Քայլեր անելու ժամանակը

Հուլիսի 12, 2018

(ներածականի փոխարեն`

մի երկու շաբաթ կլինի ինչ սկսել էի գրել այս հոդվածը, երբ հունիսի 21-ին «Հետք»-ում կարդացի Սարհատ Պետրոսյանի «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունըհոդվածը (կարող եք կարդալ այստեղ, որը հրաշալի կերպով ներկայացնում է մեր պետության համար ամենակարեւոր բնագավառներից մեկի ինչպես ինքն է առաջարկում կոչել Պլանավորման եւ այդ հարցերով զբաղվող Կոմիտեի գործնեության եւ ենթադրվող գործառույթների մասին: Այդ հոդվածը հրապարակվեց ճիշտ ժամանակին է եւ կարծես օգնում է հասկանալ իմ ասելիքը եւս):

Արդեն եկել է պահը երբ վերջին տարիներին արտահայտված բոլոր կառուցողական մտքերը եւ առաջարկները պետք է փորձել իրականացնել` ժամանակի ոգով ասված Քայլ անել։

Խոսքս վերաբերվում է Երեւան քաղաքի կառուցապատման հարցերով զբաղվող օղակի՝ գլխավոր ճարտարապետի ինստիտուտի վերակազմավորման մասին։

Երբ ես ու մի շարք համախոհներ ժամանակին ասում էինք որ հարկավոր է վերացնել գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ապա հիմա պահն է կոնկրետ նախանշել այն քայլերը կամ միջոցառումները որի արդյունքում կստանանք այդ կառույցին փոխարինող համակարգը։ Որովհետեւ խնդիրը զուտ գլխավոր ճարտարապետի պաշտոնը վերացնելը չի կամ նրա ղեկավարած վարչության քանդելը, այլ հին` չաշխատող մեխանիզմը փոխարինել կամ փոխակերպել նոր, արդիական ու աշխատող մարմնով: Դա պետք է լինի մի համակարգ որը ի զորու կլինի իրականացնել իրեն առանձնացված խնդիրները, ներկայացնելով դրանից բխող պահանջները եւ միեւնույն ժամանակ հնարավորություն կստեղծի գործել էֆեկտիվորեն եւ անել համարժեք որոշումներ։

Անունը.

պայմանականորեն կոչենք Կառուցապատման Գլխավոր Վարչություն (այսուհետ` ԿԳՎ)։

Ասեմ, որ այս փոփոխությունները իրականում պետք են հենց այդ կառույցին` ԿԳՎին։ Քանի որ, ներկա Գլխավոր Ճարտարապետի ինստիտուտը ամբողջովին հեղինակազրկված է:

Նաեւ ցանկացած քայլ անելուց առաջ պետք է հասկանալ, որ ամենակարեւոր նախապայմանը, բոլոր գործառույթների ընթացքը թափանցիկ դարձնելն էԱյս առումով ԿԳՎն պետք է հիմնովին ձեւափոխի նախագծերի փորձաքննության ամբողջ պրոցեսը` սկզբից մինչեւ վերջ, որպեսզի նրա որոշումների անաչառ լինելը, եւ դրանից բխող ցանկացած գործողություն ընդունվի հանրության կողմից։ Քանի դեռ չկա այդ վստահությունը, ցանկացած իրականացվող նախագիծ դատապարտված է կողմնակալ քննադատության։

Ինչ անել.

Նախ, ԿԳՎի գործառույթների շրջանակից պետք է հանել ներկայումս լայն կիրառում գտած պլանավորման ֆունկցիան։ Այսինքն այսպես կոչված ներդրումային ծրագրերի մշակում եւ առաջարկումը: Քաղաքային պլանավորմամբ զբաղվելու համար պետք է ստեղծել առանձին օղակ Երեւան քաղաքի Պլանավորում (City Planning) անունով։ Բնականաբար ԿԳՎն պետք է սերտորեն համագործակցի, կորդինացնի իր ֆունկցիաները Պլանավորման խմբի կողմից մշակվող կառուցապատմանը առընչվող խնդիրների շուրջ։ Բայց ոչ երբեք զբաղվի պլանավորմամբ եւ նախագծերի հաստատմամբ միաժամանակ։ Այս տարանջատումը կարեւոր է Շահերի Բախումը (conflict of interests) նվազեցնելու համար։

Եւ այսպես, որն է լինելու ԿԳՎի հիմնական գործառույթը:
Երեւան քաղաքում իրականացվող համարյա բոլոր նոր կամ գոյություն ունեցող շենքերի վերանորոգման, վերակառուցման նախագծերի նախաքննությունը եւ հաստատումը:

Սրանից բխող, բոլոր այլ հարակից գործառույթները, ինչպիսիք են` շինարարության թույլտվությունը, շինարարության ընթացքում իրականացվող ինսպեկցիաները, ինչպես նաեւ դրա ավարտից հետո շահագործման թույլտվությունները:

Հիմա կասեք, էլ ինչն ես փոխում, լրիվ փող աշխատելու տեղ ա:

Նախ`
Որպես հիմնական եւ էական տարբերություն բոլոր հնարավոր գործառույթները պետք է ընթանան եւ իրագործվեն առցանց (ասել է on-line)։ Սա մոդային տուրք չէ այլ հրամայական մի քանի պատճառներով, այն է`

1. էապես կկրճատվի դիմորդի առաջնային թղթաբանության մշակումը (processing).

2. Կբացառվի առձեռն շփումների՝ «ծանոթի օգնությամբ գործը առաջ բրթելու» պրակտիկան

3. Մինիմումի կհասցվի դիմորդի անմիջական շփումը ապագա փորձաքննություն անցկացնողի հետ

Խնդիրների շրջանակները.

Այսինքն, որո՞նք են այն խնդիրները որոնց շրջանակներում գործելու է ԿԳՎն.
(Այստեղ, կրկին նշեմ, որ որպես նախապայման կարեւոր է բոլոր կանոնակարգերի հասանելիությունը մասնագետներին եւ լայն հանրությանը։ Սա էապես կօգնի բացահայտելու եւ կանխելու լայն տարածում գտած շատ խախտումներ)։

1. Հաստատված Գլխավոր Հատակագծի բաղդատական վերլուծությունը եւ նրանից բխող կառուցապատման չափորոշիչների մշակում եւ հաստատումը (սա ենթադրում է, որ մոտակա ժամանակներում Քաղաքաշինության Կոմիտեն պետք է հաստատի Երեւանի Մանրամասն Հատակագծման Նախագծի ներկա տարբերակը): Սրա մասին ավելի մանրամասն կխոսեմ քիչ անց:

2. Գլխավոր Հատակագծի տեղայնացումը Երեւանի հանույթի վրա եւ դրա հրատարակումը համապատասխան համացանցային կայքում։ Հանույթը, որը պետք է արտահայտի քաղաքի ներկա վիճակը, արդեն կառուցված շենքերի տեղակայմամբ։ Բացի իրական պատկերի վերարտադրությունը, հանույթը պետք է հստակորեն ցույց տա կառուցապատման չափորոշիչները՝ առավելագույն բարձրությունների եւ խտությունների ցուցանիշներով։ Սրանք կկոչվեն Զոնավորման քարտեզներ (zoning maps)։

3. Աջակցել Քաղաքաշինության կոմիտեին եւ ստեղծվելիք Քաղաքի Պլանավորման բաժնին Կառուցապատման Կանոնակարգի փաստաթղթային փաթեթի (zoning regulations) մշակման գործին։

4. Կառույցների նախագծային եւ շինարարական կոդերի (Building codes) մշակումը եւ հրապարակումը առցանց կայքում (առայժմ, սա կարող է հենվել եղած գործող կոդերի վրա, ենթադրվող մշտական փոփոխություններով)։

5. Նախագծային եւ կառուցապատման աշխատանքների իրականացման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ եւ պահանջվող փաստաթղթերի, ադմինիստրատիվ նորմատիվների (Application forms) մշակումը եւ հրապարակումը առցանց կայքում։ Այս գործելակարգը կօգնի էապես կրճատելու կոռուպցիոն ռիսկերը քանի որ ամբողջ գործընթացը կլինի թափանցիկ եւ հասանելի բոլոր շահառուներին։

6. Հետնախագծային գործառույթների եւ շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվող «ինսպեկցիաների» եւ հաստատումները կարգավորող փաստաթղթերի մշակում (Technical requirements and sign-off forms) եւ հրապարակումը առցանց կայքում

7. Քաղաքում նախատեսնվող մեծածավալ նախագծերի ներկայացման եւ լուսաբանման գործառույթները

8. ԿԳՎի աշխատակազմի եւ գործնեության կազմակերպման մասին ընդամենը մի երկու խոսքով, բնականորեն ենթադրելով որ դրա մասին պետք է ավելի մանրամասն քննարկել առաջին քայլերը անելուն զուգահեռ:

Նախ վերանում է գլխավոր ճարտարապետ պաշտոնը եւ հասկացողությունը, որի փոխարեն կլինի վարչության կոմիսար (Commissioner): Կոմիսարի պաշտոնը ունի զուտ ադմինիստրատիվ բնույթ, որը պետք է համակարգի վարչության աշխատանքները վերը նշված գործառույթները իրականացնելու համար: Հիմնական գործառույթներից մեկը բնականաբար նախագծերի հաստատումն է, որը կիրականացվի «նախագծի փորձաքննիչների» կողմից: Կոմիսարի մասնակցությունը նախագծերի հաստատման պրոցեսին պետք է հասցվի մինիմումի: Հաստատման գործընթացի կարգավորումը իրականացվում է Նախագծերի ավագ փորձագետի կողմից: Անիմաստ եմ գտնում ավելի մանրամասնել ԿԳՎի ներքին կառուցվածքային եւ կազմակերպչական նկարագրությունները, թողնելով առաջարկվող ձեւափոխությունները իրականցնողներին: Կուզեի միայն նշել որ խոսքը ոչ թե անվանափոխության մասին է այլ անունների հետեւում թաքնված էության փոփոխության, այն է` չկա այլեւս ճարտարապետ, այն էլ Գլխավոր որի կարծիքից եւ որոշումից է կախված թե ինչ տեսք են ունենալու նախագծվող շենքերը կամ որն է արժանի կառուցման կամ ոչ: Ինչպես արդեն նշեցի ճարտարապետին փոխարինող կոմիսարը կոչված է ապահովվելու վարչության աշխատանքների ընթացքը: Ինչպես իր հոդվածում նշել էր Սարհատըորի արդյունքում կվերանա նախագծման թույլտվության (ճարտարապետահատակգծային առաջադրանքի) անհասկանալի փաստաթուղթը,..»: Այստեղ անեմ իմ ճշտումը, վերանում է «առաջադրանք» փաստաթուղթը, որպես նախագծման թույլտվություն, քանի որ նախագծելու իրավունք ունի ամեն ոք ով ունի օրինական հողակտոր որի վրա ըստ Զոնավորման քարտեզի թույլատրված է կառուցել որոշակի պարամետրերով կառույց, այսինքն թույլտվության մենաշնորհ չկա, ինչպես ՆյուՅորքի Զոնինգն է ասում «ըստ իրավունքի» ( as-of-right): Դրա փոխարեն առաջարկվող նախագիծը պետք է անցնի հաստատման փորձաքննություն, որով կհաստատագրվի  նրա լիարժեք համապատասխանումը Զոնինգի եւ շենքերի կոդերի պահանջներին: Այս պրոցեսը կբացառի ինչ որ մեկի կողմից տրվող եւ ակընկալվող արտոնություն շենք կառուցելու համար: Սա էապես կնվազեցնի որեւէ կոռուպցիոն սխեմայի դրսեւորումը:

Այս արտաքինից խրթին թվացող պրոցեսի անաչառ ընթացքը ապահովելու համար շատ եմ կարեւորում նաեւ հանրության մասնակցությունը նախագծի հաստատման պրոցեսին: Դիցուք ինչպես է այն կարգավորվում ՆյուՅորքում, – Դիմորդը (նախագծող ճարտարապետը) ԿԳՎ-ին տրամադրում է այսպես կոչվող Կառուցապատման Վերլուծություն – Դիագրամը (Zoning Diagram), որտեղ գրաֆիկական  եւ թվային աղյուսակներով նկարագրված են կառույցի հիմնական պարամետրերը` եռաչափ տեսքով ներկայացված կառույցի բարձրությունը, հարկայնությունը, կառուցվող ընդհանուր մակերեսները ըստ տարբեր ֆունկցիաների եւ հարկերի: Այս փաստաթուղթը տեղադրվում եւ հրապարակվում է Վարչության կայքում եւ դառնում է հասանելի հանրությանը: Հանրությանը նաեւ տրվում է հնարավորություն իր կարծիքները կամ բողոքները եւս տեղադրել Վարչության կայքում եւ ցուցանել սխալները կամ հետագա պոտենցիալ խնդիրները, որոնք կարող են առաջանալ տվյալ նախագծի իրականացման դեպքում, եկեք պայմանականորեն կոչենք – Հանրային ընդիմախոսություն (Public Challenge): Լինելով թափանցիկ այս պրոցեսը էապես օգնում է ընդլայնելու հանրության իրազեկության եւ մասնակցության համար, ինչպես նաեւ բացառում է այսպես կոչված «փաստի առաջ» կանգնեցնելու արտավոր պրակտիկան: Եյ վերջապես ամենից զատ այսպիսի գործելակերպը կնպաստի հանրության աչքերում Վարչության վստահության քվե ստեղծելու եւ այն բարցրացնելու համար:

Հիմա մի քանի բառով պարզաբանեմ «Մանրամասն Հատակագծման Նախագիծ» (ՄՀՆ) կոչվածի շուրջ ունեցածիմ պատկերացումները։

