Հայկական մենատան մասին

Երեկ Լիլիթ Պիպոյանը ՖԲ-ում դրել էր այս լուսանկարը եւ հարցրել, թե ինչ կարծիք ունեն ճարտարապետները:
Նոր կառուցվող տուն: Ճարտարապետ` ԱրխԿոոպ
Ես աշխատանքի թունդ ժամին նայեցի ու մի քիչ տխրած գրեցի սա`
«Լիլիթ ջան, քեզ շին կատարման մաքրությունն ա գրավում եւ ճակատի խուլ եւ բացվածքների խաղը։ Քարը սենց չպետք է աշխատացնել։ Սա լավ կատարված մաներիզմ ա …»
Հետո երբ եկա տուն եւ հղումներից իմացա, որ ԱրխԿոոպի աշխատանքն է, որոշեցի որ պետք է սրա մասին ավելի մանրամասն գրել, քանի որ իրենց նախագծերը շատ եմ հավանում: Հավանում եմ իրենց հետեւողական դիրքորոշումը: Անձամբ ճանաչում եմ Գարեգին Եղոյանին եւ Արսեն Կարապետյանին ու ոչ առաջին տարին:

Ամեն մի նոր նախագծի իրականացումը արդեն երջանկություն ա ճարտարապետի համար ու անկեղծ շնորհավորում եմ տղեքին, որովհետեւ երբ տեսնում ես նախագծիդ իրականացումը, հասկանում ես թե մյուս անգամ ինչ պետք է անես կամ չանես:

Հիմա գործից:
Նախ`
ա) շատ կարեւոր է ՖԲ-ում գրածիս վերջին նախադասությունը, որ միայն ճակատով ճարտարապետության մասին պետք չի դատել: Կուզեի, որ մենք ավելի լուրջ վերաբերվենք մեր մասնագիտությանը, մանավանդ Ճարտարապետների օրը:
Ինչ վերաբերվում է ԱրխԿոոպին, սա ավելի քան տեղին տարակուսանք ա, քանի որ իրենց գործերը միշտ ունեն հետաքրքիր լուծումներ, որոնք բացահայտվում են հենց ճակատից մի կողմ կամ ներս անցնելուց հետո:

բ) հետո, երկրորդ նախադասությունը «Քարը սենց չպետք է աշխատացնել»: Սա շատ ջուր վերցնող խոսակցություն ա, դժվար մի նոթի տարածքում բացատրելու համար: Սրա մասին թեթեւակի նշել էի «Անկախին» տված հարցազրույցում`
«Հայաստանյան ճարտարապետական ավանդույթների մասին կարճ` հայերս ունենք քարի, որպես շինարարական նյութի հետ աշխատելու դարավոր փորձ: Վերջին երկու 19-րդ եւ 20-րդ դարերի ընթացկում այլ նյութերի հետ աշխատելու համաշխարհային փորձի յուրացումը կարծես կիսատ մնաց: Մեր դպրոցը համընթաց էր քայլում անցած դարի մինչեւ 60-70 ական թվականները, երբ շինարարական հիմնական նյութերը մնում էին քարը, երկաթ բետոնը: Դրա մասին կարող ենք դատել այսպես կոչվող սովետական մոդեռնիզմի հայկական լավագույն օրինակներ վրա` դա հիմնականում երկաթ բետոնե ճարտարապետության լեզուն է ..» ամբողջը այստեղ:
Այս առումով, ցավալի է որ ԱրխԿոոպը, որը հիանալի տիրապետում է նյութը որպես արտահայտչամիջոց աշխատացնելու բոլոր հնարքներին, կարծես մի քայլ նահանջել է: ԱրխԿոոպ (ArchCoop) նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Սա ես հիմա եմ ասում երբ արդեն գիտեմ, որ իրենց գործն է, քանի որ ինչքան բարձր ես գնահատում, այնքան էլ ավելի պահանջկոտ ես վերաբերվում: Նաեւ կարծես թե խելքը գլխին պատվիրատու է հանդիպել, բայց էլի հարցերը միայն քարով են լուծվել:
գ) Պարիսպը, մանավանդ պարիսպը: Սա իհարկե Հայաստանում, ճարտարապետի որոշելու տիրույթից շատ դեպքերում դուրս ա, բայց իմ կարծիքով հասնում ա պատալոգիայի:
Լրիվ պատկերացնում եմ, որ տենց հարցերում պատվիրատուն ինչքան թելադրող է իր ճաշակով, կարծիքով, բայց մեկա գլուխս չի մտնում ո՞նց է մարդ էդքան փող դնում ընդամենը զաբոռի մեջ ու էն էլ սենց խուլ:
Գուցե ԱրխԿոոպը սա հատուկ ա արել, որ շեշտի հայ իրականության մարդատյացությունը ու ներքին վախերը իր շրջապատից: Իզուր չի որ հայերենում պատսպարվելը հենց ՊԱՏն ա:
Բայց կա նաեւ մի ուրիշ մոտեցում` հունական ատրիումի եւ մուսուլմանական արեւելքի հայկական տարբերակը: Դրա փորձը ժամանակին արել էր ինքը Ռաֆայել Իսրայելյանը իր սեփական տան նախագծում` լրիվ խուլ պատ մի շքամուտքով եւ մի պատշգամբ բացվածքով: Իսկ տան ներքին հատակագծային լուծումը ուղղված էր դեպի բակ: Մեծ սենյակը իր առջեւ ուներ գետնից երկու աստիճան բարձր մի հարթակ-տերրաս, որտեղ էլ անցնում էր ամառային օրերի մեծ մասը: Բայց այստեղ մի կարեւոր տարբերություն կա` տունը դրված էր հենց կարմիր գծի վրա եւ խուլ պատը ինքը հենց պարիսպն էր:

