Երևանյան նոր հոգևոր կենտրոնը

Հուլիսի 4-ին (2009 թ.) տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե Սբ.Աստվածածին եկեղեցու տարածքում նոր կառուցվող Սբ.Աննա եկեղեցու և կաթողիկոսական Երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը:

Համալիրի մեջ, նոր` սբ. Աննա եկեղեցուց բացի մտնում է նաև Կաթողիկոսի երևանյան նստավայրի շենքը, ինչը, ասում են, դեռ խորհրդային տարիներին մտածված նախագիծ էր, որի շինարարությունը մեկ այլ տարածքում, սակայն, սկսվելուց անմիջապես հետո կանգնել է: Այսօր այս նախագիծը նորից արդիական է թվում, իսկ նախագծի ֆինասական մասն ապահովվող բարերար Հրայր Հովնանյանի հիմնադրամի շնորհիվ` նաև իրականանալի: Նախագծային բոլոր աշխատանքներն ավարտված են, և որոշ տեխնիկական բնույթ հարցերի լուծումից և շինարարությունն իրականացնող կազմակերպության ընտրությունից հետո շինարարությունը կսկսվի: Նախագծի հեղինակ Հրաչ Պողոսյանը ամիսներ առաջ կայացած հարցազրույցում մեզ ներկայացրեց նախագծի ճարտարապետական և գաղափարական հիմքը, որն էլ այժմ ներկայացնում ենք առանց հավելյալ մեկնաբանությունների:

Կաթողիկե սբ. Աստվածածին եկեղեցին, որը ժողովրդի մոտ առավել հայտնի է հենց Կաթողիկե անունով, 13րդ դարի հուշարձանն է և Երևանում միակն է այդ ժամանակներից պահպանված: Հետաքրքիր է այս եկեղեցու պատմությունը. 16րդ դարում սրա շուրջը կառուցվում է մեկ այլ` բազիլիկ տիպի եկեղեցի, իսկ Կաթողիկեն առնվում է այս նոր կառուցված եկեղեցու ծավալի մեջ: Քանդվում է Կաթողիկեյի արևմտյան ճակատը, կողքերից ավելացվում են ավանդատները, և այն դառնում է նորակառույց եկեղեցու ավագ խորանը: Հետագայում` 20րդ դարում այս տարածքում իրականացվելիք շինարարության նպատակով քանդվում է բազիլիկ եկեղեցին, ինչի արդյունքում էլ պարզվում է Կաթողիկեյի առանձին եկեղեցի լինելը: Քանդման աշխատանքներին մասնակցող մի շարք ճարտարապետների ջանքերի շնորհիվ Կաթողիկեն չի քանդվում և մնում է կանգուն և բաց հավատացյալների համար: Սակայն բոլոր այս տարիներին Կաթողիկեն կանգնած էր հայկական ճարտարապետությանը բոլորովին ոչ բնորոշ արևմտյան ճակատին մեծ կամարաձև ապակեպատ բացվածքով:

Այսօր Կաթողիկեյի կողքին կառուցվում է մի նոր եկեղեցի, որը հնարավոր կդարձնի փոքրածավալ Կաթողիկեյում ծեսերի մասնակցությունից սովորաբար դուրս մնացող հավատացյալների ընդգրկումը, որին կից կկառուցվի նաև Կաթողիկոսի Երևանյան նստավայրի մասնաշենքը:

Նորակառույց եկեղեցին իր կառուցվածքով պատկանում է գմբեթավոր դահլիճ դասական տիպին, սակայն այստեղ քիչ չեն նաև նորարարությունները: Դրանցից է ավագ խորանի երկհարկանի ծավալը, որի վերևում համերգների ժամանակ կարող է կանգնել երգչախումբը: Դեպի այդ հարթակ են տանում ավանդատների և խորանի միջև գտնվող աստիճանները: Սակայն ըստ ավանդույթի երգչախումբը պետք է կանգնի դալիճի ետնամասում, արևմտյան կողմից մուտքի վերևում գտնվող վերնահարկում: Չխախտելու համար այդ ավանդույթը` նախատեսված է նաև այդ հարթակը` 5.5 մ բարձրության վրա:

Հետաքրքիր է մտածված նաև կապը Կաթողիկեյի և նոր եկեղեցու միջև, որը գտնվելու է Կաթողիկեյի հյուսիսային ճակատին կից` չփակելու համար տեսադաշտը Աբովյան և Սայաթ-Նովա փողոցնեի կողմից: Դրանք երկուսը զուգահեռ առանցքների վրա են, գմբեթների խաչերն էլ նույն գծի վրա են: Նորակառույցի հարավային պատի վրա Կաթողիկեյի պրոյեկցիայի ուղղությամբ ապակե բարձր բացվածք է արված, որը հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ մշուշային, տեսիլքային թափանցիկ պատկերներով են նկարազարդվելու: Այս բացվածքի միջոցով կաթողիկեն, կարծես, ձուլվում է նոր եկեղեցու միջավայրի հետ, շարժումը նորակառույցի երկայնական առանցքով նույնանում է Կաթողիկեյին զուգահեռ շարժման հետ:

Կաթողիկոսի նստավայրի շենքի վերին հարկը փոքրիկ միջանցքով միանում է եկեղեցու երգչախմբի վերնահարկի հետ մի անկյունում, իսկ մյուս անկյունով դուրս է գալիս դեպի պատշգամբ, որը նայում է դեպի եկեղեցու դիմացի հրապարակ: Այստեղից Կաթողիկոսը կարող է հաղորդակցվել ժողովրդի հետ: Այդ պատշգամբի ծավալը վերևից վերջավորվում է զանգակատնով և եկեղեցիների գմբեթների հետ միասին կազմում է վերտիկալ օրիենտիրների մի խումբ, որոնք հերթականությամբ բացվում են Աբովյան փողոցից դեպի Սայաթ-Նովա փողոց շարժվելու ընթացում` պահպանելով համալիրի սիլուետային հետաքրքրությունը:

(Նյութը նախապես հրապարակվել է www.prm.am կայքում)

This entry was posted in REARK Archives. Bookmark the permalink.