Երեւանը քաղաք է

2010-05-06

Մի պարզ միտք, որ սովորաբար գիտակցվում է երբ քաղաքում ապրող մարդիկ իրենց սկսում են համարել այդ քաղաքի բնակիչներ, այսինքն քաղաքացիներ:
Չեմ ուզում պատմական հղումներ անել դեռեւս Հին Աթենքում ձեւավորված քաղաք, քաղաքացի, քաղաքացիական իրավունք եւ դեմոկրատական սկզբունքներից ձեւավորված հասկացողությունների կամ ասենք միջնադարյան համքարային հարաբերությունները կարգավորող Եվրոպական քաղաքների կանոնակարգերին:
Ներկա ժողովրդավարական երկրների քաղաքները բախվում են մի նոր իրավիճակի հետ, որը երբեմն բերում է նույնիսկ անկարգությունների բռնի ուժի կիրառմամբ: Հիշենք վերջերս Փարիզի արվարձաններում տեղի ունեցած անկարգությունները եւ բախումները ոստիկանության հետ :
Նմանատիպ երեւույթները արդյունք են երկրների համատարած ինտեգրացիայի, որի ընթացքում տեղի է ունենում թերզարգացած երկրներից էժան աշխատուժի ներհոս դեպի եվրոպական մեծ քաղաքներ:

Արդյունքում նախկինում միատարր, ազգային, մշակութային արժեքներով եւ դարերի ընթացքում պատմական որոշակի պայմաններում ձեւավորված քաղաքային համակարգը բախվում է տարբեր երկրներից եւ հետեւաբար տարբեր ազգային մշակութային արժեքներ կրող համակարգերի հետ:

Երեւանի հատակագիծ” – ըստ Ալեքսանդր Թամանյանի

Master Plan of Yerevan – 1924

Եւ արեւմտյան եվրոպայի ժողովրդավարական քաղաքները կանգնած են այս դիլեմայի առաջ` ինչպես դիմակայել: Արգելքներով կիրառվող կանոնակարգերը այնքան էլ էֆեկտիվ չեն եւ որոշ դեպքերում հակասում են մարդու իրավունքների սկզբունքներին, բայց նաեւ գիտակցվում է որ ժամանակակից քաղաքը պետք է նոր ձեւեր կիրառի արդեն ընդունված համակարգով ապրող բնակիչների քաղաքացիական շահերը պաշտպանելու համար:
Արժանահիշատակ ճարտարապետ Արմեն Զարյանը պատմում էր, որ 60-ականներին մի շարք եվրոպական երկրներում կենցաղային պրոբլեմ էր առաջացել գնչուների քարավանների տեղաշարժերի հետեւանքով: Գնչուի երկիրը սահմանազատվում է իր սայլով կամ կառքով եւ նա առանց սրտի խայթի իր աղբը թափում է կառքից դուրս աղտոտելով այն տարածքները որոնցով տեղաշարժվում է: Եւ քանի որ գնչուն այդ երկրի քաղաքացին չէ եւ ընդհանրապես չունի քաղաքացիություն, ապա նույնիսկ պարզ չէ թե որ երկրի օրենքով կարելի է պատիժ կիրառել:
Արդեն ձանձրացող ընթերցողը կզարմանա թե այս ամենը ինչ առընչություն ունի մեր Երեւանի հետ:
Ինչպես հին անեկդոտում, երկու լուր ունեմ հայտնելու` ուրախալի եւ տխուր: Ներկայիս Երեւանը ոչ մի առընչություն չունի վերը նկարագրված խնդիրների հետ, բայց մենք` նրա քաղաքացիները ցանկանում ենք ապրել քաղաքակիրթ կյանքով, հետեւաբար անընդհատ բախվելու ենք համակեցության սկզբունքներին վերաբերող նմանատիպ խնդիրների:
Կհարցեք իսկ ո՞րն էր ուրախալի եւ որը տխուր լուրը: Եկեք որոշենք միասին`
– Ուրախալի՞ է արդյոք, որ Երեւանը չունի եվրոպական քաղաքներին բնորոշ պրոբլեմներ, քանի որ…քաղաքակիրթ քաղաք չէ:
Ես կնախընտրեի երկրորդ, տխուր լուրը, որ մենք եւս ունենք բազմաթիվ քաղաքային պրոբլեմներ, քանի որ որպես նրա քաղաքացիներ ցանկանում ենք ապրել քաղաքակիրթ կյանքով եւ պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել հանրային խնդիրների լուծմանը:
Սա նշանակում է, երեւանցիներին այլեւս չի բավարարում նախկին ապրելակերպի` խաղի կանոնները: Վերջինիս վառ ապացույցը դարձավ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի, պատմության եւ մշակույթի հուշարձանների ցուցակից հանելու կասկածելի որոշումը, կառույցը քանդելու եւ նրա տեղում սովետական տեռորի տարիներին քանդված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուն «համանման» շենք կառուցելու սնապարծ գաղափարը: Շեշտում եմ համանմանը, քանի որ այդպես է ասվում որոշման մեջ, բոլորին հայտնի պատճառով` ենթադրվելիք նորակառույցը չի կարող հավակնել կոչվելու քանդված եկեղեցու վերականգնում, քանի որ չկան անհրաժեշտ գիտական եւ պատմա-ճարտարապետական բավարար տվյալներ վերականգմանը բնորոշ մեդոթները կիրառելու համար (Այս մասին որպես լրացուցիչ հիմնավորում, կարդացեք հակիրճ տեղեկություններ վերականգնման ավելի հիշարժան փորձերի մասին…):

