hraparak.am -ում կարդացի “Առաջինը քանդելու են Նարեկ Սարգսյանի կառուցած շենքերը” հոդվածը, որի հեղինակն է Paris-Est Créteil համալսարանի քաղաքաշինության դասախոս Մարիամ Խաչատրյանը (կարդալ այստեղ):
Հոդվածից կարելի է դատել, որ հեղինակը տեղյակ է Հայաստանի քաղաքաշինության ասպարեզում տեղի ունեցող ե’ւ անցյալի ե’ւ ներկայի անցուդարձից, նաեւ նորմերից: Բայց ինձ զարմացրեց հեղինակի մտքեր եւ կարծիքներ հայտնելու անվերապահ տոնը: Չեմ կարծում ընթերցողին սա օգնելու է որեւէ հավելյալ գիտելիք ստանալու համար: Այն ուղղակի առաջացնելու Նարեկ Սարգսյան դեմ գոյություն ունեցող հակակրանքի եւս մի ալիք:
Ճիշտն ասած ինձ առանձնապես չի անհանգստացնում պարոն Սարգսյանի ճարտարապետական վարկը, որի համար ինքն է պատասխանատու: Ինձ համար ցավալի է, որ մեր գիտելիքները եւ ունակությունները կառուցողական գաղափարներ շարադրելու փոխարեն վատնվում են “քանդելու” կասկածելի վարկածներ առաջ քաշելու վրա:
Եւ եւս մի դիտարկում կապված քաղաքի գլխավոր ճարտարապետի երեք հիմնական պարտականությունների մասին:
Ժամանակին տարբեր առիթներով հայտնել եմ գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացման մասին իմ կարծիքը, ինչպես նաեւ գրել եմ հենց այս կայքում «Ունենա՞լ, թե չունենա՞լ` այս է խնդիրը» նոթում:
Այո, քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերով զբաղվող համակարգը պետք է ապահովի մարդկանց հեղինակի բառերով ասված`
1. Հիգիենիկ պայմանների ապահովում, որպեսզի ապրողների կյանքն ու առողջությունը վտանգի տակ չլինեն:
2. Շրջանառություն, որն ապահովում է շարժումը եւ կազմակերպում քաղաքի էկոնոմիկ եւ սոցիալ կյանքը:
Բայց ոչ երրորդ`
3. Էսթետիկա, որը տալիս է քաղաքային կյանքին յուրատեսակ շարմ, իրեն բնորոշ գծեր, ներդաշնակություն եւ քաղաքային պեյզաժ:
Հենց սրանով ոչ մի ադմինիստրատիվ օղակ ՉՊԵՏՔ Է զբաղվի:
Ի սեր Աստծո, քաղաքի էսթետիկան հանգիստ թողեք: Քաղաքը դա մարդկանց տարիների, եթե ոչ դարերի, գործնեության արդյունք է: Իսկ էսթետիկան տվյալ ժամանակաշրջանում ապրող մարդկանց երազանքների եւ գեղեցիկի հասկացողության ձգտումների արտահայտությունն է: Եւ մի ճարտարապետով դա ստեղծել ՊԵՏՔ ՉԷ:
Որպես օրինակ կարող եք նայել այս մի քանի լուսանկարները Գլխավոր պողոտայի 30 տարի առաջ նախատեսվող կառուցապատման տեսքը եւ թե ինչպես են իրականացնում դա ներկայումս: