Արտատպված է Ռեարկ Ճարտարապետական Միջավայրի Ուսումնասիրման Կենտրոնի կայքից, որտեղ առաջին անգամ լույս է տեսել 2011 Հուլիսի 11-ին
Կառավարության շենքի վրա առաջարկվող գմբեթը
Ավելի քան երեք ամսից ավել է ինչ բուռն քննարկման նյութ է դարձել Կառավարական #1 շենքի վրա առաջարկվող գմբեթի նախագիծը:
Այդ առիթով էջեր ստեղծվեցին համացանցում, մամուլում գրվեցին վերլուծական հոդվածներ: Որոշ ճարտարապետներ հանդես եկան եթերում, տրվեցին հարցազրույցներ…
Սկզբում աղմուկ բարձրացավ այն պարզ պատճառով, որ ամեն ինչ կարծես որոշվել էր ծածուկ եւ մամուլում տպագրված առաջին տեղեկությունը պարզորեն ասում էր,- երեք ամսից կսկսվեն շինարարական աշխատանքները: Այժմ դժվար է ենթադրել թե ինչպես կընթանար այդ հարցի քննարկումը, բայց հանրության բարձրացրած բողոքի շնորհիվ նախագծային նյութերը տեղադրվեցին Ճարտարապետության թանգարանում բոլորի համար հասանելի ցուցադրության նպատակով: Ավելի ուշ առաջարկը նաեւ քննարկվեց քաղաքապետարանում` քաղաքաշինական խորհուրդի նիստում:
Հետադարձ հայացք գցելով ձեռքիս տակ եղած նյութերին գալիս եմ հետեւյալ եզրակացություններին`
ա) ցանկացած ճարտարապետական հարցի քննարկման արդյունքը միանշանակ չի կարող լինել: Եթե նույնիսկ ընդունենք, որ քննարկման մասնակիցները անկեղծորեն արտահայտում են իրենց կարծիքը առանց որեւէ հետին շահի, միեւնույն է արդյունքը միանշանակ չի լինի: Ստացվում է, որ հանրային քննարկումները ուղղակի արտահայտում են ժամանակի ընթացիկ մասնագիտական ճաշակային միտումները:
բ) նախագծային պրոցեսը բարդ եւ սյուբեկտիվ գործընթաց է, անհարիր եւ ոչ պրոֆեսիոնալ է նախագծողին ցուցանել թե ինչն է գեղեցիկ կամ անճաշակ: Այո ճարտարապետական նախագծերը դրվում են քննարկման` օրինակ ժամանակին դրանք մինչեւ քաղաքաշինական խորհրդին ներկայացվելը դրվում էին նաեւ ճարտարապետների միության բաց քննարկումներին: Տարբեր ճարտարապետ-կոլեգաներ արտահայտում էին իրենց կարծիքը: Հեղինակները դրանք կարող էին ընդունել կամ լիովին մերժել, քանի որ կրկնում եմ ստեղծագործական պրոցեսը բարդ եւ սյուբեկտիվ բան է: Եւ բոլոր տիպի բաց եւ փակ քննարկումները իրականում խորհրդատվական բնույթ են կրում: Այդպես էր Սովետների ժամանակ, այդպես է եւ հիմա: Այլ կերպ դժվար էլ է պատկերացնել:
Այդ դեպքում`
Ի՞նչն է հանրության բողոքի հիմնական դրդապատճառը
Այստեղ հարկավոր է մի պարզաբանում:
“Հայկական ժամանակ” թերթում այս տարվա Մայիսի 21-ին հրապարակված հանրահայտ “Բողոքողները թող բողոքեին” հոդվածից տեղեկանում ենք,
« – Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Կառավարության կողմից 3 տարի առաջ ինձ տրվել է հանձնարարություն` առաջարկներ ներկայացնել` նորաստեղծ Սփյուռքի եւ այրված Արդարադատության նախարարությունների համար նոր կառույցներ իրականացնելու: Նախնական տարբերակով մտածվում էր, որ Արդարադատության նախարարությունը կլինի իր տեղում, իսկ Սփյուռքի նախարարությունը` մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի եւ կառավարության 3-րդ շենքի հարեւանությամբ»: Նույնիսկ, ըստ Նարեկ Սարգսյանի, այդ շենքերի համար էսքիզներ են արել ճարտարապետներ Ջիմ Թորոսյանն ու Մկրտիչ Մինասյանը: Հետո, սակայն, ՀՀ գլխավոր ճարտարապետը միտքը փոխել է: «Բայց ես մտածեցի, որ դա հարմար տարբերակ չէ, եւ շատ ավելի խելացի կլինի, որ օգտագործենք այս առիթը, որպեսզի վերականգնենք հենց Թամանյանի աշտարակը, որովհետեւ խորապես համոզված եմ որպես պրոֆեսիոնալ, որ կառավարության շենքը չավարտված շինություն է եւ այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ ի սկզբանե` համաձայն Թամանյանի բոլոր նախագծերի»:
Այսպիսով պարզվում է որ Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետը ի պաշտոնե կատարել է կառավարության հանձնարարականը, երկու նախարարությունների համար հողատարածք գտնելու նպատակով: Եւ արդյունքում եկել է գուցե եւ շատ սրամիտ լուծման, նոր տարածք չտրամադրել, այլ օգտագործել կառավարության շենքի եղած տարածքը եւ միեւնույն ժամանակ կառուցել արտաքինից գմբեթ (կամ աշտարակ, այս հարցում մամուլի տեղեկությունները խճճվում են) հիշեցնող կառույց, որն հիմված է Ալ. Թամանյանի բոլորին հայտնի ժամանակին արված էսքիզի նախատիպի վրա: Բացարձակապես ցանկություն չունեմ խորանալ այդ առաջարկի քաղաքաշինորեն հիմնավոր կամ անհիմն լինելու մեջ, կուզեի անդրադառնալ այս գործընթացի այլ կողմի վրա, քանի որ իմ կարծիքով, այդտեղ է թաքնված ճարտարապետական հանրության դժգոհությունների հիմնական պատճառը: Այո, գուցե ոչ միակ, բայց ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ:
Միապետական, տոտալիտար եւ ժողովրդավարական հասարակարգերի ճարտարապետությունների էական տարբերությունը
Փորձելով ի մի բերել իմ համեստ գիտելիքները ճարտարապետության պատմությունից, չեմ հիշում քիչ թե շատ հայտնի դեպք, երբ հին աշխարհի ստրկատիրական, միջնադարյան իշխանական-ֆեոդալական կամ հետագայում միապետական հասարակարգերում ճարտարապետական մեծ նախաձեռնությունները իրականացվել են բաց մրցույթների կարգով: Բացառիկ մեծամասնությամբ, այդպիսի ձեռնարկները իրականացվել են իշխող միապետի միանձնյա ընտրությամբ եւ մենաշնորհվել են արդեն իրենց կառույցներով հայտնի, շնորհաշատ ճարտարապետներին:
Միայն բուրժուական հեղափոխություններից հետո, առաջավոր եվրոպական երկրներում ինչպես նաեւ Ամերիկայում, այն էլ ոչ բոլոր դեպքերում, կիրառում ստացավ ճարտարապետների միջեւ մրցույթներ անցկացնելու գործընթացը:
Այս մեթոդի կիրառման հիմնադրույթը ելնում է ազատ շուկայի, լավագույն արդյունքին հասնելու համար մրցունակությունը խթանելու նպատակից:
Չնայած այն փաստին, որ կոնկրետ կառույցի պատվիրատուն մասնավոր անձ է (կառավարությունը նույնպես հանդես է գալիս մասնավոր պատվիրատուի կարգավիճակով), մրցույթների միջոցով առաջարկ-նախագծի ընտրության գործընթացը ապահովվում է ճարտարապետության հիմնական նպատակներից մի քանիսը` ազատ ընտրությամբ հասնել հանրության առօրյա կյանքի եւ գործնեության պահանջները բավարարող եւ ընդհանրական ճաշակին համապատասխան միջավայր: Սրանով իսկ հանրությունը անուղղակիորեն մասնակցում է ապագա կառույցի պատվերի ձեւավորման պրոցեսին:
Պատասխանելով նախորդ հարցին` թե որն է ճարտարապետական հանրության դժգոհությունների հիմնական պատճառը, կարելի է եզրահանգել – գաղտնագողի, առանց մրցույթի ճարտարապետի եւ նրա առաջարկի միանձնյա ընտրությունը: Սա է ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ:
Մրցույթի ճանապարհով ճարտարապետի եւ նրա առաջարկի ընտրությունը կատարելու գործընթաց-համակարգ:
Սա է ժողովրդավարական հասարակարգերում իրականացվող ճարտարապետության հիմնական ընթացքը եւ դրանով իսկ այն էապես տարբերվում է տոտալիտար ժամանակաշրջանում կիրառվող մեթոդից:
Եւ այդ է պատճառը, որ ժամանակակից ժողովրդավարական երկրներում մեծ եւ կարեւոր կառույցներ իրականացնելու հիմնական ձեւը բացառապես ճարտարապետական, նույնիսկ միջազգային, մրցույթների գործառույթն է:
Այս առիթով ավելորդ չէ հիշել, որ նույնիսկ Սովետական պետականության տարիներին, շատ կարեւոր գաղափարական նշանակություն ունեցող կառույցների իրականացման ժամանակ որոնցից էր օրինակ “Սովետների Տունը”, “գաղափարական” կոմունիստները չեն խորշել բաց մրցույթի հրավիրել ճարտարապետներ “թշնամական” արտասահմաններից:
Գեղեցիկի պատկերացումները լճանում են եւս
Իսկ որն է գեղեցիկը, որն է այն չափանիշը որով կարելի է որոշել կառույցի գեղեցիկ, ներդաշնակ լինելը: Սա է առաջին միամիտ հարցը որ անընդհատ տանջում է բոլորին` անկախ մասնագիտությունից:
Երբ մտովի հղումներ ենք անում միջնադարյան եվրոպական քաղաքների ճարտարապետությանը, շատ դեպքերում որպես գեղարվեստական բարեմասնություն նշվում է նրանց ներդաշնակ, համասեռ կառուցապատումը: Դա ընկալվում է որպես գեղեցիկի գրավական: Հիշենք օրինակ իտալական կամ գերմանական միջնադարյան քաղաքները: Բացի կենտրոնական նշանակություն ունեցող տաճարներից, պալատներից եւ նրանցով կազմված հրապարակներից մնացածը ընկալվում է մի համատարած ամբողջականություն, որն էլ եւ ստեղծում է ներդաշնակության զգացողություն, որտեղ որպես զարդեր աչք են շոյում այդ կենտրոնական կառույցները: Այդ քաղաքները արտահայտությունն են միջնադարյան հասարակարգի ներքին կյանքի եւ հարաբերությունների: Այն հիմնականում կառուցապատվում էր միապետի (իշխանի) պատվերով կամ հանձնարարությամբ: Քաղաքներում գործում էր կառուցապատման մի քանի կարգավորող եւ սահմանափակող օրենքներ` փողոցների կարմիր գծերի, հարկայնության, քիվի բարձրության, շատ դեպքերում նաեւ շինանյութի օգտագործման մասին: Դրանով իսկ ապահովվում էր քաղաքի համասեռ դեմքը, որտեղ եւ զարդերի նման զրնգում են իշխողի պալատը, գլխավոր տաճարը եւ եւս մի քանի կարեւոր շենքեր, կախված տվյալ հասարակարգի յուրահատկություններից:
