ԵՐԵՎԱՆ՝ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԵՐԱԶ

ԳՐԱԴԱՐԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ կայքէջում  հանդիպեցի այս տեղեկությանը, որը անվանված է ԵՐԵՎԱՆ՝ ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԵՐԱԶ

3 դեկտեմբերի, 2016. դրվագներ քննարկումից

սկզբնաղբյուրը այստեղ

Բայց ես տեքստը ամբողջությամբ տեղափոխել եմ մեր կայք անտեղի գովազդներից մաքրելու համար: Նաեւ կայքը կարծես չի թարմացվում եւ մի օր կարող է փակվել իսկ այս նյութը կարեւոր է:

  • Քաղաք-այգիների տեսությունը, ինչպես ժանմանակը ցույց տվեց, չի կարող ի կատար ածվել մայրաքաղաքի պայմաններում։ Գյուղի մարդիկ ուզում են գալ քաղաք, որտեղ կա եռուզեռ, մինչդեռ քաղաքի մարդիկ ցանկանում են կտրվել այդ աղմուկից։ Թամանյանը ստեղծեց մի կոնցեպտ, որը ձեռք էր տալիս թե՛ գյուղացուն, թե՛ քաղաքացուն։ Բայց իրականում ստացվեց, որ այն հարմար չէր… անգամ Անգլիայում՝ Լոնդոնում, երբ փորձեցին կառուցել քաղաք-այգիներ, դրանք ֆունկցիոնալ չէին։ Երբ Թամանյանը Պետերբուրգից եկավ Երևան, այն հիմնականում փոշոտ փողոցներով ու հում աղյուսե շինություններից կազմված քաղաք էր։ Իմիջիայլոց, ամայի տարածության վրա քաղաք-այգիները ճիշտ է զրոյից կառուցելը։ Դրա համար էլ նրան չհաջողվեց դա իրագործել։ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում, օրինակ, դա հաջողվեց, բայց դա ընդամենը փոքր տարածք էր… Երևանը այդ թվերին շատ վատ վիճակում էր. Գյումրին ավելի մեծ թափ ուներ։ Հենց Թամանյանը փրկեց Երևանը: Նա սկսեց գտնել լուծումներ 1919 թ.-ից։ Նաև Թավրիզում ահագին աշխատանքներ է արել, որոնք հայտնի չեն։ 1920-ականներին Հայաստանում տեղի ունեցավ խորհրդայնացում, ինդուստրիալացում, ու քաղաք-այգին արդեն անհնար դարձավ, սակայն ինչ-որ սկզբունքներ, այնուամենայնիվ, մնացին։ Կոնդի վրա Թամանյանը նախատեսել էր թանգարանային համալիրներ, բայց դա նույնպես չկարողացավ իրականացնել։
  • Եթե ավելի երկար ապրեր ու ֆինանսավորում ստանար, էլի քաղաք-այգու չէր վերածվի Երևանը, բայց գոնե կանաչ գոտիների խնդիր չէինք ունենա։
  • Կանաչապատման հարցը յուրաքանչյուր քաղաքի կառուցման մեջ կարևոր տեղ է զբաղեցնում, բայց պարտադիր չէ, որ քաղաք-այգու վերածվի քաղաքը։ Քանի որ Թամանյանը քաղաքն ընդլայնելու նպատակ ուներ, դրա համար էլ կանաչ տարածքները քիչ էին։
  • Կա՞ քաղաքաշինության մեջ օրենք, ըստ որի՝ քաղաքի ինչ-որ տոկոսը պիտի կանաչ լինի:
  • Այո՛, կա ։
  • Թամանյանի նախագծում կանաչապատ տարածքները համապատասխանում էին բնակչության քանակին:
  • Անգամ ավելին, ինքն ամեն անձին մոտ 20 քմ հատկացրել էր:
  • Եթե դա համեմատենք, օրինակ, համալսարանների հետ, կտեսնենք, որ Յելի համալսարանը հատկացնում է 80 քմ, իսկ Նյու-Յորքի համալսարանը՝ 20 քմ:
  • Ըստ տարածված կարծիքների՝ Թամանյանը ցանկացել է կրկնօրինակել Պետերբուրգը, և հայկական ճարտարապետությունը նեոկլասիցիզմի ու հայկական միջնադարյան ճարտարապետության խառնուրդ է, բայց դա այդպես չէ։ Անի քաղաքը վերջին մայրաքաղաքն էր պատմական Հայաստանում հայկական պետականության պատմության մեջ, և Երևանը համեմատելի է Անիի հետ։ Այդ նեոկլասիցիզմը միֆական ագիտացիայի տպավորություն է թողնում, որը հուշում է, որ այն հայկական չէ: Իրականում բոլոր մանրուքները տանում են դեպի Անի, դեպի հայկականը։