Եւ սա դեռ սկիզբն է մեր գիտակցության կայացման: Այն գիտակցման, որ Երեւանը մեր քաղաքն է եւ ոչ թե մեր սեփականությունը: Ինչ է սա նշանակում արդի աշխարհում: Նկատի ունեմ այն աշխարհում, որին մենք կարծես ձգտում ենք ամեն գնով` մասնավոր սեփականության աշխարհը: Դա այն աշխարհն է, որտեղ հասարակարգի կառույցի հիմքում գերակայում է մասնավոր սեփականությունը: Եւ հարց է առաջանում, ինչպե՞ս են պաշտպանվում հասարակության համընդանուր շահերը, եթե մասնավորի գերակայություն է: Հենց այստեղ է թաքնված “շան գլուխը”: Հասարակությունը ամբողջությամբ եւ քաղաքացիները որպես անհատներ դարերի ընթացքում հասկացել են ամենպարզ սկզբունքը` համակեցության համընդանուր կանոնակարգը:

Ավելի պարզ` եթե ես կտրեմ իմ սեփական բակում կանգնած ծառը ապա ես զրկում իմ զավակներին մաքուր օդ շնչելու հնարավորությունից: Դա դեռ ոչինչ, մաքուր օդից զրկում եմ նաեւ հարեւանիս: Ու պարզվում է, որ ես իմ սեփական այգում իրավունք չունեմ ծառ կտրելու, ասեմ ավելին, եղածներն էլ պարտավոր եմ ժամանակին ջրել, խնամել, որ հանկարծ հարեւանիս օդը չպակասի: Սա է՞լ եղավ ազատ աշխարհի կյանք: Իսկական ստրկատիրություն: Դե սա մեր եղած օդը, շատ ենք ծախսում քիչ է մնում շնչելու համար: Սա է քաղաքային համակեցության օրինակներից մեկը: Դուրդ չի գալիս, կարող ես գնալ սարերում ազատ խոտ արածել:

Իսկ շենքերի հետ ինչպե՞ս ենք վարվելու: Այստեղ հարցը ավելի խճճված է: Տունը քոնն է, քո սեփականությունը, ուզում ես քանդել նորը կառուցել: Խնդիր չէ, վարձիր ճարտարապետ, պատվիրիր նախագիծ, հաստատիր քաղաքային համապատասխան հաստատությունում եւ արա ինչ ուզում ես:

Իրո՞ք, ինչ ուզում ես կարող ես անե՞լ: Դե իհարկե ոչ, ամեն նորմալ քաղաք ունի քաղաքաշինական կանոնակարգը` այսպես կոչված զոնավորումը, որ սահմանափակում է քո ազատությունները ելնելով շատ տարբեր գործոններից եւ այդ ամենը կրկին հիմնված է հիմնական սկզբունքի վրա, այն է որ քո ազատությունները չսահմանափակեն քո համաքաղակացիներինը: Այսինքն` ազատ տարածությանները կառուցապատելու սահմանափակող պայմաններ, լույսի, մաքուր օդի, կանաչի պաշտպանման, օդափոխանակության, ջրահեռացման եւ այլ շատ-շատ հարցեր: Ու հանկարծ բախտ ունենաս սեփականությունդ գտնվի հուշարձանային եւ պատմական պաշտպանության գոտում: Ոչ միայն տուն քանդել կամ ձեւափոխել չես կարող, այլեւ պարտավոր ես պահել անվթար եւ բարվոք վիճակում: Նույն առաջարկն է, չես ուզում գնա սարերը, լիքը խնդրող կա, որ քո տունը իր հողատարածքով կգնի քեզնից:

Այս ամենը քաղաքակիրթ աշխարհի քաղաքներում: Հիմա սա մեր որոշումն է, ուզում ենք կոչվել քաղաքակիրթ պետք է ընդունենք այդ աշխարհի ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ կանոնակարգը:

Սա շատ հակիրճ քաղաքաշինության պահանջների մասին: Ուրիշ հոդվածներում կցանկանայի արծածել նաեւ քաղաքաբնակին բնորոշ այլ հարցեր` կենցաղավարություն իր բոլոր արտահայտություններով` սկսած փողոցում իրար գրկախառնվելու ու համբուրվելու երկնագույն սովորության, վերջացրած քաղաքային երթեւեկությունը կանոների մասին:

Նույնիսկ ծիծաղելի է, որ ոստիկանները պետք է քաղաքի բնակիչներին հիշեցնեն, որ անցումով կանաչ լույսի տակ փողոց անցնելը միակ հնարավոր տարբերակն է Երեւանում, այն էլ ոչ 100 տոկոսանոց: Կախված է թե ինչ վարորդի հետ միաժամանակ կհայտնվեք նույն խաչմերուկում…

Սպասում եմ նաեւ քննարկման Ձեր նոր առաջադրած թեմաներին: Ամեն ինչ մեր Երեւանի մասին ու համար:

This entry was posted in Articles and tagged , , , , , . Bookmark the permalink.