Եվրոպական երկրներում տեղի ունեցած բուրժուական հեղափոխությունները ջարդեցին միջնադարյան հասարակարգի ընդունված պետական կառույցները (ինստիտուտները): Առաջացան պետական, հասարակական նոր ֆունկցիաների, նոր տիպի շենքերի անհրաժեշտություն, որոնք ի վիճակի կլինեին բավարարել հանրային կյանքում նոր առաջադրված պահանջները: Ճարտարապետությունը բնականաբար ստիպված էր յուրացնել այդ նոր ֆունկցիաները եւ առաջարկել նոր տիպի կառույցներ:
Բայց խնդիրն այն է, որ նոր ֆունկցիաները անմիջականորեն չեն ենթադրում նոր ճարտարապետություն` գեղեցիկի նոր պատկերացումներով: Հակառակը` մարդը միշտ փորձում է հարմարեցնել արդեն եղածը նոր պահանջներին, ադապտացնելով իր տունը, շրջապատող միջավայրը: Որոշակի ժամանակ է պահանջվում, մինչ ճարտարապետների, ինչպես նաեւ պատվիրատուի կողմից գիտակցվում է նոր ֆունկցիաների եւ եղած հին կառույցների տիպաբանության անհամապատասխանությունը:
Սրան պետք է ավելացնել, որ ավելի դժվար է փոխվում մարդկանց պատկերացումները նոր ֆունկցիայից բխող գեղեցիկի այլ պատկերացումների հետ:
Սա է հիմնական պատճառը, որ այդպիսի նոր ֆունկցիաներ ունեցող շենքերի տիպեր, ինչպիսին կինոթատրոնը կամ քաղաքի բորսան նախագծվում եւ կառուցվում էին “ավանդական” ճարտարապետական էլեմենտների կիրառությամբ` բարձր պատվանդանի վրա դրված հունա-հռոմեական սյունաշարեր, ճակտոններ, քիվեր եւ վերջապես նաեւ գմբեթներ:
Ճարտարապետական լուծումներ, որոնք համարյա ոչ մի ֆունկցիոնալ կիրառություն չունեն վերոհիշյալ շենքերի համար: Դրանք ուղղակի արտահայտում են մարդկանց պատկերացումները այդ շենքերի կարեւոր կամ գեղեցիկ լինելու մասին:
Իրականում մարդիկ ի վիճակին են ավելի արագ փոխել իրենց մոտեցումները կյանքում կատարվող ամեն տիպի երեւույթների, նույնիսկ որոշ սովորությունների, քան գեղեցիկի նկատմամբ ունեցած պատկերացումները:
Այլ կերպ ասած, գեղեցիկի հարցում մարդիկ առավել ավանդապահ են:
Շատ դեպքերում, մարդիկ ապրելով ժամանակակից սարքավորումներով հագեցած իրականության մեջ, արվեստում նախընտրում են այսպես կոչված “ավանդականը”: Ավանդականը դրել եմ չակերտների մեջ, քանի որ մարդիկ իրականում անտարբեր են “ավանդականի” էությանը: Ավանդականը ընկալվում է ձեւի եւ ոչ բովանդակության տեսանկյունից, ասել է արտաքին հատկանիշներով: Ճարտարապետության պարագայում, դրանք ճակատային, դեկորատիվ, ձեւերի եւ դետալների ձեւական կիրառությունն է, որը ստեղծում է ավանդականին պատկանելու պատրանքը:
Չնայած երկաթ-բետոնը հնարվել է դեռեւս 1849 թվականին եւ սկսվել է լայնորեն կիրառվել արդեն 19-րդ դարի վերջերից, այն որպես ձեւաստեղծող շինարարական նյութ սկսվել է գիտակցվել միայն 20-րդ դարի սկզբներում:
Մի քանի օրինակ`
Էրիխ Մենդելսոնի “Էյնշեյնի աստղադիտարանը” Պոդստամում, 1921թ.
Իլյա Գոլոսովի Բանվորների ակումբը 1927թ.