  • Թամանյանական շատ նախագծեր կան, որ չեն իրականացվել, հյուսիս-հարավ առանցքը շփոթում են Մասիսի փողոցի հետ, այնինչ Հյուսիս-հարավ առանցքը գոյություն ունի, Մասիս նայող Մասի փողոցի եւ Հրազդան գետ տանող Հրազդան փողոցի ճանապարհները փակվել են շինություններով։
  • Երիտասարդ ավանգարդիստ ճարտարապետները քննադատական հոդվածներ էին գրում Թամանյանի դեմ՝ պնդելով, թե նրա ստեղծագործությունները հարիր չեն սովետական մտածելակերպին։ Երևանը 70-80-ականներին ազատ կառուցապատման մասին օրենքից հետո փչացավ։ Օրինակ՝ հրապարակի վրա բարձրությունները հիմա խախտված են: Հայաստանում այս պահին կապիտալիզմի պատճառով պատվիրատուն է նախագծում շենքը, ճարտարապետի դերն այլևս որոշիչ չէ: Թամանյանի երազած Երևանն աղավաղվում է։ Հրապարակը, իմ կարծիքով, ամբողջությամբ կայացած է, ինչի պատճառով փոփոխություններ այլևս պետք չեն: Ուղղակի պետք է փաստել, որ Թամանյանը նեոկլասիցիզմ չի հորինել։ Եթե այնտեղ կան Զվարթնոցից կամ Անիի մայր տաճարից բերված խոյակներ, դա դեռ չի նշանակում նեոկլասիցիզմ։
  • Ճարտարապետի ու սովորական քաղաքացու հայացքները տարբերվում են։ Մենք տեսնում ենք բարձրահարկները, զզվում դրանցից, իսկ հասարակությունը, նույնը տեսնելով, գուցեև հակակրանք չի զգում։
  • Բայց ասեմ, որ նույն «Էլիտ պլազա»-ի աշխատողների հետ երբ խոսում ես, լսում ես իրենց բողոքները կոնկրետ այդ շենքի հարմարավետությունից։
  • Անգամ ամերիկյան խառը ճարտարապետության պայմաններում կան որոշակի կանոններ։
  • Դե բայց մարդիկ ուրախանում են բազմահարկների վրա, մենք չպիտի երազենք։
  • Էդտեղից գալիս ենք էն խնդրին, որ մեր հասարակությունը չգիտի՝ որն է ավելի լավը։
  • Եթե դրսում հարցնենք մարդկանց կարծիքը, կպարզենք, որ իրենք անգամ Թամանյանի մասին բան չգիտեն:
  • Ես էլ եմ այդ հասարակության մի մաս, ու ես տհաճություն եմ զգում այդ շենքերին նայելիս: Դե ուրեմն պետք է իմ կարծիքն էլ հաշվի առնվի, իսկ առհասարակ այստեղ գլխավորը գրագետ ճարտարապետների կարծիքն է:
  • Բայց արդյոք ճարտարապետությունն այն բա՞նն է, որ մարդիկ պիտի որոշեն։
  • Ո՛չ, իհարկե, մարդիկ երեխա են, որ չեն հասկանում։
  • Ուզում եմ ճարտարապետության հոգեբանական ազդեցության մասին խոսել։ 60-ականներին մարդիկ այդ ազդեցության տակ էին գտնվում։ Այդ ժամանակ քաղաքն ուներ ամբողջական տեսք: 80-ականներին դրան հաջորդեց զարթոնքը, երբ օրինակ, պահանջեցին Սարդարապատ կառուցել: Այսինքն, կարող ենք ասել, որ ճարտարապետությունն ուժեղ ազդում է մարդկանց մտածողության վրա:
  • Մի քիչ խոսեմ քաղաքների սեմիոտիկայի մասին, որ մի կես տարի ուսումնասիրել եմ: Երևանն ու Թբիլիսին ինձ համար շատ հետաքրքիր են էս առումով։ Երբ ուսումնասիրեցի, պարզեցի, որ քաղաքն է որոշում, թե ինչպես շարժվես իր մեջ: Շատ դեպքերում դու ընտրության տարբերակներ չունես։ Երևանի մասին հոդվածը ինձ շատ հետաքրքիր էր։ Գրական տեքստերում կանաչի վրա շեշտ չի դրվում, իսկ այսպես քաղաքը կենդանի օրգանիզմ է դառնում։ Քաղաքը պիտի որ իդիլլիկ չլինի, իսկ Երևանը զարմանալիորեն իդիլլիկ է։ Երևանն ունի իր դեմքը, որն ապահովում են Կասկադը, Օպերան, Հյուսիսային պողոտան, բայց շատ բաներ կան, որ չես նկատում: Օրինակ՝ ես չէի նկատել հրապարակի շուրջ եղած շենքերի վրայի վարդագույն ներկը։ Կամ, օրինակ, շենքեր են քանդվում, ու չես նկատում։ Ինչ վերաբերում է ձեր նշած նոր բարձրահարկ շենքերին, դրանք քաղաքի սեմիոտիկայի մեջ տեղ չունեն։ Նաև, սրանից անկախ, ասեմ, որ Երևանում փախչելու տեղ չկա ինձ համար, ու դա արդեն 5 տարի է՝ այդպես է։ Շատ մեծ խնդիր է սա ինձ համար:
