Կոնդի մասին ոչ վերջին անգամ

Հոկտեմբերի 17-ին, Ճարտարապետության Ազգային Թանգարանում անց կացվեց Կոնդ թաղամասի մասին մասնագիտական քննարկումների առաջին հավաքը: Ես երկու ձեռքով եւ մեծ ոգեւորությամբ  ողջունում եմ այս միջոցառումը: Նշեմ նաեւ, որ նման քննարկումները պետք է շարունակական բնույթ կրեն եւ կիրառվեն տարբեր ձեւաչափեր, ավելի արդյունավետ լուծումներին գալու նպատակով: Հղումը այստեղ:

Քանի որ հարցը շատերին է հետաքրքրում, անհամբերի նման միանգամից շրջանցելով բացատրական մասը փորձեմ շարադրել իմ պատկերացումները, իսկ խնդրի բարդությունը կներկայացնեմ առաջարկությունների ցանկից հետո:

Առաջարկություններ`

  1. Կոնդը պետք է շարունակի մնալ որպես բնակելի թաղամաս, որպես Երեւան քաղաքի (դժբախտաբար, արդեն միակ մնացած) ամենահին շարունակական բնակավայր: Սա պետք է շեշտեմ, քանի որ Կոնդի դերը քաղաքի կենտրոնի կառուցվածքում, որպես շարունակական բնակավայր անհնար է գերագնահատել :
  2. Չդառնա հուշարձան, թանգարանային համալիր կամ որեւէ նման բան: 
  3. Չպետք է ունենա մեկ կառուցապատող (developer) կամ մեկ նախագիծ եւ նախագծող: 
  4. Քաղաքային իշխանությունները պետք է դառնան բոլոր թաղին անհրաժեշտ ենթակառուցվացքների եւ ծառայությունների հիմնական պատվիրատուն եւ գուցե նաեւ կապալառուն:
  5. Պետք է մշակվի եւ արդյունքում կառավարության հատուկ որոշմամբ կարգվի հիփոթեքային եւ շինարարական արտոնությունների փաթեթ որը կխրախուսի անհատական եւ փոքր կոոպերատիվ ձեւաչափով իրականացվող կառուցապատումների ֆինանսավորումը, ասել է վարկերի տրամադրումը: 
  6. Երեւանի գլխավոր հատակագծի վրա պետք է հստակեցվի Կոնդ թաղամասի սահմանները եւ ուրվագծվի տեսողական եւ պատմական ազդեցության պահպանման գոտիները:
  7. Պետք է մշակվի եւ սահմանվի կառուցապատման կանոնակարգը` հարկայնություն, կառուցապատման խտություն, միջթաղային հանրային տարածքների մինիմում չափերի որոշմամբ, կանաչապատման պահանջների եւ այլ անհրաժեշտ տարրերի նկարագրությամբ: Առաջարկվի նախընտրելի շինարարական նյութերի եւ գունային գամմաների ընտրանին:
  8. Պետք է մշակվի նախագծային եւ շինարարական աշխատանքների տրամաբանական փուլերը, որը շին աշխատանքներին զուգահեռ կապահովվի թաղի առօրյա գործառույթների, ելումուտի, սպասարկման անխափան ընթացքը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ էվակուացիայի ապահովումը: Այլ կերպ ասած, ամբողջ թաղը չպետք է վերածվի մի մեծ շին հրապարակի, այլ ամեն ինչ կազմակերպվի երկարաժամկետ հեռանկարով, ինչպես ժամանակին բնականորեն կառուցվել է Կոնդը:
  9. Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մշակել եւ որպես տարբերակներ անհատ եւ կոլեկտիվ կառուցապատողներին առաջակել փոքրածավալ կառուցողական եւ շինարարական ճկուն մեթոդներ, որը չի պահանջում մեծ եւ ծանր տեխնիկայի կիրառում: 

Յոթերորդ եւ ութերորդ կետերը պետք է կիրառել ներկայումս օգտագործվող նախագծա- հատակագծային առաջադրանքի փոխարեն, իսկ նախագծերի հաստատումը պետք է իրականացվի քաղաքապետարանի կազմում հատուկ ստեղծված մասնագիտական խորհրդի կողմից: 

Սրանք են իմ նախնական պատկերացումները եւ պահանջները Կոնդ թաղամասի վերակառուցապատումը վերսկսելու համար:

Եւ հետագա քննարկումները արդյունավետ դարձնելու համար պետք է մշակել նմանատիպ համալիր նպատակ: 

Որպեսզի ներկայացվի Կոնդի վերակառուցման խնդրի բարդությունը պետք է նայել վերջին 40 տարիների ընթացքը: 

Գործի բերումով եւ այլ առիթներով բավական մոտիկից տեղյակ եմ առաջին փորձին: Խոսքը Արշավիր Աղեկյանի Կոնդի վերակառուցման նախագծի մասին է:

մի երկու տողով նախապատմություն: 

Կոնդը վերակառուցելու կամ որեւէ կերպ  քաղաքաշինորեն լուծելու խնդիրը Կարեն Դեմիրճյանի իդեա ֆիքսն էր: Պետք է իմանալ ժամանակային համայնապատկերը հասկանալու համար Դեմիրճյանի նպատակը: 

