Չասե՛նք ոնց է պետք, մշակենք սահմանումները

Հունիսի 29, 2019

Վերջերս, իմ հարգելի կոլեգան, Արտակ Ղուլյանը լուսանկարել էր Սարալանջի կառուցապատումը Բաղրամյան փողոցից եւ իր դժգոհությունը հայտնել կառուցապատման ճարտարապետության տխուր պատկերի առիթով։ Ահա իր խոսքը ամբողջությամբ՝ –  Ճարտարապետների միության շենքի մայթից եմ լուսանկարել այս շինարարական եռուզեռը: Ամեն ինչ հավանաբար կա այս «ընտրյալների» թաղամասում՝ բացի ճարտարապետությունից: Ովքե՞ր են նախագծում՝ չեմ հասկանում: Որ ճարտարապետին խոսեցնես՝ օրինակներ կբերի աշխարհի ճարտարապետական նորություններից ու նվաճումներից…  Իսկ գործնականում նրանցից շատ-շատերը սրան են ընդունակ… Ցավալի է…  Մի խորհուրդ տամ կառուցապատողներին. խուսափեք այն ճարտարապետների ծառայությունից, ովքեր իրենց աշխատանքը շատ էժան են գնահատում: Մի քանի դրամ եք խնայելու, բայց արդյունքում սա եք ունենալու՝ տխուր ու ամոթալի շենքերի կույտ, Երևանի դեմքը օրեցօր աղճատող ճարտարապետական աղբ…

Լուսանկարը Արտակ Ղուլյանի

Մեկ ուրիշ առիթով Սարհատ Պետրոսյանը հղեց կարծեմ իր զարմիկի մեկ այլ լուսանկար, որն ավելի ամբողջական է ընդգրկում նույն թաղամասի պատկերը։ Կարծում եմ լուսանկարը արված է Բաղրամյանի վրա գտնվող, նախկին կաթնատան շենքից։ Շնորհակալ եմ երկուսին եւ հայցում եմ իրենց ներողամտությունը, քանի որ օգտագործելու եմ դրանք իմ փոքրիկ ակնարկի համար։

Լուսանկարը Սարհատ Պետրոսյանի կողմից

Ու սկսեցի մտածել՝ արդյոք «տխուր ու ամոթալի շենքերի կույտ»-ի  իրական պատճառը նախագծող ճարտարապետներն են կամ էլ խնայող պատվիրատուն։ 

Արդյոք Ֆլորենցիայի կամ Արտակի նշած Մեքսիկայի քաղաքներից ասենք Տասկոն լավ ճարտարապետների եւ նախագծման վրա չխնայող պատվիրատուների շնորհիվ ա այլկերպ ստացվել։

Լուսանկարը հեղինակի
Լուսանկարը համացանցից

Նայելով վերեւում դրված այս երկու նկարին, կարող եմ նշել ինձ համար մի կարեւոր հատկանիշ` երկուսն էլ առանձնանում են բարձր խտության կառուցապատումով:

Լուսանկարը հեղինակի

Ֆլորենցիայի դեպքում, դա պարփակ ներքին բակերի շարունակական կառուցապատման սկզբունք – համակարգն է, որի պատճառը, երեւի ներքին եւ արտաքին թշնամիներից պաշտպանվելու ժամանակի գերակա պահանջն է եղել:

Լուսանկարը համացանցից

Եթե նայեք Տասկոյի ավելի խոշորացված պատկերը, կտեսնեք, որ գեղատեսիլ թվացող տեսարանը իրականում ծավալների գերկուտակում է, որը առանձնապես չի փայլում այսպես կոչված ճարտարապետությամբ:

Հիմա, ի՞նչն է պակասում Սարալանջի դեպքում կամ ո՞րն է պատճառը, որ այս թաղամասի տեսքը բարեհունչ կամ գրավիչ չէ:

Կարծում եմ բացակայում է համասեռության զգացողությունը` պատկեր, որ կա Ֆլորենցիայի եւ Տասկոյի դեպքում:

Վերջինները կառուցվել են երկար տարիների ընթացքում, երբ «հիմնական պատվերի» ընկալելի տեսլականը չի փոխվել մի երկարատեւ ժամանակ, այսինքն տարբեր պատվիրատուներ համարյա նույն տիպի տուն են պատվիրել: Արդյունքը հետեւանք է նաեւ տեղական շինարարական տեխնոլոգիաների, նյութերի կիրառման, շինարարների փորձառության, կենցաղային սովորույթների եւ այլ գործոնների շարունակական կիրառման եւ օգտագործման հանգամանքի:

Փաստորեն, առանց ունենալու մի միասնական պատվեր-նախագիծ, կյանքի դանդաղ ընթացքը կատարել է մի ընդհանուր ճաշակ արտահայտող պատվիրատուի դերը:

Այստեղ մեջբերեմ, որ պարոն Ղյուլյանին արձագանքեցին ավագ սերնդի երկու ճարտարապետներ` Հրաչ Պողոսյանը, –  Դժբախտաբար կառուցապատողը հիմա կապ չունի այս խառնաշփոթի հետ ճիշտ այնպես, ինչպես շուկայում վարունգ վաճառողը այն վարունգի հետ, որը մենք գնել ենք: Նա կառուցեց ինչքան հնարավոր է էժան, վաճառեց ինչքան հնարավոր է թանգ ու գնաց իր գործին: Սկսեց երկրորդ շենքը: Կապիտալիզմի օրենքն է։

եւ Կարեն Բալյանը, – բոլորս լավ գիտենք, որ պատճառը` երկու տասնամյակ շարունակ քաղաքաշինության ոլորտում հաստատված խաղի կանոններն են։

Ամբողջ խոսակցությունը չեմ փոխանցի այստել, բայց հիմնական վիճարկող տեսակետները սրանք են՝ կառուցապատողը եւ ճարտարապետը այդքան պատասխանատու չեն վերջնական արդյունքի համար, քանի որ դրանք տեղավորվում են ընդունված քաղաքաշինական խաղի կանոնների մեջ։

Հիմա, ի տարբերության վերը բերած Ֆլորենցիայի եւ Տասկոյի օրինակների, ի՞նչ է կատարվել վերջին քսան տարիների ընթացքում Երեւանում:

Նախ ձեւավորվել է (հնարավոր է չգիտակցված) որոշակի պատկերացում կառուցվելիք ապագա բնակելի շենքի արտաքին տեսքի մասին։ 

Համառոտ դրանք են`

քարից, պինդ-պիլար, բալկոնով, ավտոյի կայանատեղով, տարածքի սեքյուրիթիյով (եթե շենքերի խումբ է կառուցվելու, երեխեքի համար բասեյնով, ջիմով, մասաժնիյով եւ նման բաներով) ապահոված շենք։ Այս ցանկը կարող է փոփոխվել քաղաքի որոշակի հատվածների կամ գնային տարբերակների պատճառով։ Բայց արտաքին տեսքի մասին պատկերացումները հիմնականում անփոփոխ են՝ պինդ պիլար, քարից, մի երկու կամարով, բալկոնով շենք։ Միեւնույն ժամանակ պետք է ընդունենք, որ չկա այդպիսի երեւակայական պատվիրատու, որ ճարտարապետին ասի՝ դե քեզ մատաղ, մի հատ տգեղ շենք նախագծի, արագ կառուցեմ ու վաճառեմ։

Այսինքն կառուցապատողը ամեն դեպքում նպատակ ունի կառուցել իր պատկերացումների սահմաններում գեղեցիկ շենք:

Այդ դեպքում ո՞րն է պատճառը որ ստացվում է տխուր ու ամոթալի շենքերի կույտ:  

Լուսահոգի Արծվին Գրիգորյանը մի առիթով ասեց՝ – լավ ճարտարապետությունը թանկ բան ա։

Ուրեմն խոսքը վերաբերվում է եղած գների, շինարարական մեթոդների, նյութերի եւ այլնի շրջանակում ակընկալիք արդյունքի մասին։

Չմոռանանք որ գոյություն ունեն նաեւ շինարարության սկզբի եւ ավարտի, ժամկետային սպասելիքներ, դրանից բխող շինարարության ընթացքի սպասվող արագություններ։ Իդեալական տարբերակում, ցանկալի է շենքը գոնե հասցնել տանիքին՝ ծածկել մինչեւ ձմեռ հետագա վնասներից խուսափելու համար։

Ես կարող եմ թվարկել բազմաթիվ այլ գործոններ որպես արդարացում թե ինչու վերջին քսանամյակում ստանում ենք մեզ չբավարարող ճարտարապետական արդյունքներ, եւ բոլորին էլ կարելի է առարկել, այն պարզ պատճառով, որ դրանք առկա են եղել գուցե նաեւ Ֆլորենցիայում եւ Տասկոյում։

Ուրեմն կրկին, ո՞րն է պատճառը:

Հասանք հիմնական դրույթին։

Քանի որ թաղամասերը ներկայումս կառուցվում են մի քանի տարվա ընթացքում, համասեռության հասնելու Ֆլորենցիայի կամ Տասկոյի տրադիցիոն մոդելը այլեւ չի գործում:

Այդ պատճառով միակ ճանապարհը, նախքան շինարարություն սկսելը, ստեղծել ամենակարեւոր նախադրյալը`

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

(գիտակցաբար խուսափում եմ վատահամբավ «զոնինգ» բառից)

Ու սա քաղաքաշինական խնդիր է, այլ ոչ` ճարտարապետական։

Ճարտարապետության որակը շատ ցանկալի է, բայց բավարար չէ: Ավելի առաջնային է քաղաքաշինական միասնական նպատակը, կոչեք չափորոշիչ կամ այլ կերպ, էական չի:

Երկար-բարակ չգրելու համար տեղադրում եմ այս երեք, շատ հպանցիկ արված ճեպանկարները։ Սրանք նախագծերի փորձ չեն, այլ ասելիքը տեսանելի կերպով բացատրելու փորձ:

Տարբերակ 1
Տարբերակ 2
Տարբերակ 3

Ինչպես տեսնում եք, այստեղ ճարտարապության մասին ակնարկ անգամ չկա։ Սա զուտ կառուցապատման բնույթը կարգավորող ճեպանկար է, որը աչքի առաջ ունենալով պետք է կազմել տվյալ թաղամասի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ու այդ կանոնակարգը պետք է հրատարակել մինչեւ հողատարածքները տարբեր մարդկանց վաճառելը։

Որպեսզի. նախ՝ ապագա կառուցապատողը իմանա թե ինչպիսի բարդության կառուցապատան մասին է խոսքը, ինչքան փող է ծախսելու դրա վրա եւ ինչ ֆինանսական արդյունք է ակընկալելու։

Քաղաքն էլ վստահ կլինի որ անկախ կառուցապատողի ճաշակից եւ ճարտարապետի որակից , արդյունքը կլինի ավելի ՄԻԱՍՆԱԿԱՆ։ Որն էլ իմ բերած օրինակների հիմնական հատկանիշն է` կանխատեսել եւ նախանշել ապագա թաղամասի կառուցապատման տիպաբանությունը։ 

Նկատի ունենանք, որ այժմ ընդունված Ճարտարապետական Հատակագծային Առաջադրանք վերացվում, քանի որ կա արդեն ամբողջական կանոնակարգը:

Ինչ եմ հասկանում կառուցապատման տիպաբանություն կամ իրականում Կարգավորման Կանոնակարգ ասելով:

Նախ որոշելով թաղամասի ընդհանուր տարածքի չափերը սահմանել կառուցապատման բնույթը նկարագրող – սահմանափակող պայմաններ համակարգ, ինչպիսիք են բոլորիս հայտնի`

  • կառուցապատման խտություն՝ հողատարածքի վրա կառույցի հետքի հարաբերությունը
  • հարկայնությունը սահմանող տվյալներ
  • կառուցապատման եւ ազատ՝ ասել է կանաչապատ տարածքի հարաբերություն
  • կարմիր գծի փողոցից հեռավորություն
  • մինիմում պահանջվող ավտոկայանատեղերի քանակ
  • մաքսիմում թույլատրվող կայանատեղերի սահման
  • շենքերի միջեւ պահանջվող մինիմում հեռավորություններ

Կարդացողները կմտածեն, – է՛ այս ամենի մասին գիտեինք, նորություն չես ասում։

Հարցն այն է, ինչ մենք գիտենք սովետից եկող, այսպես կոչված Մանրամասն Հատակագծային Նախագծով առաջադրված ընթացակարգը։ Բայց այն գործում էր , երբ կար մի մե՛ծ պատվիրատու ի դեմս պետության, որը որպես այդպիսին այլեւս չկա ու չի լինելու։

Ուրեմն ի՞նչն է ստիպելու ստանալ ավելի ամբողջական պատկեր առանց ամբողջական նախագիծ ունենալու։ Կրկնեմ` թաղամասի կառուցապատման կարգավորման կանոնակարգ ունենալը։

Ի տարբերություն Կարեն Բալյանի նշած «խաղի կանոնների» որոնք թելադրված էին զուտ կառուցապատողի շահով, առաջարկածս կանոնակարգը պետք է առաջադրվի քաղաքի կողմից: Այն պետք է հասանելի լինի բոլորին եւ հավասար կերպով տարածվի բոլոր կառուցապատողների վրա: Այդ դեպքում կբացառվեն տարբեր շահարկումները կամ կհասցվեն մինիմումի:

Նաեւ, քանի որ պայմանները հասանելի են բոլորին, կավելանա մրցակցության գործոնը եւ կնվազի մոնոպոլ կառուցապատողի եւ նախագծողի դերը, որոնք օգտվում էին արտոնյալ «ներքին խաղի կանոններից»:

Եւ ինչքան տարբեր պատվիրատուներ եւ ճարտարապետներ մասնակցեն, այնքան ավելի հետաքրքիր կստացվի թաղամասի վերջնական պատկերը:

Իսկ ճարտարապետության որակը ժամանակի ընթացքում կբարելավվի, քանի որ նույնական պահանջները օգնում են կատարելագործվելու եւ՛ նախագծողներին, եւ՛ շինարարներին։

Կարեւորն այն է, որ քաղաքի կողմից մշակված կանոնակարգը կապահովվի առաջարկվող ամբողջականության նախապայմանը, ասել է թաղամասի վերջնական ավարտուն տեսքը:

This entry was posted in Articles, Discussion and tagged , , , , . Bookmark the permalink.