Աբովյանի վրա կառուցվելիք հյուրանոցի հարցման շուրջ

Կարդալով Mediamax-ի նոթը Աբովյան փողոցի վրա կառուցվելիք հյուրանոցի մասին, գուցե մի փոքր ուշացումով գրեցի  այս պատասխանը:

Հարգելի պարոն Թադեւոսյան, քանի որ արդեն մեկ շաբաթ անցավ ձեր հարցումից եւ կարծես ոչ մի պատասխան չեղավ, ինձ հասանելի FB-ի տարածքում: Այս ընթացքում մամուլը հրապարակեց նախագծի որոշ գծագրեր որպեսզի փարատվեն անօրինականության խնդրով անհանգստացողների տարակուսանքները: Բայց ես այնուամենայնիվ կփորձեմ պարզաբանել, համեմատելով Նյու-Յորքի իմ փորձի հետ:

1. Այո, մեծածավալ եւ բարձրահարկ կառույցների շինարարությունը սահուն իրականացնելու նպատակով, քաղաքի հաստատող օղակը արտոնում է պատվիրատույին սկսել տեղանքի պատրաստման, փորման եւ հիմքերի կառուցման աշխատանքները մինչեւ գետնի զրո մակարդակը: Այսպիսի թույլտվություն ստանալու համար փորձաքննությունը քննում եւ հաստատում է ամբողջ նախագծի այսպես կոչված «զոնինգ փաթեթը», որը իր մեջ պարունակում է կառույցի հատակագծային տեղադրությունը փողոցի «կարմիր գծի», հարակից շենքերի նկատմամբ եղած հեռավորության, շենքի բոլոր թույլատրելի բարձրությունները, կառուցվելիք թույլատրելի մակերեսների հանրագումարը, առաջարկվող ֆունքցիաները իրենց մակերեսներով եւ տեղադրությունով, Ինչպես նաեւ կառույցի արտաքին «շապիկի» ջերմային խնայողության օգտավետությունը: Մի խոսքով այն բոլոր տարերը, որոնք շենքի քաղաքաշինական կարեւոր պարամետրերն են եւ հետագայում փոփոխելի չեն: Այս մասի հաստատումը կարող է տեւել մի երեք ամիս: Պատվիրատույին սա ձեռնտու է, քանի որ նախագծի ամբողջական հաստատումը կարող է տեւել եւս մի հինգ ամիս, որի ընթացքում նա իր ուժերը դնում է հիմքեր փորելու ժամանակատար գործընթացին:

2. Այդ ընթացքում շարունակվում է նախագծի ամբողջական քննման եւ հաստատման պրոցեսը, երբ շինարարական կոդերի անհամատասխանության պատճառով արված դիտողությունների համար նախագծողը ստիպված է անել որոշակի ներքին հատակագծային փոփոխություններ մինչեւ վերջնական հաստատումը: Նայելով այս օրերին ներկայացված գծագրերին եւ հաշվի առնելով Երեւանում իրականացվող այլ նախագծերի բովանդակությունը եւ որակը, կարող եմ հավաստել, որ տվյալ հյուրանոցի համար ներկայացվածը կարելի է համարել ընդունելի «զոնինգ փաթեթի» ներկայացում:

3. Թե ինչքանով են ներկայացված պատկերները բավարարում հանրության էսթեթիկական պատկերացումները դա լրիվ այլ խնդիր է եւ ուղղակիորեն չի առընչվում գործընթացի օրինականության հետ:

Միեւնույն ժամանակ կարող եմ ասել որ սա արդեն հաստատված նախագծի ամբող թափով իրականացող շինարարություն է, ոչ թե միայն հիմքերի կառուցում: Կարող եք ինքներդ դատել նայելով ներքեւում ներկայացված լուսանկարները, որոնք վերցված են Slaq.am կայքի հունվարի 23, 2018 «Ինչ տեսք կունենա Գագիկ Ծառուկյանի նորակառույց հյուրանոցը» հոդվածից:

Իսկ տվյալ ճարտարապետական լոծումների եւ Աբովյան փողոցի ընդհանուր կառուցապատման ոճի շուրջ կցանկանայի կարդալ մասնագետների տարբեր կարծիքներ ձեր կայքի էջերում:

Հարգանքներով`

Արեգ Ասատրյան

This entry was posted in Discussion. Bookmark the permalink.