1983թ. Վրացիները Թիֆլիսում սկսեցին իրականացնել Հավլաբարի «վերակառուցման» եւ այդ միջոցով տեղաբնակ հայերի տեղահանման ծրագիրը` այն է «վերակառուցել» պատմակնորեն բնակելի թաղամասը որպես թանգարանների համալիր: Այդ ժամանակ ազգային զարթոնքի ֆոնի վրա միության տարբեր հանրապետություններում մոդա էր ազգագրական թանգարան-տների ֆորմատով փոքրիկ թաղամասերի ստեղծումը: Որը մի կողմից փորձում էր խրախուսել տուրիզմի զարգացումը, մյուս կողմից ներկայացնել ազգային ժողովրդական արհեստները եւ արվեստը: 

Այդ ֆոնին նմանատիպ թաղամաս ունենալու գաղափարը պտտվում էր նաեւ Հայաստանի կառավարության եւ ճարտարապետական հանրության շրջանում: 

Սրան զուգահեռ կառավարությունը խնդիր ուներ վերացնել մայրաքաղաքի կենտրոնին ոչ հարիր «գետնախորշերից» մեկը: 

Երեւանի կենտրոնում առկա էին այդպիսի մի քանի գետնախորշեր, որոնցից ամենացավոտը Կոնդն էր: Ինչո՞ւ էր ցավոտ: 

Որովհետեւ Սպանդարյան-Սվերդլով (այժմ` Արամի-Կողբացի) փողոցների տարածքում Կոնդի տակից մինչեւ Տեր-Գաբրելյան (Բյուզանդ) հատվածում գտնվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու առաջին փուլը ավարտելուց հետո, շրջակայքում բարձրահարկեր կառուցելու ազատ տեղերը սպառվեցին:

Իսկ Կոնդը «դժվար կաղին» էր, որովհետեւ բավականին փոքր տարածքի վրա ապրում-գրանցված էին ավելի քան 5000 բնակիչներ, որոնց պետական բնակարաններով ապահովելու համար հսկայական ծախսեր էին անհրաժեշտ: 

Եկան 1984թ Գորբաչովյան տարիները եւ քաղաքի ղեկավարությունը հայտարարելով Կոնդի վերակառուցման մրցույթ փորձ արեց գտնել մի բանաձեւ որով բնակիչների վերաբնակեցման խնդիրը կունենար ավելի իրականանալի լուծում: Եւ այդ լուծումը առաջարված էր պր. Աղեկյանի հաղթած տարբերակում` երբ բնակիչների մի մասին առաջարկվում էր տեղափոխվել նորակառույց թաղամասեր կամ սեփական ուժերով վերակառուցել իրենց տները ձեռք բերելով համապատասխան մասնագիտական նախագիծ: Մասնագիտական նախագիծ ասելով հասկացվում էր առանձին տների վերակառուցման նախագծային փաստաթղթերի թողարկումը, որով զբաղվելու էր հատուկ Կոնդ թաղամասի համար ստեղծված նախագծային արվեստանոցը: 

Սկզբնական շրջանում մի քանի շենք-տներ կառուցվեցին ըստ վերոհիշյալ արվեստանոցի կողմից կազմված նախագծերի: 

Բայց մի քանի տարի անց քանդվեց սովետական միությունը, սառեցվեցին բոլոր պետական ներդրման աղբյուրները, իսկ հետագայում կազմալուծվեցին կամ փոշիացան նաեւ բոլոր մասնագիտացված շինարարական ուժերը եւ օղակները: Հետագայում նաեւ փակվեց Կոնդի նախագծումով զբաղվող արվեստանոցը: 

Հիմա համարյա 30 տարի անց, ենթադրում եմ թավշյա հեղափոխության արդյունքում կատարվող փոփոխությունների հետեւանքով, Ճարտարապետության Ազգային Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանի եւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն  Վերմիշյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Կոնդի վերակառուցման շուրջ  հանրային քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: 

Մամուլից տեղեկացանք, որ առաջնեկ հավաքին բացի կազմակերպիչներից մասնակցեցին նաեւ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ պր. Մեսչյանը, Ճարտարապետական պալատի ղեկավար պր. Մինասյանը, այլ վաստակավոր քաղաքաշինարարներ եւ ճարտարապետներ, ինչպես նաեւ հանրության շահագրգիռ ներկայացուցիչներ:

Քանի որ ինձ հայտնի չէ թե հավաքի ընթացքում ինչ բնույթի առաջարկներ են եղել, կարող եմ միայն նշել, որ խնդրի շուրջ քննարկումներ սկսելը արդեն լավ նախաձեռնություն է: Հետագայում գործընթացը արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է հայտարարել թե կոմիտեն ինչ ձեւաչափով է պատկերացնում կազմակերպել կոնկրետ առաջարկների քննարկումները եւ որքանով են դրանք հասանելի լինելու ինձ նման արտերկրում բնակվող շահագրգիռ մասնագետների համար:

Կոնդին վերաբերվող կարեւոր կամ հետաքրքրություն ներկայացնող աղբյուրներ`

«Դեպի անհայտ ապագա» – հոդված Իմ Երեւան կայքում

Գեղարվեստի Հարթակում հանդիպում Արշավիր Աղեկյանի հետ – այստեղ

This entry was posted in Articles, Discussion, Notes and tagged , , , , , , . Bookmark the permalink.