Ճարտարապետական նորություններ տրամադրող աղբյուրներից մեկում` Archdaily.com, ընկերոջս հղումով կարդացի Նյու-Յորքի հիսուննականներին կառուցված մի շարք երկնաքերերի քանդման եւ դրանց տեղում ավելի էներգապես էֆեկտիվ շենքեր կառուցելու առաջարկի մասին:
Խոսքը գնում է Մոդեռնիզմի կանոններով, ապակուց եւ պողպատից կառուցված բազմաթիվ շենքերի մասին, որոնք որպես ճարտարապետական նմուշներ այդ ժամանակաշրջանի լավագույն օրինակները չեն` այլ ավելի հաճախ դրանց ոչ հաջող կրկնօրինակները:
Քանդման կողմնակիցները հիմնավորում են, որ այդ շենքերի կառուցողական մեթոդները եւ օգտագործված շինարարական նյութերը չեն բավարարում այսօրվա բնապահպանական պահանջներին: Դրանք ամռանը հովացնելու, իսկ ձմռանը ջերմացնելու համար ծախսում են նորմաներից ավել էներգիա: Առաջարկը ներկայացրել է «Թերապին Բրայթ Գրին» միջավայրի ուսումնասիրման կենտրոնի զեկույցի հիման վրա, Նյու-Յորք Նահանգի Էներգետիկ Հետազոտման եւ Զարգացման կազմակերպության, Նյու-Յորք քաղաքի Անշարժ Գույքի Խորհրդի եւ COOKFOX ճարտարապետական խմբի առաջադրանքի հիման վրա: Առաջարկի արդյունքում հողամասերի տերերը իրավունք կստանան կառուցապատել իրենց հողամասերը 40% ավելի մեծ շենքերով, որոնք կծախսեն 5% ավելի քիչ էնեգիա, 15-ից 28 տարում մարելով շինարարության ընթացքում առաջացող ածխաթթվային ազդեցության հետեւանքները:
Զեկույցը, որ կոչվում է «Դարամիջյան (ան)ժամանակակից» կարող եք կարդալ այստեղ:
Ճարտարապետության ժառանգությունը պահպանող ակտիվիստ խմբերը վիճարկում են այս թեզը, պնդելով որ իրենց հետազոտությունները ցույց են տալիս հակառակը` որ եղած շինությունը վերակառուցելու եւ հարմարեցնելու մեթոդը ավելի էֆեկտիվ է ընդհանուր էներգետիկ ազդեցության տեսակետից:
Տեղեկության մասին կարող եք կարդալ այստեղ:
Հարց է առաջանում, իսկ ինչու եմ ես գրում այս ամենի մասին: Երիտասարդական Պալատի քանդման եւ Ծածկած շուկայի «վերակառուցման» օրինակը ցույց է տալիս, որ նմանատիպ լուծումները ավելի հաճախ են առաջադրվելու: Այն պահից սկսած երբ հողը Երեւանում դարձավ մասնավոր սեփականության առարկա, հողատերերը միշտ ձգտելու են իրականացնել ավելի խիտ կառուցապատում: Դա հավելյալ եկամուտ ստանալու ամենապարզ մեխանիզմն է:
Վախենամ թե, «Երեւանի Փոքր Կենտրոնի» կարգավորման նախագիծը, նման` կառուցապատման խտությունը բարձրացնելու նպատակ ունի: Եւ հարցերը շատ ավելի հեշտ են լուծվում, քանի որ Հայաստանում դեռ շաա-աատ հեռու ենք կանգնած դիտարկելու Քանդել թե չքանդել հարցի համլետյան դիլեման…