Մտորումներ տասնմեկ տարվա հնության հոդվածի շուրջ

Սա գրել էի 2015-ին, բայց այսօր 2016-ի նոյեմբերի 5-ին իր կարեւությունը կորցնելու փոխարեն ավելի ուժգնացել է:

Հիմա, սա դնում եմ կապված Առաջին տպարանի տարածքում նոր հյուրանոց սարքելու աղմուկի առիթով:

Նոր հյուրանոցի նախագիծ-առաջարկը

Նոր հյուրանոցի նախագիծ-առաջարկը

«Երեւանը 10-20 տարի հետո դառնալու է խիտ ու կառուցապատված քաղաք։ Ես դա ասել եմ, ասում եմ եւ շարունակելու եմ ասել։ Երեւանն իրոք փոխվելու է եւ պետք չէ ինչ-որ տեղ պոպուլիստական ցանկությամբ ասենք այն, ինչը երբեք չի իրականանա։ Ազնվությունը պահանջում է ասել, որ Երեւանի քաղաքաշինական ֆորմուլան Թամանյանից հետո չի ենթարկվել փոփոխության, իսկ դա անհրաժեշտ է անել անպայման ու հրատապ։…»
Այս տողերը վերցված են Առավոտ թերթում հրապարակված «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԷ» 2004թ. հուլիսի 27- հոդվածից:
Կհարցնեք, թե ինչու է պետք 11 տարի հետո անդրադառնալ այս հոդվածին:
Խնդիրն այն է, որ անցած տարիների ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ, թե որն է այն քաղաքաշինական ֆորմուլան, որին ձգտում էր Նարեկ Սարգսյանը:
Ավելի շուտ պարզ է` իր իսկ խոսքերով «Երեւանը 10-20 տարի հետո դառնալու է խիտ ու կառուցապատված քաղաք»: Սա շատ հասկանալի թվաբանական ֆորմուլա է, որին ձգտում են կառուցապատողները համարյա ամբողջ աշխարհում: Ավելի ճշգրիտ` երրորդ աշխարհում: Քանի որ զարգացած երկրները 20-րդ դարում արդեն անցել են քաղաքները խտացնելու ֆորմուլայով կառուցապատելու դաժան ճանապարհը: Իսկ դրան հակառակ, ներկայումս առաջնորդվում են լրիվ այլ չափորոշիչներով:
Այն է, ավելի շատ հանրային տարածքներ ընդհանուր օգտագործման համար: Ավելի շատ կանաչապատում: Ավելի իտեգրված կառուցապատում տարաբնույթ ֆունկցիաներով: Բնակելի տարածքների ապակենտրոնացում քաղաքա միջուկից: Եւ շատ այլ պարամետրիկ բաներ, որ մշակվում են քաղաքի “Զոնինգ” կոչվող փաստաթղթերի միջոցով:
Եւ նման բաները կարգավորվում են քաղաքի ընդհանուր հայեցակարգը մշակելու արդյունքում: Եւ ամեն քաղաք ինքն է կարգում կառուցապատելու կանոնները:
Այո նման բաները հեշտ չեն տրվում: Դա անվերջ պայքար է “Կառուցապատողի” եւ “Քաղաքի” միջեւ”: Քաղաքը տվյալ դեպքում ներկայացնում է իր բնակիչներին, համայնքներին, հանրությանը, մարդկանց որոնք ապրում են տվյալ քաղաքում: Սա շատ բնական, երբեմն ցավոտ, կոնֆլիկտային պրոցես է: Մի կողմից քաղաքին պետք են “Կառուցապատողներ”, որոնք ֆինանսներ են ներարկում քաղաքի զարգացման համար, մյուս կողմից քաղաքին պետք են երջանիկ ապրող քաղաքացիներ, որի շնորհիվ եւ որոնց համար ի վերջո գոյություն ունի քաղաքը:
Սրանք արդեն շատ անգամներ ծեծված ճշմարտություններ են, որ կրկնելու կարիքը չեմ տեսնում:
Ինձ այս պարագայում հետաքրքրում է մի այլ հանգամանք, այն է, իսկ որն է Նարեկ Սարգսյանի դիրքորոշումը: Քանի որ իր վերեւում ասված “ֆորմուլան” ինչպես նշեցի պարզ թվաբանական ճշմարտություն է, բայց ոչ ճարտարապետ-քաղաքաշինարարի դիրքորոշում:
Միամիտ կլինի կարծել, թե պարոն Սարգսյանի նման փորձառու ճարտարապետը տեղյակ չէ արդի քաղաքաշինական միտումներից:
Ավելի հակված եմ մտածելու, որ վերջին տասնյամակում իր քաղաքաշինական գործնեությունը հիմնականում նպատակաուղղված էր “Կառուցապատողի” երազանքների իրականացմանը:
Այդ իսկ պատճառով իր կողմից շրջանառության մեջ դրվեց “ավելի խիտ կառուցապատված Երեւանի ֆորմուլան”:
Եւ առաջնորդվելով այդ “ֆորմուլայով” կառուցապատվեց Երեւանի մեծ կենտրոնը:
«Երեւանն իրոք փոխվելու է եւ պետք չէ ինչ-որ տեղ պոպուլիստական ցանկությամբ ասենք այն, ինչը երբեք չի իրականանա։ Ազնվությունը պահանջում է ասել, որ Երեւանի քաղաքաշինական ֆորմուլան Թամանյանից հետո չի ենթարկվել փոփոխության, իսկ դա անհրաժեշտ է անել անպայման ու հրատապ։…»
Եղբայր, բայց ո՞վ ասեց, թե փոխվել անպայման նշանակում է խտանալ:
Հասկացանք, կենտրոնի հողը ավելի թանկ արժէ, բայց ավելի թանկ արժե Երեւանի քաղաքացու բարեկեցիկ կյանքը:
Չգիտես ինչու, երբ խոսք է գնում Երեւանի ապագայի կառուցապատման մասին, անպայման համեմատում են Փարիզի, կամ Հռոմի հետ: Առանց հաշվի առնելու մեր քաղաքի ֆիզիկական տարածքների կամ մասշտաբների հսկայական տարբերությունը:
Արդեն անցել է պարոն Սարգսյանի նշած առաջին տաս տարին եւ հիմա հստակորեն կարելի է ասել, որ իր ընտրած քաղաքի խտացման ճանապարհը համատարած բացասական արդյունքների է բերել:
Թե ինչ բացասական արդյունքներ պետք է ակընկալել երկրորդ տասնյամակում, կվերլուծեմ առանձին հոդվածի տեսքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹ

This entry was posted in Articles, Notes and tagged , , . Bookmark the permalink.