Zoning text of “Centre” district of Yerevan / Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ – Բացատրագիր

Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ – Բացատրագիր

Որպես Երևանի Կենտրոն համայնքի կանոնակարգման և կարգավորման տարածահատակագծային հիմնական տարրեր և բարձր քաղաքաշինական արժեքի տարածքներ, նախագծում առանձնացվում են`
 Քաղաքի կենտրոնի միջուկը, որն ընդգրկում է Հանրապետության հրապարակին և Օպերային թատրոնին հարող արդեն կազմավորված թաղամասերն ու համաքաղաքային գործառույթների առավելագույն կենտրոնացման գոտի է:

Քաղաքի կենտրոնական կորիզը, որն ընդգրկում է հիմնականում Օղակաձև զբոսայգու սահմաններում գտնվող տարածքները, որտեղ արդեն կազմավորվել է ամենաարժեքավոր և հազվադեպ համաքաղաքային նշանակության օբյեկտների ճարտարապետահատակագծային միասնությունը:

Կենտրոնի միջնամասային գոտին, որն ընդգրկում է Կենտրոն համայնքի հատակագծային, տարածական և ճարտարապետական առումով արդեն կազմավորված տարածքները:

Այս` Երևանի կերպարը ձևավորող, արդեն կազմավորված գոտիներին վերապահվում է տարածքների և համալիրների կանոնակարգման, վերակառուցման, վերանորոգման և վերականգնման ռեժիմ` հուշարձան-շենքերի և արդեն ձևավորված համալիրների հատուկ հաշվառումով:

Երևանի կենտրոնի տարածահատակագծային և հորինվածքային հիմնական գերիշխող տարրերն են մնում մայրաքաղաքի կերպարը ձևավորող Հանրապետության հրապարակն ու Օպերայի թատրոնի հանգույցը, որոնք իրենց չափերով, ճարտարապետությամբ և դիրքով կազմավորում են հիմնական հորինվածքային առանցքների` Գլխավոր և Հյուսիսային պողոտաների ուղղվածությունն ու ճարտարապետատարածական կերպարը:

Կենտրոն համայնքի առանձին մեծ թաղամասերը, օրինակ` Այգեստանը, Կոնդը, Սարի թաղը, Կիլիկիան բավականին խայտաբղետ հատակագծային և ճարտարապետական կազմավորումներ են, և դրանց համալիր, միաժամանակյա վերակառուցումը բարդ գիտագործնական հիմնախնդիր է: Այդ պատճառով` այս տիպի տարածքների պարագայում վերապահվում է աստիճանական վերակառուցման ռեժիմ` գոտիավորման, կառուցապատման և ծավալատարածական հատուկ չափորոշիչների սահմանմամբ:

Գլխավոր պողոտայում` այժմյան <<Սիլ պլազայից>> մինչև Կողբացու փողոց ընկած տարածքում, նախատեսվում է միջանկյալ գոտի, որտեղ հնարավորություն է տրվում հավաքել, վերականգնել և քաղաքաշինական արդի պահանջներին համապատասխան ներկայացնել հին Երևանի ճարտարապետության և քաղաքային կենցաղի առանձին տարրերը

Կենտրոնի համաքաղաքային գործառույթների տարածքային տարածման և զարգացման համար համայնքի սահմաններում առանձնացվում են համաքաղաքային նոր գործառույթների և հեռանկարային հատակագծային կանոնակարգման և հնարավոր զարգացման պահեստային տարածքներ: Հնարավոր չափով կանոնակարգվում և լրացվում են համաքաղաքային նշանակության կանաչ տարածքները:

This entry was posted in Շտեմարան. Bookmark the permalink.