Էլ-Լիսիցկի “Օգոնյոկ” ամսագրի տպարանի շենքը 1929թ.
Չնայած արվեստաբանները դեռեւս վիճում են Մոդեռնիզմի ծննունդի ճշգրիտ տարեթվի շուրջ, բայց կարող եմ պնդել, որ արդեն մեկ դար է ինչ այն որպես մարդկության կողմից գիտակցված շարժում-աշխարհահայացք, գոյություն ունի: Միեւնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ նույնիսկ մոդեռնիզմը ծնող եւ լայն տարածում ունեցող երկրներում հասարակության գուցե գերակշռող մասը միանշանակորեն չի ընդունում մոդեռնիզմը որպես գեղեցիկի պատկերացումների բնականոն զարգացում:
Այս տեսակետից ճարտարապետությունը ամենա ավանդապահ արվեստն է: Եւ դա է հիմնական պատճառներից մեկը, որ Մոդեռնիզմին հաջորդեցին տարբեր Նեո-իզմներ, սկսած նեոկլասիցիզմի երկրորդ վերածնունդը, նրա տարբեր դրսեւորումներով` “traditional architecture”,”neo-eclectic architecture”, neo-historicist architecture” եւ այլն:
Ստեղծել մոդեռնիստական, ասել է ժամանակակից, ժամանակի հետ ընթացող, ապագային նայող, առաջընթացը խթանող ճարտարապետություն շատ դժվար, որոշ ճարտարապետների համար, գուցե եւ անհասանելի խնդիր է: Իսկ ստեղծել, ավանդականը նմանակող, հանրության գեղեցիկի արդեն փորձարկված պատկերացումները բավարարող ճարտարապետություն, շատ ավելի ապահով է եւ անվտանգ: Ապահով է չսխալվելու, եւ բոլորին, կարծես թե բավարարող, միջին, ոչինչ չասող ճարտարապետություն ստեղծելու առումով:
Բայց հայտնի է, որ արվեստում մի անգամ գտնված, թեկուզ եւ գեղեցիկ լուծումների երկարատեւ շահարկումը աստիճանաբար վերածվում է կարծրակաղապարի, իսկ “ավանդական” թվացող լուծումների շահարկումը բերում է գեղեցիկի մասին ունեցած պատկերացումների լճացման:
Տոտալիտար հասարակարգը ճարտարապետության լճացման հիմնական պատճառներից է
Շարունակելով նախորդ ենթավերնագրի միտքը, կուզեի նշել, որ ես չեմ պատրաստվում քննարկել, թե որն է արվեստի, ճարտարապետության մեջ համարվում առավել գեղեցիկ: Ստեղծագործող արվեստագետը, նաեւ ճարտարապետը նախագծման ընթացքում անընդհատ բախվում է այդ խնդրին` ստեղծել գեղեցիկ արվեստի գործ: Այլ արվեստների պարագայում վերջնական արդյունքից բխող հետեւանքները այդքան էլ ճակատագրական չեն հանրության համար: Նկարչի կտավը կամ ռեժիսորի ֆիլմը չհավանելու դեպքում կարող ես պարզապես չդիտել, մերժել այն` վատն է եւ վերջ:
Ճարտարապետական ստեղծագործության արդյունքը` կառուցված շենքը, անկախ հանրության կողմից գեղեցիկի ճանաչելի պատկերացումներից, որպես նյութական իրողություն, առաջարկվում է սպառողին: Առաջարկվում է ճարտարապետի գեղեցիկի մասին ունեցած իր պատկերացումների համաձայն ապրանք: Եւ այս իրավիճակում սպառողը քիչ, եթե չասեմ համարյա ոչ մի այլընտրանք չունի: Ստացվում է, որ հանրությունը օգտագործում, սպառում է կառույցները անկախ իր կամքից, այն ընդունվում են որպես սպառման առարկա: Դրանով իսկ, ստեղծվում է գեղեցիկի ապրիորի ձեւավորված կամ պարտադրված չափանիշներ:
Ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա: Եւ պետք էլ չի որ լինի:
Հարցը այն է, որ տոտալիտար հասարակության կառուցվածքը ենթադրում է մի խումբ մարդկանց, այդ թվում եւ ճարտարապետների գերակայություն: Արդյունքում հանրությանը պարբերաբար առաջարկվում են նույն հեղինակների կողմից նախագծված կառույցներ, որը տարիների ընթացքում դուրս է մղում այլ ճաշակներին, ուղղություններին հարող ճարտարապետներին ընթացիկ գործընթացներից:
Բոլոր “իզմներն” էլ կյանքի իրավունք ունեն: “Իզմերը” առաջացումը հենց գեղեցիկի պատկերացումների փնտրտուքի արդյունքն է: Եթե չկա գեղեցիկի փնտրում, նորի ձգտում, չկա տարբեր աշխարհայացքների, ճաշակների եւ մոտեցումների կիրառում այդ փնտրումների ճանապարհին` չկա բազմազանություն` ուրեմն մոտակա լճացումը անխուսափելի է: Նույնիսկ ամենագեղեցիկ, հանրության կողմից ընդունված արժեքները չեն կարող հարատեւել: Գեղեցիկի պատկերացումը ինքնին կապված է ժամանակի ընկալման հետ:
Որպեսզի արվեստը չլճանա, միակ ճանապարհը ազատ ընտրության հնարավորությունն է: Հարցն այն է, որ մարդիկ հնարավորություն չունեն ընտրելու շենքը երբ այն արդեն կառուցվել է: Ճարտարապետության ընտրությունը տեղի է ունենում մինչեւ նախագծումը: Այսինքն բազմազան, այլընտրանքային ճարտարապետություն ստեղծելու միակ տարբերակը ժողովրդավարական, շուկայի, ազատ ընտրության ձեւն է: Տվյալ դեպքում, մինչեւ կառուցելը մրցույթների միջոցով այլընտրանքային տարբերակը գտնելը:
Ճարտարապետական մրցույթները որպես նախագծային պրոցեսի առաջին քայլ հնարավորություն են տալիս հանրությանը անուղղակիորեն մասնակցելու հանրային ճաշակի ձեւավորմանը: Այս առումով, ժողովրդավարական պետություններում ճարտարապետությունը հնարավորություններ ստանում ավելի բազմազան արժեքներ ստեղծելու համար:
Իսկ տոտալիտար հասարակությունը բացառում է հենց այդ ընտրության հնարավորությունը: Դրանով իսկ ճարտարապետությանը բերում վերջնական լճացման:
Գլխավոր ճարտարապետի պաշտոնը տոտալիտար հասարակարգի մնացուկ է
Հարցրեք նախկինում գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատած մարդկանց: Բոլորը ձեզ կասեն, որ դա շատ անշնորհակալ գործ է, քանի որ բոլոր կատարվածների մեղքը հետագայում բարդվում է կոնկրետ մարդու վրա: Այդ պաշտոնի ստատուսը ինքնին շատ վիճարկելի է, քանի որ ներկայացնում է ադմինիստրատիվ պարտականությունների, խճճված որոշումներ հանգուցալուծելու եւ ճարտարապետության (ենթադրյալ) արվեստի հետ առընչվող հարցերին լուծումներ տալուն:
Քանի որ նման քաղաքաշինական հարցերի լուծումը ենթադրում է իր գործի մեջ փորձառու մասնագետի մասնակցությունը, սովորաբար այդ պաշտոնը զբաղեցնում են արդեն հանրությանը քիչ թե շատ հայտնի եւ կայացած ճարտարապետներ:
Եւ նրանք բոլորն էլ համարյա առանց բացառության իրենց դերն են ունեցել քաղաքի ճարտարապետական տեսքի ձեւավորման հարցում: Ինչպես հասկանում եք հենց այդ պարագան է դարձնում գլխավոր ճարտարապետի պաշտոնը գրավիչ:
Մեկ անձը սկսում է տնօրինել մի ամբողջ քաղաքի մոտակա տարիների գործընթացը:
Սա նույն տոտալիտար (նախկինում միապետական) հասարակարգի արտահայտություն է:
Իսկ ժողովրդավարական ցանկացած հասարակությունում նման իրերի դրվածքը անընդունելի է, քանի որ մեկ մարդը զորու չէ եւ իրավունք չունի որոշելու բոլորի փոխարեն:
Բացի այն որ աշխարհի ոչ մի նորմալ երկրում գլխավոր ճարտարապետի պաշտոն չկա, այլեւ չկա առաջադրված այդպիսի խնդիր` միանձնյա ընդունել որոշումներ քաղաքի զարգացման բարդ եւ դժվարին հարցերի վերաբերյալ:
Նման հարցերը որոշվում են ոչ միայն ճարտարապետների, այլ հարակից մասնագետների մի ամբողջ բանակի երկարատեւ հետազոտությունների արդյունքում: Ժամանակակից քաղաքը շատ բարդ եւ խճճված համակարգ է, եւ իրականում ճարտարապետությունը այն խնդիրների միայն մի փոքր մասն է կազմում:
Իսկ ինչպե՞ս գործել առանց գլխավորի:
– Ինչպե՞ս են ճարտարապետական, քաղաքաշինական հարցերը կարգավորվում այլ երկրներում:
Պետությունը իր վրա է վերցնում քաղաքացիների բարվոք կենցաղի, առողջության եւ անվտանգության հարցերը: Դրանք կարգավորվում են քաղաքաշինական նորմատիվ բնույթի օրենքներով: Իսկ այդ օրենքների կատարմանը հետեւում են այսպես կոչված ճարտարապետ-կոմիսարները: Դրանք ճարտարապետական կրթությամբ եւ լիցենզավորված մասնագետներ են, որոնք կոչված են հետեւելու ՆԱԽՕՐՈՔ կազմված, հաստատված եւ օրենքի ուժ ունեցող “Քաղաքային գոտիների կարգավորման”, այլ քաղաքաշինական եւ շինարարական նորմերի պահպանմանը: Դա իրականում բավական ձանձրալի, ոչ ստեղծագործական եւ գրասենյակային աշխատանք է: Եւ ոչ մի խելքը գլխին ճարտարապետի մտքով անգամ չի անցնում զբաղվել նման գործով:
Այսինքն քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ինքնին տոտալիտար հասարակարգի մնացուկ է եւ չի արտահայտում ժամանակակից ժողովրդավարական ճանապարհ ընտրած երկրի նպատակները:
Այս առումով ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ Հայաստանում: Քանի որ քաղաքի գլխավոր ճարտարապետը ի պաշտոնե առընչվում է կառավարությունում քննարկվող քաղաքաշինական եւ ճարտարապետական հարցերին եւ ներկայացնում է նախագծային առաջարկներ (որի համար ենթադրում եմ ստանում է աշխատավարձ), լռելայն ձեռք է բերում դրանց իրականացնող ճարտարապետի իրավունքը, ասել է թե նախագծային պատվերը, եւս: Ստացվում է, որ որոշ ժամանակահատվածում քաղաքում սկսվում են կառուցվել մի ճարտարապետի (գխավորի) նախագծած շենքերը:
<<Ես չեմ ուզում խոսել այն մասին, որ դա շատ դեպքերում պաշտոնի պարզ չարաշահում է (այդ հարցերով թող զբաղվեն համապատասխան մարմինները, եթե դա օրենքով պատժելի է, կամ ներկայանում է որպես բարձր պաշտոնյայի գործելակերպի եւ էթիկայի խախտում): Այս մասին երբեմն գրվում է նաեւ մամուլում: Սկզբունքային տեսակետից դա շատ վատ երեւույթ է, որի մասին կարելի է խոսել մի այլ առիթով: Նման երեւույթները Հայաստանում առկա են համատարած կերպով: Չասեմ որ դա երեւի պաշտոնի ձգտելու հիմնական դրդապատճառն է եւ շատերը նույնիսկ մտքում չեն էլ զարմանում, մտածելով, դե ես էլ լինեի նույնն էի անելու, բա ոնց…>>
Տեղի է ունենում մի ավելի ցավալի երեւույթ. խախտվում է ազատ շուկայի հիմնական պայմանը` ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:
Բնականաբար տարբեր այլ ճարտարապետներ եւս ստանում են պատվերներ եւ անում նախագծեր: Դա նորմալ է: Բայց նախագծերի հաստատման մեխանիզմը ենթադրում է գլխավորի վերջնական հաստատման ճանապարհով ընտրության, զտման պրոցեսը: Այսինքն, քաղաքի գլխավոր ճարտարապետը անուղակիորեն կատարում է շենքերի ընտրություն իր ճաշակին համապատասխան:
Եւ արդյունքը իրեն սպասել չի տալիս: Քաղաքը վեր է ածվում միապաղաղ, նույնատիպ ճաշակ ներկայացնող կառույցների շարանի: Բացի այդ ժամանակի ընթացքում այդ ճաշակը հանրության մոտ ձեւավորվում է որպես առաջավորի միակ պատկերացում (չնայած իրականում դա պարտադրված, ոչ թե ընտրության պրոցես է):
Ավելորդ չէ նշել, որ նույնիսկ նման մեծանուն եւ տաղանդավոր ճարտարապետի կողքին, ինչպիսին Ալեքսանդր Թամանյանն էր, գործում էին լրիվ ուրիշ աշխարհայացք ունեցող վարպետներ: Ավելի քան համոզված եմ, որ եթե մի հիմար հրաշքով Երեւանում կառուցվեին միայն Թամանյանի նախագծած շենքերը, այն կդառնար շատ ձանձրալի մի քաղաք:
Ժամանակակից քաղաքի հմայքը նրա բազմազանության մեջ է: Այդ բազմազանությունը ուղղակիորեն արտացոլում է հասարակության բազմաշերտ, բազմակարծիք համույթը:
Իսկ դա ինքնին բնորոշ է ժողովրդավարական հասարակարգ ունեցող պետություններին:
Կարծում եմ, որ վերջին տասնամյակում Երեւանում կառուցված շենքերը արտացոլում են երկրում տեղի ունեցող սոցիալական, համակարգային փոփոխությունները:
Խնդիրն այն է, թե ո՞ր ուղղությամբ է ընթանում երկիրը` դեպի բաց ժողովրդավարական թե խիստ կենտրոնացած (տոտալիտար) համակարգ:
Դժբախտաբար ճարտարապետության բնագավառում տեղի ունեցող շեշտված կենտրոնացումը ցույց է տալիս, որ տոտալիտար համակարգին հարողները դեռ տիրապետում են պետության համակարգում: Բնականաբար նրանք նախընտրում են միանձնյա որոշումներ կայացնելու մեթոդները, բաց մրցույթների, մրցակցության ճանապարհով առաջընթացը ապահովող համակարգերից:
Սա է նաեւ պատճառներից մեկը, որ անընդհատ ծամծմվում է հայկական ճարտարապետության “ավանդական” արժեքների մասին, ենթադրելով, որ “ավանդականը” ապահովում է գեղեցիկ ճարտարապետություն: Ցավոք դա այդպես չէ. ներկա ժամանակները ամեն օր առաջադրում են իրենց նոր խնդիրները, որը պետք է լուծել առանց վախենալու, իսկ դրա համար պետք է ամբողջ ճարտարապետական ներուժի ակտիվ մասնակցությունը ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ պայմաններում:
Հակառակ դեպքում մեր ճարտարապետությունը մեծ քայլերով ետ կմնա ժամանակի ընթացքից…
Արեգ Ասատրյան