«Փոքր կենտրոնն» առաջարկում են առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող տարածք:
Տեղեկությունը տրվել է 2016, Մարտի 11-ի PanArmenian.net համացանցային կայքում:
Տեքստը արտաբերված ամբողջությամբ`
«Փոքր կենտրոնն» առաջարկում են առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող տարածք

PanARMENIAN.Net – ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ մարտի 11-ին քննարկել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ օրենքների նախագծերով մասնավորապես առաջարկվում է «Փոքր կենտրոնի» և դրա անմիջական ազդեցության գոտու սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը հաստատելու է կառավարությունը:
Քաղաքաշինության նախարարի դիտարկմամբ՝ փաթեթով ակնկալվում է քաղաքի ճարտարապետական կերպարի միասնականության և գեղագիտական բարձր որակի ապահովումը:
Նարեկ Սարգսյանն անդրադարձել է նաև փաթեթով կարգավորվող «Փոքր կենտրոնի» կառուցապատման պայմանների իրավական կարգավորմանը, կառուցապատման ենթագոտիներին, ճարտարապետաշինարարական նախագծերին, կառուցապատման խտության կարգավորմանը և այլ հարցերի:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն և կընդգրկվի միայն Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում, քանի որ, ըստ հանձնաժողովի անդամների, փաթեթում կան խնդրահարույց դրույթներ, որոնք անհրաժեշտ է մեկ անգամ ևս քննարկել:
«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է, նախարարության ներկայացմամբ, իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման, գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը: