Letter to Architect’s Union of Armenia

Հուլիսի 1, 20111

Այս նամակը գրվել է 2011 հուլիսի 1-ին, Հայաստանի Ճարտարապետների Միության կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանակ ընթերցելու համար: Քանի որ նամակը ուղարկվել էր էլեկտրոնային փոստով Նյու-Յորքից տեխնիկական պատճառաներով ուշացավ ժողովում ընթերցումից: Չնայած արդեն անցել են տարիներ, բայց նամակում արծածված որոշ հարցադրումներ դեռ ակտուալ են:

Գմբեթի նախագիծ-առաջարկ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՏԱՆԸ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Արեգ Ասատրյան
Ճարտարապետների միության անդամ

Հայաստանի Կառավարական հ. 1 շենքի տարածքում թմբուկի (կամ աշտարակի, այս հարցում մամուլի տեղեկությունները խճճվում են) կառուցման նախագիծ-առաջարկը:

Հարգելով ներկաների ժամանակը եւ ենթադրելով որ բոլորը տեղյակ են վերջին երեք ամիսների ընթացքում հանրության տարբեր հարթակներում արտահայտված կարծիքները, կանգ կառնեմ միայն ինձ հուզող երեք հարցերի վրա:

1) ֆինանսական նպատակահարմարությունը.

Մամուլից տեղեկացանք որ այս կառույցի իրագործման համար ռուսական «Ռոսչին» ընկերության հետ կնքվել է պայմանագիր: Ինվեստորը տրամադրելու է 10 մլն. ամերիկյան դոլար, որի փոխարեն ստանալու է նախկին արդարադատության շենքի տարածքը այն իր նպատակների համար կառուցապատելու իրավունքով:

Նախ անհասկանալի է, թե ինչպես հեղինակները կարողացան էսքիզ-առաջարկի սահմաններում հաշվարկել կառույցի ծախսը – 10 մլն.: Իսկ գուցե՞ 8,5 մլն. կամ 11,5:

Առաջին հայացքից շահավետ թվացող այս գործարքը շատ կասկածելի հետեւանքներ ունի:

ա. նախ դա ենթադրում է, որ քաղաքի ամենակենտրոնական հատվածում` Շահումյան հրապարակի վրա հողահատկացման պայմանագիր է կնքվելու մի կառուցապատողի հետ, որին այլեւս չեն կարողանալու թելադրել որեւէ այլ քաղաքաշինական, ֆունկցիոնալ գլխավոր հատակագծից բխող պայման իր սահմանափակումներով: Ինչպե՞ս որոշվեց թե 10մլն.-ը այդ տարածքի համարժեք գինն է, որ քաղաքը պատրաստվում է վաճառել օտար ինվեստորին:

բ. գործարքը ենթադրում է, որ քանդվելու Նիկողայոս Բունիաթյանի եւս մեկ հրաշալի շենք: “Սեւան” հյուրանոցի քանդումը ինքնին անտրամաբանական եւ մեծ կորուստ էր: Հիմա էլ հաջորդը: Այդ շենքի քանդումով մեծ հարված է հասցվելու Երեւանի ամենահին եւ արժեքավոր շերտ կազմող հատվածին: Խոսքը երկհարկանի “խարխուլ” սեւ շենքերի մասին չէ, այլ նույնիսկ հրդեհից հետո կանգուն մնացած 4 հարկանի քարե մի կառույց, որտեղ հանգիստ կտեղավորվեն հենց այդ երկու “անտեր” մնացած նախարարությունները:

գ. Գմբեթի կառուցումը անխուսափելիորեն ենթադրում է Պետական Պատկերասրահի ապամոնտաժումը, ասել է քանդումը: Այս պրոցեսը պետք է դիտարկել նույն քաղաքաշինական գործընթացի տրամաբանական շղթայում: Ստացվում է, որ ներկա առաջարկի գինը միայն գմբեթի կառուցումը չէ, այլ նաեւ պատկերասրահի քանդումը եւ նրանում տեղավորված երեք թանգարան-ցուցասրահների տեղափոխումը նոր կառուցվելիք շենքեր: Կարող եք նույն մոտավորությամբ հաշվել ամենաքիչը եռապատիկ արժեք քան նախատեսվում է: Այսինքն այս կառույցը շղթայական ռեակցիայի սկզբունքով ստեղծելու է ամենաքիչը եւս 30 մլն.-ի արժեղության շինարարության ծախս:

Այստեղից բխում է, որ հիմնավորման այն դրույթը, թե հողատարածք է խնայվում եւ ձեռք է բերվում ֆինանսավորման աղբյուր մտածածին է եւ անհամարժեք սպասվելիք հեռանկարային ծախսերի համեմատ:

2) Պետական հիմնարկների եւ կառույցների անվտանգությունը

Ամբողջ աշխարհում, հատկապես վերջին տասնամյակում առաջնահերթ խնդիր է դարձել մեծ ֆինանսական եւ պետական շենքերի անվտանգությունը: Ներքին եւ արտաքին կոնֆլիկտների պայմաններում, նման շենքերի հակա-տեռորիստական ակտերից պաշտպանվելու համար կատարվող միջոցառումները առաջնահերթ նշանակություն են ստանում: Նկատի ունենալով այս հանգամանքը, ամենուր նախընտրում են նման շենքերը ՏԱՐԱԲԱԽՇԵԼ, ոչ թե ԿՈՒՏԱԿԵԼ իրար գլխի: Այն էլ որտե՞ղ, հենց կառավարության սրտում:

ա. Նոր նախարարությունների տեղաբախշումը կառավարության շենքում ավելացնելու է այս շենքի նկատմամբ հակա-պետական կամ տեռորիստական ակտի թիրախի հնարավորությունը:

բ. Կառույցը մարդկային հոսքերի նոր կուտակումներ է առաջացնելու, դրանով իսկ ավելի դժվարացնելու է արտակարգ իրավիճակներում մարդկանց էվակուացնելու խնդիրը:

գ. Կառուցապատելով բակի տարածքը, ավելի դժվարեցվում է հակահրդեհային եւ այլ սպասարկող ծառայություններին պատկանող մեքենաների անմիջական մոտեցումները:

3) Հրապարակը որպես քաղաքաշինական հուշարձան

Անընդհատ խոսվում է Կառավարական շենքի բարեմասնությունների մասին, որպես Ալեքսանդր Թամանյանի լավագույն շենքերից մեկը: Դա իհարկե անխոս այդպես է: Համոզված եմ բոլորս լսել ենք արժեհիշատակ Վարազդատ Հարությունյանի լեկցիաները այդ շենքի ճարտարապետության մասին:

ա. Տարբեր ելույթներում շեշտվում է որ Կառավարական հ. 1 շենքը հանրապետական նշանակության հուշարձանն է (ի միջիայլոց, ժամանակն է, այն ներկայացնելու նաեւ միջազգային կարգի հուշարձանների ցուցակում մտցնելու համար):

Սա նշանակում է, որ այդ շենքը պահպանվում է համապատասխան պետական օրենքով: Այդ շենքը ինչպես որ կա, իր ներկա տեսքով: Թող մեկը առաջ գա ու ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ Կառավարության հ.1 շենքը ճանաչվում է պատմության եւ մշակույթի հուշարձան Թամանյանի չիրականացած էսքիզների հետ միասին: Կամ որ վերոհիշյալ օրենքը կճանաչի այս շենքին հուշարձան միայն ըստ էսքիզի “ավարտվելուց” հետո:

Բոլորս Թամանյանի մասին գիրքը տեսել ենք եւ գիտենք այդ էսքիզների մասին: Դրա մասին գիտեին նաեւ շենքին որպես հուշարձան կարգող հանձնաժողովի անդամները: Ո՞վ է օրենքում կարդացել, թե այս շենքը որպես հուշարձան ԱՆԱՎԱՐՏ է:

Ստացվում է, որ կառավարությունը իր “անտեր” թողած նախարարություններին տեղավորելու համար կրկին պետք է վերանայի հուշարձանների ցուցակը եւ “մասնագիտորեն” հիմնավորի որ այն հուշարձան կդառնա գմբեթի կառուցվելուց հետո: Թե չի դառնա?

Այսինքն, մենք հիմա ունենք հանրապետական նշանակության հուշարձան, որին գմբեթի ավելացումից հետո այլեւս հուշարձան կոչել չենք կարող, թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ դրա համար տարիներ եւ ժամանակ է պետք: Ինչի հիման վրա են հեղինակները որոշել որ իրենց առաջարկած գմբեթը դեռ չսարքված արդեն հուշարձան է:

