավորելու միտումով, այլ ինձ հետաքրքրում է, ո՞նց են մարդիկ գնահատում այդ կառույցը, որը ինքս շատ հավանեցի։ Այն առանձնանում է մեր ճարտարապետական միջավայրում, ուստի ուզեցի հետազոտություն անել այդ կապակցությամբ։ Մի՞թե դա նշանակում է, որ ես անլուրջ եմ վերաբերվում մասնագիտությանս։
Լիլիթ ջան, իհարկե բոլորն էլ կարծիք հարցնելու կամ այս տան մասին հետազոտություն անելու իրավունք ունեն:
Իհարկե դու ինչպես ամեն ինչին, նաեւ ճարտարապետությանը ամենայն լրջությամբ եւ հիմնավոր ես մոտենում: Երեւի միտքս լավ չեմ ձեւակերպել` նկատի ունեմ, որ մի ճակատի լուսանկարը բավարար չի շենքի մասին կարծիք կազմելու համար:
Այս նոթը մի տարվա հնության է եւ արժե սրա մասին խոսակցությունը վերսկսել:
հարգանքներով` Արեգ
🙂