Ճարտարապետի տունը 2010թ.

Ճարտարապետի տունը 2010թ.

(Իհարկե, տունը իր նախագծային տեսքից փոխվել է` փակվել, շարվել է գլխավոր շքամուտքը եւ պատշգամբը):

գ) ու վերջապես մաներիզմի հաշվով:

Սա ամենաբարդ ու նուրբ, համարյա անտեսանելի խնդրո առարկա է: Մաներիզմի ձեւակերպումը կարող եք գտնել եւ կարդալ ինքներդ, Վիքի-ում կամ ասենք այստեղ :

Բայց ինչպես Ռոբերտ Վենթուրին եւ Դենիզ Սքոթ Բրաունն են գրում իրենց “Architecture as Signs and Systems, For a Mannerist Time” գրքում – So here is complexity and contradiction as mannerism, or mannerism as the complexity and contradiction of today – in either case, today it’s mannerism, not Modernism.

Ասելս այն է, որ ժամանակակից ճարտարապետությունը իր Վերածնունդից անցնում է դեպի իր Մաներիզմը մինչեւ հասնի իր Բարոկոյին 🙂 Հիմա թե հայերս այս պրոցեսի մեջ որտեղ ենք լռվել շատ բարդ հարց ա:

Վերադառնալով մեր բուն թեմային տպավորություն ունեմ թե ժամանակակից “հայկական տունը” իր տիրոջ նման քաղքենի է, համ ուզում է ցուցադրել եւ միեւնույն ժամանակ թաքնվել օտար աչքից: Ու սրա մեջ արդեն մաներիզմ կա, անկախ նրանից թե մենք ճարտարապետներս դա գիտակցում ենք թե ոչ:

Կարծում եմ, որ կարելի է հետաքրքիր խոսակցություն բացել ներկա եւ ապագա հայկական մենատան տիպաբանության ու ճարտարապետական խնդիրների մասին: ՏՈՒՆ նախագծելը իրականում ճարտարապետության հիմնական եւ ամենակարեւոր բնագավառներից մեկն ա: Բայց մենք դրան վերաբերվում ենք, ոնց որ երկրորդական (դե փող աշխատելու) գործ: Այս պարագայում նկատի չունեմ ԱրխԿոոպին` իրենք հրաշալի գործեր են անում այս բնագավառում եւ նաեւ իրենց շնորհիվ Երեւանում եւ նաեւ պետության այլ տարածքներում սկսվեցին հայտնվել հետաքրքիր մենատներ, որտեղ երեւում է ճարտարապետի աշխատանքի արդյունքը:

Խոսքս ընդհանրապես այդ բնագավառում ճարտարապետության վիճակի մասին է:

Իմ կարծիքով երկրի ճարտարապետության զարգացման մակարդակը որոշվում ա ոչ թե կառուցվող եկեղեցիներով այլ հենց ամենահասարակ բնակելի տներով:

Ու Հայաստանում արդեն ահագին քանակությամբ մենատներ կան նախագծված կամ կառուցված եւ այդ փորձը մասնագիտական շրջանակներում քննարկելը շատ հետաքրքիր կլինի:

Հուլիսի 1, 2016

This entry was posted in Notes and tagged , , , . Bookmark the permalink.