Երկու օր առաջ` 2014 հունիսի 1-ին դրեցի “Ճարտարապետության վերջը” նոթը եւ ինձ շատ հարգելի կոլեգաներս իրենց կարծիքներով արձագանքեցին “ՖԲ” կոչվող սֆաթագրքում: Այնտեղ Արսեն Կարապետյանը եւ Սարհատ Պետրոսյանը անդրադարձան “ազգային” եզրույթին:
Իսկ երեկ աչքովս էր ընկել “Իմ Երեւան” կայքում (զարմանալի է, փաստորեն կայքիս ադաշն ա), 2013, հոկտեմբերի 18-ին տպագրված “12-րդ մայրաքաղաքի ճարտարապետը” (հեղինակ` Եդուարդ Այանյան) հոդվածը` նվիրված Ալեքսանդր Թամանյանին: Հենց առաջին պարբերությունում կարդում ենք` – «Այս նոր պատմության հեղինակը դարձավ Ալեքսանդր Թամանյանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու Երևանի խորհրդանիշը դարձած շենքերի համար»: Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Այսօր նայում էի պանակներս եւ հայտնաբերեցի, որ համարյա մեկ տարի առաջ` 2013, հունիսի 8-ին սկսել էի հայկական ազգային ճարտարապետության մասին մտքերս շարադրել… ու բնականաբար լիքը ուրիշ բաների շարքում այն կիսատ էր մնացել: Քանի որ կարծես թե հետաքրքիր մտքերի փոխանակություն սկսվեց, ուզում եմ առիթից օգտվել ու այստեղ տեղադրել վերոհիշյալ նոթս եւ ակընկալել ձեր արձագանքները:
…ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
Ասում ենք «ԱԶԳԱՅԻՆ»` պատկերացնում ենք եկեղեցի, ասում ենք «ԵԿԵՂԵՑԻ» պատկերացնում` ազգային: Սա հիշեցնում է Մայակովսկու “мы говорим Ленин подразумеваем – партия, мы говорим партия, подразумеваем Ленин” հայտնի տողերը:
Ես փորձում եմ այս ցավոտ խնդրին գոնե մոտենալու, չնայած լավ բժիշկը կասեր, – եթե չես կարող բուժել, վերքին ձեռք մի տուր:
Դե մեր ազգային ճարտարապետության մասին վերքը այնքան հին է, որ վախենամ թե լրիվ թարախակալած լինի: Այդ դեպքերում սովորաբար, այլեւս չեն փորձում բուժել, այլ ԿՏՐՈՒՄ ԵՆ, որ մարմնի մնացած մասերը փրկեն վարակի տարածումից:
Վարակվելու հարցը այս ցավոտ խնդրի երկրորդ կարեւոր մասն է, քանի որ ճարտարապետությունը մասսաների «ազգային» ճաշակի ձեւավորման վրա ազդելու ամենա ազդեցիկ գործիքներից մեկն է:
Լենինն ասում էր, որ այդ դերը կինոյինն է, բայց այժմեան Հայաստանում գործող կինոթատրոնների «չքանակը» ցույց է տալիս, որ կինոն մեզանում ոչ մի կերպ չի կարող իր վրա վերցնել այդ դերը:
Իսկ ճարտարապետության ներկայությունը ամենուրեք է:
Ավելի ճիշտ, ոչ ճարտարապետության, այլ շինարարության: Իսկ ճարտարապետության հարցը բարդ է: Ինչպես արժենահիշատակ Արծվին Գրիգորյանը տարիներ առաջ ասեց, տոգորված «երիտասարդ» ճարատարպետների հետ մի հանդիպման ժամանակ, – Ճարտարապետությունը շատ թանկ հաճույք է: Այդ հանդիպմանը քննարկվում էր սովետական մասսայական շինարարության պայմաններում ճարտարապետական գործեր ստեղծելու խնդիրը:
Վերադառնամ խնդրի առաջին մասին` «ազգային ճարտարապետության»-ը:
Որ միանգամից կտրեմ այդ ցավոտ, կարծում եմ թարախակալած վերքը, ասեմ որ «տենց բան չկա»:
Ազգայինը չեն ստեղծում, ազգայինը առաջանում է ժամանակի ընթացքում եթե կա արդեն ձեւավորված ԱԶԳ:
Դուք երբեւէ տեսել ե՞ք որեւէ պատմության մասին գրքում որ գրված լինի, – նախնադարյան ազգային արվեստ: Նախնադարյան մարդը ազգային խնդիրներ չէր լուծում: Նա զբաղված էր սնունդ հայթայթելու եւ մի պուճախում պատսպարվելու հարցերով:
Դե երբ մարդս շատացավ քարանձավերը սկսեցին պակասություն անել նա ստիպված եղավ իր կացարանը կառուցել:
Սա ասում եմ, որ շեշտեմ ամենակարեւոր բանը`
Մարդու շինարարական գործնեությունը հիմնված է ապրելու տեղ, ասել է ԿԱՑԱՐԱՆ ստեղծելու խնդրով:
Մարդու մնացած գործնեությունները ապահովվող շինությունները երկրորդական են:
Այսինքն մեզ հայտնի բոլոր շինությունները` բանկի շենք, դպրոց, մարզադաշտ, կինոթատրոն եւ այլն, իրենց տարբեր տիպաբանություններով հանդերձ երկրորդական են, հիմնականի` կացարանի համեմատ:
Պարզ բառերով ասած` մարդու համար տունն է ամենակարեւորը:
Եւ մարդը դարերով իր տունն է սարքել, որոնցով սկզբնավորվել է բնակավայրը, որտեղ էլ կառուցվել են մյուս գործնեությունները ապահովվող շենքերը:
Եթե տունը կառուցում է տանտերը` չ’ճարտարապետը, եւ կառուցում է առանց նախագծի, ապա արդյունքում իրականացվում է մարդու միայն առաջնային, կացարան ապահովելու խնդիրը, որոնք պայմանավորված են աշխարհագրական, կլիմայական պայմանների, իրեն հայտնի շինարարական եւ տեխնիկական հնարքների եւ անձնական նախասիրությունների հետ:
Դարերի ընթացքում մարդը ներքին աստվածային մղումով փորձում է իր կացարանը գեղեցկացնել: Եւ արդյունքում ձեւավորվում են բնակելի տան որոշակի տիպեր, որին եւ կոչում ենք «ժողովրդական» բնակելի տան ճարտարապետություն:
Ցանկություն չունեմ կրկնել շատերին հայտնի գրքային ճշմարտություններ, թե ինչով եւ ինչպես են տարբերվում հայկական բնակելի տունը, ասենք վրացականից, կամ շվեցարականից: Ազգային հատկանիշները սկսում են ի հայտ գալ երբ կա այդ ձեւավորված ազգը, որը ունի որոշակի պատկերացումներ իր կենցաղի, ապրելակերպի եւ սովորույթների մասին: Այս ամենը մնում է «ժողովրդական» քանի դեռ ճարտարապետը չի մասնակցում այդ տան կերպի ձեւավորման գործին: …
Այստեղ մեկ տարվա հնության նոթս ընդհատվում է: Իհարկե մեծ ցանկություն կա այն շարունակելու, բայց ավելի մեծ է ցանկությունս, որ ասածներս մի լավ քլնգեք…
Որպես խոսակցության նյութ տեղադրում եմ բոլորիս հայտնի շենքի նախնական էսքիզներից մի քանիսը եւ ներկա տեսքը: Ընտրեցի այս շենքը, քանի որ շատ եմ հավանում` հզոր գործ ա: Բայց, նաեւ, քանի որ իր նախնական նպատակը եւ անունը եղել է “Ժողովրդական ՏՈՒՆ”: Ուզում եմ ուշադրություն դարձնեք, թե նախնական գաղափարներից ինչ է մնացել-կառուցվել, կամ ինչ է փնտրել հեղինակը եւ ինչ է ստացվել: Հոդվածում պատմվում է, թե ֆինանսների սղության պատճառով շատ մտահաղացումներ կրճատվել եւ ինչ դժվարություններով են կառուցել այս հոյակապ շենքը: Փառք Աստծո, որ ստացվել այն, ինչ որ ստացվել ա…