Ուրվագիծ Հաղորդաշարի փետրվարի 24- հաղորդումը, որի հյուրերն են քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը եւ ԵրեւանՆախագիծ ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը: Ամբողջը նայել այստեղ:
Հատվածը որ ինձ շատ հետաքրքրեց վերաբերվում է Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ հատվածի կառօւցապատման ծրագրին: Ինչով է կարեւոր այս տեղեկությունը, քանի որ «Անկախ» թերթին տրված հարցազրույցում նշել էի հենց այս հատվածի մասին, կոչելով պետության գործընթացը անբարոյական:
Որն է այն – 18:45 րոպեյից սկսած պարոն Բարսեղյանը պատմում է, թե այդտեղ կա վերակառուցման, արդիականացման ծրագիր: Ըստ այդ ծրագրի այդ տարածքում գտնվում են մասնատված, քաոտիկ ձեւով տրված հողակտորներ, որտեղ անհնար է միասնական ձեւով լուծում գտնել: Դրա համար դա տրվում է մի ընդհանուր հողատարածքի մեջ, բանակցություններ են տարվում եւ հուշարձանների օգտագործող սուբյեկտների հետ, եւ մնացած սեփականատերերի հետ: Եւ քաղաքաշինական ծրագրերը համաձայնեցնելով իրենց հետ, մասնագիտական խորհուրդների հետ, նոր գալիս են մի ընդհանուր եզրակացության: Գլոբալ առումով չորս հուշարձան շենքերը` Աբովյան 12, 14, Հրշեջ տունը եւ կողքի շենքը Պուշկին փողոցի, ինչպես նաեւ ոչ հուշարձան հանդիսացող Դոլմաման եւ կողքինը երկհարկանի – որոնք հարիր են պահպանման. – հետո պ. Բարսեղյանը ասում է ամենակարեւոր տեղեկությունը`, – նրանց ներսի ընկած հատվածում կարող է ինվեստիցիոն ծրագիր արվել որոշակի լուծումներով, բայց մենք դեռեւս նախագիծ չունենք եւ ունենալու պարագայում անպայմանորեն դա պետք է հանրային քննարկման դրվի, եւ երաշխավորվելու դեպքում նոր ընթացք տրվի:
Այստեղ Պետրոսը, որ արդեն ահագին բան ա սովորել, հարցնում է, բայց ճիշտ չի՞ լինի արդյոք, որ սկզբից նախագիծ ներկայացվի, հետո որոշեք տալ, բա եթե նախագիծը չհավանեք, ինչ եք անելու, հետ եք վերցնելո՞ւ:
– Այո: Սեփականատերը կարեոր չի, այդ հատվածը բուժման կարիք ունի, այդ հատվածը այդպես չի կարող պատիվ բերել ոչ մի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Նա պետք ա ռեանիմացվի:
Հասանք տեղ,- փաստորեն քաղաքի գլխավոր ճարտարապետը եւ քաղաքապետարանը զբաղված են քաղաքի բուժմամբ: Ու քանի որ իրենց կարծիքով կենտրոնը հիվանդ, մայրաքաղաքին անվայել վիճակում է, պետք է տալ մի դուխով փողատերի, որ գա այդտեղ փող ներդնի եւ քաղաքը բուժի:
Աչքերս փակեմ եւ իրոք մտածեմ որ պարոն Բարսեղյանը որպես մասնագետ քաղաքաշինարար (իսկ ինքը իրոք քաղաքաշինարար է, կարծեմ նույնիսկ պաշտպանած է, եւ ունի ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան) իրականացնելով է Երեւանի գլխավոր հատակագծի դրույթները, զբաղված է Երեւանի կենտրոնի ռեանիմացիա դժվարին գործով:
Փաստորեն Հրաչիկ Պողոսյանը ճիշտ էր ասում, որ Երեւանը հիվանդ է…