  • Շենքեր էլ կան, որ առանձին-առանձին գեղեցիկ են, իսկ Հյուսիսայինի շենքերը շատ անկապ են, մինչդեռ դրանց բնակիչները ոգևորված ու ուրախ են, որ այդ էլիտարներում են բնակվում։
  • Հիշենք՝ ովքեր են թելադրում ճարտարապետությունը։ Պատվիրատուն ու վերջ։
  • Ես երբ 2 տարի առաջ Նարեկ Սարգսյանի հետ էի խոսում, շոշափեցի այն հարցը, որ Հյուսիսային պողոտայում կարելի էր այլ լուծումներ տալ, օրինակ՝ բոհեմական պատկերասրահներ, բայց, պարզվում է, փողը դրան խոչընդոտ էր դարձել:
  • Մեր իրականության մեջ հայկական ճարտարապետները կուլիսների հետևում են մնում, իսկ արևմուտքում այդպես չէ։ Ճարտարապետը նաև կոմերցիոն անձնավորություն է այնտեղ։
  • Ո՞րն է ճարտարապետի խնդիրը։ Վերցնենք փոքր տարածություն և հանձնարարենք ճարտարապետին մի բան հորինել, ու ճարտարապետը պիտի կարողանա այդ սահմանափակումների պայմաններում համապատասխան լուծումներ տալ։ Ճարտարապետն այնքան տրամաբանություն ու պատասխանատվություն պիտի ունենա, որ կարողանա սա անել։ Ասեմ, որ հայկական ճարտարապետության մեջ կանոն կա, ըստ որի՝ պետք է կառուցել միջավայրին համահունչ։ Օրինակ՝ ժայռերի մոտ ես երբեք չեմ տեսել սև տուֆ, այլ միայն դեղին՝ տարբեր երանգերով։
  • Հնարավոր է, որ դա քարի հանքերից է, որ նույն տարածքներում են եղել:
  • Ֆեյսբուքում քննարկումներ են ծավալվում, որ հայկական ճարտարապետության մեջ ոչ մի բան չի պահպանվել։ Մարդիկ կան, որ զարմանում են՝ ինչու ենք մեղադրում Նարեկ Սարգսյանին քանդելու մեջ՝ փաստարկելով, որ չէ՞ որ Թամանյանն էլ էր շատ բան քանդում։ Բայց պետք է հասկանալ, որ Թամանյանն ամեն ինչ չէր քանդում, այլ միայն այն, ինչը հակասում էր հորինվածքին։ Այն շենքերը, որ արժեք էին ներկայացնում, քանդվում ու համարակալվում էին հետագայում տեղափոխվելու միտումով:
  • Ինչու՞ են քաղաքները վերակառուցում եղած քաղաքների շուրջ: Սա ունի միստիկ բացատրությու՞ն:
  • Դա նախաքրիստոնեական երևույթ է, որը հետո զուտ ռազմավարական հարմարության պատճառով էր օգտագործվում:
  • Երևանը հազարամյակների քաղաք է, բայց ոչ մայրաքաղաք:
  • Ես նեոկլասիցիզմի հետ խնդիր ունեմ։ Սովորելու ընթացքում հասկացել եմ, որ հին կլասիցիզմին զուտ նոր ֆունկցիաներ են ավելացրել։
  • Նեոկլասիցիզմն ուղղակի հաջորդել է կլասիցիզմին։
  • Նաև նշենք, որ ռուս նեոկլասիցիզմը տարբերվում է եվրոպականից, սակայն մերից չի տարբերվում, քանի որ նաև հայերն են այն ստեղծել:
  • Ես կարծում եմ, որ սխալ է ասելը, որ Թամանյանն օգտվել է այդ ոճից:
  • Կառավարության կամ Օպերայի շենքերը չես կարող անվանել նեոկլասիցիստական։
  • Ուրեմն կա թամանյանական ոճ։
  • Որպես մշակութաբան՝ տամ ճարտարապետական հարց։ Երևանում ի՞նչը կարելի է փոխել ու թամանյանական տեսք հաղորդել։ Ու եթե դա արվի, ի՞նչ նշանակություն կունենա։
  • Եթե տնտեսական առումով չնայենք, սխալ կլինի, որ նույնը կրկնենք։ Իմ կարծիքով՝ հիմիկվա էլիտար շեքերը ֆունկցիոնալ արժեք էլ չունեն, դրանք զուտ կոնկրետ մարդկանց են ձեռք տալիս:
  • Ես վատատես եմ ու կարծում եմ, որ Երևանի պես քաղաքները հիմնովին քանդում ու վերակառուցում են պահանջում:

***

  • Իսկ արդյոք Թամանյանն իրենից բացարձակ արժե՞ք է ներկայացնում:
  • Առաջին հերթին, 600 տարի շարունակ պետություն չունենալու պայմաններում Երևանն առաջին անգամ դեմք ձեռք բերեց հենց նրա շնորհիվ: Երբ Թամանյանի անձը ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ իր արած ամեն գործ իրենից մեծ արժեք է ներկայացնում։
  • Ավելացնեմ, որ, իմ անձնական կարծիքով, Երևանը պետք է դադարի լինել մայրաքաղաք տնտեսական առումով, քանի որ արհեստական ներդրումներ են կատարվում այստեղ: Ուղղակի պետք է այս վիճակում կանգնեցենել այս ամենը՝ ավելի վատ չանելու համար: Կարելի է, օրինակ, մայրաքաղաքը տեղափոխել Հրազդան:
  • Լավ միտք է, բայց աղքատ պետություններում դա չի գործում։
  • Նաև կուզեի ավելացնել, որ ակտիվիստները, որ պայքարում են այս կամ այն շինության համար, չեն լսում ճարտարապետներին։ Ու վերջիններս էլ երկրորդ անգամ այլևս չեն խառնվում պայքարին:
  • Ես կարծում եմ, որ ճարտարապետները, անկախ ամեն ինչից, պետք է լինեն ակտիվիստ, քանի որ հենց իրենց կարծիքներն ունեն ամենամեծ կշիռը:
  • Շնորհակալություն:
This entry was posted in Links and tagged , , . Bookmark the permalink.