ՆՄԱՆ ԲԱՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՄՏՔՈՎ ՉԻ ԱՆՑԵԼ…

բ. Ես պնդում եմ որ Հանրապետության հրապարակը իր ամբողջությամբ նույնպես ճարտարապետության եւ պատմության հուշարձան է: Վստահ եմ, դուք ինձնից լավ կհիմնավորեք դա, եթե կարիք լինի: Բանն այն է, որ հրապարակը ձեւավորման երկար ու ձիգ տարիներ է տեսել: Եւ իր այժմեական տեսքով իսկ գոյատեւման իրավունք ունի: Ես սա ասում եմ անկախ նրանից, թե որքանով է այն արտացոլում նախնական նախագիծը: Քաղաքաշինությունը հենց դրանով է բարդ պրոցես, որ մի օրում չի իրականանում: Մեր հրապարակը, բացի իր ճարտարապետական արժեքին արդեն ձեռք է բերել մեծ պատմական արժեք: Քաղաքաշինության մեջ հենց դա է ամենակարեւորը, որ ամեն նոր եկող սերունդ իր խոսքն է ավելացնում, ոչ թե թելադրում է պատմության անիվին հակառակ: Արդեն վերեւում նշել էի, որ Գմբեթի կառուցումով հրահրվելու է Պետական Պատկերասրահի քանդելու հարցը: Այսինքն փոխանակ քաղաքաշինական խնդիր լուծենք, նոր խնդրիներ ենք առաջադրում:

Ամփոփելով ասեմ, գմբեթի նախագիծ առաջարկը սկիզբ է առել գուցե եւ կարեւոր, բայց զուտ ադմինիստրատիվ խնդրից` տեղավորել երկու անշենք մնացած նախարարությունները: Բնականաբար հեղինակները ունեն նաեւ հեռահար ծրագիր` հետագայում ապամոնտաժել Ազգային պատկերասրահի շենքը բացելով Հյուսիսային պողոտայի առանցքային դիտակետը դեպի առաջարկվող գմբեթը: Բայց այս ծրագրերի մասին առայժմ խելամտորեն լռում են, փորձելով ներկա պահին գմբեթի կառուցումը հիմնավորել որպես ինքնուրույն խնդիր:

Մասնագետներին պարզ է, որ գմբեթի կառուցումը մեկուսացված խնդիր չէ. այն պետք է դիտարկել հրապարակի ամբողջական համալիրի համատեքստում: Իսկ Պատկերասրահի շենքը այդ համալրի կարեւորագույն էլեմենտներից մեկն է: Անկախ մեր կարծիքից, թե նա ինչ ճարտարապետական արժեք է ներկայացնում, շենքը կանգնած է եւ ծառայում է իր նպատակին:

Հեղինակները նշում են որ նման հրապարակները տարիների ընթացքում են կառուցվում: Համաձայնելով այդ դրույթի հետ միանգամից հարց է առաջանում, -ո՞րն է այն քաղաքաշինական նախագիծը, որին հետեւելով քայլ առ քայլ կընթանանք դեպի մի ամբողջական լուծում` Թամանյանի մշակած 1924 թվականի, թե ներկայումս հաստատված Երեւանի գլխավոր հատակագիծը: Արդյո՞ք վերջերս մշակված հատակագծում առաջարկվում է քանդե՞լ Ազգային Պատկերասրահի եւ թանգարանների շենքը: Ով տեղյակ է նման նախագծից թող մեզ բոլորիս ներկայացնի այն: Ես նման լուծման մասին տեղեկություն չունեմ:

Տրամաբանությունը միակն է, այո հրապարակները կառուցվում են տարիների ընթացքում, բայց նրա վերջնական քաղաքաշինական լուծումները հայտնի է լինում այն մարդկանց, որոնք քայլ առ քայլ հետեւելով այդ ծրագրին, իրականացնում են այն: Դե ուրեմն եկեք մշակենք այդ նախագիծը, որտեղ կա նոր գմբեթը, կա նորավարտ Հյուսիսային պողոտան, չկա պատկեսրահը եւ տեսնենք թե ինչ ծավալա-տարածական համալիր ենք ուզում ստանալ 20 տարի հետո: Գուցե շատ հրաշալի պատկեր ստացվի, բայց եկեք հիմա հասկանանք այս համալրի ամբողջությունը:

Միայն այդ դեպքում պարզ կդառնա այս ձեռնարկման ֆինանսական ծախսերի ամբողջական չափը մոտակա 20 տարիների կտրվածքով եւ ավելի հասկանալի` առաջարկվող գմբեթի ֆինանսական նպատակահարմարությունը: Հակառակ դեպքում ստացվում է, որ այսօր մենք կայացնում ենք որոշումներ, որոնց հետեւանքները դառնալու են մոտակա սերունդների նոր գլխացավանքը:

Հուլիսի 1, 2011թ.
Նյու-Յորք

PDF փաստաթղթի տեսքով կարող եք կարդալ այստեղ:

This entry was posted in Notes. Bookmark the permalink.