Նամակ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ընկերությանը

Հարգելի “Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի” ընկերություն,

Մենք ներկայացնում ենք “ՌեԱրկ” Ճարտարապետական Միջավայրի Ուսումնասիրության Կենտրոնը: Մեր թիմը վերջերս տեղեկացավ Դեղատան, Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների հատվածում նոր բնակելի համալիրի և բիզնես կենտրոնի կառուցման համար ձեր հայտարարած ճարտարապետական մրցույթի մասին:

Նախ և առաջ նշենք, որ մենք` “ՌեԱրկ”-ի թիմը, որպես ճարտարապետության, մշակութաբանության և արվեստաբանության բնագավառի մասնագետներ, ինչպես նաև պարզապես Երևանի բնակիչներ և քաղաքացիներ, ողջունում ենք մեր բոլորիս սիրելի հայրենի քաղաքի ճարտարապետության զարգացման հարցով ձեր մտահոգությունը: Նաև անչափ ուրախ ենք, որ մրցութային պայմաններում հատուկ շեշտված է քաղաքի տվյալ հատվածի ճարտարապետությանը համահունչ նախագծային առաջարկ կազմելու պահանջը:

Այսօր Երևանը կառուցապատվում է հիմնականում առանց պատմական ճարտարապետական շերտերի դերը հաշվի առնելու: Այդ պատճառով անչափ ցանկալի է, որ ձեր հայտարարած ճարտարապետական մրցույթի արդյունքում դուրս բերվի մի այնպիսի նախագծային առաջարկ, որը արժանի նախադեպ կդառնա մեր արդի քաղաքաշինության պատմության մեջ պատմական մեծ նշանակություն ունեցող կառույցը և տեղանքի դասական ճարտարապետությունը նորօրյա ոգով ստեղծվող ճարտարապետության հետ ներդաշնակեցնելու առումով:

Վստահ ենք, որ տարածքում գտնվող հուշարձան շենքերի սեփականատերը, ինչպես նաև մրցույթի կազմկոմիտեն և բոլոր կազմակերպիչներն ու պատասխանատուները քաջ գիտակցում են դրանց մեծ պատմական և մշակութային դերը: Այնուհանդերձ, որպես Երևանի ճարտարապետության խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպություն ուզում ենք մեկ անգամ ևս նշել նրանց դերը մեր քաղաքի և երկրի մշակույթի համար:

Տարածքում գտնվող երեք հուշարձան շենքերից երկուսը հատկապես կարևոր են Երևանի համար իրենց պատմական նշանակությամբ և նաև ճարտարապետական արժանիքներով: Կառույցներից ամենահինը Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների անկյունային շենքն է` կառուցված 1910թ. Բ. Մեհրաբյանի կողմից, որպես Թիֆլիսի Առևտրական Բանկի Երևանի մասնաճյուղի շենք: Բացի զուսպ ճարտարապետական դետալներ ունեցող ճակատից, որը նշում է փողոցների խաչմերուկը, շենքը հայտնի է մշակված պղնձի եւ փայտի էլեմենտներով հարդարված ինտերյերներով:Այն ունի նաև ընդարձակ նկուղներ: Մյուս շենքը, որը ձգվում է Վ. Սարգսյան փողոցի երկայնքով և զբաղեցնում է փողոցի մյուս անկյունը, նախկին Գյուղատնտեսային Բանկի շենքն է` նախագծված և կառուցված 1927-30 թվականներին: Կառույցի հեղինակն է այն ժամանակ նոր ձևավորվող Երևանի մեծ ճարտարապետներից մեկը` Նիկողայոս Բունիաթյանը: Շենքը Բունիաթյանի` հայկական ճարտարապետության  հին և նոր ոճերի միաձուլման յուրօրինակ փորձերից է: Այն ունի մուտքի` հասարակական շենքի համար առավելագույն հարմարավետ անկյունային լուծում, ինչպես նաև հրաշալի պահպանված կամարակապ դահլիճ երկրորդ հարկում բանկային օպերացիաների համար:

“ՌեԱրկ”-ը կոչ է անում ձեզ հաշվի առնելու այն հանգամանքը, որ քաղաքի ճարտարապետական զարգացումը և արդիականացումը` որպես տարբեր ժամանակաշրջանների, ոճերի և բնույթի ճարտարապետական և քաղաքաշինական շերտերի երկխոսություն և փոխինտեգրում ինքնին բարդ ճարտարապետական խնդիր է: Նմանատիպ խնդրի լուծումը պահանջում է շատ նուրբ մոտեցում և լուծումներ` հաշվի առնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են համաչափական բարդ և ծավալուն հաշվարկները, պատմական ոճերի գրագետ տիրապետումը, ժամանակակից ճարտարապետական տենդենցներին և նմանատիպ խնդիրների լուծումների նախադեպերի և մեթոդների լայն իմացությունը, և այլն: Դույզն ինչ չկասկածելով ոչ մրցույթի ժյուրիի կոմպետենտության վրա, ոչ էլ հայ ճարտարապետների մասնագիտական պատրաստվածության վրա` այնուհանդերձ, որպես նման խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպություն պետք է փաստենք, որ Հայաստանում բացակայում է արդի և պատմական ճարտարապետական և քաղաքաշինական շերտերի ինտեգրման, դրանց գրագետ և ներդաշնակ ճարտարապետական երկխոսության կայացման մասնագիտական փորձը:

Քաջ գիտակցելով, որ մեր քաղաքի և երկրի զարգացումը պայմանավորված է արդի հասարակության պահանջներին արձագանքող նոր որակի և բնույթի շինարարության իրականացմամբ` այուհանդերձ պետք չէ մոռանալ, որ ցանկացած երկրի զարգացման հարցում մեծապես կարևորվում է նաև պատմական ճարտարապետության և պատմականորեն ձևավորված քաղաքային միջավայրերի պահպանությունը իրենց նախնական վիճակում: Հուսանք` դուք նույնպես գիտակցում եք դա և պատրաստ եք հաշվի առնել ոչ միայն այս կառույցների, այլև ողջ տարածքի պատմականորեն ձևավորված և կայացած ճարտարապետական կերպարն ու յուրահատուկ դիմագիծը:

Ի մի բերելով վերում ասվածները` թույլ տվեք հանգել հետևյալ եզրակացություններին և առաջադրել մի շարք հարցեր, որոնք մեզ համար անհասկանալի կամ կասկածելի են թվում;

Մրցույթի պայմաններում նշված է, որ նախագծային առաջարկում հուշարձան շենքերը կարող են հաշվի չառնվել` առավել ճկուն ճարտարապետական լուծումներ ստանալու նպատակով: Մինչդեռ այս կառույցները տեղական նշանակության /թեև իրականում շատ ավելի լայն/ հուշարձաններ են և միանշանակ ենթակա են պահպանության: Այս առումով ի՞նչպես եք դուք պատրաստվում դիտարկել ճարտարապետական առաջարկներ, որոնք դրանց գոյությունը հաշվի չեն առնում: Չէ՞ որ նույնիսկ մոտավոր ճարտարապետական առաջարկներ ստանալու նպատակով տարածքում գտնվող այս կառույցների գոյությունը չի կարող անտեսվել, քանի որ հակառակ դեպքում ներկայացվող առաջարկը բացարձակապես վերացական և հետագայում գրեթե ամբողջովին փոփոխվելիք նախագիծ է լինելու: Այդ պարագայում մրցույթի իմաստն ու նպատակը թվում է ոչ այնքան հստակ և նույնիսկ կասկածելի: Խնդրում ենք, մեկնաբանեք այս մոտեցումը:

Կարծում ենք, որ ձեր իսկ շահերի մեջ է հենց սկզբից պաշտոնապես հայտարարել և ֆիքսել, որ այդ հուշարձանները ոչ միայն չեն քանդվելու և տեղափոխվելու, այլ նույնիսկ ապամոնտաժման և վերահավաքման հարցը չի քննարկվելու: Այդ պատճառով խնդրում և խորհուրդ ենք տալիս վերաձևակերպել մրցութային պայմանները և հնարավորինս շուտ տեղեկացնել բոլոր մասնակիցներին նոր պայմանների մասին և հետաձգել մրցույթի ավարտման վերջնաժամկետը: Մրցութային նոր պայմանների մեջ անպայմանորեն պետք է նշել, որ հուշարձան շենքերի ներառումը և դրանց ճարտարապետական բնութագրի հաշվի առնումը առաջարկվող նախագծի մեջ պարտադիր պայման է: Ցանկալի է նաև տրամադրել այդ հուշարձանների և ճարտարապետական միջավայրի պատմա-քաղաքաշինական առանձնահատկությունների վերլուծություն և նկարագրություն:

Ուզում ենք տեղեկանալ, արդյո՞ք մրցույթի ավարտին նախատեսվում է անց կացնել մասնակից նախագծերի բաց ցուցադրություն: Նման կարևորության մրցույթին ներկայացված նախագծային առաջարկները պետք է հասանելի լինեն մասնագիտական հանրությանը ծանոթացման և քննարկման համար: Այդ պատճառով, եթե նույնիսկ ոչ բաց ցուցադրության, ապա գոնե մի քանի ընտրված նախագծեր մամուլում տպագրելու միջոցով դրանց հանրայնացումը կարծում ենք պարտադիր է:

Հուսանք, որ մեր մտահոգություններն ու հարցադրումները ձեզ կօգնեն մրցույթն առավել նպատակային և էֆեկտիվ անց կացնել: Խնդրում ենք նամակի պատասխանի մեկ օրինակ ուղարկել նաև էլեկտրոնային փոստով:

Սպասում ենք ձեր արձագանքին:

Հարգանքներով`

“ՌեԱրկ” Ճարտարապետական Միջավայրի Ուսումնասիրության Կենտրոն

This entry was posted in REARK Archives. Bookmark the permalink.