Արմեն Զարյանի թաքնված կառույցը

2016.03.19

Հմայվեցի հենց առաջին հանդիպման ժամանակ:

Մոտենում էի դեպի Ավան-Առինջ տանող ճանապարհով: Կանգնած քարքարոտ բարձրունքի վրա, տուֆե պատերը կարծես արմատները գցած ժայռերի միջից են հառնում… ու … բետոնե տանիքը ավելի շուտ երկթեք տանիքների շարքը, ճախրում էր ապակե հարթության գլխին: Այս ամենը ավելի էր շեշտվել, քանի որ արդեն երեկոն մոտ էր եւ իջնող արեւի շողերը արտացոլվում էին ապակե հարթության վրա, դրան դարձնելով միասեռ հայելի … ու հայելու վրա ճախրում էր բետոնե տանիքը:
Ճանապարհով ընթացքը շարունակելիս հայացքիս բացվեց կառույցի մյուս կողմերը ու տեսա թե ի՛նչ նրբանկատորեն եւ հմտությամբ է այն կանգնած տարբեր բարձրությունների վրա, իր թեւերը տարածելով, գրկում է առջեւի այգին, իսկ ինքը մեծահոգաբար հետ է քաշվել որ այգու տեսարանը բացվի դեպի ճանապարհը, դեպի դիմացի դաշտը, դեպի ավելի հեռվում երեւացող Մասիսները:
Այդ ժամանակ ես դեռ ուսանող էի եւ շատ բան չէի հասկանում ճարտարապետական արվեստից: Այս ամենը ես գրում եմ հիմա, վերլուծելով որ հասկանամ թե ի՞նչն էր որ ինձ հմայեց այն տարիներին:
Գուցե իր ոչ սովորական, ոչ ստանդարտ, ոչ սովետական լինե՞լը, թե՞ որ ինքը կարծես հայկական չէր: Պատերը տուֆից են, բայց հարթ, առանց որեւէ պաճուճանքի, ոչ մի քիվ, սյուն, կամար, հարթա կամ բարձրա քանդակ կամ նախշ:
Գուցե տանիքը, որ նույնպես այլ էր, ոչ հարթ, ոչ թեք: Բայց չէ՞ որ սա հիշեցնում է Սանահինի գրադարանի տանիքները, էն որ բոլորին հիացնում է իր կարծես ոչ ռացիոնալ լուծումով (ճարտարապետները կհասկանան թե ինչ նկատի ունեմ` դե որ երկթեք տանիքների շարքը ստեղծում է ջրահեռացման խնդիր: Բայց երբ ավելի խորն ես ուսումնասիրում, հասկանում ես, որ դա ամենատաղանդավոր եւ տեսողական, ամենաազդեցիկ լուծումն է, որով էլ Սանահնի վանքը հմայում է աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց սրտերը):
Ու սա տվյալ դեպքում Սանահնի ուղղակի պատճենումը չի, այլ հրաշալի փոխառություն` երկթեք տանիքների շարք եւ ամեն մի հաջորդ թռիչքի հատման կետում դուրս կախված ջրհորդան հիշեցնող բետոնե էլեմենտ, որ ուղղակի ակնարկում է իր նախնիների քարե ջրհորդանների ձեւերը:
Նաեւ, ինձ դուր է գալիս քարե պատերի եւ երկաթ-բետոնե սյուների եւ բարավորների համադրությունները, երբ քարե պատը նստած է բետոնե բարավորի վրա, այսինքն կրողը քարը չի այլեւս, ու դա պարզորեն արտահայտված է:

– բոլոր լուսանկարները տրամադրել է ճարտարապետ Արա Զարյանը

Ինչո՞ւ որոշեցի գրել այս, 70-ականերին կառուցված համալրի մասին եւ հատկապես հիմա` 2016 թվականին: Ինչո՞վ է այն առանձնանում ինձ համար: Գուցե շատ քչերը, գիտեն կամ նկատել են սրա գոյությունը, էլ չասեմ, թե ով է հեղինակ ճարտարապետը:
Եւ ի՞նչ է սա եւ ինչո՞ւ էր ժամանակին հմայել ինձ:

Ուրեմն սկզբից:

Ճարտարապետն է Արմեն Զարյանը: Կառուցվել է որպես կոոպերատիվ տեխնիկում: Դե այդ տարիներին երկիրը ծրագրել էր բարձրագույն կրթության խնդիրը լուծել նաեւ տեխնիկական մասնագիտացված կրթահամակարգի զարգացման միջոցով: Այդ ժամանակ, ոմանք կհիշեն, որ սովխոզային գյուղատնտեսությունը նվազ էր, եւ հիմնական մթերք մատակարարողները դարձել էին կոոպերատիվները: Մի խոսքով սա կոոպերատիվ տեխնիկումի համալիրն է:
Չիմացողներին երկու խոսքով ներկայացնեմ հեղինակին` Արմեն Զարյանին, որ իր ընտանիքով հայրենադարձվել էր 60-ակաների սկզբին եւ ճարտարապետների շրջանակներում առանձնապես լավ ընդունելության չէր արժանացել: Չեմ ուզում խորանալ այդ խնդրի բացատրությունների մեջ: Ես ունեմ իմ կարծիքը, բայց դա ուրիշ  թեմա է: Այս ամենի մեջ ուրիշ կողմն է կարեւոր ինձ համար:
Ա’յն, որ Զարյանը Հայաստան էր եկել Իտալիայից, որպես կայացած, իր ուրույն ձեւավորված ձեռագրով ճարտարապետ: Ճարտարապետ, որ իր մասնագիտական կրթությունը ստացել է սկզբում Վենետիկի, հետագայում` Փարիզի Էկոլ-դե-Բոզ-Ար (École des Beaux-Arts), նաեւ Վիեննայի Kunst Geverbeshuller կենտրոնում: Ճարտարապետ, որ մի ամբողջ թաղամաս ուներ կառուցած Թանժերում, Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմում եւ մի շարք այլ մասնավոր եւ հասարական շենքեր Վիեննայում եւ Հռումում:

Եւ ամենով հանդերձ, իր գործնեությունը հայկական հողի վրա կարծես մոռացվում է: Չեմ պնդում, որ ինչ որ չար դիտավորություն կա այստեղ` մոռացվում են համարյա բոլոր 60-70 ակաների ճարտարապետները: Իսկ դա հենց այն ժամանակահատված է, որ Ռուբեն Արեւշատյանը կոչում է «Քաղցր 60-ականներ»:
Ինչո՞վ է դա էական եւ ինչո՞ւ այդ ժամանակահատվածի ճարտարապետության մասին գրել-խոսելը ես շատ կարեւորում եմ,

Որովհետեւ`

Դա հենց այն հատվածն էր, որ հանդիսացավ հայկական արդեն կայացած արդի ճարտարապետության շրջադարձային էտապը, ես դրան կկոչեի հայ ճարտարապետության «Արդի Վերածնունդ»: Վերածնունդ բառը օգտագործում եմ վերապահումով, քանի որ դա ոչ թե ճարտարապետական ձեւերի վերածնունդ էր այլ ավելի էական, խորքային վերածնունդ, ճարտարապետական նոր լեզվով խոսելու վերածնունդ:
Գրում եմ ու գլխի եմ ընկնում, որ նախօրոք մտածածս կարճ նոթը նվիրված Արմեն Զարյանի մի մոռացված կառույցին` անկախ ինձնից վերածվում ա ավելի մեծ հոդվածի ու այստեղ կանգ կառնեմ, որպեսզի այս խոսակցությունը բացվի ու շարունակություն ունենա:

Քանի որ իմ նախնական խնդիրն էր պարզապես ցույց տալ թե ինչպես կուզեի որ զարգանար հայկական ճարտարապետությունը,

ի տարբերություն ներկա իրականացվող կառույցների, որոնց ճարտարապետական լեզուն կարծես լինի Ռաֆայել Պատկանյանի միջին հայերենը, որ գուցե իր ժամանակին առաջընթացի վեկտոր ուներ, բայց չեմ կարծում որեւէ ժամանակակից գրող կփորձի այլեւս գրել այդ լեզվով (թյուրիմացություններից եւ այլընթերցումներից խուսափելու համար բերեմ իր «Վանեցի մոր երգը» բանաստեծության առաջին քառյակը եւ առանց ստորադասելու իր գրականության արժեքը բոլորին պարզ դարձնեմ, թե ինչ նկատի ունեմ)

 Պըզտի տըղա, չե՛մ օրորիլ օրորանքըդ, որ քուն լաս,
 Հայ աղբարքըդ ոտքի ելան, մենակ դո՞ւ ետ պիտ մընաս․
 Զարթե՛, հոգիս, անուշ քունեդ, թո՛ղ աչքերըդ լուս տեսնին,
 Արևմուտքեն արև ծագեց, բախտը բանեց հայ ազգին։…)

Վերջերս, հաճախ, խոսակցությունների ընթացքում ասվում է հայկական ազգային ճարտարապետական ոճի, նրա ստեղծման, զարգացման եւ հեռանկարների մասին:
Եւ բնականորեն հիշատակվում է Ալեքսանդր Թամանյանի անունը, որպես հայկական ժամանակակից ճարտարապետության հիմնադրի:
Թամանյանի եւ իր ճարտարապետության մասին մի քանի գրքեր են գրվել, որոնց հանրագումարով կարող եմ ասել թե իր ստեղծագործությունը համապարփակ ներկայացված է մասնագիտական հանրությանը:
Նույնը չի կարելի ասել մեր մյուս շնորհալի ճարտարապետների մասին: Կարող եմ հիշել հատուկենտ գրքեր` Նիկողայոս Բունիաթյանի, Գրիգոր Աղաբաբյանի, Գաբրիել Տեր-Միքելյանի, Մարկ Գրիգորյանի, Կարո Հալաբյանի, Ռաֆայել Իսրայելյանի եւ այլոց մասին:
Քանի որ ճարտարապետության վերաբերյալ տեսական գրքերը անհամեմատ ավելի քիչ են եւ անհասանելի լայն հանրությանը, իսկ ճարտարապետները կարծես հակված չեն իրենց հիմնական գործին զուգահեռ նաեւ զբաղվել տեսական խնդիրների լուսաբանմամբ, այդ բնագավառը էապես կաղում է համեմատած այլ արվեստների հետ:
Որպես ապացույց փորձեք գտնել վերը նշածս ճարտարապետների կողմից գրված որեւէ մենագրություն, իր կամ ընդհանրապես ճարտարապետական հարցերի շուրջ:
Հիշողությանս գալիս է միայն Ռաֆայել Իսրայելյանը, որ փոքրիկ հոդվածներով ժամանակ առ ժամանակ մամուլում արտահայտել է իր պատկերացումները այս կամ այն ճարտարապետական խնդիրների շուրջ: Երբ նայում ես իր գրվածքները, պարզվում է որ նա նաեւ տաղանդ է ունեցել գրավոր խոսքի մեջ` գրել է պատմվածքներ եւ անգամ բանաստեղծություններ: Կարծես դրա շնորհիվ է որ Վարպետը օգտագործելով այդ ձիրքը կարողացել է շարադրել իր մտքերը արդի մասնագիտական խնդիրների շուրջ:
Հիշողությանս է գալիս նաեւ Արծվին Գրիգորյանի եւ Մարտին Թովմասյանի սոց հեղափոխության 70 ամյակի առիթով ռուսերենով հրատարակած “Архитектура Советской Армении” աշխատությունը, որտեղ տողերի արանքում երբեմն կարելի կարդալ նաեւ որոշ վերլուծական մտքեր:
Սա կարծում եմ շատ ցավոտ իրականություն է, որի հետեւանքով ճարտարապետական հարցերի շուրջ խոսակցությունները լավագույն դեպքում ընթանում են անձնական հիշողությունների վրա հիմնված եւ թեյի շուրջ հաճելի զրույցի մթնոլորտ հիշեցնող «խորաթաների»:
Այս է պատճառը, որ անկախության վերջին 25 տարիների ճարտարապետության մասին քննարկումները, եթե անգամ տեղի ունեն, ապա վերածվում են «նախկինը (ամա հինը) ավելի լավ էր» կամ «քանդել թե չքանդել» ուղղությամբ:

Եւ սա զարմանալի չի: Վերջին 25 տարիների ի՞նչ վերլուծության մասին խոսենք , եթե չկա կարգին վերլուծություն հետթամանյանական շրջանի, 60-70 ականների զարթոնքի եւ 80-ականերից մինչեւ անկախության տարիների հայ ճարտարապետության մասին:
Վերը նշածս Ռուբեն Արեւշատյանի զրույցների, ցուցադրությունների եւ արդյունքում հրատարակած գիրքը առանձին խոսակցության թեմա է: Բանն այն է, որ Արեւշատյանի վերլուծությունը հրաշալիորեն ներկայացնում է ընդհանուր քաղաքա-սոցիալական իրավիճակը, որի արդյունքը իրապես արտահայտվեց հայ ճարտարապետության մեջ եւս, եւ իր դիտարկումները ունեն ավելի ընդհանուր ենթատեքստ եւ չեն սեւեռված միայն ճարտարապետությանը:

Իմ պատկերացրածը ավելի պարզ բան է, որը արտերկրներում իրականացնվում է հեղինակ ճարտարապետի կողմից կազմված եւ հրատարակված գրքերի տեսքով, որը եւ ներկայացնում է իր ստեղծագործությունը: Դա շատ լավ պրակտիկա է, քանի որ ժամանակ անց նոր սերունդը հնարավորություն է ստանում ուղղակիորեն ծանոթանալու նախորդների իրականացված ինչպես նաեւ չիրականացված նախագծերին: Չիրականացված նախագծերը շատ կարեւոր են, ինչպես մի ուրիշ առիթով նշել եմ, դրանք ճարտարապետի մտքերի ամենաէական մասն են կազմում, քանի որ արդեն կառուցված շենքը երբեմն այն չի ինչ իրականում երեւակայել է հեղինակը:

Վերադառնալով հոդվածիս հիմնական նյութին ուզում եմ հղել բանաստեղծ եւ հրապարակախոս Մարինե Պետրոսյանի հոդվածների շարքին (տպագրված «Թերթ» էլեկտրոնային թերթում), որով նա սկսեց մի հետաքրքիր գործընթաց, քննարկման առարկա դարձնելով Երեւանի ներկա ճարտարապետության /քաղաքաշինությանը հուզող հարցերը:
Իր առաջին իսկ հոդվածին արձագանքելուց եւ իր պատասխանից հետո հասկացա, որ իր պատկերացրած խոսակցությունը որ շատ լավն ա, շեշտում եմ իրոք շատ լավն ա, ինձ չի բավարարում: Քանի որ այն ընթանում ա ոչ մասնագիտական մթնոլորտում: Ոչ մի կերպ չեմ ցանկանում ստորադասել իր ջանքերը, բայց էն ձեւաչափը որով ընթանում է խոսակցությունը այնքան էլ արդյունավետ չի, եւ ինձ, որպես ճարտարապետի, ոչ մի տեղ չի տանում:

Նախ`
1. Հիմնական հոդվածները գրվում են տարբեր համացանցային տարածքներում: Օրինակ ինքը Մարինեն, որպես սյունակագիր հանդես է գալիս, ինչպես նշեցի «Թերթ»-ում, եւ հետո ՖԲ-ի միջոցով փորձում է տարածել իր ընկերների շրջանում: Մյուսները գրում են կամ իրենց անձնական օրագրերում (ինչպես ճարտարապետ Արսեն Կարապետյանը) կամ ուղղակիորեն ՖԲ-ում Մարինեյի պատի վրա: Եւ դրանք իրականում վեր են ածվում կարճ, կծկտուր ռեպլիկների եւ որ ավելի ցավալի է, կորում գնում են ՖԲ-ի հոսող ժամանակային պատի խորքերում: Նաեւ, ՖԲ-ի ֆորմատը ըստ իր բնույթի բավականին անլուրջ ա, քանի որ իրավիճակի եւ տեմպի տակ ընկնելու պատճառով հաճախ խոսքերիդ հաշիվ չես տալիս, իսկ դա հետագայում բերվում է որպես հակադարձման հիմնավորում: Բացի այդ, շատ հարցեր բացատրելու համար անհրաժեշտ են հղումներ պատկերներին կամ այլ աղբյուրների, իսկ դա առցանց անելը էդքան էլ հարմար չի:

2. Խոսակցությանը մասնակցում են հինգից վեց հոգի, հիմնականում ճարտարապետներ, որոնք կարծես իրար հետ բանախոսելու բան էլ չունեն, որովհետեւ որոշ տարբերություններով հիմնականում կանգնած են նույն աշխարհահայացքի վրա եւ գտնում են որ վերջին 25 տարիների ընթացքում իրականացող ճարտարապետությունը նախկին ձեռքբերումների օրգանական շարունակությունը չի, այլ շրջադարձ է դեպի անհասկանալի ուղղություն:

3. Իմ կարծիքով խոսակցության կամ բանավեճին պետք է մասնակցեն նաեւ, պայմանական կոչեմ, «հակառակորդ» կողմից: Ու այստեղ խոսքը չի վերաբերվում, միայն նրանց, որոնք ինչ որ բան նախագծում ու կառուցում են, որոնց հանրության մի մասը կոչում է «քանդողներ», այլ նաեւ նրանք, որ լինելով ճարտարապետ դուրս են մղված պրակտիկ գործնեությունից, բայց անկախ ներկա վիճակից ունեն իրենց կարծիքը: Ես դրան կավելացնեմ նաեւ հանրության այն հատվածին, որը չլինելով ճարտարապետ բայց որպես «շինարար» հայ ազգի ներկայացուցիչ ունի իր կարծիքը, եւս: Եւ սա հեգնելով չեմ ասում այլ իրոք կարծում եմ որ նման խոսակցություններին հանրության լայն շրջանների մասնակցությունը կարեւոր է:

Կարծես թե այս խնդրի լուծումը չկա, համենայն դեպս ինձ համար: Բայց քանի որ ես չեմ սիրում թեւաթափ լինել, մոտակայում կգրեմ մի քանի գործնական առաջարկներ:

  • շարունակելի …
This entry was posted in Articles and tagged , , , , , . Bookmark the permalink.