MVRDV-ի Նախագծի շուրջ

Վերջերս Աշոտ Սնխչյանից իմացա որ MVRDV արվեստանոցը հաղթել է Թումոյի նոր մասնաշենք կառուցելու նպատակով կազմակերպված մրցույթը։ Աշոտը ինչպես գուցե եւ շատերը ուրախ են որ հոլանդական հայտնի ճարտարապետական խումբը իրենց առաջարկով մեծ աշխուժություն կմտցնեն հայկական իրականության մեջ։

Օգտվելով առիթից փորձեմ ներկայացնել MVRDV – ի առաջին նախագիծը Միացյալ Նահանգներում՝ Նյու-Յորքում։

Ահա ապագա շենքի հիմնական պատկերը Ամստերդամ պողոտայից։

Համալիր Ամստերդամ պողոտայի վրա

Դժվար թե սա առանձնապես հիացմունք առաջացնի նրանց մոտ ովքեր ծանոթ են աշխարհի տարբեր անկյուններում այս խմբի կառուցած նշանակալից շենքերին։ Քանի որ MVRDV – ի կառույցները աչքի են ընկնում սրամիտ եւ հիշվող ուրվագծերով , մեծ արտահայտչական ձեւերով հագեցած ծավալներով։

Այդ առուով ավելի հետաքրքիր են գաղափարի մշակման ընթացքում ստեղծված դիագրամները, որտեղ երեւում է թե ինչու են փորձել մասնատելով եւ գունային խայտաբղետությամբ ջարդել հսկայական ծավալը ինչպես եւ ներկայացնում իրենց կայքում:

Ծավալների ֆունկցիոնալ բախշում
Կառուցապատման տիպաբանությանը հորիզականից դեպի ուղղահայաց
Համալիրը շրջապատի համատեքստում

Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ նախագծել հսկայական ծավալ եւ հետո փորձել ջարդել այն:

Այստեղ նշեմ որ որպես կանոն պետք է ընդունենք այն իրողությունը, որ ցանկացած կառուցապատող ամեն դեպքում նպատակ ունի կառուցելով ստանալ առավել մակերեսներ, որ հնարավոր է տրված հողատարածքի վրա։

Եւ հենց սա է եղել ճարտարապետների հիմնական խնդիրը, թե ինչպես իրականացնել հնարավոր ամենամեծ շենքը միեւնույն ժամանակ ստեղծել շրջապատի վրա չճնշող համալիր։

Հիմա այն մասին թե ինչպես է նմանատիպ նախագիծը հաստատվել ՆՅ-ի քաղաքապետարանում:
Ներքեւում տեղադրել եմ այսպես կոչվող Zoning Diagrams փաստաթուղթը, որը բոլոր նախագծերի հաստատման ընթացքում պահանջվող ամենակարեւոր փաստաթուղթն է։

Գլխավոր հատակագիծ
Կառուցապատման Կանոնակարգի վերլուծություն
Շենքի մակերեսների աղյուսակ

Առաջին էջում բնականորեն ներկայացված է գլխավոր հատակագիծը, երկրորդ էջում Կառուցապատման Կանոնակարգի վերլուծությունն է, որը անդրադառնում է տեղանքից բխող այն դրույթներին որոնց համաձայն իրականացվել եւ հաստատվել է նախագիծը։

Երրորդ էջում ներկայացված է այսպես կոչված Zoning Area Chart, շենքի մակերեսները հարկ առ հարկ եւ ընդհանուր ամբողջ մակերեսը։

Ինֆորմացիայի այս բոլոր մանրամասները գրանցվում եւ պահպանվում են հաստատված նախագծի հետ քաղաքապետարանում եւ ենթակա են վերահաստատման հետագա որեւէ տիպի փոփոխությունների ժամանակ։

Վերջում նշեմ, որ այս փաստաթուղթը առկայք հասանելի է հանրությանը նախագծի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում։ Այդ ընթացքում ցանկացած մարդ կամ կազմակերպություն իրավունք ունի բողոք ներկայացնել, եթե հաստատված նախագծում կան օրենքի խախտումներ կամ գերազանցումներ։ Այս գործառույթը կոչվում է “Public Challenge”. Նյու-Յորքի քաղաքապետարանի նախագծերի հաստատման համակարգի հետ կարող եք ծանոթանալ այստեղ կամ որեւէ մասնավոր նախագծի ներկա ընթացքին` այստեղ:

MVRDV հոլանդական ճարտարապետական խմբի աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ իրենց կայքում:

This entry was posted in Articles, Zoning Classes and tagged , , , , , . Bookmark the permalink.