Եկեք մտածենք միասին

Ապրիլի 27, 2011

Լքված հուշարձան Հանրապետության փ. 15.
Լուս. Եվա Սարգսյանի

Վերջերս կարդացի Սոնա Խաչատրյանի ‘Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել‘ հոդվածը հրատարակված ապրիլի 7-ին, “PanArmenian.net” կայքում, որ անդրադառնում է Երեւանի ցավոտ հարցերից մեկին` պատմական հուշարձանների պահպանմանը:

Հեղինակը դիպուկ նկատել է, որ այդ հարցով զբաղվող կազմակերպությունների քանակը երեքն են, բայց արդյունքում շենքերը մեծ արագությամբ վերանում են “այլ տեղում վերակառուցվելու” պատրվակով: Հեղինակը նաեւ հետեւողականորեն փորձել է պարզել, թե որտեղ են պահվում արդեն համարակալված եւ ապամոնտաժված շենքերի քարերը, որը դեռեւս անհասանելի գաղտնիք է մնում: Հոդվածից պարզում ենք, որ ապամոնտաժված շենքերը կվերականգնվեն Աբովյան, Կողբացի, Արամի եւ Բյուզանդ փողոցների միջեւ հատկացվելիք տարածքում:

Խորհուրդ եմ տալիս կարդալ հոդվածը ամբողջությամբ, բայց այստեղ կուզեի խոսել պահպանման հարցին առընչող խնդրի ուրիշ կողմի մասին:

Պարզաբանենք, որ խոսքը “Հին Երեւան” կոչվող նախագծի մասին է, որի իրականացման առիթով ժամանակին հայտարարությամբ ելույթ էր ունեցել քաղաքի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ` Սամվել Դանիելյանը “PANORAMA.AM” էլեկտրոնային կայք-տեղեկատվական թերթում 2009 թվի, փետրվարի 6-ին, (նյութը կարող եք նայել այստեղ`- http://www.panorama.am/am/society/2009/02/06/yerevan/ ):

Հիշեցնենք, որ ըստ պարոն Դանիելյանի շինարարական աշխատանքները սկսվելու էին այն ժամանակ, ասել է 2009-ին: Նույն հայտարարության մեջ նա հույս էր հայտնում որ հաջողության դեպքում “Հին Երեւան” թաղամասի շինարարություն կավարտվեր երեք տարվա ընթացքում: Այնպես որ դեռ հույս կա 2012-ին տեսնել հուշարձան շենքերի որոշ մասը վերականգնված տեսքով: Վերոհիշյալ հոդվածին հղվելու առիթը հիշաչարությունը չէ, թե խոստումները չեն իրականանում: Չիրականացման պատճառները կարող են շատ տարբեր լինել եւ նույնիսկ մի քաղաքի հնարավորություններից վեր:

Մեզ հետաքրքրում է Երեւան քաղաքի հուշարձանների պահպանման հետ կապված հարցի լրիվ ուրիշ կողմը:

Նախ` վերջապես հասկանանք թե մեր քաղաքին իրո՞ք պետք են այդ հուշարձանները, թե ոչ: Կարծում եմ, դեռ չի գտնվել մեկը նրանցից, որ այսպես թե այնպես աջակցում են այդ շենքերի վերացմանը, ուղիղ խոսքով հայտարարի` – “դե ժողովուրդ ջան, խանգարում ա էլի, եկեք քանդենք ու տեղում կարգին, մեծ-մեծ, նոր շենքեր սարքենք: Վերադառնալով պարոն Դանիելյանի խոսքին մեջբերեմ այս տողերը –

– Թեև ծրագիրն իրականացվում է քաղաքի կենտրոնի վերակառուցման շրջանում, Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հավաստմամբ, այդմտահղացումը նոր չէ: «Այս շենքերը մեկտեղելու, հին Երևանին բնորոշ միջավայրստեղծելու փորձեր և քննարկումներ եղել են դեռ խորհրդային տարիներին, բայցծրագիրը մնացել է չիրականացված»,- ասաց Ս. Դանիելյանը և հավելեց. «Այսօր դրաանհրաժեշտությունն առավել քան կարևոր է, քանի որ նոր թափ ստացածքաղաքաշինական հսկայածավալ գործընթացների արդյունքում շատ շենքեր կամապամոնտաժվում են, կամ էլ հայտնվում բոլորովին օտար միջավայրում, միասնականչեն և կորցնում են իրենց գեղարվեստական իրական արժեքը ոչ հարմար միջավայրում»:

Այստեղ է թաքնված խնդիրը – «…քաղաքաշինական հսկայածավալ գործընթացների արդյունքում շատ շենքեր կամ ապամոնտաժվում են, կամ էլ հայտնվում բոլորովին օտար միջավայրում, միասնական չեն և կորցնում են իրենց գեղարվեստական իրական արժեքը ոչ հարմար միջավայրում»:

Այսինքն, մենք ճարտարապետներս, քաղաքաշինարարներս նախագծում, նախատեսում եւ կառուցում ենք նոր շենքեր, որոնց կողքին ԱՐԴԵՆ կամ ԴԵՌ գոյություն ունեցող հուշարձան շենքերը հայտնվում են բոլորովին օտար, ոչ միասնական, ոչ հարմար միջավայրում:

Այսինքն մերօրյա ճարտարապետներս չենք կարողանում իրականացնել մեր հիմնական մասնագիտական խնդիրը` այն է ստեղծել ժամանակի եւ տարածության մեջ համահունչ, միասնական հարմարավետ միջավայր:

Մեր խորը համոզմամբ “Հին Երեւան” նախագիծը եւ բոլոր նախկինում մտահղացված գաղափարները, թե -եկեք այս սեւ շենքերը տանենք հավաքենք մի տեղ, որ մեր քաղաքին նոր շինարարության զարգացմանը չխանգարեն,- ԶԱՌԱՆՑԱՆՔ է: Եւ դա է միակ եւ հիմնական պատճառը, որ այսքան տարիներ անց, ոչ մի խելամիտ մարդ չի ուզում իրականացնել այն: Թող ներեն այդ նախագծի հեղինակները, եւ բոլոր նրանք որ երեսուն տարի առաջ են հղացել նմանատիպ մտքերը, համոզված ենք որ իրենք անկեղծորեն ուզում են փրկել, մի ճար գտնել այդ շենքերը վերկանգնելու համար: Լիովին հասկանում ենք իրենց սրտացավ մոտեցումը:

Բայց հին շենքերը մի տեղում իրար գլխի հավաքելով ՄԻՋԱՎԱՅՐ չի ստեղծվի, քանի որ այդ միջավայրի ամենակարեւոր գործոնը` ԺԱՄԱՆԱԿԸ, հնարավոր չէ վերականգնել: Քանի որ այդ հին շենքերը ճարտարապետական փայլուն գործեր չեն, դրանցով կայացած ՄԻՋԱՎԱՅՐՆ էր հրաշալի:

Չենք խոսում այն մասին, որ այդ շենքերի միայն ճակատները չեն կարեւորվում եւ քարերի համարակալումով հարց չի լուծվելու: Այդ շենքերը մեր քաղաքի մասն են իրենց ամբողջության մեջ` բակերը իրենց թթի ծառերով, նկուղները եւ մառանները, ներսի կահույքը եւ ջնարակած սալիկապատ պատի վառարանները, բակին նայող փայտե պատշգամբները…

Եւ նախագծի հեղինակները միամտաբար հավատում կամ հավատացնում են մեզ, թե այս ամենը ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ է?

Լուծումը այլ հարթության մեջ է գտնվում: Դա քաղաքի եւ մասնավորի շահերի բախման հանգուցալուծումն է: Իսկ դրա համար աշխարհում շատ տարբեր լուծումներ կան, որոնցից ոչ մեկը գուցե մեզ հարմար չէ, քանի որ մենք հայերս հատուկ ազգ ենք եւ մեզ հատուկ լուծումներ են պետք:

Եկեք մտածենք միասին…

Ապրիլի 27, 2011
Արեգ Ասատրյան

Խորին շնորհակալություն եմ հայտնում Լեւոն Գրզիկյանին սիրով տրամադրած լուսանկարների համար:

Սոնա Խաչատրյանի հոդվածի հղումը` panarmenian.am կայքում այստեղ

This entry was posted in Articles and tagged , . Bookmark the permalink.