Վերեւում նշել էի որ Քաղաքաշինական Կոմիտեն պետք է հաստատի ներկայումս գոյություն ունեցող ՄՀՆն։ Ես հասկանում եմ որ եղած փաստաթուղթը ընդհանրապես չի արտահայտում կամ մասնակիորեն է արտացոլում իրերի ներկա վիճակը, բայց միեւնույն ժամանակ գիտակցում եմ, որ քաղաքը չի կարող չունենալ այդ փաստաթուղթը օրենքի սահմաններում որեւէ կառուցապատման գործառույթ իրականացնելիս։ Եւ ինչքան էլ ներկա ՄՀՆ վատն է, այն պետք է գործի որպես օրենք եւ ուղեցույց։ Այդ ընթացքում Կոմիտեն կմշակի նոր ՄՀՆ ստեղծելու ընթացակարգը եւ կնշի դրա իրագործման եւ հաստատման ժամկետները։ Մենք չենք կարող «սառեցնել» ներկա շինարարությունները, բայց կարիք ունենք վերանայելու որոշ հաստատման ընթացքում գտնվող նախագծեր։

Խոսքս առաջին հերթին վերաբերվում է մեծ կառուցապատման նախագծերին՝ ինչպիսիք են 33-րդ թաղամասը (Ֆիրդուսի տոնավաճառի տարածքում), Աբովյան, Պուշկին Սախարովի հրապարակի տարածքի կառուցապատումը:

Այս երկուսը խնդրահարույց են հենց իրենց հայտարարման օրից ի վեր, քանի որ ամբողջ գործընթացը հիմնված էր «գերակա շահ» եզրույթի վրա։ Մի հասկացողություն, որի կիրառումը տարիներ շարունակ առաջացրել է հանրության զայրութը իր կասկածելի բնույթի եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակելու պատճառով։ Հիմա դրան չեմ անդրադառնա քանի որ բազմիցս դրա մասին խոսվել է։ Հիմա ուղղակի անհրաժեշտ է անցկացնել այդ նախագծերի փորձաքննություն (էքսպերտիզա) եւ հասկանալ դրանց իրագործման ֆինանսական նպատակներն ու աղբյուրները ինչպես նաեւ իրագործման նպատակահարմար լինելը։

Պետք է նաեւ վերանայել բոլոր այն նախագիծառաջարկները որոնք ներկայացված են Երեւան քաղաքի կայքէջի Քաղաքային Տնտեսություն բաժնի տակ որպես «Զարգացման եւ Ներդրումային Ծրագրեր» (նայել այստեղ – https://www.yerevan.am/am/investment/):

Շատերը գուցե եւ թերահավատորեն են վերաբերվում առաջարկվող նախագծերին եւ այդ պատճառով էլ առանձնապես չեն անհանգստանում դրանց իրականության կոչվելու հեռանկարիցԲայց ինձ համար կարեւորը համակարգային մոտեցումն է: Արդյոք նորաստեղծ ԿԳՎ պետք է զբաղվի նման նախագծերի իրականացման գործառույթներով: Ես մեծ կասկածներ ունեմ դրա նպատակահարմարության շուրջ:

Այդ իսկ պատճառով ավելի քան կարեւոր է ստեղծել այն չափորոշիչները, որոնք այս անցումային ժամանակահատվածում կորոշեն նախագծերի թույլատրման կարգը, հիմնվելով դրանց ընդհանուր մակերեսների եւ նախագծային արժեքի վրա։ Դրանով կսահմանագծվի այն խոշոր նախագծերի տիպերը, որոնք կունենան էական ազդեցություն քաղաքի հատակագծի զարգացման վրա։ Իսկ սա իր հերթին հնարավորություն կտա ԿԳՎին կենտրոնացնել իր ուշադրությունը քաղաքի առավել կարեւոր հատվածներում տեղի ունեցող կամ նախատեսնվող կառուցապատումների իրավական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխան լինելու վրա։

Առայժմ այսքանը եւ վերջաբանի փոխարեն.

Իմ նպատակն է որ վերջապես այս ամենի մասին սկսվի ակտիվ քննարկում։ Արդեն վերացել են ընդունված «դե միեւույն է բան չի փոխվելու» պատճառաբանության հիմքերը։ Հիմա ճիշտ այն պահն է որ բոլոր այս հարցերի շուրջ ակտիվորեն խոսող եւ գրող մարդիկ որեւէ կերպարձագանքեն՝ ջախջախելով, հակադարձելով, համաձայնվելով կամ այլ բոլոր հնարավոր մոտեցումներով։

Նշեմ, գրածներս շատ հակիրճ են նկարագրում իրագործման կոնկրետ մեխանիզմները եւ գործիքները, թողնելով դա անմիջականորեն գործը հանձն առած մարդկանց հայեցողությանը։ Միեւնույն ժամանակ պատրաստ եմ պատասխանել հարցերին եւ մանրամասնորեն բացատրել ավելի կոնկրետ դետալները։

Ճարտարապետ` Արեգ Ասատրյան

This entry was posted in Articles and tagged , , , , , , , . Bookmark the permalink.